Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Առողջ մրցակցային դաշտ` նաև բանկային համակարգում

Առողջ մրցակցային դաշտ` նաև բանկային համակարգում
20.03.2009 | 00:00

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ
Բանկային համակարգը գնահատելուց առաջ ավելորդ չէ այն իրողության գիտակցումը, որ ինչպես առանձին բանկերի, այնպես էլ ամբողջությամբ վերցված բանկային համակարգի գործունեությունն ի սկզբանե նպատակաուղղված է եղել տնտեսության իրական (ներառյալ արտաքին) հատվածի սպասարկմանը: Ժամանակի ընթացքում էականորեն կատարելագործվել են բանկային գործունեության մեխանիզմները, և արդիականացվել են գործառույթների իրականացման ձևերն ու տեխնիկան, այնուամենայնիվ, անփոփոխ է համակարգի բուն առաքելությունը: Այս տեսանկյունից դիտարկելով Հայաստանի բանկերի և բանկային համակարգի ներկա վիճակը` դժվար չէ նկատել այն առաջընթացը, որ առկա է անկախացման տարիներին: Միաժամանակ, տնտեսության իրական հատվածի սպասարկման առումով կան ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ չլուծված խնդիրներ:
Նախ` դրականի մասին:
1996-ից սկսած` մշակվել և կատարելագործվել են բանկային համակարգը կանոնակարգող «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» և այլ օրենքներ, որոնք աստիճանաբար հստակեցրել են բանկային գործի հիմնադրույթները մեր հանրապետությունում:
Երկրորդ, ենթաօրենսդրական ակտերով ավելի կառավարելի և վերահսկելի է դարձել բանկերի գործունեությունը` միաժամանակ նպաստելով դրանց աշխատանքի առավել թափանցիկությանը:
Պլաստիկ էլեկտրոնային քարտերի գործածությամբ և էլեկտրոնային հաշվարկների ու վճարման ձևերի կատարելագործմամբ էապես կրճատվեց կանխիկ դրամաշրջանառությունը` դրանով իսկ որոշակիորեն կրճատելով ստվերային դրամաշրջանառությունը:
Բանկային գործում ներդրված սկզբունքներն այսօր զգալիորեն համահունչ են միջազգային չափորոշիչներին և համագործակցաբար խոչընդոտում են «փողերի լվացման» նորագույն մեթոդներին:
Հայաստանի բանկերն իրենց զարգացման բավարար մակարդակով կայացել և ինտեգրացվել են համաշխարհային բանկային համակարգին` տարածաշրջանում ձեռք բերելով որոշակի կշիռ և վարկանիշ:
Բանկային համակարգում աստիճանաբար ներդրվում են «Բազել 2» համակարգի սկզբունքները, որոնք, իրենց հերթին, նպաստում են տնտեսության իրական հատվածում ստվերի կրճատմանը և ավելի թափանցիկ դարձնում տնտեսավարողների գործունեությունը տարբեր ոլորտներում:
Բանկերի հանդեպ վստահության ձևավորման առումով կարևոր առաջխաղացում կարելի է համարել նաև բանկային ավանդների, թեկուզև մասնակի, սակայն երաշխավորված ապահովագրումը: Տեղին է հիշել, որ հենց այս քայլով էր նաև մեծապես պայմանավորված 1929-1933 թթ. համաշխարհային ճգնաժամից հետո գերմանական, հետագայում նաև ամերիկյան և այլ բանկերի հանդեպ վստահության վերականգնումը և տնտեսությունների արագընթաց աշխուժացումն ու վերելքը:
Դրական կարելի է գնահատել նաև բանկային ոլորտի համար բարձրորակ մասնագետների պատրաստումը, որը բանկային համակարգի կայացման էական բաղկացուցիչն է:
Իսկ հիմա` հիմնախնդիրների մասին:
Գաղտնիք չէ, որ որոշ բանկեր այսօր ոչ միայն ինտեգրացված չեն երկրի տնտեսությանը և ձեռնպահ են վարկային գործունեության ծավալման հարցում, այլև կատարում են հիմնականում գանձատան գործառույթ: Դրա ցայտուն օրինակներից է HSBC բանկը, որը, շնորհիվ իր միջազգային հեղինակության, ավելի ապահով հաստատություն է համարվում` ավանդներն ի պահ դնելու և գործարքներ իրականացնելու համար:
Գործող բանկերից ոչ մեկն այսօր չի տրամադրում երկարաժամկետ և ցածր տոկոսով վարկեր, որոնք հատկապես գրավիչ են տնտեսության արտադրական հատվածի զարգացման առումով:
Արտերկրից ստացված բազմաթիվ վարկային ծրագրերը երկրի առևտրային բանկերի միջոցով իրականացնելիս արտերկրի ֆինանսական կառույցների կողմից առաջարկվող ցածր տոկոսադրույքներին ավելանում են միջնորդավճար-տոկոսները, որոնք ի վերջո նպաստում են ոչ թե տնտեսության այս կամ այն հատվածի, այլ հենց բանկային համակարգի զարգացմանն ու առևտրային բանկերի շահույթների ավելացմանը:
Վերը նշված միտումն առավել ցայտուն է դրսևորվում գերմանական KFW-ի նախաձեռնած հիպոթեքային վարկավորման օրինակով: Սա է հիմնական պատճառն այն իրողության, որ հիպոթեքային շուկան, ներկայիս ֆինանսական ճգնաժամից անգամ շատ առաջ, հեռու էր կայացած համակարգ լինելուց: Մեր կարծիքով` արդարացված չէ այն մոտեցումը, համաձայն որի` հիպոթեքային վարկերն ու առևտրային վարկերը պետք է նույն տոկոսադրույքներն ունենան: Դրա համար բավական է ուսումնասիրել թե՛ զարգացած երկրների, թե՛ Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների օրինակները:
Կանոնադրական կապիտալի ծավալների մեծացման պահանջը թեև ավելի կառավարելի է դարձրել բանկերի գործունեության կառավարումը և վերահսկողությունը կենտրոնական բանկի կողմից, այնուամենայնիվ, որպես հետևանք, վերացրել է փոքր բանկերի գործունեությունը: Համեմատության համար նշենք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում խոշոր բանկերի կողքին հաջողությամբ գործում են նաև փոքր ու միջին բանկեր, որոնք իրենց հերթին սպասարկում են փոքր ու միջին ձեռներեցներին և նպաստում առողջ մրցակցային դաշտի պահպանմանը նաև բանկային համակարգում: Արդյունքում, ՀՀ-ում գործող բանկերի մեծ մասը կամ արտերկրի բանկերի դուստր բանկեր են, կամ դրանց կանոնադրական կապիտալում զգալի մասն արտերկրի գործընկերներին է պատկանում (VTB-Հայաստան, Մելլաթ Բանկ, Առէկսիմբանկ, HSBC, Յունիբանկ, ԲՏԱ-Ինվեստ, Հայբիզնեսբանկ և այլն):
Դեռևս բավարար պայմաններ չեն ստեղծված ոչ բանկային վարկային ընկերությունների գործունեության և դրանց միջոցով գործող բանկերին լուրջ մրցակցության մարտահրավերի համար, որի արդյունքում կարող են շահել միայն վարկառուն և գործարարությունը:
Տնտեսության արտաքին հատվածի զարգացման, մասնավորապես, արտահանման խթանման հարցում փոքր չէ նաև բանկային համակարգի դերը: Ի տարբերություն ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և այլ պետությունների, մեր երկրում դեռևս չի գործում արտաքին առևտուրը սպասարկող մասնագիտացված բանկ, որը կարող է տրամադրել վարկեր` արտահանման-ներմուծման գործարքներն արդյունավետ ֆինանսավորելու նպատակով:
Մինչ օրս չի զգացվում ՀՀ ԿԲ-ի հստակ դիրքորոշումը` փոխարժեքների տատանումներից առաջացած վնասները մեղմելուն ուղղված համապատասխան դրամավարկային քաղաքականություն իրականացնելու առումով: Այս իմաստով նույնպես ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ որդեգրել են «կառավարելի լողացող փոխարժեքների» քաղաքականություն, որը նվազեցնում է արտաքին ռիսկերի ազդեցությունը տնտեսության իրական հատվածում:
Իհարկե, կան նաև այլ հիմնահարցեր, որոնց լուծումները պահանջում են ինչպես տեղի առանձնահատուկ պայմանների ուսումնասիրություն, այնպես էլ արտասահմանյան փորձի տեղայնացում և կիրառում:
Բանկային համակարգի զարգացման մակարդակին ուղղակիորեն առնչվում է նաև արժեթղթերի շուկայի կապիտալացման աստիճանը: Ինչպես հայտնի է, այսօր արժեթղթերի շուկայի գործունեությունը համակարգում է ՀՀ ԿԲ-ն: Թեև OMEX-NASDAQ ընկերությանը արժեթղթերի շուկայի վաճառքից հետո լավատեսորեն կանխատեսվում է դրա աստիճանական ինտեգրացիան միջազգային ֆինանսական շուկաներին, այնուամենայնիվ, դրա կապիտալացման աստիճանը հեռու է բավարար լինելուց: ԱՊՀ անդամ այլ երկրների, Արևելյան Եվրոպայի և զարգացած երկրների հետ մանրակրկիտ վերլուծության փոխարեն ստորև ներկայացվում է դրանց աստիճանը տարբեր տարիներին:
Ընդհանուր առմամբ, բանկային համակարգի զարգացման հեռանկարները կախված են հետևյալ հիմնական խնդիրների արդյունավետ լուծումներից.
l կապիտալացման մակարդակի հետագա բարձրացում,
l երկարատև ֆինանսական ռեսուրսների սուր պակասի բավարարում,
l հետևողական աշխատանքներ` «Բազել 2» սկզբունքներին անցնելու համար,
l մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնում,
l տարածաշրջանում երկրի բանկային համակարգի վարկանիշի պահպանում և ամրապնդում:
Մեր համոզմամբ, բանկային համակարգն այսօր ավելի քան երբևէ կոչված է առանցքային դեր խաղալու երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու և դրա հետագա զարգացումն ապահովելու գործում: Բանկային համակարգի զարգացումն էլ իր հերթին փոխկապակցված է տնտեսության մյուս հատվածների համահունչ զարգացման հետ և պետք է իր շոշափելի արդյունքները տա:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 5437

Մեկնաբանություններ