ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դադիվանքի վանական համալիրում հրաժեշտի արարողություններ են

Դադիվանքի վանական համալիրում հրաժեշտի արարողություններ են
15.11.2020 | 14:13

Դադիվանքի միջնակարգ դպրոցը կրակի մեջ է. այնտեղ 22 աշակերտ էր սովորում՝ վերաբնակեցված ընտանիքների երեխաները. դպրոցի շենքը կրակի տվեց հենց տնօրենը Մովսես Կիրակոսյանը՝ իր տունն ու դպրոցը նույն լուցկիով վառեց ու հեռացավ:

«Պոստերից իջավ ու վառեց տունը գնաց, դպրոցն էլ», - ասաց ուսուցչուհի Կարինե Գրիգորյանը: Մի անկյունում հավաքել են բոլոր տետրերը, մատյանները ու ամեն ինչ այրել, որ աշակերտների հայկական անուն-ազգանուններն էլ ադրբեջանցիների ձեռքը չընկնի։ Կարինե Գրիգորյանը ուսուցչուհի էր Դադիվանքի միջնակարգ դպրոցում, հիշում է ինչ դժվարությամբ 21 տարի առաջ իր սկեսուրը հիմնադրեց դպրոցը: «Գույքը էս կողմից, էն կողմից հայթայթելով, Հայաստանի դպրոցների մնացած ոչ պիտանի գույքով, ոչ շատ բարենպաստ պայմաններում դպրոց էինք բացել ու աշակերտներին կրթել, դաստիարակել ենք», - պատմեց Գրիգորյանը:
Դադիվանք գյուղում հաստատվել են՝ երբ ոչ հոսանք կար, ոչ գազ, ոչ հեռախոսակապ, շտապ օգնության մեքենա անգամ չէր հասնում այստեղ, այդ դժվար տարիներին դիմացել են, բայց պարզվեց դժվար է դիմանալ հիմա:

«Մեր էրեխեքը ստեղ սահմանապահներ են եղել, նրանք չեն ունեցել մանկություն, դաժան կյանքով են ապրել սարերի մեջ, որպեսզի հայ հողը, եկեղեցին մնար, բայց ինչ արին: Ես չեմ կարա ասեմ ինչ արին, վաճառեցին, դավաճանեցին, ինչ արին: մենք հլը ուշքի չեն եկել, չգիտենք ինչ է կատարվում: Էս հողն արյունով ծածկված հող ա, ոնց կարա թուրքը ստեղ ապրի», - ասաց Գրիգորյանը: Նրա ամուսինը արդեն անվադողերը պատրաստել ու իր ու որդու տանն է դրել՝ ամեն ինչ վառելու է ու հեռանա:
Գյուղի ցավը վանական համալիրն է՝ Դադիվանք գյուղում կրակի բերանն ընկած տներն ամենաշատն են, սա էլ Բադալյանների տունը՝ արդեն հեռացել են, ողջ բակում տարածված է հոնի օղու համար ամբարած հոնը, որ չհասցրին թորել՝ տան հրդեհի ջերմությունից զանգվածը եռում էր: «13 երեխա ունի ու 9 տղա են: Բոլորը պոստերը, 14 օրը մեկ պոստերը փոխում էին եղբայրներով», - պատմեց «Ազատության» զրուցակիցը: Գյուղի գերեզմանոցից Բադալյանները հանել-տարել են նաև 15-ամյա որդու դագաղը, շիրիմի վարդերը մնացել են շքեղ ծաղկած. ինչ էլ պատմեն՝ դադիվանքցիները, միևնույնն է,՝ վերադառնում են վանքին. «Եկեղեցին մեծ ցավ ա իմ համար»:


