38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վազգեն Ա կաթողիկոս ամենայն հայոց՝ անուն պաշտելի, հույս ու ապավեն հայոց մեծերի

Վազգեն Ա կաթողիկոս ամենայն հայոց՝  անուն պաշտելի, հույս ու ապավեն հայոց մեծերի
25.09.2024 | 11:48

Սեպտեմբերի 20-ին լրացավ Վազգեն Ա Վեհափառի ծննդյան 116-ամյակը: Իր գահակալության տարիներին նա հայրական հոգատարությամբ աջակից եղավ, սատար կանգնեց մեր մշակույթի գործիչներին. ճարտարապետ, նկարիչ Բաղդասար Արզումանյանին, վարպետ ոսկերիչ Ժիրայր Չուլոյանին, Առնո Բաբաջանյանին, Գրիգոր Խանջյանին, Լուսինե Զաքրյանին և շատ-շատերին:

Ներքոնշյալ նյութը վերաբերում է Սերգեյ Փարաջանովի արվեստի նկատմամբ Վեհափառի վերաբերմունքին: Հայտնի է, որ 15 տարի շարունակ Ս. Փարաջանովը գտնվում էր կա՛մ բանտերում, կա՛մ՝ հարկադրված անգործության մեջ: Նա իրավունք չուներ ֆիլմ նկարելու, իսկ նրա համար չստեղծագործելը հավասարազոր էր մահվան: Եվ ահա այս անելանելի իրավիճակում մեր ժողովրդի սիրելի Վեհափառ Տերը, հոգևոր հայրը, համարձակ, ազգօգուտ քայլ է կատարում՝ տալով իր համաձայնությունը Փարաջանովին՝ նկարահանելու վավերագրական ֆիլմ ՝ Էջմիածնի գանձերի և գանձատան մասին ՝ «Գանձեր Արարատ լեռան լանջին»: Դրանից հետո միայն մեր «Հայֆիլմ» ստուդիան (տնօրեն՝ Ֆրունզե Դովլաթյան) համարձակվեց պայմանագիր կնքել Ս. Փարաջանովի հետ՝ «Խոստովանանք» ֆիլմը նկարահանելու մասին: Այն էլ, ավաղ, արդեն շա՜տ ուշ էր…Ս. Փարաջանովի առողջական վիճակն արդեն այնքան վատթարացած էր, որ հազիվ հասցրեց մի քանի կադր նկարահանել:

Արդյո՞ք այդքան շատ են մեր հանճարները, որոնց հանդեպ ցուցաբերում ենք հանցավոր անտարբերություն:

Այս առիթով ինչպե՞ս խոնարհումով, երախտագիտությամբ չհիշենք մեր Հայրապետին՝ Վազգեն Ա Վեհափառին:

Ներկայացնում եմ մի հատված Սուսաննա Դավթյանի «Սերգեյ Փարաջանով» գրքից:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

…Սերգեյ Փարաջանովը գիտեր, որ տարիներ շարունակ նվագակցել եմ Խորեն Պալյանին ու երբեմն-երբեմն էլ՝ Լուսինե Զաքարյանին և ո՛չ միայն նվագակցել:

Նրանք մեր ընտանիքի մտերիմ ու հարազատ զույգն են եղել տակավին 1965-ից, երբ Լուսինեն դեռ Սվետլանա էր, իսկ Խորենը նոր էր դուրս եկել վանքից՝ աշխարհիկ կյանքի անցնելու նպատակով դիմում-խնդրագիր թողնելով Վազգեն կաթողիկոսին:

Իմանալով, որ նրանք մտերիմ են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա-ին, մի հանգիստ, խաղաղ օր սկսեց խոսել Վազգեն կաթողիկոսի, Էջմիածնի գանձերի ու գանձատան մասին: Խոսեց ահավոր տխուր, հուսահատ:

Հետո հույսով լի հայացքը ուղղելով ինձ, ավելի շուտ աչքերը սևեռելով վրաս՝ բարձր ձայնով ասաց.

