Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ալեքսանդր Մյասնիկյան․ նրա կյանքի պատմությունը» գրքից

«Ալեքսանդր Մյասնիկյան․ նրա կյանքի պատմությունը»  գրքից
03.04.2024 | 22:15

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Զանգեզուրը Սովետական Հայաստանին միացնելուց հետո կառավարությունը հնարավորություն ստացավ ամբողջովին զբաղվել երկրի ժողովրդական տնտեսության վերականգնման, պետական և մշակութային շինարարության հարցերով:

Օրակարգի հարց դարձավ նշանակովի հեղկոմների փոխարեն տեղական կառավարման նոր մարմինների` ընտրովի սովետների կազմավորումը: 1921 թ. նոյեմբերի 19-ին Սովետական Հայաստանի կառավարությունը ստեղծեց սովետների ընտրությունները նախապատրաստելու հանձնաժողով: 1921 թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի բնակավայրերում տեղի ունեցան տեղական սովետների առաջին ընտրությունները:

1922 թ. հունվարի 30-ին իր աշխատանքն սկսեց Հայաստանի սովետների առաջին համագումարը: Համագումարում Սովետական Հայաստանի կառավարության հաշվետվությամբ հանդես եկավ Ա. Մյասնիկյանը: Նա անդրադարձավ դաշնակցական կառավարության քաղաքականությանը և ընդգծեց, որ այդ կառավարությունը հայ ժողովրդի բախտը դարձրել էր Եվրոպայի ու Ամերիկայի իմպերիալիստների քմահաճույքի առարկա: Այնուհետև ամփոփելով մեկ տարվա կատարած աշխատանքը՝ Մյասնիկյանն առաջ քաշեց Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրային խնդիրները:

Հայաստանի սովետների առաջին համագումարն ընդունեց գաղութների հայ աշխատավորությանն ուղղված դիմում, որը հրապարակվեց Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ:

Համագումարը Կենտգործկոմի նախագահ ընտրեց Ս. Համբարձումյանին: Կենտգործկոմը հաստատեց Ժողովրդական կոմիսարների սովետի կազմը Ա. Մյասնիկյանի նախագահությամբ:

Սովետների առաջին համագումարը հաստատեց Սովետական Հայաստանի առաջին սահմանադրությունը, որը մշակվել է Մյասնիկյանի գլխավորությամբ: Դա նաև հայոց պետականության պատմության մեջ առաջին անգամ ընդունված սահմանադրությունն էր:

Սովետական Հայաստանի սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում էր. «Հայաստանի ապստամբ բանվորների և աշխատավոր գյուղացիների կամքով Հայաստանը 1920 թ. նոյեմբերի 29-ին հայտարարված է Սոցիալիստական Սովետական Հանրապետություն:

Ամբողջ իշխանությունը կենտրոնում և տեղերում պատկանում է բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական սովետներին»:

Երկրորդ հոդվածով Հայաստանի սահմաններում բոլոր աշխատողները, առանց ազգի ու դավանանքի խտրության, ստանում էին հավասար իրավունքներ:

Երրորդ հոդվածը հռչակում էր. «Սոցիալական կյանքի միակ հիմք ընդունելով աշխատանքը և բոլոր արժեքների ստեղծագործող նկատելով աշխատավորին՝ աշխատանքը պարտադիր է հայտարարվում Սովետական Հայաստանի քաղաքացիների համար՝ նշանաբան ունենալով` «Ով չի աշխատի, նա չի ուտի»:

Չորրորդ հոդվածում ասվում էր. «Հանդիսանալով միջազգային սոցիալիստական հեղափոխության մի հատվածը և կոչումն ունենալով վերջ տալ կապիտալիստական կարգերին ու վերացնել մարդկային աշխատանքի ամեն տեսակ շահագործում, Սովետական Հայաստանի բանվորների և աշխատավորների իշխանությունը`

