ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Փոքր, էկզոտիկ տարածքում ստեղծված գրականությունը նույնքան էկզոտիկ է»

«Փոքր, էկզոտիկ տարածքում ստեղծված գրականությունը նույնքան էկզոտիկ է»
18.09.2012 | 00:53

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում բացվել է երկրորդ գրական գործակալությունը: «Իրատես de facto»-ի հյուրը բանաստեղծուհի, նորաստեղծ գործակալության գրական գործակալ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆՆ է:


-Ի՞նչ գործառույթ ունի գրական գործակալությունը:
-Գրական գործակալությունը ստեղծվել է` կապ հաստատելու ընթերցողի ու գրողի, գրողի և հրատարակչի միջև: Գրողի միակ խնդիրը պետք է լինի լավ գրելը ու ոչ ավելին: Մենք ունենք մրցունակ գրականություն, որը վատ է ներկայացված ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Փոքր, էկզոտիկ տարածքում ստեղծված գրականությունը նույնքան էկզոտիկ է, բայց ոչ փոքր, ինչպես կարճահասակ մարդկանց մասին են ասում` որքան գետնի երեսին է, կրկնակին էլ` գետնի տակ, մեր երկրի գրականությունն էլ է այդպիսին. մենք նման ենք այսբերգի, որը դեռ նավաբեկությունների պատճառ չի դարձել և լողում է խաղաղ ու անհայտ ջրերի մեջ:
-Գրական ակումբներ, գործակալություններ են բացվում, կարո՞ղ ենք ասել, որ արդեն ժամանակն է, կա պահանջարկ, հետաքրքրություն:
-Ոչ թե արդեն ժամանակն է, այլ վաղուց ժամանակն էր, մեզանում դաշտը խոպան է, ան-մշակ, մինչդեռ կարիքը բոլորն ունեն` թե՛ հեղինակը, թե՛ ընթերցողը, թե՛ հրատարակիչը։ Ինչպես 18-րդ դարում էին սիրահարների սիրային նամակները թաքուն իրար հասցնում կամեցող մարդիկ, այսօր ես ստանձնում եմ այդ փոստատարի դերը` ոչ միայն հին զգացմունքներն ամրապնդելու, այլև նոր ու ամուր սիրային կապեր ստեղծելու համար:
-Դասախոսություններն ու հանդիպումները սովորաբար անվճար են արվում, սիմվոլիկ 600 դրամը կարո՞ղ է խոչընդոտել գրասեր ու արվեստասեր հասարակությանը: Արձագանքներն ինչպիսի՞ն են:
-Գրողը պետք է վճարվի, այսօր ամենուր մատի թեթևակի շարժման համար անգամ պահանջում են վճար, բայց, չգիտես ինչու, մեզանում տարածված է այն թյուր կարծիքը, որ գրողը պետք է խոսի, գրի, կարդա անվճար: Թքած, որ դա գրողին ոչ միայն հեշտ չի տրվում, այլև ամեն անգամ, բառերի անանցանելի անտառների միջով անցնելիս գրողին հոշոտում են գել ու գազանները, վեպերի ճահիճներում խեղդվում է, հետապնդվում է գրքաչղջիկներից, քնում-զարթնում է գրադարանի ստամոքսում, սնվում թղթերի արմտիքով և փակում վերջին էջը մահու չափ հոգնած, բայց խանդավառ: Այս խանդավառությունից օգտվել են միշտ և անընդհատ: Բայց 21-րդ դարն է վերջապես, գուցե արժե դուրս գալ ջունգլիներից, քայլել քաղաքակիրթ ճանապարհով: 600 դրամն ամեն օր ձեռքի հետ մսխվող փոքրիկ գումար է, Ֆիլիպ Կոտլերի դասախոսության համար վճարել էին հազարներ, թե միլիոն, մենք մեզ կա՛մ գերագնահատում ենք (լավագույն ազգն ենք, մեզնից անդին ազգ չկա), կա՛մ թերագնահատում (երկիրը երկիր չէ, դե, հայ ենք, ուրեմն պետք է վիճակն էլ սա լիներ և այլն): Ռեալ հայացքով դատելու ժամանակն է եկել: Արձագանքներ կան: Սպասում եմ ավելիին ու գիտեմ, որ քայլ առ քայլ ավելի լավ է լինելու:
-Ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվելու հանդիպումները, ովքե՞ր են լինելու ձեր հյուրերը մոտ ժամանակներս:
-Ոչ միայն հանդիպումներ են լինելու, այլև գրական մի շարք միջոցառումներ` ընթերցումներ, զրույցներ, քննարկում, վաճառք և այլն: Հյուրեր չեն, այլ «Հասմիկ Սիմոնյան» գրական գործակալության հեղինակներն են: Բոլոր հեղինակների հետ տարվում են անհատական աշխատանքներ, անուններ չնշեմ, հնարավորինս մոտ ապագայում կլինի կայքը, որը պարբերաբար կթարմացվի, և տեղյակ կլինեն բոլորը:
- Ինչո՞ւ «Հասմիկ Սիմոնյան»:
-Ամբողջ աշխարհում ընդունված է գրական գործակալությունը կոչել գործակալի անունով, եթե, իհարկե, նույն գործակալությունում մեկից ավելի գործակալներ չեն աշխատում:
-Առաջին հանդիպում-դասախոսությունն անցկացրեց Արտեմը Հարությունյանը: Ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:
-Արտեմ Հարությունյանը մեր գործակալության հեղինակներից է, մարդիկ կան, ում տեսնելիս մտահղացումները պարզապես հոսում են` իրար հերթ չտալով, էդ մարդկանցից է Արտեմ Հարությունյանը` մեծ ինտելեկտուալ, որի գոյությունը ցանկացած երկրի պատիվ կբերի:
-Հանդիպումն ինչպե՞ս անցավ:
-Որոշ թերացումներ ունեցանք, որն իբրև փորձ նկատի ունենալով` կշտկեմ հաջորդ միջոցառումներին պատրաստվելիս, 40-50-հոգանոց լսարան, լավ դասախոսություն: Սկզբի համար վատ չէր, կարելի էր և ավելի լավ անել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