Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Բացակա լինելը միշտ չէ, որ ճիշտ է

Բացակա լինելը միշտ չէ, որ ճիշտ է
01.07.2008 | 00:00

Վերջին օրերին տարածաշրջանում ամենակարևոր և հետաքրքիր զարգացումներից մեկը Աբխազիայի շուրջ ծավալվող նոր գործընթացն էր։ Զարմանալի հետևողականությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իսկ այնուհետեև Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հերքեցին աբխազական հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ գաղտնի բանակցությունների մասին տարածված լուրերը։ Մինչդեռ այդպիսի պնդումներ առկա էին թե՛ ռուսական, թե՛ վրացական լրատվամիջոցներում, ու բանակցությունների մասնակից կողմերի նման բուռն և հետևողական հերքումը, ըստ էության, ավելի է ամրապնդում այն ենթադրությունը, որ բանակցություններ իսկապես եղել են։
Այդ բանակցությունների մասին շրջանառվող լուրերի համաձայն, դրանք ընթացել են փակ ռեժիմով, երկկողմ ռուս-վրացական ֆորմատով, փոխարտգործնախարարների մակարդակով։ Բանակցությունների էությունը եղել է հետևյալը. Աբխազիան բաժանվում է ռուսական և վրացական ազդեցության հատվածների՝ մեծ մասը ռուսական գոտում մնալու պայմանով։ Կարգավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունենում, մնում է փաստացի անկախության ներկա վիճակը։ Շրջանառվող տեսակետի համաձայն, Ռուսաստանը Վրաստանի համաձայնությամբ մշտական հիմունքներով զորախումբ պետք է ունենար Աբխազիայի տարածքում։ Խոսքը մասնավորապես կարծես վերաբերել է Գուդաուտայում գտնվող նախկին ռուսական ռազմակայանին, որն այժմ էլ գտնվում է աբխազական գոտում։ Միաժամանակ համաձայնությունների կայացումը ենթադրում էր, որ Վրաստանը պետք է պարտավորվեր դադարեցնել ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը, իսկ Ռուսաստանն իր հերթին պետք է ապահովեր 300 հազար վրացի փախստականների վերադարձն Աբխազիա կա՛մ իրենց նախկին բնակության վայրերը, կա՛մ էլ առնվազն Վրաստանի վերահսկողության տակ անցնող շրջանները։ Բնականաբար, բանակցությունների առանցքում է եղել նաև արդեն 16 տարի չգործող և այս հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի, ինչպես նաև Հայաստանի համար իսկապես կարևոր տնտեսական նշանակություն ունեցող աբխազական երկաթուղու վերագործարկումը։
Վրացական աղբյուրների պնդմամբ, բանակցություններն ավարտվել են անհամաձայնությամբ, որովհետև Վրաստանը, այնուհանդերձ, պնդել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու մարտավարությունը մինչև վերջ հասցնելու իր մտադրությունը, ինչը ռուսական կողմն անընդունելի է համարել։ Սակայն բանակցությունների գրեթե հավաստի փաստն ինքնին վկայում է, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Ռուսաստանում հասունացել է այն անհրաժեշտության գիտակցումը, որ աբխազական երկաթգծի փակ լինելու արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերը կրում են լուրջ տնտեսական կորուստներ։ Բնական է, որ շահագրգիռ բիզնես-շրջանակներն էլ պետք է որ համապատասխան ճնշում գործադրեն իրենց կառավարությունների վրա, քանզի կոմունիկացիոն խնդիրների պատճառով Վրաստանի, Հայաստանի, ինչու չէ, նաև Ռուսաստանի և նույնիսկ Ադրբեջանի բիզնեսմենները բավականին լուրջ վնասներ են կրում, որովհետև աբխազական երկաթուղին տարածաշրջանը Ռուսաստանի արևմտյան մարզերի, ՈՒկրաինայի, Բելառուսի, Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Անցած տարիների ընթացքում համապատասխան վնասներ է կրել նաև Վրաստանում և Հայաստանում ներդրումներ կատարած ռուսական բիզնեսը։
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչ շահեր կարող էին դրդած լինել Մոսկվային՝ մտնելու նման բանակցությունների մեջ։ Պատճառներն ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական են։ Ամենից առաջ Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ ինտեգրման հեռանկարը ենթադրում է, որ ռուս-վրացական հարաբերություններն այդ պարագայում կդառնան սառը պատերազմյան։ Մոսկվան հարկադրված կլինի այլևս բացահայտորեն ռազմական դաշինք կնքել Աբխազիայի հետ և, անկախ Վրաստանի ու նրա հովանավոր արևմտյան տերությունների բողոք-դժգոհություններից, մեծացնել Աբխազիայում իր ռազմական ներկայությունը։ Նման հեռանկարը միաժամանակ ենթադրում է, որ Վրաստանն իր հերթին կանխարգելելու է իր տարածքով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի կենսագործունեության ապահովմանն ուղղված բեռների անցումը, ինչը նախատեսված է Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման մասին 2006-ի