«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«ԵՍ ԴԺԳՈՀ ՉԵՄ ԻՄ ԲԱԺԻՆ ԲԱԽՏԻՑ»

«ԵՍ ԴԺԳՈՀ ՉԵՄ ԻՄ ԲԱԺԻՆ ԲԱԽՏԻՑ»
22.11.2011 | 00:00

Նկարիչների միությունում բացվել է (նոյեմբերի 15-25) անվանի գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը, որին աջակցել է գեղանկարչի եղբայրը` արվեստաբան Վարդան Վարդանյանը:
«Երբ մարդը փորձությունների միջով Է անցնում, մաքրվում է, ես էլ փորձությունների միջով անցա, և դրանից հետո սկսեցի ավելի վառ նկարել»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է գեղանկարիչը: Նրա վերջին անհատական ցուցահանդեսը («Խաչելություն») եղել է 2001-ին:
Ծննդյան 60-ամյակի առիթով անհատական ցուցահանդես էր նախատեսել անցյալ տարի, սակայն չհասցրեց:
Ինչպես բացման խոսքում նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` ևս մեկ անգամ կհաղորդակցվենք մի մարդու հետ, որին, իհարկե, կուզեինք տեսնել Երևան քաղաքում քայլելիս: «Մի անհատականություն, որի բնավորությունն իր արվեստի մեջ էր. անհանգստությունը, անվերջ ըմբոստ ներքին բռնկումները պարզ, մարդկային գույներով փոխանցում էր իր կտավների վրա: Նման անհատականության բացակայությունն այսօր շատ զգալի է ու շոշափելի»:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նկատեց, որ երջանիկ է այն մարդը, ում ստեղծագործությունը մնում է հավերժ: «Ժամանակի հետ կգան արվեստագետներ, արվեստաբաններ, որոնք ավելի խոր կվերլուծեն այն մեծ ավանդը, որ թողել է հայ կերպարվեստում Վարուժան Վարդանյանը,- ասաց նա:- Ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչի խորհրդային տարիների, անկախության առաջին տարիների գործերը, ամենավերջին շրջանի գործերը բացակայում են, բայց կարող ենք տեսնել ամբողջական պատկերը գեղեցիկ ու հարուստ կերպարի»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը գեղանկարչի վրձնակիցն ու ընկերն է: Նա հիշեց, թե ինչ էր ասել Վարուժան Վարդանյանը 1999-ին` Ազգային պատկերասրահում իր ցուցահանդեսի բացմանը. «Այստեղ հավաքվածների մեջ ամենաուրախը ես եմ` իմ ընկերոջ ցուցահանդեսի բացմանը»: «Նա սիրում էր կյանքը, նկարչությունը, պոեզիան, Հայաստանը,- ասաց Արամ Իսաբեկյանը:- Գիտակ էր բոլոր բնագավառներում, իսկապես զարդարում էր մեր քաղաքը, իսկապես նրա պակասը մենք զգում ենք, նրա չլինելը շատ բաներ է փոխել մեր կյանքում: Կարող էր լինել դատավոր, լավ իմաստով, որովհետև շատ հարցերի լուծում էր գտնում: Նա ուներ տղամարդու կեցվածք և սիրում էր, երբ մարդիկ նկատում էին իր ուժը, սիրում էր լավ հագնվել: ՈՒզում էր հայտնի լինել և հայտնի էր: ՈՒզում էր փառք ունենալ և արժանի էր»:
Ինքը` գեղանկարիչն ասել է. «Ինձ համար նշանակություն ունի իմ կոլեգաների, գործընկերների կարծիքը, ու ես այն քիչ նկարիչներից եմ, որոնց մասին ասում են, որ մեծ նկարիչ է... Ես փառք ունեցող նկարիչ եմ, այսինքն, ես դժգոհ չեմ իմ բաժին բախտից, ավելի պակաս փառք չեմ ունեցել, քան որևէ հայ նկարիչ` չհաշված Մարտիրոս Սարյանին, որովհետև նա աշխարհի 1/6-րդ մասի` ՍՍՀՄ-ի նկարիչն էր, բայց ես էլ... ինձ Մոսկվայում գիտեն, Լոս Անջելեսում, Ամերիկայի հայության մեջ... Էնպես որ, ես կորած նկարիչ չեմ»:
Վարուժան Վարդանյանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ են գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում` Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլն: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների: Հեղինակ է տասնյակ հոդվածների և երկու գրքի. «Մինասի վերադարձը» (նոթագրություններ, 1992 թ.) և «Կեղտոտ սենյակ» (բանաստեղծությունների ժողովածու, 1994 թ.):
«Իմ հեղաշրջումները լուռ են և մնում են կտավների մեջ»,- մի առիթով ասել է նա:
«Տիրամայրը մանկան հետ», «Ասպետական», «Բնորդուհի», «Հիվանդ նկարիչ», «Ագռավը», «Նստած աղջիկը», «Ձեռքը», «Ինչ-որ մեկը», «Դեպրեսիա», «Պոետի մահը»… Հզոր ու տարբերվող մի աշխարհ, ուր խորագիր չկա, բայց ամեն բան պարզ է։ Տեսնում է նա, ով կարող է տեսնել։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