ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Թերթում իմ լուսանկարը տեսնելիս երջանկություն եմ ապրում»

«Թերթում իմ լուսանկարը տեսնելիս երջանկություն եմ ապրում»
27.04.2018 | 02:38

Աբու Դաբիում անցկացվեցին Տարածաշրջանային հատուկ օլիմպիական խաղերը, որոնց մասնակցող մարզիկները մտավոր զարգացման և սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեն: Այս խաղերը հայտնի են ՄԱՀԱ անունով (MENA)՝ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հատուկ օլիմպիական խաղեր: ՄԱՀԱ-ն նախորդում էր 2019-ի գարնանը Աբու Դաբիում անցկացվելիք Համաշխարհային հատուկ օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ սպորտային միջոցառում է ԱՄԷ-ի համար, և ինչին երկիրը պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ:


ՄԱՀԱ խաղերը մեծ շուքով մեկնարկեցին Աբու Դաբիի ցուցահանդեսային կենտրոնում: Բացման արարողությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ, որով ներկաները հարգեցին Ալ Էինի մարզական ճամբարում մահացած մարզիկ Շեյխա Ալ Նաքբիի հիշատակը: Բացման արարողությանը ներկա էր ԱՄԷ-ի երիտասարդության հարցերով նախարար Շամմա Ալ Մազրուին, որն իր ողջույնի խոսքում կարևորեց մասնակիցների կամքի ուժը, իրենց առջև ծառացած բարդությունները հաղթահարելու կորովը: «Բարի գալուստ կամքի երկիր ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ»,- ասաց նա:
ՄԱՀԱ 9-րդ Տարածաշրջանային հատուկ օլիմպիական խաղերին մասնակցեց 33 երկրի 1200 հաշմանդամ մարզիկ, որոնք իրենց ուժերը չափեցին 16 մարզաձևում: ՄԱՀԱ խաղերի շրջանակում մարզիկների հետ աշխատել են 450 մարզիչ և ավելի քան 3000 կամավոր: Պետք է նշել, որ հատուկ օլիմպիական խաղերը մի կարևոր առանձնահատկություն ունեն, այստեղ սպորտից ավելի գնահատվում են ոգեշնչումը, ինքնավստահությունը, ձգտումը, հույզերը, ինչին ականատես եղանք խաղերի ընթացքում:


ՄԱՀԱ խաղերը նաև մարզիկների ընտանիքների երազանքների իրականացումն են, ընտանիքներ, որոնք ամեն ինչից ավելի հոգեբանական աջակցության, մասնագիտական խորհրդատվության կարիք ունեն: Կազմակերպիչները կազմակերպել էին մարզիկների անվճար բժշկական հետազոտություն, ընտանեկան խորհրդատվություն, հաշմանդամ մարզիկներին վերաբերող խնդիրների քննարկումներ, մասնագիտական հանդիպումներ:
ՄԱՀԱ խաղերի հաջող ավարտից հետո ԱՄԷ-ն մեծ շուքով է պատրաստվում հաջորդ տարի կայանալիք Համաշխարհային հատուկ օլիմպիական խաղերին, որոնց մասնակցելու է 170 երկրի 7 000 մարզիկ: Նրանք իրենց ուժերն են չափելու 24 մարզաձևում: Մասնակցելու են նաև 2500 մարզիչ և պատվիրակ, 20 000 կամավոր, 4000 պատվավոր հյուր, 6 հազար ընտանիք, 500 000 հանդիսատես:


Համաշխարհային հատուկ օլիմպիական խաղերը Հատուկ օլիմպիական շարժման մասն են: Շարժումը ձևավորվել է Յունիս Քենեդի Շրայվերի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու քրոջ նախաձեռնությամբ: Ընտանիքում բախվելով մտավոր թերզարգացման խնդրին, նա մեծ պատասխանատվությամբ է լծվել մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց նվիրված գործին: 1957-ից գլխավորել է «Ջոզեֆ Քենեդի հիմնադրամը», որը երկու նպատակ է հետապնդել՝ հայտնաբերել մտավոր թերզարգացման պատճառները, հաղթահարել դրանք և փոխել հանրության վերաբերմունքը մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ: Ինչպես հայտնի է, մինչև 1963 թ. սահմանափակ մտավոր հնարավորությունների տեր անձինք հասարակության մեջ ավելորդ էին համարվում, ինչը ցավ էր պատճառում Յունիս Քենեդուն: Իրավիճակը փոխելու համար Յունիս և Սարջենտ Շրայվեր ամուսինները Մերիլենդում գտնվող իրենց տունը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների համար ցերեկային սպորտային ճամբարի են վերափոխում: Ճամբարի անդամների հետ տարվող աշխատանքների արդյունքում նրանք հանգում են կարևոր եզրահանգման՝ հոգատարության և համբերատար վերաբերմունքի շնորհիվ կարելի է մտավոր թերզարգացած անձի մեջ մեծ պոտենցիալ բացել: Աշխատանքի ընթացքում նաև պարզվում է երեխաների և մեծահասակների սպորտային հակվածությունը: Շրայվեր ամուսինները համախոհների բանակ ունեին, որոնք նույն նվիրումով էին աշխատում մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ: 1968 թ. այդ նվիրյալներից մեկը՝ Աննա Բյուրկեն, «Քենեդի հիմնադրամի» միջոցներով նախաձեռնում է առաջին Հատուկ օլիմպիական խաղերը: Նույն թվականին ստեղծվում է նաև Հատուկ օլիմպիական կազմակերպությունը, որն ավելի կանոնավոր է դարձնում մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքը: Այս տարիների ընթացքում Հատուկ օլիմպիական խաղերին մասնակցել է 180 երկրի ավելի քան երեք միլիոն մարզիկ: Թերթելով խաղերի պատմության էջերը՝ պետք է նշել, որ մինչև 1989 թ. դրանք անցկացվել են միայն ԱՄՆ-ում «Միջազգային հատուկ օլիմպիական խաղեր» անվանումով, որից հետո նաև այլ երկրներ են հյուրընկալել այս բացառիկ սպորտային միջոցառումը: Այդ երկրների թվում նաև ԱՄԷ-ին է բախտ վիճակվել հյուրընկալել դրանք: Չմոռանանք, որ այժմ խաղերը կրում են «Համաշխարհային հատուկ օլիմպիական խաղեր» անվանումը:


ԱՄԷ-ում անցկացվելիք Համաշխարհային հատուկ օլիմպիական խաղերին անդրադառնալով պետք է մեջբերենք հատուկ օլիմպիական խաղերի կոմիտեի նախագահ Մերի Դևիսի խոսքը. «Համաշխարհային հատուկ օլիմպիական խաղերը հյուրընկալելը համապատասխանում է մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված այս երկրի տեսլականին»:
Կազմակերպիչների աշխատանքից, կառավարության աջակցությունից շատ ավելի կարևոր են Հատուկ օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հույզերը: 800 մ և 1500 մ տարածությունների վազորդ Հարեբ Մալլահրի վրա մեծ տպավորություն է գործել Հատուկ օլիմպիական խաղերի մասին պատմող հոդվածին կից իր լուսանկարը. «Երբ տեսնում եմ իմ լուսանկարը թերթում, չեմ կարող բացատրել, թե ինչ երջանկություն եմ ապրում»: Իսկ ԱՄԷ-ի Հատուկ օլիմպիական խաղերի ձեռքի գնդակի թիմի անդամ և ցատկորդ պարոն Էլքասսաբն ասում է. «Ես աշխատում եմ իմ ֆիզիկական հնարավորությունների կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև փորձում եմ կամքի ուժ դրսևորել կյանքի բոլոր ոլորտներում»:

Նշենք, որ այսօր ԱՄԷ-ում փոխվում է հաշմանդամ զավակ ոնեցող ընտանիքների մտածելակերպը: Եթե նախկինում մտավոր խնդիրներ ունեցող անձը մեկուսացված, բարեկամների, ծանոթների աչքից հեռու էր ապրում, չուներ ընկերներ, ընտանիքները խուսափում էին խոսելուց իրենց խնդրի մասին, լուծումներ գտնելուց, այսօր նրանք ավելի հաճախ են դիմում համապատասխան մասնագետների օգնությանը, խնդիրներ ունեցող անձին տանում են համապատասխան կենտրոններ, ինչը, բնականաբար, դրական ազդեցություն է թողնում նրա զարգացման վրա. մտավոր, սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք առանց ընկճվելու այցելում են հանրային վայրեր, հանրությունն էլ է համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ:
Ինչ վերաբերում է առհասարակ հաշմանդամությանը, ապա պետք է նշել, որ այն գտնվում է ԱՄԷ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում:


Հաշմանդամություն ունեցող անձանց ԱՄԷ-ում ընդունված է կոչել «վճռական մարդիկ»: Իրենց տրված անունը ձևավորում է յուրահատուկ մտածելակերպ՝ նրանք ցանկացած ոլորտում փորձում են գտնել իրենց տեղը, աշխատել, կատարելագործվել և, ամենակարևորը, գիտակցել, թե ինչ հաջողությունների են հասել:
Հաշմանդամների իրավունքները պաշտպանող թիվ 29 դաշնային օրենքն ԱՄԷ-ում գործում է 2006-ից: Այն նաև երաշխավորում է նրանց արժանապատիվ կեցությունը: Հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ դրսևորվող խտրականությունը օրենքով պատժելի է:
ԱՄԷ-ում հաշմանդամություն ունեցող անձինք պետությունից ամսական նպաստ են ստանում, որով հնարավոր է հոգալ նրանց կարիքները և արժանապատիվ կյանք ապահովել:
Առողջապահության նախարարության համապատասխան բաժինը հետազոտում է հաշմանդամություն ունեցող անձին, գնահատում հաշմանդամության աստիճանը և սահմանում, թե տվյալ անձը որ ոլորտում ինչպիսի ծանրաբեռնվածության աշխատանք կարող է կատարել: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող անձը կարող է ոչ միայն աշխատել, այլև պաշտոն զբաղեցնել: Նրանց զբաղվածությունը առաջնային խնդիրներից է: Հաշմադամություն ունեցող անձը կարող է կրթություն ստանալ ցանկացած կրթական հաստատությունում, ձեռք բերել մասնագիտություն: Նրա այս իրավունքն ամրագրված է նույն օրենքի 12-րդ հոդվածով: Բոլոր ուսումնական հաստատություններում հաշմանդամների համար կան համապատասխան պայմաններ, որոնց շնորհիվ կարելի է կազմակերպել նրանց ուսումնական գործընթացը:


Հաշմանդամություն ունեցող անձն ԱՄԷ-ում կարող է մասնակցել նաև վարորդական դասընթացների, վարորդական իրավունք ստանալ, իսկ եթե չունի վարորդական իրավունք և օգտվում է հանրային տրանսպորտից, նրա համար ստեղծված են հարմարավետ պայմաններ: Հանրային տրանսպորտում գործում են զեղչեր, նրանց համար կան հատուկ տաքսիներ, հատուկ կայանատեղեր:
Երբ պետությունը հարգանքով և հոգատարությամբ է վերաբերվում հաշմանդամներին, վերջիններս էլ են վճռականորեն տրամադրվում և ամեն գնով փորձում հաղթահարել իրենց բաժին ընկած դժվարությունը, չընկճվել, չմեկուսանալ, դրսևորվել որպես հասարակության լիարժեք անդամ:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