– Դու ի՞նչ է, Ժաննա դ՛Արկն ե՞ս: Կարո՞ղ ես ինձ օգնել:

Եվ անմիջապես, կարծես անհարմար զգալով, ամաչելով, որ կարող են մյուսներն էլ լսել, ցածր, շա՜տ ցածր ձայնով, հատ-հատ ասաց,- եթե կարող ես՝ այնպե՜ս արա, որ կաթողիկոսն ինձ ընդունի ու Էջմիածնի գանձարանի մասին ֆիլմ նկարահանելու իրավունք տա:

Մնացի շշմած:

Նա չասաց «իրավունք տան ինձ նկարահանելու «Սասունցի Դավիթը», «Արա Գեղեցիկ և Շամիրամը» (որոնց մասին շատ էր խոսում, պարզապես երազում էր նկարահանել) և այլ՝ թվով 20-ից ավելի ֆիլմեր, որոնց սցենարները գրած-պատրաստ ուներ:

Ո՛չ: Էջմիածնի՛ գանձերի մասին:

Իմ ապշահար հայացքին ի պատասխան՝ շարունակեց.

- Ջրում խեղդվողը փրփուրից էլ է բռնում: Իմ ճակատագրի հանդեպ Հայաստանի ղեկավարության քար անտարբերությունը հուշեց ինձ դիմել Ժաննա դ՛Արկ հիշեցնող աղջկա օգնությանը:

Միգուցե այն, ինչ չեն կարողանում կամ չեն ուզում անել՝ դո՛ւ անես, առավել ևս, որ մոտ ես Լուսինե Զաքարյանին, ով երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և, բոլորս գիտենք, որ վայելում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Վեհափառ Տիրոջ՝ Վազգեն Ա Կաթողիկոսի սերը:

ՈՒրեմն այնպես արա, որ Վեհափառ Վազգեն կաթողիկոսն ինձ կանչի ու Էջմիածնի գանձերը նկարահանելու իրավունք տա»: Կարճ ու կոնկրետ:

Եկանք Երևան:

Դա 1986 թ. օգոստոսի վերջն էր:

Թվում էր, թե ուրիշ միտք ու հոգս չունեի. միակ նպատակս Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա կաթողիկոսին տեսնելն էր, Փարաջանովի հանձնարարությունը կատարելը:

Երիցս թող օրհնվեն իմ սրտակից բարեկամներ՝ լուսահոգի Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը, որոնց միջոցով Վազգեն կաթողիկոսի Բյուրականի ամառանոցի տնօրեն Գևորգ վարդապետի սեփական տանը խնդիրս ներկայացրի Բաքվի թեմի առաջնորդ Անանիա վարդապետ Սրբազանին, որից հետո՝ Այրարատյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին, որոնք թեպետ երբեմն համակարծիք չէին ինձ հետ, սակայն, այդուհանդերձ, սիրահոժար համաձայնեցին կազմակերպել Վեհափառ կաթողիկոս Վազգեն Ա-ի ու իմ հանդիպումը:

Այդ բոլորի մասին գրելը հեշտ է, սակայն հանդիպումը կաթողիկոսի հետ՝ նույնիսկ նրան այդքան մոտ կանգնած Լուսինե Զաքարյանի, Խորեն Պալյանի և բարձրաստիճան հոգևորականների միջոցով էլ, տեղի ունեցավ 1987թ. փետրվարի վերջերին միայն, այսինքն Փարաջանովի մոտից վերադառնալուց մոտավորապես 6 ամիս անց:

Թվում էր, թե Փարաջանովը հույսն արդեն կորցրել էր, թե մի բան դուրս կգա իմ ասածներից, թե «ես իսկապես կդառնամ իր Ժաննա դ՛ Արկը, կանեմ ամեն բան, որ իրեն թույլ տան նկարահանելու Հայաստանո՜ւմ»:

Պայմանավորված օրը Այրարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, որը նախապես աշխատանք էր տարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ, որպեսզի նա համաձայնի ընդունել նման անսպասելի, անսովոր խնդրանքով մասնավոր մի անձի, հավուր պատշաճի հասցրեց ինձ Սուրբ Էջմիածին և Վեհարան մտնելուց առաջ նախապես զգուշացրեց, որ հանդիպմանը տրվում է մի քանի րոպե միայն:

Ի՞նչ կարող էի ես ասել Վեհափառին այդ մի քանի րոպեի ընթացքում: Թվում էր՝ շունչս կտրվում է, թվում էր, թե լեզուս պիտի կապ ընկներ, չիմանայի ինչպե՜ս սկսել, ինչի՞ց…

Վերջին հաշվով՝ ո՞վ էի ես՝ Աստծո ընտրյալի առաջ:

Սակայն բարեբախտաբար Աստված բերանումս այնպիսի լեզու դրեց այդ րոպեին, այնպիսի (ինձ ո՛չ բնորոշ) կանացի խելք ու հնարամտություն, ճարտար լեզու ու հռետորական արվեստ, որ ի՜նչ 5 րոպե, ի՜նչ 10 րոպե, զրոյցը տևեց կես ժամից ավելի:

Եվ ի՞նչ էի ասում:

Նախ, նշելով կաթողիկոսի՝ հայ մտավորականությանն ու հետևապես հայ ազգին մատուցած հսկայական ծառայությունները (մասնավորապես՝ Խորեն Պալյանից ու Լուսինե Զաքարյանից լսած հիասքանչ ու երախտագետ պատմություններն այն մասին, թե ինչպես է Վեհափառ Վազգեն կաթողիկոսը հոգում, ինչպիսի գորովագութ հոգածությամբ է վերաբերվում իր զավակներին), արտասահման՝ բուժվելու ուղարկելը, օրինակ, Լուսինե Զաքարյանին, ԱՄՆ, Ֆրանսիա՝ հետազոտվելու, վիրահատվելու, բուժվելու, Սովետական միությունում բացակայող կամ չճարվող դեղորայք ձեռք բերելը, Առնո Բաբաջանյանի, շատ-շատերի համար և այլն և այլն) եկա հասա Փարաջանովին, մոտավորապես ասելով հետևյալը.

«Վեհափառ Տեր, Ձեր հոտի մոլորված գառներից մեկն էլ ապրում է Թիֆլիսի իր հայրական տանը (այլ քաղաքներում՝ Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Երևան՝ բնակվելու և ստեղծագործելու իրավունք չունի), աշխարհով մեկ հայտնի ռեժիսոր է, տաղանդավոր, հանճարեղ, լու՜յս սփռող, «շկոլա» (դպրոց) ստեղծող:

ՈՒկրաինայում նրա ստեղծած միայն մեկ ֆիլմը՝ «Մոռացված նախնիների ստվերները» տասնյակ մրցանակներ ու պարգևներ բերեց ՈՒկրաինային, փառքի ու պատվի արժանացնելով Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիային:

Իսկ Վրաստանում նկարահանած «Փիրոսմանի», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմերը համաշխարհային համբավ ու հռչակ բերեցին Վրաստանի կինոստուդիային, արժանանալով ամենաբարձր պարգևների ու շքանշանների՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իտալիայում:

Ինչո՞ւ չօգտագործել նրա ուժերը: Չէ՞ որ քաղաքական, ֆինանսական և այլ պատճառներով աշխարհի չորս կողմերում սփռված ո՛չ բոլոր հայերն են, որ կարող են գալ Մայր Աթոռ սուրբ Էջմիածին՝ տեսնելու նրա գանձերն ու գանձատունը: Ինչո՞ւ չօգտագործել այդ հզոր միջոցը՝ կինոարվեստը և հզոր գործչին՝ հայորդի Սարգիս Փարաջանյանին:

Ինչո՞ւ չօգտագործել նրա ուժերը Էջմիածնի գանձերը աշխարհով մեկ սփռելու, մեկ անգամ ևս աշխարհասփյուռ հայերին մեր գանձերը ներկայացնելու, ազգային հպարտության, արժանապատվության զգացումները սնելու, ինքնագիտակցությունը, ինքնաճանաչողությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով:

Ինչու՞ նրան չկանչել, գործի չդնել, դրանով իսկ հնարավորություն չտալ անմահացնելու, թե մեր արվեստը, թե՛ մեր ժողովրդի և թե՛ Էջմիածնի անունը, այլ կանգնել ու կողքից նայել, թե այլ ազգերը, օրինակ ուկրաինացիները, վրացիները ինչպես են մեր ազգի տաղանդավոր, լավագույն ուժերը օգտագործում և իրե՛նց ազգի, իրե՛նց ստուդիայի անունը մինչև երկինք բարձրացնում:

Ինչո՞ւ:

Միայն այն պատճառով, որ նա միջակություն չէ՞, պնակալեզ, պատեհապաշտ չէ՞, քծնող, շողոքորթ չէ՞, ազատածին է, ազատամիտ, ազատախոս և անհիմն բանտարկվա՞ծ է եղել, իսկ հետագայում բարձրաձայնվել է, որ մեղադրանքներն էլ, բանտարկություններն էլ անհիմն են եղել:

Բայց մի՞թե սա Աստծո օրենքներով է:

Չէ՞ որ եթե ստեղծագործողը կարողանում է գեղեցիկը, զարմանալին ոչ միայն տեսնել, նկատել, այլև յուրովի բացահայտել ու հրամցնել, եթե կարողանում է հրաշքներ ստեղծել, ապա նրան պետք է անմիջապե՜ս գործի դնել, աշխատեցնել, «շահագործմա՜ն ենթարկել»:

Աշխատեցնել մինչև նրա վերջին շունչը, մինչև արյան վերջին կաթիլը: Քամե՜լ, դուրս հանել նրա միջից ի վերուստ շնորհվածը»:

Վեհափառն ուշադիր ու լուռ լսում էր:

Հետո հարց տվեց, երևի ստուգելու, համար, թե ինչու՞ անպայման իրե՛ն եմ դիմել:

– Է, ի՞նչ կարող եմ ես անել: Ես հո կինոստուդիա չունե՞մ, որ կանչեմ:

– Ո՛չ, Վեհափառ Տեր, ո՛չ:

Ոչ թե Ձեր հրամանը, Ձեր խոսքը, Ձեր խնդրանքը, այլ Ձեր մի թեթև ակնարկը, ցանկությունն անգամ օրենքի՛ ուժ ունի մեզանում:

Եվ բավարար կլինի, որ նրան տրվի հնարավորություն ծառայելու մե՛ր ազգին, մե՛ր հողի վրա: Նա արդեն գերհոգնել, հագեցել է ա՛յլ ազգերին ծառայելուց, նշելով՝ «Այդքան տարի ուկրաինացիներին ծառայեցի, ի՞նչ շահեցի, որ հիմա էլ վրացիներին ծառայեմ»:

Բայց մարդ ո՛չ միայն հոգով է ապրում, այլև՝ հացով: Ինչքա՞ն կարող է նա գործազուրկ մնալ, գոյությունը պահելու համար վաճառել տան եղած-չեղածը, մերժել վրացիների, ուկրաինացիների հրավերները, իրենց համար աշխատելու: Սպասելով ու ակնկալելով հայ կինոգործիչների ու կինողեկավարների հրավերը ու չստանալ այն:

ՈՒզածն էլ ի՞նչ է՝ թողեք աշխատեմ Հայաստանի՛ համար, թողեք «Սասունցի Դավիթ», «Արա Գեղեցիկ» նկարահանեմ...

Վեհափառ Տեր, տեղեկացնեմ Ձեզ, որ Վրաստանի մշակույթի նախարարը և պաշտոնական շահագրգիռ այլ անձինք Փարաջանովի բանտից դուրս գալու առաջին իսկ րոպեներից շրջապատել են նրան. «Բոլոր պայմանները կստեղծենք քեզ համար, միայն թե վրաց ստուդիայո՜ւմ ֆիլմ նկարահանիր»:

Այդ ինչպե՞ս և ինչու՞ է, որ վրաց և ուկրաինացի պաշտոնական այրերը, ոլորտի ղեկավարները շահագրգռված են, հնարքներ են փնտրում, լուծումներ, ի վերջո, ելք են գտնում, որ նա իրենց մոտ աշխատի, իսկ մեր պետական այրերը այդ նույն ժամանակամիջոցում քար անտարբերություն և լռություն են պահպանում:

…Լռություն:

Բավական երկար:

– Ե՞րբ կարող է գալ Էջմիածին:

– Երբ ասեք, Վեհափառ Տեր:

– Թող գա: Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի միջոցով ինձ տեղյակ պահեք և կազմակերպեք մեր հանդիպումը, – արագ ու կտրուկ ասաց ու երկարեց ձեռքը:

Ես համբուրեցի նրա Աջը:

Ինձ այլևս երկրի վրա չէիք գտնի, ես արդեն վերևում էի, այո, սիրտս պայթում էր ուրախությունից, ինձ յոթերորդ երկնքում էի զգում:

Ոչ թե քայլելո՜վ, այլ սավառնելո՜վ դուրս եկա Վեհարանից, գոհ, բավարարված, հիացած Վեհափառի՝ նախ՝ լսե՜լ կարողանալու և լսածի մեջ թափանցելու՜, խորամուխ լինելու ունակությամբ, ապա՝ դրական պատասխանով:

Անմիջապես տեղեկացրի Փարաջանովին (հեռախոս չուներ): «Վերջապես, 6 ամսվա չարչարանքներից հետո հանդիպեցի Վազգեն Ա կաթողիկոսին, և նա պատրաստ է Ձեզ հետ հանդիպելու»:

Հինգ օր էլ չէր անցել, 1987 թ. մարտի 5-ին Երևանից հեռախոսազանգ եկավ մեր տուն (այն ժամանակներում բջջային հեռախոս չկար):

Փարաջանովն էր.

