ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Դարձել ենք... գործ տվողներ, տառապում ենք մերձավորի արյունը խմելու տենչով»

«Դարձել ենք... գործ տվողներ, տառապում ենք մերձավորի արյունը խմելու տենչով»
29.08.2008 | 00:00

«ԱՏՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՇԿՈՎ ԵՎ ԷՈՒԹՅԱՄԲ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Մեր զրուցակիցը ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆՆ է՝ Հայաստանի գրողների միության նախագահը, մինչ այդ՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը, որը, միաժամանակ, ուշագրավ բանաստեղծական շարքերի հեղինակ է, թարգմանիչ և հրապարակագիր:
«ՄԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԴԵՖԻՑԻՏ ՈՒՆԵՆՔ»

-Մեր վերջին զրույցը փետրվարի 21-ին էր, և երկուսս էլ անորոշ տագնապ էինք ապրում հետնախագահական զարգացումների առնչությամբ: Ցավոք, մեր մտահոգություններն անտեղի չէին, առջևում էր մարտի 1-ը: Եվ, ուրեմն, հնարավո՞ր էր կանխել մարտի 1-ը:
-Բազմաշերտ է հարցը: Իսկապես, պիտի որոշակի ժամանակ անցնի, որպեսզի խաղաղված, ավելի խորքային հայացքով վերլուծենք, թե որտեղ էր ջրբաժանը, որը թույլ չտվեց հանդուրժողականության դաշտ ստեղծել։ Եվ ո՞վ էր ռեժիսորն այդ ամենի, ո՞վ լարեց անհանդուրժողականության թափանիվը։
-Պատասխան կարծես թե չունեք։
-Կարծում եմ` մեղավոր էինք բոլորս՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ յուրաքանչյուրը մեզնից։ Գոնե ես, որպես մտավորական, չեմ կարողանում ինձնից վանել մեղքի զգացումը, այնուամենայնիվ, ինչ-որ բանում վրիպել եմ։ Թեպետ վերջին երեք տարում հրապարակ հանած գրքերիցս մեկը կոչվում է «Տագնապներ», մյուսը՝ «Դիմակայություն»։ Տագնապում էի, որ չհասնենք այն անկառավարելի վիճակին, որի համար չափազանց բարձր գին վճարեցինք։ Պետք է կարողանանք բացառել ցավալի իրողության կրկնությունը և պատասխանատվության վերաբաշխում կատարենք։ Մենք առաջնորդի բարոյական պատասխանատվության խիստ դեֆիցիտ ունենք։ Տեսեք՝ ինչ կատարվեց Վրաստանում, ուր երկրի ղեկավարն իր ոչ համարժեք որոշումներով ավելի խորացրեց անդունդն իշխանության և ժողովրդի միջև։
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՓԵՂԿԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ»
-Հայաստանում էլ նույն անդունդը չէ՞ իշխանության և ընդդիմության, իշխանության և ժողովրդի միջև։
-Սա ասել եմ և՛ այն տարիներին, երբ «Գարունի» խմբագիրն էի, և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի օրոք։ Ասում եմ նաև այսօր. անդունդն իշխանության, պետության և հասարակության միջև կվերանա, երբ երկրի ղեկավարը պատասխանատվությունն իր ուսերին կառնի և չի փորձի այն երբևէ թոթափել։ Առհասարակ, պատասխանատվության բացակայությունն է երկփեղկել ժողովրդին, տարաբաժանել բանակների ու թիմերի, ծնել բարիկադներ, որոնք այսօր էլ կան։ Այնուամենայնիվ, դասեր քաղելու ենք. և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ մտավորականությունն ու հանրությունը։ Նկատում եմ վերջերս, որ ընդդիմության կոշտ արմատականությունը քիչ մեղմացել է։
-Գրողների միության ղեկավարը շուրջ երկու տասնամյակ հետևում է հեղափոխությունների, հեղաշրջումների` ավելի կամ պակաս հաջողված փորձերին։ Հա՞շտ եք «ապրում» Դուք և հեղափոխությունը։