Դադիվանքում՝ վանական համալիրի ողջ տարածքում հրաժեշտի փոքրիկ արարողություններ են, մեկը հող է լցնում տոպրակի մեջ, մյուսը նստած է հեկեկում, մեկը՝ կանգնած: Կան մարդիկ, որ Դադիվանք են հասել մկրտվելու, հերթեր են նշանադրության ու պսակի համար:
Արվեստագետները 9-րդ դարի այս բացառիկ համալիրի գրառումներն են փորձում հատուկ դաջվածքով կրկնօրինակել, պատճենում են զարդաքանդակները, բոլորը փորձում են հասցնել, նոյեմբերի 15-ին Քարվաճառի շրջանը հանձնվում է Ադրբեջանին. Դադիվանքը Քարվաճառի շրջանում է:
Դադիվանքի վանահայրը հրաժեշտ է տալիս զանգակատան ներքևում 800 տարի առաջ տեղադրված երկու ասեղնագործ խաչքարերին: Դրանք պետք է տեղափոխվեն Մայր աթոռ՝ աղոթենք, որ չպատժվենք՝ 800 տարի անց գանձերը տեղաշարժելու համար, ասում է քահանան: ՙԱյս խաչքարերն այսպես չէին, մրի մեջ էին, կեղտի մեջ էին, 70 տարի գերության մեջ էին, ես լվացել եմ», - ասաց Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը: Այս գործում Աստված չկա, ասում է տեր Հովհաննեսը և շարունակում պնդել՝ մնալու է այնտեղ Դադիվանքում. «Ես մնալու եմ այստեղ, մնալու եմ իմ եկեղեցում»: Եկեղեցու տարածքում բազմաթիվ զինված տղամարդիկ կային, ասացին՝ մտադիր են վանահոր հետ մնալ՝ պաշտպանել վանքը:


Երեկ կեսօրից հետո ռուս խաղաղապահները զրահամեքենաների շարասյունով մտան շրջան, զրահատեխնիկայի մի մասը բարձրացավ դեպի Դադիվանք տեղակայվեց հենց վանքի հարակից տարածքում։ Ռուս զինվորականներին ուղեկցող Պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներից մեկը մեզ տեղեկացրեց՝ ամեն ինչ արվում է վանքը պաշտպանված ու հայերի համար հասանելի պահելու համար, նա վստահեցնում էր, որ Մարտակերտի կողմից Դադիվանք այցելել հնարավոր է լինելու Քարվաճառը հանձնելուց հետո էլ, որ սա ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրերից մեկն է դառնալու: Դադիվանքի վերաբերյալ պաշտոնական որևէ հաստատում, սակայն, առայժմ չի հնչել:
Այս անորոշության պայմաններում՝ Մայր աթոռի գլխավոր ճարտարապետը, մասնագետների մի մեծ խումբ աշխատում է վանքի տարածքում, փորձում են հեռացնել՝ փրկել ինչ հնարավոր է՝ Ադրբեջանի ձեռագիրը հայտնի է, Ջուղայի խաչքարերի պատմությունը՝ նույնպես: Բեռնատարը Դադիվանքի բակում կանգնած սպասում էր. խաչքար-մասունքների մի մասն արդեն հանվել ու փայտե պատվանդանների վրա էին: «Խաչքարերն են տեղափոխում, բայց այս հոգևոր աշխարհը չեն կարողանում տեղափոխել», - ասաց տեր Հովհաննեսը:
Այն ինչ չի կարող տեղափոխվել՝ մարդիկ փորձում են իրենց աչքով մեկ անգամ էլ տեսնել, վանական տարածքը լի է տուրիստական ավտոբուսներով:


Քարվաճառի ազատագրմամբ՝ 1993 մարտի 31-ին ազատագրվեց նաև Դադիվանքը՝ այդ պահից սկսած վերանորոգման ու վերականգնման աշխատանքները երբեք կանգ չեն առել: Իտալացի մասնագետներն են բառացիորեն ոսկերչական աշխատանք կատարել ու վերականգնել եկեղեցու հազվագյուտ որմնանկարները, որ մրի ու կեղտի տակ էին: Վերանորոգումն օրեր առաջ էլ դեռ ընթացքի մեջ էր, համալիրի ոչ բոլոր եկեղեցիներն էին վերաօծվել՝ ազատագրումից հետո։ Դադիվանքի 12-դարյա պատմությունը՝ քահանան հույս ունի, չի ընդհատվի. գանձերը հեռանում են ժամանակավոր: «Ես հույս ունեմ, որ այս խաչքարերը կվերադառնան իրենց տեղը, հույսս չեմ կտրել», - ասաց նա:
Այս գիշեր Դադիվանքի հազվագյուտ խաչքարերը հանել են տարածքից ու տեղափոխում են ապահով վայր, իջեցվել է նաև եկեղեցու զանգը:

Դիտվել է՝ 5001

Մեկնաբանություններ