ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ամբողջ թշնամանքն ու ատելությունը հայերի և ադրբեջանցիների միջև սերմանում էին նրանց ղեկավարները` քաղաքական նկատառումներով»

«Ամբողջ թշնամանքն ու ատելությունը հայերի և ադրբեջանցիների միջև սերմանում էին նրանց ղեկավարները` քաղաքական նկատառումներով»
15.03.2013 | 12:48

«Իրատես de facto»-ի հյուրն է գեղանկարիչ, ազգագրագետ, Մովսես Խորենացի շքանշանակիր, Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի մրցանակակիր, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ: Նա մեկն է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի հերոսներից, և մեր զրույցը հիմնականում անդրադարձ է այդ վեպին, նրանում հիշատակված իրական մարդկանց, Ագուլիսին` առհասարակ:

-Տիկին Լուսիկ, Աքրամ Այլիսլիի «Քարե երազներում» լուսավոր գծի նման անցնում են պատմություններն ագուլիսցի երկու հայուհու` Հայկանուշի և Անուկի մասին: Հայկանուշը Ձեր տատն է, Անուկը` Ձեզ լավ ծանոթ մի անձնավորություն: Ինչպիսի՞ն են նրանք Ձեր հիշողություններում:
-Ես և քույրս ծնվել ենք Ագուլիսում` իմ պապ Հարությունի և տատ Հայկանուշի տանը: Եվ, բնականաբար, այդ ժամանակներից պահպանված շատ վառ հիշողություններ ունեմ: Մայրս, որ որպես ռուսաց լեզվի մասնագետ գործուղվել էր աշխատելու Ագուլիսի ադրբեջանական դպրոցում և բնակություն էր հաստատել Հայկանուշի ու Հարությունի տանը, կարճ ժամանակ անց ամուսնանում է նրանց որդու` Ժորայի հետ:
-Ի դեպ, Ձեր հոր մասին ևս հիշատակվում է «Քարե երազներում»:
-Այո՛: Ասեմ, որ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները հարթ չեն եղել: Եղել են և՛ լավ, և՛ վատ բաներ: Բայց տատս` Հայկանուշը, սիրել է իր երկիրը, իր տունը, իր հողը, իր պատմությունը և չի ցանկացել բաժանվել դրանցից: Ագուլիսը մեծ տնտեսություն ունեցող մի գյուղ էր: Այնտեղ կային ութ հայկական եկեղեցի, չքնաղ, մեծ տներ, որոնք հայերից հետո անցել էին թուրքերին: Եվ կայինք մենք` իմ տատ Հայկանուշը, իմ պապ Հարությունը, ես, ներքին թաղում ապրող մեկ այլ Հայկանուշ, նրա դուստր Թամարան: Անուկը հայուհի էր, որ ամուսնացած էր ադրբեջանցու հետ: Տատիս պատմելով` նրան 1919-ի ջարդի ժամանակ ադրբեջանցիները թաքցրել էին և ամուսնացրել իրենց տղայի հետ: Ես ութ տարի եմ ապրել Ագուլիսում: Եվ այդ ընթացքում մեր տան մշտական հյուրն է եղել Անուկը: Նա մի քիչ կորացած կին էր` սպիտակամորթ, նուրբ դիմագծերով, շատ գեղեցիկ: Բայց մազերը կարմիր էր ներկում, ու ես միշտ զարմանում էի և տատիս հարցնում, թե ինչո՞ւ է հայուհին թուրքի նման կարմիր ներկում մազերը: Տատս էլ բացատրում էր, որ նա թուրքի կին է: Ես ու տատս էլ իրենց էինք հյուր գնում: Հիշում եմ ամուսնուն` խելոք, մի անկյուն քաշված մարդ էր: Տան ու նաև ամբողջ Ագուլիսի, բոլոր ադրբեջանցիների կյանքը կարծես տնօրինում էր Անուկը: Նա լավ խորհուրդներ էր տալիս, իմաստավորում էր կյանքը: Միշտ եկեղեցուց ծաղիկներ էր բերում: Ամբողջ Ագուլիսը դարձրել էր վարդաստան:
-Դա ևս նկարագրված է «Քարե երազներում»:
-Ամբողջ Ագուլիսը խոսում էր Անուկի վարդերի մասին: Դրանք մի առանձնահատուկ բուրմունք ունեին: Կարծես պարսկական շքեղ այգիներ լինեին նրա աճեցրած վարդի պարտեզները: Ես նույնիսկ վերջին այցելություններիս ժամանակ` 1980-ականներին եմ տեսել Անուկի վարդերն Ագուլիսում: Ադրբեջանցիք իրենց տեսակն են սիրել ու պահել, հայերը` իրենցը: Բարդ հարաբերություններ ունենալով հանդերձ` իրար հետ ապրել են հաշտ, խաղաղ կյանքով, փորձել իրար օգնել տարբեր հարցերում: Իմ տատը հայտնի էր մի քանի մասնագիտություններով: Նախ` լավ բժիշկ էր: Օրը երկու-երեք հիվանդի էր օգնում: Բացի այդ, հարսանեկան ծեսերի բոլոր հարսանյաց զգեստներն էր կարում, ծեսի վերաբերյալ կարևոր խորհուրդներ էր տալիս: Հարսանիքներին մասնակցում էր անձամբ, անգամ առագաստի գիշերվա պատվավոր հյուրն էր լինում: Նա հայտնի էր նաև իր արած պատվաստներով. ամբողջ Ագուլիսում նրա պատվաստած կիտրոնի ծառերն էին աճում:
-Այդ ծառերի պատմությունը շատ կենդանի է մատուցվում Այլիսլիի վեպում. Հայկանուշի` Ագուլիսից հեռանալուց հետո կիտրոնները խնամում էր թրքուհի Զոհրան: Դուք հիշո՞ւմ եք նրան:
-Իհարկե, հիշում եմ: Մեր սենյակները շատ էին. ութ-տասը սենյակ ունեինք: 1930-ականներին, ինչպես տատս էր պատմում, մեր սենյակներից մեկը` փոքրիկ պատշգամբով, տվել են գաղթականների` հենց Զոհրա նանայի ընտանիքին: Զոհրան տասը երեխա էր ունեցել, բայց բոլորն էլ մահացել էին: Նա միայնակ էր ապրում: Զոհրան ինձ շատ էր սիրում: Ես միշտ նրա կողքին էի լինում նամազի ժամանակ: Նա ինձ Լուսիկ չէր ասում, ասում էր «մաքիի աղջիկ»: Նա եգիպտացորեն էր աճեցրել մեր այգում: Եվ միշտ պատմում էր, որ մայրս ինձնով հղի ժամանակ այդ եգիպացորենից շատ է կերել: Այդ պատճառով էլ ասում էր, որ մայրս իր «մաքին» կերել ու ինձ է ծնել, ուրեմն ես «մաքիի աղջիկն» եմ:
-Վերջին անգամ ե՞րբ եք եղել Ագուլիսում:
-Թեկուզ մենք վաղուց ապրում էինք Երևանում, բայց ես Ագուլիս գնում էի ամեն ամառ: Վերջին անգամ եղա այնտեղ 1986-ին: Անուկն արդեն մահացել էր, երեխաները տեղափոխվել էին Բաքու, բայց տունը չէին վաճառել, հանձնել էին հարևանի խնամքին:
-Խոսեցինք Զոհրայի մասին: Ե՛վ նրա, և՛ շատ այլ ադրբեջանական ընտանիքների օրինակով Այլիսլին փաստում է, որ սպանված հայերի տները սեփականած իր ազգակիցները մի անբացատրելի ուժի ներգործության տակ են ապրել իրենց ողջ կյանքը, կարծես մի զորավոր անեծք միշտ կախված է եղել նրանց գլխին, և նրանք չեն կարողացել երջանիկ լինել այդ տներում, ունեցել են հիվանդ, դժբախտ ճակատագրի տեր զավակներ: «Յուրաքանչյուր այլիսյան ընտանիքում, որը հայի տուն է զավթել, կան հոգեկան հիվանդներ… Այդ տներից որևէ մեկում գոնե մեկ անգամ տեսե՞լ ես խաղաղություն… երեխաները կրում են պատիժը` ծնողների գործած մեղքի դիմաց»,- կարդում ենք վեպում: Հիշո՞ւմ եք նման փաստեր:
-Շատ են այդպիսի փաստերը: Օրինակ` հիվանդ մի տղա կար Ագուլիսում` Շամիլը, որ ապրում էր մոր հետ: Նրան ադրբեջանցիները ծաղրում էին, նեղացնում: Բայց տատս Շամիլին լավ էր վերաբերվում, երբեք չէր վանում իրենից: Մեզ հետ հացի սեղան էր նստեցնում, մի բան, որ իր ազգակիցները երբեք չէին անում: Իսկապես էլ հայերի տները զավթած ադրբեջանցիները երջանիկ կյանքով չէին ապրում: Տատս միշտ ասում էր, որ ադրբեջանցիները նման չեն մեզ` հայերիս: Հայերն ապրել են առողջ, իմացական կյանքով: Աշխարհով մեկ շրջել են հայ առևտրականները, ամեն ինչ բերել-լցրել են Ագուլիսի հրապարակում: Տատիս պատմելով` Ագուլիսի խանութներում ամեն ինչ հնարավոր էր գտնել, ոչ մի բանի պակաս չկար: Բայց հետագայում` հայերի բացակայելուց հետո, դրանց տեղում տատասկ էր աճում: Մնացել էր միայն մի հարուստ հայի տուն, որը դարձրել էին չայխանա, կողքին էլ չորս կամարով քարվանսարա կար: Տատս միշտ պատմում էր այն հայերի մասին, որոնց կոտորել էին, և որոնց տներում ադրբեջանցիներ էին ապրում: Նա, հետագայում էլ ես այդ տներից զարդեր, ազգագրական իրեր էինք գնում, և տատս հավաստիացնում էր, որ դրանք պատկանել են նախկին տերերին` հայերին: Ադրբեջանցիներից շատերը հենց ծառա են եղել հարուստ հայերի տներում և իրենց տերերին սպանելով` տիրացել են նրանց ունեցվածքին: Հիմա էլ աչքիս առաջ են այդ տները, հայկական եկեղեցիները, որ տեսել եմ Ագուլիսում: Մի չքնաղ փոքրիկ եկեղեցի կար, որը վերջին այցելությանս ժամանակ արդեն քանդել, տեղը բանջարանոց էին սարքել:
-Այլիսլին շատ հանգամանորեն պատմում է Ագուլիսի հայկական ութ եկեղեցիների մասին, թեև հիշատակում է, որ դրանք տասներկուսն են եղել, բայց չորսը վաղուց չկային: Նա մասնավորապես գրում է Վարդակերտի եկեղեցու` Ս. Քրիստափորի մասին, ու Ձեր մասին հիշատակությունները վեպում հենց եկեղեցիների հետ են կապվում. Դուք, փաստորեն, նկարել եք դրանք, անմահացրել Ձեր կտավներում:
-Ես անընդհատ նկարել եմ մեր եկեղեցիները` Ս. Թովմա, Ս. Քրիստափոր վանքերը: Ս. Թովմա վանքն Ագուլիսում ամենամեծն էր: Տատս ամառվա շոգին, իր գործը թողած, նստում էր կողքիս, որ ես ապահով իմ նկարներն անեի: Մինչև 1986 թիվը նկարել եմ եկեղեցին: Այն կար, քանդված չէր: Բայց հիմա, իհարկե, քանդել են:
-Փաստորեն, առանց Հայկանուշ տատի Դուք Ձեզ ապահով չէի՞ք զգում Ագուլիսում:
-Իհարկե, վտանգ միշտ կար, հատկապես ինձ նման հայուհու համար: Հիշում եմ ավանդական բժշկությամբ զբաղվող թրքուհի Նուբարին` իր երկու աղջկա` Գյուլուշանի և Սոլմազի հետ: Հենց այս աղջիկների հոգածությանն էր հանձնում ինձ տատս, երբ ես դուրս էի գալիս տնից: Նրանք շատ ջերմությամբ ու սիրով էին վերաբերվում ինձ: Այդ թրքուհիներն ինձ պաշտպանում էին հենց իրենց ազգակիցներից: Վտանգն իրոք մեծ էր. ինձ կարող էին գողանալ, վնասել: Մանկությունս անցկացնելով Ագուլիսում` ես փողոցում չեմ խաղացել ընդհանրապես, որովհետև դա իսկապես վտանգավոր