– Եկել եմ: Եկել եմ իմ շքախմբով, 2 մեքենայով: Գտնվում եմ Գուրգեն Միսակյանենց տանը: Ե՞րբ տեղի կունենա հանդիպումը կաթողիկոսի հետ:

– Հիմա ես կպարզեմ ու կասեմ:

Ճշտեցի ու շտապեցի Միսակյանենց տուն:

Այդ օրը կինո «Երևանի» հարևանությամբ գտնվող ֆոտոպավիլիոնի տեր, հայտնի ֆոտոլուսանկարիչ Գուրգեն Միսակյանի տուն մեկը մյուսի հետևից եկան Փարաջանովի կողմից շատ սիրված կինոօպերատոր, բարեկիրթ ու նրբազգաց Ալբերտ Յավուրյանը, Հայֆիլմ կինոստուդիայի տնօրեն Ֆրունզե Դովլաթյանը գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (բոլորն էլ իրենց տիկնանց հետ) և այլք:

Եվ այսպես, հաջորդ առավոտյան՝ 1987 թվականի մարտի 6-ին, երեք մեքենայով ուղևորվեցինք Էջմիածին (որոնց թվում էին Փարաջանովի ապագա ֆիլմի ստեղծագործական կազմը՝ Թիֆլիսից, ինչպես նաև Հայաստանից կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, օպերատոր Ալբերտ Յավուրյանը, եղբայրս՝ Ստեփան Դավթյանը, մայրս և հարսս):

Սիրտս տրոփում էր. եթե կաթողիկոսը հանկարծ չընդունի՞: Մոռացա՜ծ լինի, վատառողջ կամ օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պատճառներով չկարողանա ընդունել մեզ…

Ի՞նչ պիտի անեմ…

Փառք Աստծո, կարճատև բանակցությունից հետո, երբ պարզեցին, որ Վեհափառի հետ հանդիպելու նախնական պայմանավորվածություն ունեմ, մեզ ուղեկցեցին Վեհարան:

Համբուրվեցին հոգևոր առաջնորդն ու Վարպետը՝ որպես հին ու լավ բարեկամներ:

Կարճատև զրույցից հետո Վեհափառը ավելորդ չհամարեց բոլորիս հրավիրել գանձատուն՝ մեկ անգամ ևս հիանալու Էջմիածնի գանձերով որից հետո ընդամենը 2 ժամում Փարաջանովը գրեց ու ներկայացրեց սցենարը:

Եվ քանի որ այդ օրը հորեղբորս տղայի՝ Թալինի թերթի խմբագիր Սուրեն Դավթյանի դստրիկ Գայանեի նշանդրեքին պիտի մասնակցեինք մեր ընտանիքով, ներողություն խնդրեցի Վեհափառից ու Փարաջանովից՝ (նշելով, որ իմ առաքելությունն ու անելիքը այս էտապում ավարտված է), թույլտվություն խնդրեցի գնալու՝ թողնելով Փարաջանովին Մայր տաճարի կամարների տակ:

Եվ չնայած առ այսօր ինձ համար մութ ու ո՛չ այնքան հասկանալի մնաց, թե ինչու այդ ֆիլմը չնկարահանվեց, սակայն մի բան գոնե լավ էր ու մխիթարող, որ կաթողիկոսի հետ հանդիպումից հետո՜ միայն «Հայֆիլմի» տնօրեն Ֆրունզե Դովլաթյանը պայմանագիր կնքեց Սերգեյ Փարաջանովի հետ «Խոստովանանքը» նկարահանելու մասին:

…Ցավ է, մեծ ցավ, որ այսպիսի մեծությանը տեղ կամ աշխատանք տալը, հայրենիք՝ Հայաստան հրավիրելը հուզել ու մտահոգել է ոչ թե պետական ու պաշտոնական այրերին, այլ մասնավոր անձի, որ հասկացել է ընդամենը մի պարզ ճշմարտություն. պետք է գնահատել, արժանին մատուցել, մեծարել, տեղ տալ տաղանդավոր ստեղծագործողին... կենդանությա՜ն օրոք:

Սուսաննա ԴԱՎԹՅԱՆ

«Սերգեյ Փարաջանով» գրքից,

հատված

Դիտվել է՝ 3360

Մեկնաբանություններ