ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ակնկալվում է հայաստանյան և արտասահմանյան շուրջ 60 ընկերությունների մասնակցություն

Ակնկալվում է հայաստանյան և  արտասահմանյան շուրջ 60 ընկերությունների մասնակցություն
01.08.2008 | 00:00

«ԴԻՋԻԹԵՔ-2008»
Հոկտեմբերի 3-5-ը Հալաբյան 16 հասցեում գտնվող «EPG օֆիս պարկի» նորակառույց շենքում, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, կանցկացվի «DigiTec» տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների արդեն 4-րդ ցուցահանդեսը։ Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։
«ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի պատմությունը սկսվում է 2005 թվականից, և գլխավոր նպատակն էր մոտակա տարիների ընթացքում Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային կենտրոն։ Ցուցահանդեսը նպաստում է տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում ավելի մատչելի դարձնելուն, ինչպես նաև արտասահմանյան ՏՏ ոլորտի ընկերությունները հայաստանյան շուկա ներգրավելուն։
Ինչպես նշեց ցուցահանդեսի տնօրեն Արամ Բարսեղյանը, այս տարի «ԴիջիԹեք»-ին ակնկալվում է մոտ 60 հայաստանյան և արտասահմանյան ընկերությունների մասնակցություն, նախորդ տարվա 43-ի փոխարեն։ Առաջին անգամ սպասվում է նաև ռուսաստանյան «Մոսկովսկի Տելեպորտ» և «Հելեիոս նեթ» ընկերությունների մասնակցությունը։
Ցուցահանդեսի տնօրենին խնդրեցինք տեղեկացնել այն դժվարությունների մասին, որոնց բախվում են կազմակերպիչները։ Արամ Բարսեղյանը նշեց, որ ամենամեծ դժվարությունը կապված է ցուցադրության տարածքի հետ։ Պարզվում է՝ Երևանում համապատասխան տարածքներ գոյություն չունեն։ Չորս տարի է` կազմակերպվում է նման խոշորագույն ցուցահանդես, և բոլոր տարիներին՝ տարբեր տեղերում։ Մինչդեռ «ԴիջիԹեք»-ի միջոցով հայաստանյան շուկա են մուտք գործել համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Նեյշընըլ ինսթրումենթսը», «Հյուլեթ պակարտը», IBM-ը և այլն։ Տարածքի խնդրի առնչությամբ բանակցություններ են վարվում կառավարության հետ։ Սակայն անհրաժեշտ են նաև ներդրողներ, որպեսզի հատկացված տարածքը վերածվի ցուցասրահի։ «Մինչև մենք չունենանք ցուցասրահ՝ իր հյուրանոցով, պահեստով, մաքսազերծման կետով, չենք կարող խոսել ԱՊՀ տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդես դառնալու մասին։ Կարծում եմ, այս ցուցահանդեսը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առջև, և որոշ կազմակերպական խնդիրներ լուծելու դեպքում մյուս տարի կունենանք արդեն 70-80 մասնակից։ Մենք ունենք ներկայացուցիչներ Իրանում և Ռուսաստանում, որոնք աշխատում են տեղի ընկերությունների հետ։ Արդյունքում այս տարի Իրանից սպասում ենք գոնե 4, ՌԴ-ից՝ 5-7 մասնակիցների»,- նշում է Ա. Բարսեղյանը։
«ԴիջիԹեք» ցուցահանդեսին զուգահեռ անցկացվելու է արդեն ավանդական դարձած «Դիջիլայֆ» սեմինարների շարքը, որը հնարավորություն է տալիս մասնակից ընկերություններին ավելի նեղ մասնագիտական խնդիրներ ներկայացնել։ Ցուցահանդեսի տնօրենն առանձնացրեց նաև IT ընկերությունների թանգարանը, որն այս տարի առաջին անգամ է կազմակերպվելու, և որտեղ կարող են ներկայացվել ոլորտի նորարարությունները։
Ի դեպ, հոկտեմբերի 4-5-ը Երևանում անցկացվելու է ՏՏ ոլորտի ևս մեկ խոշորագույն միջոցառում՝ «Արմթեք» կոնգրեսը, որն անցած տարի տեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոյում։ «Արմթեք»-ը IT ընկերությունների տնօրենների համաշխարհային կոնգրես է, որը կազմակերպվում է ամեն տարի, և նպատակն է ինչպես սփյուռքահայ, այնպես էլ հայաստանյան գործարարների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը։ ՏՏ ոլորտի այս խոշորագույն միջոցառումների ժամանակային համընկնումը, ըստ Ա. Բարսեղյանի, համագործակցության, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու է՛լ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում։ Այս հանգամանքը, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի կմեծացնի հետաքրքրությունը «DigiTEC»-ի հանդեպ:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9116

Մեկնաբանություններ