էր: Մեր տունը մեծ էր, և ես տանն էի անցկացնում ողջ ժամանակս: Մի փոքրիկ տղա ուներ մեր հարևանը: Նրան բերում էին մեր տուն, և մենք խաղում էինք իրար հետ: Ես նրան Ճըմբըշ եմ ասել: Վեպում Բաբաշ անունն է նշված: Այդպես էին նրան կոչում բոլորը: Մեզ հետ էր լինում նաև Գյուլուշանը: Ես մի անգամ շատ ծանր հիվանդացա Ագուլիսում: Մի գիշեր տեսիլք հայտնվեց ինձ մեր տան երկար պատշգամբում. սպիտակ հագուստով մի կին տեսա, որ մոտենում էր ինձ: Ես կորցրել եմ գիտակցությունս և երկու շաբաթ ուշքի չեմ եկել: Այդ ընթացքում անընդհատ պատերի վրա տեսել եմ այդ Ճըմբըշի ծիծաղող դեմքը: Երկու շաբաթվա տառապանքից հետո տատս դիմել է Նուբարին: Ինձ մի կերպ ուշքի են բերել, որից հետո տատս ինձ ուղարկել է Երևան: Այդուհետ մշտապես վախենում էի այդ տղայից: Նույնիսկ փողոցում պատահաբար հանդիպելիս փախչում էի: Վախը առհասարակ եղել է միշտ: Երբ տատս կար էր անում, երբեմն ճարմանդով իմ փեշը ամրացնում էր իրենին, որ ես պատահաբար դուրս չգնայի, մի փորձանքի չգայի:
-Փաստորեն, ամենաապահով թվացող ժամանակներում անգամ հայերը զերծ չե՞ն եղել փորձությունների վտանգից:
-Այո՛, միշտ էլ վտանգավոր է եղել, մեզ միշտ էլ այլ աչքով են նայել նրանք: Ավելի բարյացակամ ու ջերմ են եղել կանայք, քան տղամարդիկ: Բայց այդուհանդերձ, նրանք էլ իրենց վերաբերմունքի մեջ որոշակի դրսևորումներ ունեին: Նուբարը, օրինակ, լինելով մեզ հետ այդքան մտերիմ, հարամ էր համարում, երբ հայը ձեռք էր տալիս իրենց սննդամթերքին: Երբ ես գնում էի իրենց տուն, ինձ առանձին էին կերակրում, իմ ափսեն առանձին էին լվանում: Նույնիսկ իրենց կահ-կարասուն հայի դիպչելն էին համարում հարամ:
-Եվ Ձեր տատն այդպիսի վերաբերմունքին դիմացել ու այդքան երկար ապրե՞լ է Ագուլիսում:
-Ինքս էլ եմ զարմանում: Հայրս միշտ ստիպում էր գալ Երևան, բայց տատս չէր համաձայնում թողնել իր տունն ու հողը: 1960-ականների սկզբին պապիս տան երկու սենյակը խլել են ու տվել Մուրթուզ անունով կապուտաչյա մի ադրբեջանցու, որը եկվորներից էր, ըստ տատիս խոսքերի` օսմանցի թուրք: Այդ ժամանակվանից պապս և տատս մշտապես ենթարկվել են հալածանքների: Բանը հասել է այնտեղ, որ 1966 թվականին այդ նույն Մուրթուզն ստիպել է չնչին գնով իրեն վաճառել պապիս հսկայական տունն ու հողակտորը: Դրանից հետո, ի վերջո, Հայկանուշ տատս եկավ Երևան ու իր հետ բերեց կիտրոնի ծառերից մեկը, որն այստեղի պայմաններին չդիմացավ, չաճեց:
-Փաստորեն, նույն այդ կապվածությունն Ագուլիսին եղել է նաև Ձեր մեջ, եթե մինչև 1986 թվականը պարբերաբար գնացել եք այնտեղ: Ձեզ դարձյա՞լ վերապահումներով էին ընդունում տեղի ադրբեջանցիները:
-Ո՛չ: Երիտասարդների մեջ այդպիսի վերաբերմունք արդեն չկար հայերի նկատմամբ, մեր հարաբերություններն այլ էին դարձել, նախապաշարմունքներից վեր էին կանգնած մարդիկ: Ընդգծված հարգանք կար իմ և ամուսնուս նկատմամբ: Հարսանիքների, խնջույքների ժամանակ իրենք գետնին էին նստում, մեզ սեղանի մոտ էին նստեցնում: Ամենաընտիր, մաքուր անկողինն էին բացում մեզ համար: Վերջին շրջանում չկար անհավասարի, հարամի զգացողությունը նրանց մեջ մեր նկատմամբ: Այդ ամբողջ թշնամանքն ու ատելությունը հայերի և ադրբեջանցիների միջև սերմանում էին նրանց ղեկավարները` քաղաքական նկատառումներով: Եվ այդ քաղաքականությունը միայն հայերին չէր վնասում, այլև հենց իրենց` ադրբեջանցիներին: Երբ վերջին անգամ` 1986 թվականին այնտեղ էի, Նախիջևանում նկարիչների միության նախագահն ինձ փաստաթուղթ տվեց, որով ես ազատ մուտք պիտի ունենայի Օրդուբադ: Բայց ինձ ներքին գործերի աշխատակիցները ձերբակալեցին, իսկ նրանց զանգով էլ տնային կալանքի վերցրին նկարիչների միության այդ նախագահին: Հետո նա զանգահարեց ինձ և ասաց, որ արագ հեռանամ, քանի որ իր ընտանիքին մեծ վտանգ է սպառնում իմ` այնտեղ գտնվելու պատճառով: Տեղացի ադրբեջանցիներն էլ էին վախով ապրում: ՈՒմ տանը ես մնում էի, նրանց էլ սկսեցին հալածել: Իրենք էլ էին տառապում: Տեղի ադրբեջանցիները միշտ էլ մեծ հարգանքով են վերաբերվել տատիս: Նրանից շատ բան են սովորել: Եվ մեր տուն մտնելիս առաջին բանը, որ արել են, օրհնանք են տվել տատիս մինուճար որդուն` հորս: Եթե այդ վերաբերմունքը չլիներ, տատս երկար չէր ապրի այնտեղ: Ամեն բան փոխվեց, երբ Բաքվից օտարները եկան-լցվեցին Ագուլիս: Ապականեցին ամեն ինչ: Դրանք լրիվ ուրիշ որակի մարդիկ էին, գազաններ: Տեղացի ադրբեջանցիներին, որ մեծ հարգանքով էին խոսում տատիս, ինձ հետ, չէիր համեմատի այդ նորեկների հետ:
-Վեպում Ձեզ հետ կապված պատմություն կա, ըստ որի` Ձեզ հետապնդել է այդ ադրբեջանցի տղան` Բաբաշ Զիյադովը: Նրա ամբարտավան արարքի պատճառով Ձեր տատ Հայկանուշը ստիպված է լինում Ձեզ հետ ուղարկել Երևան: Այս ամենն իսկապե՞ս տեղի է ունեցել:
-14 տարեկան էի, երբ ինձ համար անհայտ պատճառով տատս շատ ջղայնացել էր և ասաց, որ ես այլևս չեմ կարող մնալ գյուղում: Ինձ շտապ վերադարձրին Երևան: Իսկ երբ վերջին տարիներին գնացել էի Ագուլիս, տեղացիներից իմացա, որ Բաբաշը տեղափոխվել է Բաքու, Հեյդար Ալիևի մերձավոր շրջապատում է հայտնվել, բարձր պաշտոն է զբաղեցնում:
-Այդ մասին էլ է խոսվում վեպում: Այլիսլին գրում է, որ բարձր պետական դիրքի հասնելուց հետո նա անգամ անունն էր փոխել. Բաբաշ Զիյադովը դարձել էր Բաբախան Զիյադխանլի:
-Ես այդպիսի մանրամասներ չգիտեմ:
-Դուք հանդիպե՞լ եք Աքրամ Այլիսլիին, ճանաչո՞ւմ եք նրան:
-Երբ եկեղեցու բակում նկարում էի, հիշում եմ, որ մի քանի անգամ մոտ 20-25 տարեկան, մի քիչ բաց գույնի մաշկով, շեկ մազերով տղա է մեզ մոտեցել, խոսել տատիս հետ երկար: Ես ուշադրություն չէի դարձնում, իմ նկարներով էի զբաղված: Հետո տատիցս իմացա, որ նա գյուղի ամենախելոք, գրագետ մարդն է, բանաստեղծություններ է գրում: Ինձ թվում է, որ դա հենց Աքրամ Այլիսլին է եղել, բայց վստահաբար չեմ կարող ասել, որ դա նա էր:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