Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՒշադրություն, վերադասավորությունը սկսվել է

ՈՒշադրություն, վերադասավորությունը սկսվել է
06.02.2009 | 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍՈՈՒՍ»
Տնտեսական ճգնաժամը, տարածաշրջանում ընթացող լուրջ խմորումները, ներքաղաքական հարաբերական «կայունությունը» ստիպում են, որպեսզի իշխանությունները զգաստանան և քայլեր ձեռնարկեն բոլոր ուղղություններով` փորձելով իրերի ընթացքը դասավորել հօգուտ իրենց:
Վերադասավորվելու, փոփոխությունների գնալու երազանք իշխանությունները միշտ են ունեցել, սակայն օբյեկտիվ իրականությունը նրանց ձեռքերը կապել, հնարավորություն չի տվել տեղից շարժվելու, որովհետև ցանկացած շարժում դոմինոյի էֆեկտով հակադարձվելու էր: Վերջին ժամկետը, որն իշխանությունները սահմանել էին իրենց համար, մարտի մեկն էր, որից հետո իրենք կանցնեին արմատական փոփոխությունների: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և իշխանությունը, առավել ստույգ` Սերժ Սարգսյանը, արդեն նոր տարվա շեմին ստիպված եղավ որոշակի քայլեր ձեռնարկել:
Առաջին պատճառը, անշուշտ, տնտեսական ճգնաժամն է. այն մի քանի վեկտորով լուրջ հարված կհասցնի իշխանության առանց այն էլ «փխրուն ողնաշարին»: Տնտեսականից զատ, արդեն իսկ զգացվում են այն ճիգերը, որ հանդես են բերում «հայտնի ուժերը»` սոցիալական սպասվող բունտի նախապատրաստության գործում։ Մի օր «տոնավաճառներն» են դժգոհ, հաջորդ օրը` տաքսիստները, հետո` «կարիքավորները»... Սկզբում «բունտերը» կրում էին լոկալ, իսկ հետո` «տոտալ» բնույթ. Երևանի բողոքավորներին անմիջապես արձագանքում են գյումրեցիք, ապա` վանաձորցիք...
Եվ, այնուհանդերձ, այս բողոքներն առաջին ծիծեռնակներն են: Գարնանն ու ամռան շեմին, երբ ճգնաժամը ողջ հասակով կհառնի հայաստանցու առջև, թեթև մատի հպումով կունենանք կրիտիկական անհրաժեշտ զանգված, անհրաժեշտ իրավիճակ` անհրաժեշտ «գործողություն» կատարելու համար: Այստեղ, իհարկե, խնդիր կա. այդ սոցիալական բունտի գլխին կանգնած կլինի Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ իշխանական «բողոքավոր ընտրանին»:Հակված ենք պնդելու` վերջին երկուսը միասին: Բայց այդ թեման այսօրվա մեր քննարկման «ծիրում» չէ, ուստի ցանկանում ենք ներկայացնել սկսված վերադասավորությունների զուտ քրոնոլոգիան` եզրակացությունները թողնելով ընթերցողին կամ` ավելի տաք օրվա:
Սկսենք տարածաշրջանային վերադասավորություններից.
