ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Չի կարելի բուժել մարմինը` հաշվի չառնելով հոգին և ոգին

Չի կարելի բուժել մարմինը` հաշվի չառնելով հոգին և ոգին
02.10.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
«...բժիշկ, բժշկեա զանձն քո...»
Աւետարան ըստ Ղուկասի Գլ. Դ, 33

Սիրելի բարեկամ
Ձեր հարցական նամակն ինձ համար իսկական ուրախություն էր։ Եվ ես իմ պարտքն եմ համարում պատասխանել Ձեզ։ Բայց, անկեղծ ասած, դա այնքան էլ հեշտ չէր։ Ես արդեն ծեր եմ ու, ինչպես միշտ, ժամանակ շատ քիչ ունեմ։ Այստեղից էլ և այս ուշացումը` հուսով եմ, որ Դուք կներեք ինձ։ Հաճախ զգում եմ, որ իսկապես կկարողանայի ինչ-որ բան ասել բժշկական պրակտիկայի էության մասին։ Բայց շատախոսելուց փրկություն չկա։ Իսկ հայրս միշտ ասում էր ինձ. «Ըմբռնեցիր, հասկացար, ուրեմն խոսիր կարճ, իսկ եթե չես կարող կարճ, մի քիչ էլ լռիր»։
Սակայն անցնենք գործին։ Այն, ինչը Դուք սիրալիրորեն նշում եք որպես «իմ անձնական բժշկական հատկություն», ըստ իս, մտնում է հենց գործնական բժշկության էության մեջ։ Համենայն դեպս, այդ բուժման եղանակը համապատասխանում է հաստատուն և գիտակցական ռուսական բժշկական ավանդույթին։
Այդ ավանդույթի համաձայն` բժշկի գործունեությունը ծառայություն մատուցելն է, ոչ թե եկամուտ ստանալը։ Բժշկական երդումը, որը տալիս էին բոլոր ռուս բժիշկները, արտասանվում էր լիակատար ու երկյուղած լրջությամբ (մինչև անգամ անհավատի կողմից), բժիշկը պարտավորվում էր անձնուրաց ծառայել, նա խոստանում էր լինել մարդասեր և պատրաստակամ գործնական օգնություն ցույց տալու ամեն դիրքի տեր մարդկանց, նա պարտավորվում էր մշտապես արձագանքել կոչին, խղճով օգնել յուրաքանչյուր տառապյալի, իսկ օրենքների ժողովածուի 13-րդ հատորը (հոդվ. 89, 132, 149 և այլն) մտցնում էր նրա հոնորարը համեստ չափի մեջ և դնում հսկողության տակ։
Բայց այդ ամենով չի ասված ամենակարևորը` գլխավորը, այն, ինչ աներկբա է։ Այսինքն` սերը։ Բժշկի ծառայությունը սիրո և կարեկցանքի ծառայություն է. նա կոչված է սիրով վերաբերվել հիվանդին։ Եթե դա չկա, ապա չկա գլխավոր շարժիչը, չկա «հոգի» ու «սիրտ»։ Այդ ժամանակ ամեն ինչ այլասերվում է, ու բժշկական պրակտիկան դիտում է հիվանդին միմիայն «հիվանդություն (morbus)» և «դեղ (medicamentum) վերացական հասկացությունների տեսակետից։
Բայց իրականում պացիենտը (բուժվող հիվանդը) բոլորովին վերացական հասկացություն չէ, որը կազմված է վերացական ախտանիշներից` նա կենդանի էակ է, հոգևոր-ոգևոր և տառապող, նա կատարելապես անհատական է իր մարմնավոր-հոգեկան կառուցվածքով ու բոլորովին յուրահատուկ իր հիվանդությամբ։ Հենց այդպիսին էլ պետք է տեսնի նրան բժիշկը, ըմբռնի և բուժի։ Հենց դրան է ուղղված մեր բժշկական խիղճը։ ՈՒ մենք ևս պետք է սիրենք նրան` որպես տառապող և օգնություն հայցող եղբոր։ Սիրելի բարեկամ, սա չափազանցում չէ ու ոչ էլ պարադոքս (տարիմաստություն), երբ ես պնդում եմ, որ մենք պետք է սիրենք մեր պացիենտներին։ Ես միշտ զգում եմ, որ եթե պացիենտը հաճելի չէ ինձ համար, ապա ինձ չի հաջողվում, զգալով դա, խոր