-Ես ատում եմ յուրաքանչյուր հեղափոխություն, ատում եմ իմ մաշկով և էությամբ։ Եվ այս ամենի հետևում մի ուշագրավ բան է թաքնված. երբ որևէ բան չեն ստեղծում, փորձում են կասեցնել այլոց ստեղծածը՝ փնովելով, ժխտելով և հայհոյելով։ Սա ամենուր է, նաև՝ մշակույթում։ Ես մի բառ եմ հորինել՝ ժխտագարություն։ Այս ախտով են տառապում շատերը։ Եվ, առհասարակ, ճշմարիտ գրողը հեռու է քաղաքական թոհ ու բոհից... Նաև՝ ժխտագարությունից։ Նրան շնորհված է երևույթները տեսնել տարածության մեջ, և նա իր խոսքն ասում է արձակի ու պոեզիայի միջոցով։ Ասում է հրապարակագրությամբ։
-Հասարակությունը շարունակ օտարվում է իր իսկ երկրից։ Ե՞րբ սկսվեց այս օտարումը։
-Հենց որ կորցրինք հասարակ մարդուն։ Տեսեք, սովետի օրոք հասարակ մարդը, շարքային քաղաքացին, այնուամենայնիվ, ուշադրության կենտրոնում էր։ Նրա մասին երգեր էին հորինում և... ապահովում անհրաժեշտ կենսապայմաններ։ Նա հիանալի գիտակցում էր, որ այդ ամենը մասամբ է ճշմարիտ և անկեղծ, սակայն գոնե անտեսված-արհամարհված չէր։ Այսօր մենք կորցրել ենք շարքային քաղաքացու կարևորության գիտակցումը, անտեսել ենք նրան, նա էլ հանրահավաքներում և հանրային երթերում է փորձում իրեն մարդ ու քաղաքացի զգալ։
-Անտեսված, արհամարհված, կամայականությունների սարդոստայնում կապանքված հասարակ մարդը մարտի 1-ին էլ իր ինքնադրսևորման խաղաղ ընթացքի մեջ էր... Ինչո՞ւ պետական մեքենայի ողջ ներուժի տեր ու տնօրեն Քոչարյանն այլ ելք չգտավ, և ինչո՞ւ այլ տարբերակ չընտրեց ընդդիմության առաջնորդը։
-Նախ` ասեմ, որ չի կարելի սև ակնոց հագնել և պնդել, թե որևէ առաջընթաց չի եղել ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ Քոչարյանի օրոք։ Նրանց կառավարման տարիները դժվարին էին և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Այստեղ այլ որոշման մասին նախ խոսենք։ Ասելիքս վերաբերում է Քոչարյանի վերաբերմունքին՝ հանդեպ մշակույթի։ Հենց այդ վերաբերմունքը նրա հեղինակությանը հարվածող բաղադրիչներից էր։ Նույնը վերաբերում է Տեր-Պետրոսյանին։ Եվ ահա ժողովրդի մի մեծ զանգված ոտքի ելավ։ Նրանց մի մասը հետևում էր Տեր-Պետրոսյանին, առավել մեծ զանգվածը երթի էր ելել ի հեճուկս Քոչարյանի։ Այսպիսով, որտե՞ղ է սահմանագիծը։ Հնարավոր է, որ Քոչարյանը կառավարելի դարձներ իրավիճակը, բայց նա այլ ուղի ընտրեց, գուցե՝ այդ պահին արդարացված, իսկ Տեր-Պետրոսյանը, ինչպես ասում են, գնաց «վա բանկ»։ Սակայն ո՞րն էր ընտրության վերին սահմանը... Դու գնում ես ինչ-որ բան բարեփոխելո՞ւ, թե՞ ինչ-որ բան կործանելու։ Սա շատ կարևոր է, քանզի նախընթաց իրադարձությունները տանում էին «կամ-կամ»-ի։ Տեր-Պետրոսյանը հստակ ընթանում էր դեպի իշխանափոխություն, և շատ դժվար էր ընթացքը կասեցնել։ Մինչդեռ այս ընթացքը խաղաղ ու տրամաբանական ավարտ կունենար, ասել է թե՝ երկխոսություն կկայանար գործող իշխանության և ընդդիմության միջև, եթե հրապարակում ի հայտ գար երրորդ ուժը և ղեկավարեր իրավիճակը։ Սակայն ժողովուրդն իր ծոցում չէր ծնել ու աճեցրել նրան։
-Մեր խորագրի նախորդ հյուրն ուշագրավ մի միտք արտահայտեց, այն է՝ «Օրինաց երկրի» անցումն իշխանական դաշտ էապես նպաստեց մարտի 1-ի զարգացումներին։