համաձայնագրով։ Այդ դեպքում Հարավային Կովկասում իր ներկայությունը պահպանելու համար Մոսկվային այլ բան չի մնա, քան բազմամիլիոն ծախսերով Հայաստան- Իրան նոր երկաթուղի կառուցել, որպեսզի Իրանի տարածքով կարողանա ապահովել դաշնակից Հայաստանում իր ռազմական ներկայությունը և հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացումը, առանց որոնց անհնարին է պահպանել ազդեցությունը Երևանի վրա։ Այդ զարգացումն ինքնին ենթադրում է Իրանի դերակատարության և ազդեցության աճ, ինչը Կրեմլի համար գուցեև այդքան ցանկալի չէ։ Այլ կերպ ասած՝ Մոսկվայի շահերից բխում է ավելի էժան և վրաց-ռուսական հարաբերություններում որոշակի կարգավորում մտցնող տարբերակը, որը միաժամանակ անխափան կոմունիկացիոն կապ կապահովի Հայաստանի հետ։ Եվ այս շարժառիթներից ելնելով էլ Մոսկվան, թերևս, դեմ չի եղել բանակցելու։
Ինչ վերաբերում է Վրաստանի շահերին, ապա Թբիլիսիի արձագանքն այս նախաձեռնությանը ամենից առաջ ցույց է տալիս, որ այնտեղ սկսել են իրավիճակն ավելի սթափ գնահատել։ Նախընտրական աժիոտաժն արդեն անցյալում է, իսկ երկրի իրական շահերը պահանջում են կուտակված հարցերի լուծումներ։ Եթե հիշյալ բանակցություններն ավարտվեին հաջողությամբ, ապա Վրաստանը կունենար հետևյալ ձեռքբերումները. իր վերահսկողության վերականգնում Աբխազիայի տարածքի թեկուզ փոքր մասի վրա։ Երկրորդ ոչ պակաս կարևոր խնդիրը, որ այս համատեքստում լուծում կստանար, շուրջ 300 հազար վրացի փախստականների վերադարձն էր այդ տարածաշրջան։ Մի խնդիր, որն աբխազական հակամարտության սառեցումից ի վեր չի հաջողվել լուծել վրացական ոչ մի իշխանության, իսկ իր տարածքի մնացած հատվածում այդ վերաբնակեցումն իրականացնելու հնարավորություն Թբիլիսին չունի, քանզի ուսերին դրված է թուրք-մեսխեթցիներին վերաբնակեցնելու միջազգային պարտավորությունը, որն ինքնին կատարելը շատ բարդ է, եթե ոչ անհնարին, քանզի սկզբունքորեն չի բխում Վրաստանի շահերից։ Միով բանիվ, համաձայնությունների կայացման և աբխազական երկաթուղու վերագործարկման դեպքում Վրաստանը հատկապես տնտեսական առումով կհայտնվեր իսկապես շահեկան վիճակում, որովհետև հսկայածավալ բեռնափոխադրումներ կիրականացվեին այդ երկաթուղով ինչպես Ռուսաստանից Վրաստան և Հայաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ։ Որոշակի շահագրգռություն կունենար նաև Ադրբեջանը՝ դեպի Արևմուտք ամենակարճ երկաթուղային կապից օգտվելու տեսակետից, ինչը դարձյալ լրացուցիչ տրանզիտային գումարներ կբերեր Թբիլիսիին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, արևմտյան ազդեցությունը և Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու ԱՄՆ-ի և առանձին եվրոպական երկրների ցանկությունն այնքան մեծ է, որ Թբիլիսին ակնհայտ և գործնական օգուտն աչքի առաջ ունենալով հանդերձ, չհամաձայնեց ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը կասեցնելու ռուսական պահանջի հետ՝ արևմտյան գործընկերների զայրույթը չհարուցելու համար։
Հասկանալի է, որ վրաց-ռուսական վերոնշյալ համաձայնությունների կայացման դեպքում համեմատաբար տուժածի կարգավիճակում հայտնվելու էր Աբխազիան, և այս համատեքստում միանգամայն հասկանալի է վերջինիս ղեկավարի հայտարարությունը, թե իրենք անկախությունից որևէ թիզ զիջելու մտադրություն չունեն։ Բայց տվյալ պարագայում եթե Թբիլիսին և Մոսկվան պայմանավորվեին, Սուխումի կարծիքն այնքան էլ վճռորոշ լինել չէր կարող, մանավանդ որ տնտեսական հարաբերությունների ակտվացումն իր հերթին որոշակի օգուտներ էր խոստանում նաև Աբխազիային։
Աբխազական երկաթգծի վերաբացման հարցում Հայաստանի շահագրգռությունն ակնհայտ է։ Եվ հենց այդ պատճառով էլ բավական տարօրինակ է, որ ռուս-վրացական գաղտնի բանակցությունների մասին շրջանառվող լուրերում ակնարկ անգամ չի եղել Հայաստանի թեկուզ թռուցիկ կամ մասնակի մասնակցության վերաբերյալ։ Մինչդեռ որևէ, հատկապես մեզ համար խիստ կարևոր և նպաստավոր գործընթացում դիտորդ կամ բացակա լինելը բոլորովին էլ լավագույն ճանապարհը չէ։ Տարիներ շարունակ վրացիների և աբխազների կամակորությունից դժգոհելու փոխարեն, թերևս, կարելի էր օգտագործել պատեհ առիթը՝ մեզ համար այնքան կենսական հարցում մասնակցություն ունենալու և դրական համաձայնությունների կայացմանը նպաստելու առումով։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հ.Գ. -Ի դեպ, Աբխազիան այսօրվանից փակում է սահմանը Վրաստանի հետ, պատճառաբանելով, թե երեկ Սուխումիում կատարված երկու պայթյուններն իրականացրել են վրացական հատուկ ծառայությունները։

Դիտվել է՝ 7367

Մեկնաբանություններ