Երբ 2015-ին սրբադասվում էին Եղեռնի զոհերը, մտոք խոնարհվում էր երկինքը, մտածում էինք` էլ երբեք ու երբեք թուրքի յաթաղանը չի շողշողա Հայոց տան վրա, որովհետև երկնքում արդեն ունենք վկաների այդպիսի հոծ բազմություն, որոնք բարեխոս են այս հող ու ջրի, այնտեղ վեր խոյացած վանքերի, հողն իր արյամբ ոռոգած էթնոսի համար:
Ավա՜ղ: Յաթաղանը կրկին շողաց: Մեծ աշխարհը կրկին չնկատեց հայի տաք արյունը: ՈՒ մենք կրկին հայրենիք կորցրինք… Այս անգամ Արցախ անունով:
Ցավը կրկնակի է, որովհետեւ միայն արտաքին թշնամու հետ չէր մեր կռիվը: Կռիվը նաև մեր «ներքին մարդու» (հանց կասեր Նժդեհը) հետ էր, որն ամենադժվարն է հաղթահարվում:
Բայց նախ արտաքին թշնամուց: 91-ն էր. Հրանտ Մաթևոսյանը վատառողջ էր, հիվանդանոցում էր գտնվում: Այցելեցի նրան: Մի տեսակ շփոթված էր: Ինձանից առաջ նրան այցելել էր ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանը: Շփոթված Վարպետը չդիմացավ`պատմեց իր և Վ. Մանուկյանի զրույցը:
-Լսի, Վազգենն ասում է` դրսերում այսպիսի պլան կա` Մեղրին պիտի մեզանից վերցնեն, տան Ադրբեջանին, որ Նախիջևանի հետ Ադրբեջանն ու Թուրքիան կապ ունենան:
Ծիծաղեցի այդ մտքի վրա` չի կարող նման բան լինել:
Տարիներ հետո, երբ արդեն բացահայտ խոսվում էր Գոբլի այդ ծրագրի մասին, ես անվերջ «պտտվում» էի Հրանտի շփոթմունքի ու իմ միամտության միջև: Հետո կրկին մոռացանք Գոբլի ու նրա չարաբաստիկ` մետաքսի ճանապարհն ապահովող, պանթուրքիզմի կամուրջ, Իրանը խաղից հանող, Մերձավոր Արևելքը Սովետի քանդումից հետո «ձեռնասուն» դարձնելուն ուղղված այդ ծրագրի մասին:
Մինչև հոկտեմբերի 27: Այդ օրերին կրկին «վեր հառնեց» Գոբլի դիվային ծրագրի ուրվականը (գաղտնիք չէ, որ Վազգենը, Դեմիրճյանը` նրանց հետ մնացածները, զոհ դարձան նույն Մեղրու` Գոբլի «պրոյեկտին»):
ՈՒ հիմա, որքան էլ ցավալի, որքան էլ մրմուռ պատճառող, 90-ականներից երեսուն տարի անց` Գոբլի ծրագիրը կյանքի կոչվեց… Արցախի կորստի հաշվին, երբ մեծ տերությունները կրկին հայի հաշվին գծեցին իրենց քարտեզն ու սապոգի տեղը…
Իսկ այդպես, որովհետև «ներքին թշնամին» բացեց հայոց ամրոցի դռները նրանց առաջ:
Այն, որ այս իշխանությունները հատուկ առաքելությամբ էին եկել` Արցախը հանձնելու, մեկ անգամ չենք ասել: Բայց այն, ինչ «ստացանք», վեր է մարդկային երևակայության բոլոր սահմաններից (երնե՜կ քեզ, Վարպետ, որ չտեսար այս ամենը):
Հավատարիմ մնալով մորատորիումի կանոններին, այս օրերին երբեք չենք «խցկվել» մատի ու մատանու արանքը` հանուն դիրքերում կանգնած մեր տղաների, հանուն «փոքրիկ, ապրուստը նսեմ» մեր հայրենիքի:
Եվ այնուհանդերձ, ցայսօր ականջներիս մեջ խշշում է հարցը. այո, այս իշխանությունն աթոռ էր ստացել հանուն Արցախի. դա էր պատճառը, որ հազար ու մի տեսակ խաղեր, նազեր, «շպագատներ» էին կատարվում արցախյան խնդրի իշխանական` «սեփական կետի» շուրջ, ուր չկար կոնցեպտ, սկզբունք, ուր սուտն ու մանիպուլյացիան միակ ուղեցույցն էին, ինչպես մնացյալ հարցերում:
Բայց թույլ տամ ինձ վարկածել. այն, ինչ տեղի ունեցավ, կարծում եմ, անսպասելի էր նաև օրվա «աթոռիստի» համար. իր կիրթի հետ նա, ըստ ամենայնի այլ պայմանավորվածություններ ուներ, սակայն տարածաշրջանային իրավիճակը, մյուս` գլխավոր թուրքի` Էրդողանի խաղին միանալը, պրոյեկտավորումը փոխեցին ամբողջովին:
Նախնական «պրոյեկտավորումը» հետևյալն էր. կայծակնային պատերազմ, հինգ շրջանների վերադարձ, տարածքներ` խաղաղության դիմաց պայմանագրի ստորագրում: Հիմա հարցական է, Նիկոլն ի սկզբանե տեղյա՞կ է եղել, որ իր տերերի համար Գոբլի ծրագրի կյանքի կոչումը կենաց-մահու խնդիր էր, որի դիմաց էլ Ռուսաստանն արագ «տեղավորեց» իր խաղաղապահներին, իսկ Ադրբեջանը թաթը դրեց Արցախի մարգարիտի` Շուշիի վրա…
Ի դեպ, Դավիթ Շահնազարյանն ասում է` Շուշին հնարավոր չէ գրավել, Շուշին հնարավոր է միայն հանձնել. «Շուշին հանձնվել է»,- հավելում է նա (ժամանակը կպարզի, այդպես է, թե ոչ, ինչու՞, որովհետև չկա բան, որ չգա լույսի մեջ), թե շատ բան սրբագրվել է հընթացս:
ՈՒ որ այդքան բան հանձնելու էինք, ինչու՞ այդքան կյանքեր զոհաբերվեցին. ախր արյունը խոսում է, ինչպես խոսում է Կայենից սպանված Աբելի արյունը` ցայսօր… Ախր առանց այն էլ` Արցախն այլ աուրա ու ոգի ունի. այնտեղ հողը առանց այն էլ խոսում է արյան լեզվով` մեր տղերքի` 90-ականներին թափված…
Երկիրը 18-ից հետո պատուհասված է. իր պլան «ա»-ն` Հայաստանի ողջ ներքին կյանքը երկատել, քառատել, հոգևոր, ազգային արժեքները, ինստիտուտները քանդել-քայքայել, թշնամություն սերմանել, իրավական, կրթական, քաղաքական ոլորտը ոչնչացնել, այս իշխանությունը իրականացրել էր «նա բիս»: Պլան «բ»-ն` ծաղկուն, շեն, ապրող Արցախը այդքան խայտառակ, ողբերգական հանձնելը, նույնպես իրացվեց` հանուն իր օտար տերերի: «Մարդը» հիմա իրականացնում է պլան «գ»-ն` հրաժարական չի տալիս, որի արդյունքում կարող է կյանքի կոչվել պլան «դ»-ն` քաղաքացիական պատերազմը… Կատարված ձերբակալություննները դրա վառ վկայությունն են:
Հուսանք, հավատանք, աղոթենք` սրբադասված վկաների բազմությունը, այնուհանդերձ, թույլ չի տա դա տեղի ունենա. չի լինի մեկ այլ Վարպետի ասած`
Մեր կյանքի հիմերն
անդունդներն ընկան,
ՈՒ արնոտ միգում
ճարճատում են դեռ…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