ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե քարերը լեզու ունենային, բոլորին հետ կկանչեին» (ֆոտոշարք)

«Եթե քարերը լեզու ունենային, բոլորին հետ  կկանչեին» (ֆոտոշարք)
08.02.2013 | 13:21

ԱՆԴՐԵԻ ու ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼԻ 2,5 ժամ տևողությամբ համատեղ համերգը` Ստամբուլի «Tim Show Center» 1800-տեղանոց համերգասրահում, նվիրված էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու հիմնադրման 150 և Հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակներին: Անդրեն ու Սիբիլը կատարել են 23 երգ, այդ թվում` 7-ական անհատական, և 9-ը զուգերգ («Մեր Էրգիր», «Հայաստանս», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին», «Ադանա», «Գետաշեն»): Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Համերգից հետո Անդրեն այցելել է Արևմտյան Հայաստան: «Կարծես երգի միջոցով վերապրում եմ այն ամենը, ինչ զգում է այդ հողում ծնված հայը»,- ասել է երգիչը:
Անդրեի ու Սիբիլի ստամբուլյան համերգի անցուդարձը մի քանի օր շարունակ հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի ուշադրության կենտրոնում էր:

-Ի՞նչ եք զգում, երբ սեփական աչքերով տեսնում եք գերված հողերը, հայրենի ու «օտար» հողում ապրող հայրենակցին, թաքնված կամ կրոնափոխ հային:
-Երբ տեսա Արևմտյան Հայաստանը` անբացատրելի զգացում ունեցա, դրախտային գեղեցկություն էր, Վանա ծովը հրաշք էր, երբ հեռվից տեսա Աղթամար կղզին, զգացի, որ եթե քարերը լեզու ունենային, բոլորին հետ կկանչեին։
Մեր հայրենակիցներն այնտեղ շատ ավելի են պահպանել հայի տեսակը, հային վայել պահվածքը, ավանդույթները, լեզուն, քան Հայաստանում ապրող շատ հայեր:
Համերգներ հաճախ եմ ունեցել մուսուլմանական երկրների մեր հայկական համայնքների համար և զգացել եմ, թե ինչպես են ամուր կառչում իրենց արմատներից` հայ մնալու համար:
-Շա՞տ է տարբեր հայաստանյան և Թուրքիայի տարածքում ապրող (թեկուզ և պապենական հողերում) հայ հանդիսատեսը:
-Հայ հանդիսատեսը բավականին ջերմ է թե՛ Հայաստանում, թե՛ Պոլսում: Ես այն երջանիկ արտիստն եմ, որ վայելում է հանդիսատեսի անկեղծ սերը: Միշտ հաղթանակներ եմ ունենում իմ աշխատանքի շնորհիվ ու միշտ բարձր եմ պահում հայ երգը արտերկրում` թե՛ միջազգային մրցույթներում, թե՛ համերգների ժամանակ:
-Ո՞ր երգը կամ երգերն են հատկապես մեծ արձագանք, հուզում առաջացրել Պոլսի Ձեր համերգի ժամանակ:
-Ցեղասպանությանը նվիրված «Մեր էրգիր» երգս շատ հուզեց թե՛ հանդիսատեսին, թե՛ ինձ: Բոլոր երգերն էլ շատ ջերմ են ընդունվել: Ես և Սիբիլը զգում էինք հանդիսատեսի անկեղծ սերն ու ջերմությունը:
-Հանդիսատեսի մեջ թուրքեր կայի՞ն:
-Չգիտեմ, ես դահլիճի դռների մոտ կանգնած չէի և չէի ստուգում մարդկանց ազգությունն ու քաղաքացիությունը, ես հետնաբեմում պատրաստվում էի մեծ համերգի:
-Կոնֆլիկտներից, տհաճ միջադեպերից խուսափո՞ւմ եք: Ինչպե՞ս են Ձեզ ընդունում հարևան երկրի քաղաքացիները` ո՛չ հայ:
-Ես ոչ մի բանից չեմ խուսափում: Իմ ողջ կյանքը, սկսած մանկությունից, լեցուն է համառ քայլերով: Ինչ վերաբերում է հարևան երկրի երկրպագուներին, «Եվրատեսիլ 2006»-ին նրանք վայրի ֆանատիզմով ինձ ամենուր հետևում էին, որ լուսանկարվեին, ստորագրություն վերցնեին: Մի անգամ, երբ լրագրողներից մեկը լուսանկարվում էր ինձ հետ (փորձերից հետո հիմնականում մամուլի ասուլիսներ էին լինում), նկատեցի, որ վերջինս իր երկրի դրոշն է փորձում տեղավորել մեջքիս հետևում: Լավ էր` նկատեցի ու արգելեցի, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պատմություն կարող էր հյուսվել այդ ամենից հետո:
-Անդրե, չե՞ք կարծում, որ Հայաստանում ապրող մարդը նույնպես կարիք ունի մաքուր երգի:
-Ես միշտ երգել եմ մաքուր ժողովրդական և մաքուր էստրադային երգեր ու մաքուր մնացել բոլոր անցուդարձերից: Դա մեծ խնդիր է այսօր մեզ համար: Ամոթ է, որ հայ երգիչները թուրքերի, ազերիների չունեցած երգերից վերցնում են, ձայնագրում, բառեր են գրում և ներկայացնում որպես հայկական: Թուրքերն ընդամենը 700 տարվա պատմություն ունեն, ազերիները` մաքսիմում 70, մենք և հույներն ենք եղել այս տարածաշրջանում թելադրողը: Ցավում եմ, որ արժեքներ ենք կորցնում: Սա աղետ է ինձ համար, մեր ազգային գենոֆոնդի համար, պետք է երգարվեստը մաքրել այդ վարակիչ բակտերիաներից:
-Դուք բարձրացրել եք շատ կարևոր մի հարց` Հայաստանում ապրող հայ երգիչը երգում է թուրքական երգ, ինչը զարմացնում է Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներին: Հանրության պահանջո՞վ են մեր երգիչները «խառնածին» ու անճաշակ երգեր մատուցում: Ինչո՞վ է պայմանավորված երաժշտական, առհասարակ, մշակութային սպանդը: Բիզնես` ու վե՞րջ:
-Ամեն ինչ չէ, որ պետք է ծախել: Արվեստը մի անհասանելի աշխարհ է: Հանդիսատեսը պետք է ձգտի վեր, որ հասկանա, զարգանա, մոտենա արվեստին, ոչ թե արվեստի ներկայացուցիչը իջնի ու թելադրի քոչվորական երաժշտություն մեր առանց այն էլ շատ արժեքներ կորցրած լսարանին: Մեզանում պակասել է հարգանքը միմյանց նկատմամբ, ցավում եմ, երբ տեսնում եմ անկիրթ երիտասարդություն, որ չգիտի մեծին հարգել, կամ զիջել, կամ լռել։ Ո՞Ւր ենք հասնելու այս քայլերով:
-Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Թողարկվելու է արդեն իսկ պատրաստ 6-րդ ձայնասկավառակս, որը բաղկացած է Սուրեն Կնյազյանի հեղինակային երգերից: Ինչպես միշտ, կլինեն նոր տեսահոլովակներ և համերգային գործունեություն: Շատ եմ ուզում, որ իմ և Սիբիլի գեղեցիկ ու հայեցի համերգը, որ ուղեկցվում էր սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ներկայացվի Հայաստանի և Արցախի հանդիսատեսին: ՈՒնենք նաև հրավերներ Նյու Յորքից և Ֆրանսիայից, կազմակերպական հարցերն են քննարկվում, որից հետո կմեկնենք համերգային շրջագայության:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