թափանցել նրա մեջ, ու ես չեմ կարողանում բուժել նրան ինչպես հարկն է։ Այդ զզվանքը ես պետք է անպատճառ հաղթահարեմ։ Ես պետք է զգամ իմ պացիենտին, մեծ ջանքերի գնով հասնել դրան և ընդունել նրան իմ մեջ։ Ինձ հարկավոր է, այսպես ասած, բռնել նրա ձեռքը, մտնել նրա հետ իր «կենսական տունն» ու առաջացնել նրա մեջ արարչագործ ուժերի բուժիչ վերելքը։ Եթե դա ինձ հաջողվեց, ուրեմն ես արդեն սիրեցի նրան։ Իսկ որտեղ դա ինձ չէր հաջողվում, այնտեղ ամբողջ բուժումն ընթանում էր սխալ և թերի։
Բուժումը, բժշկումը բժշկի և պացիենտի ընդհանուր գործն է։ Յուրաքանչյուր անհատի դեպքում պետք է կազմվի ինչ-որ մի բժշկա-բուժիչ «մենք»` նա և ես, ես և նա, մենք միասին և միահամուռ պիտի զբաղվենք նրա բուժումով։ Իսկ դրան կարելի է հասնել միմիայն փոխադարձ համակրանքի դեպքում։ Մեր օրերի հոգեբույժները և նևրոպաթոլոգներն աներկբայորեն ընդունել են դա։ Ընդ որում, պացիենտը` տառապող, ուժերը կորցնող, իր հիվանդությունը չհասկացող, կանչում է ինձ օգնության, առաջինը, որ նրան պետք է ինձնից, դա կարեկցանքն է, համակրանքն ու խոր զգացումը, որն էլ հենց կենդանի սերն է։ Իսկ ինձ անհրաժեշտ է իր անկեղծ պատմությունը և՛ հիվանդության նկարագրության, և՛ հիվանդության զարգացման մասին, ես փնտրում եմ նրա վստահությունը, ինձ հարկավոր է նրա շիտակությունը, որ ես զգամ նրա հիվանդությունն ու հոգին։ Հենց դրանում է նրա սերն իմ նկատմամբ, որին ես պետք է արժանանամ և որը պիտի ձեռք բերեմ։ Բժիշկը, որը չի սիրում իր պացիենտին, ի՞նչ է` սառը դոկտրինյոր (կուրադավան մարդ), հետաքրքրասեր, հարցուփորձ անող, ախտանիշների լրտես, դեղատոմսային ավտոմատ։ Սա` առաջին։ Իսկ հետո ինձ պետք է, նախ որոշել, որ պացիենտը, իսկապես, հիվանդ է և իրոք ուզում է առողջանալ, քանզի լինում են երևակայական հիվանդներ, որոնք հաճույք են զգում իրենց «հիվանդություններից», նրանց հարկավոր է բուժել բոլորովին այլ կերպ։ Հարկավոր է սահմանել, որպես անվիճելի բան, որ նա տառապում է և ուզում է ազատվել իր տառապանքից։ Նա պետք է պատրաստ և ընդունակ լինի ինքնաբուժվելու։ ՈՒրեմն, ես ստիպված կլինեմ դիմել իր ներքին, անտեսանելի «ինքնաբժշկին», արթնացնել նրան, մտնել նրա հետ արարչագործ շփման մեջ, ամրացնել այդ կապը և օգնել նրան դառնալու եռանդուն։ Որովհետև վերջին հաշվով յուրաքանչյուր բուժում մարդու ինքնաբուժումն է, ու ամեն մի առողջություն ինքնուրույն հավասարակշռություն է, որն օժանդակվում է բնազդով և ամբողջ օրգանիզմի միջոցով։
Այո՛, մեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական «ինքնաբժիշկը», որը զգում է բոլոր վտանգներն ու ցավերը և լուռ, անխոս, գաղտնի միջոցներ է կիրառում` կամ ուղարկում է զբոսանքի, կամ փակում արնածոր վերքը, կամ նվազեցնում է ախորժակը, երբ դիետա է հարկավոր, կամ բերում է անսպասելի քուն, կամ ընդհատում է միգրենը (գլխակեսի ցավ) գերլարված աշխատանքի ժամանակ։ Բայց մարդիկ կան, որոնց մոտ այդ «ինքնաբժիշկը» գտնվում է արհամարհված վիճակում` նրանք ապրում են ոչ թե բնազդով, այլ բանականությամբ, ինքնահաճությամբ կամ էլ այլանդակ կրքերով ու չեն լսում նրան ու դադարում են նրա անաղմուկ, իմաստուն ցուցումներն ըմբռնելուց, իսկ նա շարունակում է ապրել իրենց մեջ ինչ-որ տարօրինակ կենսաբանական անզորության մեջ, վտարված, հալածահար, արհամարհված։ Առանց օրգանիզմի այդ ինքնաբուժիչ զորության հետ ստեղծագործ շփման մնում է միայն նշանակել մարդուն օգտակար թույներ և վերացնել ինչ-որ թեթև ախտանիշներ, բայց չգտնել ուղիներ դեպի իսկական առողջացում։ Իսկական առողջությունն ինքնապահպանման բնազդի ստեղծագործ ֆունկցիա է, իր մեջ միանգամից հանդես են գալիս և՛ կամքը, և՛ արվեստը, և՛ անհատական «ինքնաբժշկի» շարունակվող գործողությունը։ Իսկ շփումն այդ բժշկի հետ ձեռք է բերվում հատկապես ներզգալու միջոցով, ճիշտ խորհուրդների, հիվանդին լավատեսական քաջալերումով և փաղաքշանքով։ Այստեղից արդեն պարզ է, որ յուրաքանչյուր բուժում միանգամայն անհատական գործընթաց է։ Աշխարհում չկան միանման մարդիկ` հավասարության գաղափարը դատարկ և վնասաբեր գյուտ է։ Ոչ մի բժիշկ երբեք գործ չի ունեցել երկու միատեսակ պացիենտների կամ, առավել ևս, երկու նման հիվանդությունների հետ։ Յուրաքանչյուր պացիենտ իր տեսակի մեջ միակն է ու անկրկնելի։ Դա միայն դասագրքերում է ասվում «հիվանդությունների» և «ախտանիշների» մասին ընդհանրապես, իրական կյանքում կան միայն «մասնավորապես հիվանդներ», այսինքն` անհատական օրգանիզմներ (որոնք կորցրել են իրենց հավասարակշռությունը) և տառապող մարդիկ։ Այդ պատճառով մենք, բժիշկներս, կոչված ենք տեսնելու յուրաքանչյուր պացիենտին իր անհատականության և իր ամբողջ յուրահատկության մեջ և մշտապես զննել նրան` որպես մի եզակիություն։ Դա նշանակում է, որ ես պետք է ստեղծեմ իմ մեջ յուրաքանչյուր պացիենտի համար հատուկ «պրեպարատ» (պատրաստուկ), նրա օրգանիզմին հատուկ յուրատեսակ «պատկեր», տանջվող եղբոր «իմագոն» (լատիներեն` կերպար, նկարագիր)։ Ես պետք է զննեմ և բացատրեմ նրա վիճակները, տառապանքներն ու ախտանիշներն այդ «պատկերի» միջոցով, պետք է իմ դատողություններում ելնեմ նրանից և միշտ պատրաստ լինեմ մտցնել նրա մեջ անհրաժեշտ ուղղումներ, լրացումներ և ճշտումներ։ Ինձ թվում է, որ այդ պրոցեսն ունի ինչ-որ գեղարվեստական մի բան, որ նրա մեջ կա գեղագիտական արարում, ինձ թվում է, որ լավ բժիշկը պետք է որոշ չափով լինի իր պացիենտի արվեստագործ վարպետը։ Յուրաքանչյուր հիվանդ նման է «կենդանի կղզու»։ Այդ կղզին ասես ունի իր պատմությունը և իր «նախապատմությունը»։ Այդ պատմությունը չի համընկնում պացիենտի վերհուշի հետ, այսինքն այն բանի, ինչը նրան հաջողվում է հիշել իր մասին և պատմել իր անցյալից, յուրաքանչյուր վերհուշ ունի իր բնական սահմանները, նա կտրվում է, դառնում է ոչ ճիշտ և հարցական նույնիսկ այն ժամանակ, երբ պացիենտը լիովին անկեղծ է (ինչը լինում է հազվադեպ) և ունի լավ հիշողություն։ Այդ պատճառով վերհուշից ստացված տվյալները պիտի հաստատվեն և լրացվեն բժշկի տեղեկություններից, գիտելիքներից, հետազոտումներից և հայեցությունից։ Բժիշկը պետք է անձամբ կատարի դա, զգուշորեն հարցուփորձելով ու ներքին հայեցությամբ, բայց անպայման խորին