-Բնավ կարիք չկա ՕԵԿ-ին մեղադրել ու կշտամբել։ Նրանք հետևում են իրենց քաղաքական կուրսին։ Եվ երբ տեսան, որ մղձավանջ է սկսվում, ընտրությունը կատարեցին իշխանական կողմի վրա և ապահովեցին հարաբերական կայունությունը։ Եվ ո՞վ է այն մարգարեն, որ կարող է վկայել, թե Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը ՕԵԿ-ի միացմամբ հնարավոր կլիներ խուսափել մարտի 1-ից և երկրում կայունություն հաստատել։ Հասարակությունը թող հետ նայի և պատճառները փնտրի իր մեջ, երբ երկու-երեք հազարով ձայն վաճառելով` օլիգարխ էին ընտրում։ Կոտորվեցինք այս մասին ահազանգելով։
-ՈՒրե՞մն։
-Հասարակությունը պիտի ցնցում ապրի և սթափվի։ Մարտի 1-ը հզոր ցնցում էր բոլորիս համար։ Ամիսներ առաջ Հանրային խորհուրդ ձևավորեցին, և ի՜նչ աղմուկ բարձրացրեց ընդդիմությունը, թե իշխանությունները փորձում են գնել ու ձեռնասուն դարձնել հասարակական կարծիքը։
«ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿ ՊՆԴԵՆՔ, ԹԵ ՄԱԾՈՒՆԸ ՍԵՎ Է, ՄԱԾՈՒՆԸ ԴՐԱՆԻՑ ՉԻ ՍԵՎԱՆԱ»
-Ո՞րն է Ձեր կարծիքը Հայ ազգային կոնգրեսի մասին։
-Արա Աբրահամյանն արդեն իսկ ձևավորել է Հայերի համաշխարհային կոնգրեսը և գործնական քայլեր է ձեռնարկում, տեսանելի գործեր։ Սակայն երբ Հանրային խորհուրդն է ինչ-որ քայլեր կատարում, ընդդիմությունը հարայ է գցում, թե նշյալ խորհուրդը հասարակական կարծիքի ճնշման գործիք է, իսկ Հայ ազգային կոնգրեսը` ազատախոհության և ժողովրդավարության խոսափող։
-Հայ ազգային կոնգրեսն ու Հանրային խորհուրդը չե՞ն կարող զուգահեռ գործել միևնույն հասարակական-քաղաքական միջավայրում։
-Կարծում եմ՝ նրանցից և ոչ մեկը չի գործելու։ Այսօր իշխանությունը կաշվից դուրս է գալիս ապացուցելու, թե կատարում է իր խոստումները, սակայն ժխտագրությունը մերժում, ժխտում է ամեն բան։ Շատ եմ ասել՝ եթե շարունակ պնդենք, թե մածունը սև է, մածունը դրանից չի սևանալու։ Մենք փորձում ենք օրենքի երկիր դառնալ, բայց ավգյան ախոռները մեկ օրում չես մաքրի։
-Ավգյան ախոռների դարպասների բանալին օլիգարխների ձեռքում է։ Նրանց շարունակ փորձում են օրինական դաշտ բերել, բայց չէ՞ որ կլանաօլիգարխիկ համակարգի էությունը հենց օրենսդրությունը ոտնահարելն է, սեփական օրենքներով առաջնորդվելը։
-Ֆրանսիական ուտոպիստ-սոցիալիստների ժամանակներն անցել են անդարձ։ Կոմունիստներն էլ փորձեցին հասարակություն կառուցել առանց օլիգարխիայի, հավասարության սկզբունքով... Ձախողվեց։ Օլիգարխը կամ կապիտալիստը չի կարող չգործել ցանկացած երկրում, պարզապես նրա գործունեությունը պետք է վերահսկել, նրան պետք է սանձահարել։ Այսօր անհրաժեշտ է ստեղծել քաղաքակիրթ մեծահարուստի դաշտ։
-Բարի, բայց չանտեսենք հասարակական կարծիքը։ Շատերն են համոզված, որ մինչև վերին ջրերում լող տվող մեկ-երկու խոշոր շնաձկներ չհայտնվեն այնտեղ, ուր հարկն է, դժվար է հավատ ընծայել բարեփոխում կոչվածին։
-Սա 37-ի ախտանիշն է՝ անպատճառ արյուն պիտի հոսի։ Բայց մարտի 1-ին արդեն բավականին արյուն հոսեց։ Անցյալ տարի 37 թվի 70-ամյակն էր, սակայն այն կարծես մեր մեջ է արմատավորվել և ժառանգաբար հետևում է մեզ։ Բայց 37-ի զոհերն էին և՛ զոհերը, և՛ նրանց դահիճները։ Պետք է դադարենք ականջ կախել այն կոչերին, որոնք մեզ տանում են «...մինչև հիմքերը և հետո...»։
-Այսինքն` բարեփոխումներին հավատո՞ւմ եք։
