Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Միապաղաղ առօրյայի քառատրոփ կենդանությունը

Միապաղաղ առօրյայի քառատրոփ կենդանությունը
22.08.2008 | 00:00

ՏՈ՛Ն... ՏՈ՛Ն... ՓԱՌԱ... ՏՈ՛Ն
Մեր երկրի մշակութային պետական ներկա մարտավարության գերնպատակը Հայաստանը տարածաշրջանի մշակութային կենտրոն դարձնելն է։ Այն իրագործելու գլխավոր մայրուղին՝ փառատոնային լայնամասշտաբ գրոհը։ Սրանում, իհարկե, որոշակի տրամաբանություն կա։ Դյուրահաղորդ է մշակույթի լեզուն։ Եվ տարարվեստ փոխշփումների հաճախականության խթանմամբ միանգամայն հնարավոր է Հայաստանի հանրահռչակումը որպես մշակույթների միջազգային յուրատիպ ժամադրավայր։ Աղքատիկ թվացող մեր երկրի պետական գանձարանը շռայլորեն բացվում է համազգային ու միջազգային ընդգրկման գրեթե բոլոր գայթակղիչ նախագծերի իրականացման համար։ Ենթադրվում է, որ երբևէ դրանց հանրագումարում սոցիալ-տնտեսական վերընթաց կսկսվի՝ զբոսաշրջության զարգացման հզոր ազդակով։ Օրավուր ուռճացվում է այդ գերնպատակով մտահղացված մշակութային նոր համալիր նախաձեռնություններին վերագրվող նշանակությունը։ «Փառատոն» բառն աստիճանաբար կորցնում է նախնական իմաստը։ Այդուհանդերձ, փառատոնային մարաթոնը նկատելի աշխուժություն է մտցնում մեր միապաղաղ, լարված առօրյայում։ Այս առումով բացառիկ էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի կազմակերպած ծաղկաձորյան բացօթյա հանդիսաշարը, որը մասամբ էր համապատասխանում հնչեղ անվանը՝ Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն։
Հետահայաց համակարգելով ծաղկաձորյան հնգօրյա տպավորություններս՝ անկարևոր եմ համարում կազմակերպչական, մեղմ ասած, անհարթություններին վերստին անդրադառնալը։ Հընթացս դրանց շուրջ զրուցելով փառատոնի գործադիր տնօրենի հետ՝ հուսով եմ, որ երկամյա պարբերականություն ենթադրող հաջորդ հանդիսատոնի անցկացման ընթացքն անհամեմատ կատարյալ կլինի։ Առաջինի ամենահիշարժան ձեռքբերումը հեղափոխության պղտոր ջրերում պիոներական բյուրաձայն երգչախմբի զվարթ ելևէջների խլանալուց հետո Ծաղկաձորում հաստատված էլիտար տխրանդորրը թատերականացված կենսախինդ քառօրյա ցուցադրություններով սասանելն էր։ Միաժամանակ՝ բաց երկնքի տակ մշտապես գործող դերասանախմբերի ջանադրությամբ քաղաքային առավել բարեկիրթ միջավայր ստեղծելու վաղեմի նախագծի ռեալականությունը փորձարկելը։ Հյուսիսային պողոտան թատերականացված ներկայացումների մշտավայր դարձնելու հեռանկարով։
Բացօթյա թատերաժամանցի ծաղկաձորյան առաջին միջազգային հանդիսաշարի անմիջական տպավորությամբ՝ Ժիրայր Դադասյանի հետապնդած այդ գեղեցիկ մտահղացումն ինձ հավատընծա է ներկայանում։
Ծաղկաձորյան առօրյայի միապաղաղ խաղաղությունը գունագեղ աշխուժությամբ է լցվում փառատոնի առաջին՝ հանդիսավոր երեկոյից սկսած։ Իսպանական «Հումորտալ»-ի զվարճասփյուռ քառյակն անկաշկանդ մտերմանում է հանդիսասրահի վերափոխված կենտրոնական հրապարակում ժողովված հանդիսատեսի հետ, ծիծաղ կորզում։ Պարային ռիթմին համահունչ հրապարակում թևատարած շրջում է երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» հասարակական բարեգործական կազմակերպության «Օվասիս» մնջախաղի թատրոնի (գեղ. ղեկավար՝ Ռոբերտ Ծատուրյան) մոտ 3 մ հասակով դիմակահանդերձ աժդահաների յոթնյակը՝ աներևույթ իր գրկում ներառնելով ողջ հանդիսասրահը։ «Միմ» ստուդիայի (գեղ. ղեկավար՝ Արա Հարությունյան) արտիստները հարաճուն ուրախ տրամադրությունը հասցնում են գագաթնակետին։ Ինքնաբուխ անբարդույթ զվարթության տիրույթում են ակամա հայտնվում բարձրաստիճան հյուրերը՝ ՀՀ վարչապետը, մշակույթի նորանշանակ փոխնախարարը, ՀԹԳՄ նախագահն ու Ծաղկաձորի քաղաքապետը։ Ակնառու է նրանց գոհունակությունն իրենց աջակից բարյացակամությամբ կյանքի կոչվող նոր մշակութային միջոցառման հարուցած հետաքրքրությունից։ Ժիրայր Դադասյանի հեղինակած «Գիրք ծաղկանց» (ըստ Դ. Դեմիրճյանի) մնջախաղային ներկայացման առաջին իսկ դրվագներից աստիճանաբար մարում է անհոգ ուրախությունը։ Տիկնիկային մնջախաղի օրգանական ներմուծմամբ առավել դիտարժան է դառնում երաժշտության ու բեմանկարչության բարձրաճաշակ միասնությամբ գրի ու գրքի մագաղաթյա խորին խորհուրդը վերստին կենդանացնող բեմապատումը։
Բացօթյա հանդիսաշարի հաջորդ 3 օրերի ցուցադրություններն ավելի են ամրապնդում տեղաբնակների, հովեկների և մայրաքաղաքից անվճար փոխադրված մի խումբ թատերասերների խանդավառությունը։ «Միհր» պարային պլաստիկայի նորաստեղծ թատրոնի (գեղ. ղեկավար՝ Ցոլակ Մլքե-Գալստյան) «Գույներ» և «Ակունք» տարաբնույթ ներկայացումներով։ Արա Հարությունյանի «Հայելու մեջ» մնջախաղային մենաներկայացմամբ ամբողջացած ստեղծագործող անհատի երկփեղկվածության հեգնախառն ապրումներով։ «Հումորտալի»-ի «Թաղման ծեսին» (բեմադրիչ՝ Դավիթ Բերգա) անմիջականորեն մասնակցում է Օրբելիների հրապարակում խմբված մշտական հանդիսատեսը։ Իսպանացի արտիստներին համընթաց ուղեկցում դատարկ դագաղը մինչև կենտրոնական հրապարակ։ Նյարդապինդ հանդիսատեսներից ոմանք անվախ պառկում են դագաղում՝ ականջալուր իրենց «կորստի» ընդհանուր «ողբին»։ Թաղման ծիսակատարության ֆարսն առավել ուշագրավ է դառնում Իվան Ալիգարդիի «Բարոկո առաջարկներ» կենդանաքանդակ կերպարանափոխություններով Կեչառիսի վանքի շրջակայքից մինչև Օրբելիների, ապա՝ կենտրոնական հրապարակներ տեսողական ներգործուն պատկերաշարերի անսպասելի կախարդանքով ականատեսներին հիպնոսացրած իտալական «Silence teatro»-ի դերասանների հանպատրաստից միավորմամբ։ Ռուսական «44 աշխարհ» խմբի «Պրովոկացիա» (բեմադրիչ՝ Աստղիկ Լեշյուկ) հրե շոուն աննախադեպ հեթանոսական կրակածես էր՝ իրիկնային խավարի հենքի վրա հատկապես տպավորիչ։ Անձրևը, որ ձախողեց Անդրեա Սեսիլիայի («Au Ments», Իսպանիա) «Մարմնի հեքիաթներ» մենաներկայացման (բեմադրիչ՝ Կրուզ Մարչանտ) խաղարկումը, չնվազեցրեց ռուս արտիստների արտասովոր ծեսի տեմպն ու զգայացունց ազդեցությունը։ Պակաս դյուրընկալ ու գրավիչ ներկայացավ Ստամատիս Էֆստատիուի («Ատրոպոս», Հունաստան) «Ինքն իր կողքին» մնջախաղային բեմապատումը։
Քաղաքային միջավայրը մշակութային ժամանցի հանրամատչելի ներարկումներով վերակրթելու այսօրինակ փորձը Ծաղկաձորում հաջողությամբ պսակվեց։ Ի նշան խրախուսող երախտագիտության՝ Գարուն Միրզոյանը փառատոնի տնօրենին շնորհեց Ծաղկաձորի քաղաքապետարանի թիվ մեկ արծաթե մեդալը։ «Կեչառիս» հյուրանոցի արվեստաոճ նկուղում, ընտանեկան մտերմիկ միջավայրում կայացած ավարտական հանդիպման ժամանակ քաղաքի հուշամեդալներ ստացան ծաղկաձորյան անդորրը քառատրոփ թատերաժամանցով կենդանացրած բոլոր 9 խմբերը (5-ը՝ արտերկրից)։ Տարասյուժե կերամիկական ափսեների և հայկական մանրանկարչությունից քաղված շրջիկ դերասանների խորհրդանշական պատկերներով ձևավորված վկայագրերի հետ միասին դրանք կազմեցին նորահնար փառատոնի ծննդյան տարեգրությունը։ Ներողամիտ բարեհոգությամբ հավատում եմ, որ միջազգային փառատոնային դաշտում հաստատվելուց հետո ծաղկաձորյան թատերատոնը 2010-ին մեզ կհարստացնի անհամեմատ բարձրարվեստ ու բազմաբովանդակ մշակութային լիցքերով։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7536

Մեկնաբանություններ