և զգուշավոր լռության մեջ («ինքն իր մեջ»)։ Այսպես կոչված, «հիվանդության պատմությունը» (historia morbi) իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ պացիենտի ամբողջ կյանքի պատմությունը։ Ես պետք է տեսնեմ հիվանդին իր անցյալից, եթե դա ինձ հաջողվի, ապա ունեմ հաջողության հավանականություն` գտնելու իր այժմյան հիվանդության բանալին և փնտրելու նրա հետագա առողջությունը տանող դուռը։ Մարդկային օրգանիզմը, որպես կենդանի անհատականություն, ինքնապաշտպանողական, ինքնասնուցման, ինքնանորոգման մի խորհրդավոր համակարգ է։ Այդ պատճառով մենք չպետք է սահմանափակվենք միայն ախտանիշներով ու կողմնորոշվենք դրանցով։ Ախտանիշները, արտաքինից միատեսակ, կարող են ունենալ տարբեր ծագում և բոլորովին տարբեր նշանակություն օրգանիզմի ամբողջական կյանքում։
Որքան հաճախ եմ մտածել այն մասին, որ լեզվաբանները, որոնք քննում են բառն իր վերացական ձևի մեջ, իմաստից կտրված, սպանում և կորցնում են իրենց առարկան։ Եվ դրա նման մի բան էլ լինում է մեզ` բժիշկներիս մոտ։ Ամբողջն ապրում է այդ անհատականի համատեքստում, Աստծո ստեղծած օրգանական-գեղարվեստական կենդանի համատեքստում, իր անհատական ժառանգական բեռով, իր սուբյեկտիվ անցյալով, այժմյան և օրգանական շրջապատով։ Համեմատական անատոմիան սովորեցնում է կառուցել սինթետիկ հայեցությամբ մի ոսկրից ամբողջ օրգանիզմը։ Բժշկական ախտորոշումը (հունարեն` diagnosis) պահանջում է մեզնից, որպեսզի մենք մի ճիշտ դիտված ախտանիշով, շոշափելով և կռահելով, ուսումնասիրելով և զննելով, հետզհետե կառուցենք մեր պացիենտի շնչառության, սնուցման, արյան շրջանառության, ռեֆլեքսների, ներքին սեկրեցիայի (արտազատման) անհատական համակարգը։ Այդ ամենն անհնարին է առանց ներզգալու, իսկ ներզգալն անհնար է առանց սիրո։ Մարդը, ընդհանրապես, դառնում է «այն», ինչը նա անում է կամ չի անում ամեն օր։ Թող նա միայն փորձի դադարեցնել իր համար անհրաժեշտ շարժումը կամ բուժիչ քունը, և առաջ կգա հիվանդությունը։ ՈՒստի, առողջապահական «օրվա ծրագիրը», որը կարող է աստիճանաբար վերականգնել օրգանիզմի կորցրած հավասարակշռությունը, խոստանում է մեզ բուժում և առողջություն։ Իսկական բուժումը ոչ թե պարզապես դեղերով հեռացնում է տհաճ և հիվանդագին ախտանիշները, ո՛չ, նա դրդում է օրգանիզմին, որպեսզի վերջինս ինքը հաղթահարի այդ ախտանիշները և այլևս չվերարտադրի դրանք։ ՈՒ ճիշտ այդպես նրա գործը ոչ միայն այն է, որ հեռացնի մահացու վտանգը, այլև այն, որ մշակի կյանքի անհատական ճիշտ ձևը և սովորեցնի պացիենտին վայելել այն։ Առողջությունը հավասարակշռություն է և վայելք։ Բուժումը ճանապարհ է, որը տանում է տառապանքից դեպի ուրախություն։ Չկան ամենաբուժիչ միջոցներ, համադարմանը (պանացեա) վնասակար պատրանք է։ Եթե բժիշկը հորինում է նոր միջոց կամ նոր կենսակարգ և սկսում է կիրառել այն բոլոր պացիենտների հետ, համառորեն պնդելով, ներշնչելով և փորձարկելով, հաղթական կեցվածք ընդունելով, ապա նա վարվում է անմտորեն և վնասակար։ Ես կոչում եմ այդպիսի բուժումը «պրոկրուստյան բժշկություն», հիշելով առասպելի