-Կարծում եմ, որ այն թափ է առնում։ Հայեցակարգ եմ տեսնում, որը պիտի իր արդյունքները տա։ Սակայն տարեվերջին կհրապարակվեն վիճակագրական տվյալները, մամուլի ասուլիսներ կհրավիրվեն, և կտեսնենք, թե անցած տարվա համեմատ որքան է հարկ վճարել այս կամ այն օլիգարխը։ Թե չէ հիմա փորձում են անգամ դրականը հարամել։ Թողնենք, թող զուլալվի ընթացքը։
«ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆՔ ՄԵՐՁԱՎՈՐԻ ԱՐՅՈՒՆԸ ԽՄԵԼՈՒ ՏԵՆՉՈՎ»
-Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք է։ Իսկ Դուք ստորագրե՞լ եք այդ թղթի տակ՝ Քոչարյանին Հաագա «գործուղելու»։
-Դա ժխտագարության ամենացայտուն դրսևորումն է։ Մենք, նշանակում է, կորցնում ենք նպատակը, ազգային համերաշխությունը։ Եվ դարձել ենք... գործ տվողներ, տառապում ենք մերձավորի արյունը խմելու տենչով։ Համաշխարհային հանրությունը Միլոշևիչին ճիվաղ ու դահիճ էր համարում, իսկ ժողովուրդը պաշտպանում էր իր առաջնորդին։ Հիմա փորձում ենք ծնկաչոք հասնել Հաագայի դռները, կարծես քիչ ենք ծնկել Եվրոպայի «փրկիչ» դռների առջև։ Մեկը կա, բոլորին լավ հայտնի, ահա քանի տարի չորեքթաթ այս ու այն դռներն է բախում և ստորագրություններ հավաքում Լևոն Անանյանին գրողների միության նախագահի սենյակից հեռացնելու պաթոլոգիկ փափագով։ Ծիծաղելի ու խղճահարույց է։
(Զրույցի այս պահին հրթիռի արագությամբ ՀԳՄ նախագահի առանձնասենյակ ներխուժեց մի մարդ և ամենայն լրջությամբ առաջարկեց Լևոն Անանյանին... թույլ տալ վերադարձնելու Վանո Սիրադեղյանին՝ իր արսենալում առկա արբանյակների միջոցով։ Գուցե սա և՞ս հասարակական համախտանիշ է - Վ. Ա.)։
-Հնարավո՞ր է, որ մի օր էլ Քոչարյանի կողմնակիցները ստորագրահավաք կազմակերպեն ընդդեմ Տեր-Պետրոսյանի, ասենք, Ազնավուրի անվան հրապարակում։
-Հնարավոր է, որովհետև մեզ Հանրային խորհուրդ և Հայ ազգային կոնգրես պետք չեն, մեզ անհրաժեշտ է համազգային թերապիայի կոնգրես, որպեսզի մեր ժողովրդին վերադարձնենք իր ստեղծագործ, հալալ քրտինքով հացը վաստակողի հունը։ Պետք է մտածենք՝ ինչ երկիր ենք կտակում մեր հետնորդներին։
-Մի կամուրջ պայթեցվեց, և ողջ Հայաստանը «գլուխը կորցրեց»։
-Սա նշանակում է, որ մենք առայժմ շատ ենք խոցելի։ Այդ պահին ո՞վ էր մտածում հանրահավաքների կամ հանրային երթերի մասին։
-Վրացի գործընկերների հետ կապ պահպանո՞ւմ եք։
-Ամեն օր։ Նրանց գրողներն ու մյուս ստեղծագործողները Սաակաշվիլու կամքով զրկվեցին օրինական ունեցվածքից և այսօր արմատական ընդդիմություն են։ Դատական գործընթացների մեջ են։ Շվարած և շփոթված են, նման շրջադարձի չէին սպասում։ Սակայն երբ հայրենիքի պաշտպանությանն է խոսքը վերաբերում, նրանք, իհարկե, ժողովրդի հետ են։
-Մեր վերջնահարցը։ Ինչո՞վ եք զբաղված այսօր։
-Ընթանում է գրողների միության շենքի նորոգման երկրորդ փուլը՝ պետական բյուջեի հաշվին։ Հայաստանում ռուսական գրչության օրերն են սեպտեմբերին, այնուհետև Սարոյանի 100-ամյակին նվիրված հանդիսություններն են, Թարգմանչաց տոնը... Անձամբ զբաղված եմ ժամանակակից ռուս նշանավոր արձակագիր, հրապարակախոս, «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի «ՈՒլիկը կաթի մեջ» վեպի թարգմանությամբ, որը պիտի հրապարակ հանեմ Հայաստանում ռուս գրականության օրերին։
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5041

Մեկնաբանություններ