Վերջին երկու շաբաթների բողոքի ցույցերն՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, հնարավորություն ընձեռեցին ՀՀ գործող վարչակազմին ցույց տալու հանրությանն ու առավել արմատական տրանմադրված ընդդիմադիրներին, որ քաղաքական ենթատեքստից զուրկ սոցիալական պահանջներով հանդես եկող և իշխանությունների հետ համագործակցությանը դրական վերաբերվող երիտասարդ ակտիվիստները կարող են ավելի մեծ արդյունքների հասնել, քան քաղաքականացված ու «վերջնագրային» պահանջներ ներկայացնող հանրային խմբերը: Հետաքրքրական էր նաև հետևել, թե ինչպես էին չքմեղանում ՀՀ քաղաքական բազմադեմ ընդդիմության ներկայացուցիչները, որպես Սասնա Ծռերի այսօրվա մարմնավորումը ներկայացվող անառաջնորդ երիտասարդ ակտիվիստների կողքին և այն, որ նրանց անմիջական մասնակցությունն այս ամենում եզրափակվեց «բաժանարար պատի» դերով և այդ դերն էլ նրանք կիսեցին շոուբիզնեսի աստղերի հետ՝ բավականին խորհրդանշական էր: Մյուս կողմից էլ կատարվածը կարելի է նաև որպես ապագայում փողոցային հնարավոր ուժային դիմակայությանը պատրաստ առկա ուժերի զորահանդես դիտարկել՝ այս առումով էականն այն էր, որ հաջողվեց միաժամանակյա բողոքի գործողություններ կազմակերպել նաև Հայաստանի այլ քաղաքներում: Իր դերը լավագույնս կատարեց ՀՀ ոստիկանությունը, որի ներկայացուցիչը, Բաղրամյանի պողոտայի երթևեկելի մասը մեղմ ուժի կիրառմամբ ցուցարարներից ազատելուց հետո հայտարարեց, որ կատարվածի արդյունքում պարտվածներ չկան: Ամեն դեպքում կարելի է ասել, որ Հայաստանում քաղաքական զարգացումների մի նոր փուլ է սկսվել և այդ համատեքստում էլեկտրաէներգիայի թանկացման կասեցման պահանջը կարող է որակվել որպես հանրության իսկ կողմից հստակ ձևակերպված հանրային գերակա շահ, որի ապահովմանը խանգարող ցանկացած խոչընդոտ պետք է անողոքաբար վերացվի: Թերևս առաջիկայում ՀՀ իշխանությունների մեկնաբանությամբ հանրային գերակա շահ ասվածի լուծն իրենց մաշկի վրա զգացած մեր համաքաղաքացիները պատրաստակամ կլինեն իրենց անձնական փորձը նաև ՀՀ մի շարք գործող ու պաշտոնաթող չինովնիկներին փոխանցելու հարցում: