ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր ժամանակների հերոսները

Մեր ժամանակների հերոսները
22.08.2008 | 00:00

ՊԵԿԻՆԻ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան Հայաստանի օլիմպիականները, որոնք արդեն ավարտել էին ելույթները, վերադարձան տուն։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասում էր արժանի դիմավորում։ Մեր օլիմպիական հերոսներին զարդարեցին դափնեպսակներով։ Օլիմպիականների հետ տուն վերադարձավ նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը դրվատանքի ջերմ խոսքեր ասաց հատկապես երկաթախաղի հայ վարպետների և հունահռոմեական ոճի ըմբիշների հասցեին, որոնք նվաճեցին հինգ բրոնզե մեդալ։ Այնուհետև մեր դափնեկիրները բաց մեքենաներով մտան Երևան։
Ափսոս, որ այս ամենը տեղի ունեցավ վաղ առավոտյան, երբ Երևանը դեռևս չէր արթնացել։ Պեկինում էին մնացել միայն նրանք, ովքեր դեռ չէին ասել իրենց վերջին խոսքը։ Բռնցքամարտի մրցաշարում 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը, նիզականետորդ Մելիք Ջանոյանը և ազատ ոճի երեք ըմբիշներ։
Օգոստոսի 19-ին Պեկինում տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որին սպասել էինք ամբողջ 32 տարի։ Խոսքը վերաբերում է բռնցքամարտի մրցաշարին։ Չնայած այն բանին, որ Հայաստանի բռնցքամարտիկներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Իսրայել Հակոբկոխյանն ու Նշան Մունչյանը, որոնք արժանացել են նաև աշխարհի գավաթակրի տիտղոսին, օլիմպիական խաղերում առայժմ նման նվաճումներով չենք կարող հպարտանալ։ Կաշվե ձեռնոցի մեր վարպետներից առայժմ միայն Վլադիմիր Ենգիբարյանին է հաջողվել նվաճել չեմպիոնի տիտղոսը, և դա տեղի է ունեցել հեռավոր 1956 թվականին, Մելբուռնում, իսկ 1976 թվականին Մոնրեալից բրոնզե պարգևով տուն վերադարձավ աշխարհի անդրանիկ առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը։ Եվ ահա 32-ամյա լռությունից հետո այդ բացը լրացրեց 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը։ Եվրոպայի վերջին առաջնության արծաթե մեդալակրի համար շատ հաջող ստացվեց վիճակահանությունը։ Վանաձորցի մարզիկն առաջին շրջանում ազատ էր, այնուհետև 1/8 եզրափակիչում 12։0 հաշվով պարտության մատնեց նիգերիացի Ռաշիդ Լավալին և մտավ 1/4 եզրափակիչ, սակայն մարտը կորեացի Ջոնսուբ Բաիկի հետ չկայացավ։ Նախորդ մարտի ժամանակ ստացած ծանր վնասվածքների պատճառով բժիշկները մարզիկին թույլ չտվեցին դուրս գալ ռինգ, և Ջավախյանը նվազագույնն իր համար ապահովեց բրոնզե մեդալ։ Այսօր Հրաչիկին սպասում է ևս մեկ քննություն։ Կիսաեզրափակիչում մեր բռնցքամարտիկն ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Տիշչենկոյի հետ։ Կկարողանա՞ արդյոք Հրաչիկը մեր հինգ բրոնզե մեդալներին ավելացնել այնքան ցանկալի արծաթը, կիմանանք օրվա ընթացքում։ Ինչ էլ լինի, երիտասարդ մարզիկի հաջողությունն արդեն անվիճելի է, և այն, կարծում ենք, հանրապետության երրորդ քաղաքի ներկայացուցչին կմղի նոր նվաճումների։
Օգոստոսի 19-ից սկսվեց ազատ ոճի ըմբիշների օլիմպիական մրցաշարը։ Հայաստանն այստեղ ներկայացրել էր երեք մարզիկի՝ Մարտին Բերբերյանին (60 կգ), Սուրեն Մարկոսյանին (66 կգ) և 84 կգ քաշային Հարություն Ենոքյանին։ Առաջին երկուսը շատ շուտ ավարտեցին իրենց ելույթները։ Մարկոսյանն առաջին իսկ գոտեմարտից, իսկ Բերբերյանը՝ երկրորդից, վերածվեցին հանդիսականի։ Երեկ գորգ դուրս եկավ նաև Ենոքյանը։ Հարությունի համար առաջին գոտեմարտը հաջող ավարտ ունեցավ, իսկ ահա երկրորդում նրան այդպես էլ չհաջողվեց հաղթահարել Վրաստանի ներկայացուցիչ Մինդորաշվիլու արգելքը։ Վերջինս շարունակեց իր հաղթարշավը և դուրս եկավ եզրափակիչ, ինչը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի որդուն և սանին հնարավորություն տվեց շարունակելու պայքարը երրորդ տեղի համար։ Սակայն լրացուցիչ գոտեմարտը նա տանուլ տվեց Գերմանիան ներկայացնող վրացի ըմբիշ Դավիթ Բիչինաշվիլուն։
***
Սովորաբար ընդունված է յուրաքանչյուր օլիմպիադայից հետո որոշել խաղերի հերոսին։ Պեկինում ծնվեց երկու հերոս։ Առաջինը լողորդ Մայքլ Ֆելպսն էր իր ֆանտաստիկ նվաճումով՝ ութ ոսկե մեդալ, յոթ համաշխարհային և մեկ օլիմպիական ռեկորդ, իսկ երկրորդը՝ աթլետ ՈՒսեին Բոլթը, փոքրիկ Ճամայկայի մեծագույն մարզիկը, ում իսկական կենսագրությունը սկսվեց Պեկինից։ Օգոստոսի 21-ին լրացավ Բոլթի 22-ամյակը։ 16 տարեկանում նա նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը, ապա այդ հաջողությունը կրկնեց մեկ տարի անց՝ 2003 թվականին։ 2004-ին Բոլթը սահմանեց 200 մետր վազքի երիտասարդների աշխարհի ռեկորդ՝ այն հասցնելով 19,93 վայրկյանի։ 2007-ին Օսակայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում Բոլթը նվաճեց 200 և 4x100 մ փոխանցավազքի արծաթե մեդալները։ Ճամայկացի մարզիկի համար 100 մետրը մինչ այս օժանդակ մրցաձև էր, թեև այս տարվա մայիսի վերջերին Նյու Յորքում անցկացված «Գրան պրի» շարքի մրցումներում սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ՝ տարածությունն անցնելով 9,72 վայրկյանում, գերազանցելով իր հայրենակից Ասաֆա Փաուելի համաշխարհային ռեկորդը։ Մինչև օլիմպիադան Բոլթը չգիտեր՝ մարզիչ Գլեն Միլչն իրեն կհայտավորի՞, թե՞ ոչ։
-Ինձ համար գլխավորը 200 մետրն է։ Ես միշտ էլ ասել եմ, որ աշխարհի ամենաարագավազ մարդն եմ, իսկ այս վազքը դա պարզապես հաստատեց,- հաղթանակից հետո կայացած հարցազրույցի ժամանակ ասաց Բոլթը և ավելացրեց.
-Ես ընդհանրապես ռեկորդի մասին չեմ մտածում։ Իմ նպատակը ռեկորդներ գահընկեց անելը չէ, այլ ևս մեկ ոսկե մեդալ նվաճելը։
Եվ նվաճեց։ 200 մ տարածությունը Բոլթն անցավ 19,30 վայրկյանում։ Նրա ակտիվում արդեն կա երկու չեմպիոնական պարգև, հաջորդն ակնկալում է 4x100 մ փոխանցավազքում, և դրան արդեն ոչ ոք չի կասկածում։ Ավելորդ չէ նշել, որ վերջին անգամ 100 և 200 մ վազքերում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր լեգենդար Կարլ Լյուիսը, և դա տեղի է ունեցել 1984 թվականին, Լոս Անջելեսի խաղերում։
Եվ այսպես, Պեկինի նշանավոր «Թռչնաբնում» ճամայկացի նորահայտ աստղը սահմանեց երկու համաշխարհային ռեկորդ, դրանցից առաջինը՝ 100 մ վազքում, ցույց տալով 9,69 վայրկյան ժամանակ։ Եթե նայենք վիճակագրությանը, ապա անցած 100 տարում մարդն այնքան էլ չի կատարելագործվել։ Աթենքում անցկացված առաջին խաղերում ամերիկացի Թոմաս Բերկը հաղթող ճանաչվեց 12,0 վայրկյան արդյունքով, 1900 թ. մեկ այլ ամերիկացի՝ Ջերվիսը, ռեկորդը հասցրեց 11 վայրկյանի։ Ինչպիսի՞ն կլինեն Բոլթի հաջորդ նվաճումները, առայժմ դժվար է ասել։ Աշխարհի ամենաարագ մարդը Պեկինում 100 մետրը վազեց հենց այնպես, առանց նկատելի ճիգերի։ Մնում է ենթադրել միայն, թե ինչպիսին կլինի այն, եթե նորահայտ աստղը ներդնի բոլոր ուժերը, ինչպես 200 մետրում...
Պեկինում գերազանց հանդես եկավ նաև նշանավոր ձողացատկորդուհի, Աթենքի օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան, որն այս անգամ էլ մի ամբողջ գլխով բարձր էր մրցակիցներից և հաղթեց համաշխարհային նոր ռեկորդով. այժմ այն հավասար է 505 սանտիմետրի։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5675

Մեկնաբանություններ