Ա. Վերացված է հայտարարում հողի մասնավոր սեփականությունը ՀՍՍՀ սահմաններում, արտագրավում և պետական սեփականություն է ճանաչում ոչ միայն ամբողջ հողը բոլոր ջրերով ու անտառներով, այլև մասնատիրական ու կրոնական հաստատությունների շարժական ու անշարժ գույքը և ձրիաբար մշակելու համար տալիս է աշխատավորներին, նրանց կոլեկտիվներին ու խորհրդային տնտեսություններին:

Բ. Արտագրավում և պետականացվում են երկաթուղիները, բանկերը և ընդհանրապես խոշոր արտադրության բոլոր միջոցները՝ այս ամենի կառավարչությունն ու շահագործումը վերապահելով սովետական մարմիններին կամ արտադրական միավորներին»:

Հինգերորդ հոդվածով բանվորների և աշխատավոր գյուղացիների հեղափոխական դիկտատուրայի իրականացման նպատակով սահմանվեց հետևյալը.

Ա. Իշխանությունն ամբողջովին և բացառապես վերապահվեց բանվորներին ու գյուղացիներին և նրանց ընտրած մարմիններին:

Բ. Շահագործող դասակարգերը զրկվեցին ընդհանրապես քաղաքական իրավունքներից և հատկապես քաղաքական պաշտոն վարելու իրավունքից:

Վեցերորդ հոդվածով աշխատավորների քաղաքացիական դաստիարակության դասակարգային կազմակերպության մտավոր բարոյական ազատության նպատակով .

Ա. Եկեղեցին անջատվեց պետությունից` վերածվելով հավատացյալների մասնավոր համայնքի: Բոլոր քաղաքացիներին իրավունք տրվեց ազատորեն վարել կրոնական և հակակրոնական քարոզչություն:

Դպրոցն անջատվեց եկեղեցուց: Դպրոցը դարձավ սոցիալիստական դաստիարակության մարմին` կիրառելով արտադրական աշխատանքը որպես կրթության միջոց:

Բ. Հանրապետության աշխատավորներին խոսքի ազատություն և մամուլի անկախություն իրապես ապահովելու համար, նրանց տրամադրվում են նյութական, տեխնիկական և այլ տեսակի միջոցներ:

Գ. Հանրապետության աշխատավորներին ժողովների, միտինգների, ցույցերի և այլ համախմբումների ազատությունն իրապես ապահովելու համար նրանց տրամադրվում են ժողովատեղիներ, կահույք, լուսավորություն և վառելիք:

Դ. Հանրապետության աշխատավորներին իրապես միությունների ազատություն ապահովելու համար բանվոր դասակարգին և գյուղացիությանը տրվում են նյութական և այլ միջոցներ:

Ե. Հանրապետության աշխատավորների գիտություն ստանալու գործն իրապես ապահովելու համար բանվոր դասակարգին և գյուղացիությանը տրվում են լիակատար, բազմակողմանի և ձրի կրթության բոլոր հնարավորությունները:

Առանձին հոդվածով սահմանվեց Հայաստանի Կարմիր բանակի ստեղծման կարգը: Սոցիալիստական հայրենիքը զենքով պաշտպանելու իրավունքն ու կոչումը վերապահվեց միայն աշխատավորներին, չաշխատող տարրերի վրա դրվեցին զինվորական այլ պարտականություններ: Զինվորական ծառայությունը բոլորի համար դարձվեց պարտադիր:

Մեկ այլ հոդվածով վերացվեցին Հայաստանի նախկին կառավարությունների կնքած բոլոր միջազգային դաշինքները, վերջ տրվեց գաղտնի դիվանագիտությանը: Վերացվեցին նախկին կառավարությունների բոլոր օրենքներն ու դատարանները:

Բանվորա-գյուղացիական իրավունքի աղբյուր ճանաչվեց սովետական օրենսդրությունը, սոցիալիստական իրավահայեցողությունը և հեղափոխական խիղճը:

Սահմանադրությունը ՀՍՍՀ բարձրագույն իշխանություն համարեց Հայաստանի բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական սովետների համագումարը, որտեղ ընտրված յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում էր 5000 բնակչի:

Համագումարը ընտրում էր 75 անդամից կազմված ՀՍՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտե: Կենտգործկոմը կազմում էր Հայաստանի կառավարություն` Ժողովրդական կոմիսարների սովետ:

Առանձին հոդվածներով սահմանվեցին հանրապետության իշխանության բարձրագույն և տեղական մարմինների իրավասությունները, դրանց անդամների պարտականությունները:

Սահմանադրության 8-րդ գլուխը նվիրված էր ընտրական իրավունքին: Այդ իրավունքից օգտվում էին հանրապետության 18 տարին լրացրած այն քաղաքացիները, որոնք զբաղվում էին հանրօգուտ աշխատանքով, ծառայում էին Կարմիր բանակում, ինչպես նաև աշխատունակությունը կորցրած քաղաքացիները:

Ընտրական իրավունքից զրկվում էին վարձու աշխատանք շահագործողները, անաշխատ եկամուտով ապրողները, մասնավոր առևտրականները և առևտրական միջնորդները, կրոնավորները և կրոնական պաշտամունքի հոգևոր սպասավորները, տապալված կառավարությունների անդամները, քաղաքական հետախուզության և ոստիկանության պատասխանատու պաշտոնյաները, խմբապետներն ու մաուզերիստները, օրենքով դատապարտվածները, ինչպես նաև սահմանված կարգով թուլամիտ և խելակորույս ճանաչվածները:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Սահամանդրության 88-րդ հոդվածով առաջին անգամ հաստատվեց Սովետական Հայաստանի պետական զինանշանը` գերբը: Այդ հոդվածը հռչակում էր. «Պետական գերբն է.-Մեծ և Փոքր Մասիսներից վեր, ծագող արեգակի ճառագայթների մեջ մուրճ և մանգաղ, ստորոտում խաղողի թուփ ողկյուզով և տերևներով, աջից և ձախից ցորենի հասկեր և ավելի բարձր` ձիթենու ճյուղեր: Գերբի կրկնակի շրջագծերի արանքում արձանագրված է.

Ա) Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և բ) Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»:

Պետական գերբի ընդունման մասին կամենում եմ ընթերցողին հայտնել հետևյալը: Ինձ ժամանակին բախտ է վիճակվել մի քանի անգամ հանդիպել Մարտիրոս Սարյանին: Այդ հանդիպումներից մեկի ժամանակ նրանից հետաքրքրվեցի Սովետական Հայաստանի գերբի ստեղծման մասին:

Համաշխարհային հռչակ ունեցող մեծ արվեստագետը պատմեց հետևյալը. «Հայաստանի սովետների առաջին համագումարի նախօրյակին, երբ քննարկվում էր սահմանադրության նախագիծը, Մյասնիկյանն ինձ հրավիրեց իր մոտ: Նա առաջարկեց մտածել Հայաստանի նոր գերբ ստեղծելու մասին և միաժամանակ հայտնեց իր ցանկությունը, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի գերբը: Մյասնիկյանն այնքան հստակ արտահայտվեց, որից ինձ համար հասկանալի եղավ, որ նա վաղուց էր որոշել, թե ինչպիսին պետք է լինի գերբի պատկերը: Մենք զրուցում էինք Կարսի պայմանագիրը ստորագրելուց մի քանի օր անց: Մյասնիկյանի ցանկությունն էր գերբի վրա մեծ ծավալով տալ երկու Մասիսները՝ շրջապատված Հայաստանը խորհրդանշող խաղողի ողկյուզով ու ցորենի հասկերով և երկրի իշխանությունը մարմնավորող մուրճ ու մանգաղի պատկերով»:

Մ. Սարյանը գոհունակությամբ է ընդունել Մյասնիկյանի առաջարկությունը և մի քանի օր անց նրան ներկայացրել առաջին էսքիզները:

Շարունակելով իր խոսքը՝ Մ. Սարյանն ասաց. «Ներկայացրել էի երկու տարբերակ: Մի տարբերակի վրա Մասիսները երիզող շրջագծի մեջ գրել էի «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կոչը, իսկ այդ շրջագծից դուրս ավելի մեծ տառերով գրել էի «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»: Մյուս տարբերակի մեջ Հայաստանի հանրապետության անվանումը գծել էի Մասիսները երիզող շրջագծի մեջ: Երկու տարբերակների վրա ավելացրել էի ձիթենու ճյուղեր: Երկար քննարկելուց հետո Մյասնիկյանը հավանեց և ընդունեց երկրորդ տարբերակը: Քննարկմանը ներկա Չուբարը, որն այդ ժամանակ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրն էր, Մյասնիկայնի համաձայնությամբ իր պաշտոնական բլանկի վրա տեղադրել էր գերբի առաջին տարբերակը»:

Այս գերբն ընդունելուց հետո էր, որ Թուրքիան պաշտոնապես բողոքել էր, թե ինչ իրավունքով է Հայաստանը իր պետական գերբի վրա պատկերել Թուրքիային պատկանող լեռը: Թուրքական բողոքին հետևել էր Ալեքսանդր Մյասնիկյանի ձևակերպումը, որը համապատասխան նոտայով Սովետական Հայաստանի այն ժամանակվա արտաքին գործերի ժողկոմ Ա. Մռավյանը պատասխանել է. «Այն իրավունքով, որով Թուրքիան իր պետական գերբն է դարձրել կիսալուսնի պատկերը»:

Ասվածին հարկ է ավելացնել նաև հետեւյալը։ Թուրքիայի կառավարությունը չի ընդունել Սովետական Հայաստանի վերոհիշյալ պատասխանը և իր պահանջը ներկայացրել է Սովետական Ռուսաստանի Արտաքին գործերի կոմիսար Չիչերինին։ Երբ թուրքական բողոքի մասին Չիչերինը հայտնել է ՌԿ(բ)Կ քաղբյուրոյին, Ստալինն առաջարկել է թուրքերին նույն կերպ պատասխանել, ինչպիսին եղել է Սովետական Հայաստանի կառավարության պատասխանը։

Ամբողջ 70 տարի Ալեքսանդր Մյասնիկյանի նախաձեռնությամբ ընդունված Սովետական Հայաստանի զինանշանը (գերբ) մնացել է անփոփոխ։ Թուրքիան այլևս չի բողոքել և ստիպված լռել է, որովհետև Սովետական Հայաստանի թիկունքում կանգնած է հզոր Սովետական Միությունը։

Այժմ չկա Սովետական Հայաստանը, գոյություն չունի Սովետական Միություն։ Դրանից էլ օգտվելով՝ Թուրքիան նորից ասպարեզ է բերել իր հին պահանջը․․․

Սա է ճշմարտությունը, որը ժամանակին ձգտում էր կեղծել Երևանում լույս տեսնող «Գոլոս Արմենիի» թերթը: 2009 թ. հոկտեմբերի 17-ին նորից կրկնելով 2008 թ. օգոստոսի 23-ին հրապարակած կեղծիքը՝ այդ թերթը գրել է. «Սարյանի մոտ մենք ունեինք Արարատը` Հայաստանի հազարամյա պատմության անհաղթելի խորհրդանիշն ու վկան, մեր Արարատը` միակն աշխարհում: Եվ նույնիսկ թուրքերը բոլշևիկների հետ միասին չկարողացան այն հանել գերբի վրայից...» (Ընդգծումը իմն է-Վ. Պ.):

Սովետական Հայաստանի սահմանադրության 89-րդ հոդվածով ՀՍՍՀ Պետական դրոշ ընդունվեց. «Ալ կարմիր գույնի կտոր, որի ձախ անկյունում՝ ձողափայտի մոտ, վերևում զետեղված են ոսկե տառերով` ՀՍԽՀ և կամ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն»: (Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների պատգամավորական խորհուրդների առաջին համագումարի արձանագրություն, Երևան, 1922, էջ 133-146):

Հայաստանի պետական դրոշների պատմությանն անդրադարձել եմ սույն աշխատության առաջին հատվածներից մեկում: Այստեղ միայն կամենում եմ նշել, որ Սովետական Հայաստանի առաջին սահմանադրությունն էլ ընդունելիս թույլ է տրվել նույն շտապողականությունը և անտեսվել է մեր պատմական Ծիրանագույն դրոշի գոյության փաստը:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3016

Մեկնաբանություններ