ա) Տարածաշրջանը տիեզերական արագությամբ ռազմականացվում է. Աբխազիայում կտեղակայվի ռուսական ռազմածովային բազա, Վրաստանում` ամերիկյան ռազմաբազաներ: Ամերիկյան վեկտորում հերթի մեջ է Ադրբեջանում ռազմակայանների տեղակայումը: Ռուսաստանը խիստ շռայլորեն Հայաստանին է տալիս 800 մլն-ի զենք:
Ինչ կստացվի այս ամենի արդյունքում, պետք է սպասել իրանական ընտրությունների ավարտին, որը հստակություն կմտցնի տարածաշրջանային խաղացողների ծրագրերում:
Բոլոր դեպքերում, այս փուլում Հայաստանը շատ ավելի դեպ Ռուսաստան է թեքված` Եվրասիական, Շանհայական «ուկլոնով», և այլևս համատեղ ասուլիս են տալիս` Մեդվեդևը, Ս. Սարգսյանը, Լուկաշենկոն:
Ճիշտ է, Բատկային Ռուսաստանն ավելի է սիրում, և կարծես այդ սերը խիստ երկարատև է լինելու` մոտ 2 միլիարդի, ու դրա դիմաց Բատյոկը խոստացել է ճանաչել Աբխազիան ու Օսիան, բայց պարզ է, չէ՞, որ Բատյոկն էլի «հավեսով կգցի» պարոն Ռուսաստանին:
բ) Վերադասավորություններ են տեղի ունենում Ղարաբաղում. իհարկե` ոչ առանց հայոց արքունիքի, իսկ առավել ստույգ` նախագահական աջի օգնության: Վերջնականապես և հիմնավոր «իզալյացվում» է Արկադի Ղուկասյանը` Քոչարյանի վերջին բաստիլը Ղարաբաղում: Հիշենք, որ որսորդ Քոչարյանը շատ է սիրում որսի գնալ Ղարաբաղ` «սիրելի Արկաշայի»` Արկադի Ղուկասյանի հետ, հիշենք, որ վերջերս նրանք համատեղ հանդիպել էին ղարաբաղյան գեներալիտետին, սրանք էլ իրենց հերթին չէին դիմավորել ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանին:
Պըրծ` Արկադիի «խաղերը» Ղարաբաղում: Ղարաբաղյան խնդրի «կարգավորման-չկարգավորման» շուրջ հետևությունները` Ղարաբաղի մասով, թողնում ենք ընթերցողին:
գ) Վերադասավորությունները «խորն» են նաև հայաստանյայց ներքաղաքական «գետնին» վրա: Այստեղ ևս խաչվում են Սերժ Սարգսյանի, Արևմուտքի և Ռուսաստանի «սրերը»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ։ Ոնց երևում է, նա, կարծես, բավականին լուրջ է տրամադրված և` 1. ուժեղացնում է վարչապետին, վերջինիս համար պայքարի ճակատ է բացում։ Հիշենք «Գելափի» հարցումները. այնտեղ վարչապետը «մեծ վարկանիշ» ուներ, ու «պատվիրատուի» կողմից բացահայտ ասվում էր` Տիգրան Սարգսյանը պաշտոնավարելու է մինչև մյուս խորհրդարանական ընտրություններ, այսինքն, ևս երեք տարի:
Այսպես, առաջիկայում Տիգրան Սարգսյանի գաղափարական «սյուներից» մեկը` Վազգեն Մանուկյանը, կնշանակվի նախագահին կից հանրային խորհրդի նախագահ. հիշենք, որ մյուս «սյունը»` Շավարշ Քոչարյանը, արդեն իսկ «լոկացիայի» է ենթարկում ԱԳ նախարարությունը` Ռուսաստանի գծով:
Մի պահ պաուզան ձգենք։ Ոնց երևում է` Պուտին-Տիգրան Սարգսյան վերջին հանդիպումը, «զմիմյանս» փոխըմբռնումն ամերիկյան կողմը մի քիչ ծանր է տարել. այլապես ինչո՞վ բացատրել Բրայզա-Հովիկ Աբրահամյան վերջին հանդիպումը. «Մեթը» հո չէ՞ր եկել «նամակ» ստանալու:
Բայց անցնենք առաջ։ Այսպես, առաջիկայում, ըստ հավաստի լուրերի, պաշտոնանկ կարվի Սյունիքի մարզպետը ու էլի` «որոշները». հրամանը, թերևս, «կկարդա» այլևս այլ գործերով «ծառայողական քննություն» անցկացնող Տիգրան Սարգսյանը:
Հերթական «ծառայողականը» բավականին հետաքրքիր և հեռուն գնացող «քննություն» է։ Կառավարությունը միջազգային փորձագետների մասնակցությամբ հակակոռուպցիոն մոնիտորինգային ծրագիր է մշակում և հրավիրում է արտախորհրդարանական ընդդիմությանը` մասնակցելու այդ աշխատանքներին: Սա «два в одном» է. համ ընդդիմությունը կգա, իսկ եթե ՀԱԿ-ը «գա» (իհարկե, դրանից առաջ անպայմանորեն պետք է տղաներին բաց թողնել), ապա` կարելի է և հաճույք ստանալ, և գործ անել. ասել է` համ էլ միջազգային «նորմերով» կլուծվի կոռուպցիայի հարցը, ընդդիմությունը կասի` իշխանությունն «ստիպված» կլինի իրականացնել օլիգարխա-կրիմինալ համակարգի կապսուլահանումը, համ էլ դուրս կգա, որ կատարվում են լայն մասսաներին խոստացված` երկրորդ սերնդի բարեփոխումները:
2. Սերժ Սարգսյանի քայլերի հաջորդ վեկտորն ուղղված է իր «մերձակայքին»։ Գիտենք ԱԺ «նամակի» պատմությունը, գիտենք ԲՀԿ-ի հետ «բարիշման» հանդիպում-պատմությունը ևս (որքան էլ Գագիկ Ծառուկյանն այդ հանդիպման հանգամանքը ժխտի):
Հաջորդական քայլով Սերժ Սարգսյանը ոչ անհայտ, Քոչարյանի առաջին ձեռք Վիգեն Սարգսյանին տեղափոխեց այլ աշխատանքի։ Ճիշտ է, իր խասիաթի համաձայն` ոչ միանգամից և ոչ կոշտ մոտեցմամբ, Վիգեն Սարգսյանին Սերժ Ազատիչն իր հետ տարավ Դավոս, Ցյուրիխ, ու Վիգեն Սարգսյանն այդ անգամ ևս մասնակցեց որոշ հանդիպումների մանրամասներին: Էլ չի մասնակցի: Չէ, մենք հո չե՞նք ասում, թե Վիգենը Քոչարյանին «բան» էր ասում:
Չենք ասում ու անցնում ենք առաջ` ասելու, որ ԱԺ-ում այլևս «կգործեն» այնպիսի «աչքեր և ականջներ», որ թշնամուն չի կարելի ցանկալ: Այո, խոսքը ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանի մասին է:
ՈՒ եթե այս ողջ «սոուսին» հավելենք մանրամասնը, որ մարտի 1-ի հանձնաժողով է կանչվելու նախկին ոստիկանապետը, որպեսզի պատասխանի` «էն ո՞վ նայեց լիսածակից», իմա` մարտի մեկին ո՞վ տվեց կրակելու և այլ հրամաններ, ապա հասկանալի է դառնում, որ մշտապես դանթող իշխանությունը փորձում է ոտ-ոտ «առաջ» գնալ` իր գոյությունը պաշտպանելու համար:
Հիմա էլ իմաստ չունի ասել, որ Ռուսաստանն իր հերթին սեպարատ խաղեր է վարում իշխանական որոշ թևերի հետ, որպեսզի մշտական մահակ ունենա Սերժի վրա, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ իրենց «մտահան» չանի, սերը գցի ՆԱՏՕ-ների, օբամաների վրա. առաջիկայում, ի դեպ, Սերժ Սարգսյանը կգնա Մյունխեն, ՀԱՊԿ-ից հետո էս անգամ էլ արևմտյան աշխարհի ու գլոբալ անվտանգությանը «շփվելու» համար:
ՈՒ քանի դեռ նա չի գնացել, ասենք, որ «վերադասավորվում» է նաև ԵԽԽՎ չգնացած Րաֆֆի Հովհաննիսյանը: ՈՒ քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին շրջանի գործունեությունից միայն Աստված գլուխ կհանի, մի քիչ դժվար է ասել` շատ հստակ ու սևեռուն Երևանի քաղաքապետի ընտրությունների գնացող Րաֆֆին ո՞ւմ «պրոյեկտն» է` իշխանությա՞ն, ՀԱԿ-ի՞, դրսի՞, ներսի՞, երկնքի՞, թե՞ երկրի։
Բոլոր դեպքերում, այս ամենում ամենահետաքրքիրը «Ջեյնիսի» փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանի` ՌԱՀՀԿ-ն ղեկավարելու փաստն է: Այն Ռիչարդի, ով «Ջեյնիս» ամսագրում ինչ-որ ժամանակ հետաքրքիր և «բարի» նյութեր էր տպագրում Սերժ Ազատի Սարգսյանի մասին: Այն Ռիչարդի, ով կարողանում է հավասարապես ճիշտ ու լավ խաղալ ընդդիմության և, ընդհանրապես, բոլորի հետ, որովհետև նա «չեզոք» է: ՈՒ նաև` հետաքրքիր անալիտիկ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3258

Մեկնաբանություններ