ավազակին, որը պառկեցնում էր բոլոր մարդկանց միևնույն մահճակալի վրա և կտրում, կարճացնում էր բարձրահասակի «ավելցուկները», իսկ կարճահասակին ձգում էր «պահանջված» չափով։ Այդպիսի բժիշկներ միշտ էլ հանդիպել են, և հանդիպում են նաև այժմ։ Այսպիսի բժիշկը «սիրում է» այն պացիենտներին, որոնց իր նոր միջոցն «օգնում է», քանզի նրանք գոհացնում են նրա սնափառությունը և եկամտասիրությունը, իսկ նրանց նկատմամբ, որոնց իր կարծեցյալ համադարմանը չի օգնում, նա վերաբերվում է սառը, կոպիտ կամ մինչև իսկ թշնամաբար։
Հաստատելով այս ամենը, ես բնավ չեմ հրաժարվում մեր բոլոր լաբորատորիաներից, անալիզներից, ռենտգենագրությունից, մեր չափումներից և հաշվարկումներից։ Մեր պրակտիկայի այդ օժանդակ միջոցները մեր ախտորոշումների միմիայն գիտական այբուբենն են և ամենևին ոչ ախտորոշումը։ Բայց դա դեռ ամենը չէ։ Վա՜յ նրան, ով աչքաթող կանի բուժման ընթացքում իր պացիենտի հոգևոր խնդիրների ամբողջությունը։ Բժիշկն ու պացիենտը հոգևոր էակներ են, որոնք միասնաբար պետք է ուղղություն տան հոգևոր տառապյալ մարդու ճակատագրին։ Միայն այդպիսի ընկալումով նրանք կգտնեն ճիշտ ուղին։ Մարդը ոչ սունկ է, ոչ էլ գորտ` նրա մարմնավոր օրգանիզմի «մարմնական ես»-ի էներգիան տրված է նրան այն բանի համար, որ նա ծախսի և վառի նրա նյութական պաշարները հոգևոր աշխատանքի մեջ։ Եվ ահա կան մարդիկ, ովքեր այրում են իրենց էներգիան չափազանց շատ հոգևոր աշխատանքում ու տառապում են դրանից։ Կան մարդիկ էլ, ովքեր փորձում են ծախսել իրենց մարմնական ուժերի ամբողջ պաշարը մարմնի միջոցով, արհամարհելով հոգին, և դրա պատճառով էլ հենց խորտակվում են։
Բժիշկը պետք է այդ ամենը բացահայտի, կշռադատի և գտնի անհատական կարգով ճիշտ որոշում, ընդ որում այնպես, որ պացիենտը չնկատի դա։ Չի կարելի բուժել մարմինը` հաշվի չառնելով հոգին և ոգին, բայց ոգին հաճախ չի էլ ցանկանում իմանալ, որ իրեն «բուժում են»։ Այդ պատճառով յուրաքանչյուր բժիշկ պետք է հասկանա հոգևոր հիվանդությունների նրբություններն ու օգտագործի դրանք զգուշորեն և լռելյայն։
Միմիայն այս ուղու վրա մենք կարող ենք իրականացնել սինթետիկ, ստեղծագործ, կենդանի ախտորոշական հայեցությունը և բժշկումը։ Միմիայն այսպես մենք հասու կլինենք մեր պացիենտի տառապանքներին իրենց օրգանական ամբողջականության մեջ և կկարողանանք ճիշտ թեթևացնել նրա թաքնված տանջանքները։
Սիրելի բարեկամ։
Կուզեի հանձնել Ձեզ այս կցկտուր դիտողությունները` որպես յուրատեսակ «խոստովանություն»։ Հավանաբար, ես կավարտեմ իմ երկրային ուղին Ձեզնից շուտ, ուստի խնդրում եմ Ձեզ` բարի եղե՛ք պահպանելու այս նամակը և հրապարակեք այն միայն իմ մահից հետո այնտեղ և այն պահին, երբ նպատակահարմար կհամարեք։ Ընդ որում, մի՛ հայտարարեք անունս, քանզի գործն անվան մեջ չէ, այլ ռուս բժշկի մշակութային ավանդույթի մեջ։ Համ էլ ժամանակներն այնպիսին են, որ ամեն մի անզգույշ արտասանած անուն կարող է կորստյան մատնել ցանկացածին։ Եվ ինձ մնաց միայն կատարել իմ վաղեմի բարեկամի խնդրանքը, ինչը և հիմա անում եմ։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