«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Սպասելիքներ չունենք և հույսեր այլևս չենք կապում ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր գերատեսչությունների հետ»

«Սպասելիքներ չունենք և հույսեր այլևս չենք կապում ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր գերատեսչությունների հետ»
04.02.2014 | 11:41

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի բարձրաբերձ լեռների գրկում է Ադրբեջանի նախկին Զանգելանի (ներկայումս` Կովսական) շրջանին սահմանակից Ներքին Հանդ գյուղը: Գյուղի ձախ կողմում անհետացող բուսատեսակներով 102 հա «Շիկահող» արգելոցն է և Բասուտա գետի երկայնքով 12 կմ ձգվող նշանավոր «Սոսիների պուրակը»: Աջ կողմում հարյուրամյա կաղնիներով, ընկուզենիներով հարուստ սաղարթախիտ անտառն է` կողքին 16-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին և Հայրենական մեծ պատերազմում զոհված 48 ներքինhանդեցիների հուշարձանը:
Ամենատարեց բնակիչների վկայությամբ, դաշնակցականների ուղեկցությամբ 1920 թվականին Ներքին Հանդից Պարսկաստան է ուղևորվել Գարեգին Նժդեհը: Հենց այդ գյուղում է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումն ավարտելուց հետո գյուղատնտես (ագրոնոմ) աշխատել Ակսել Բակունցը: Ականատեսների ասելով, այդ գեղատեսիլ վայրերի բնության ազդեցությամբ և ներշնչանքով է տաղանդավոր արձակագիրը 1933-1935 թվականներին ստեղծել իր «Ալպիական մանուշակ» և «Մթնաձոր» պատմվածքները:
Արցախյան պատերազմի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ (1993 թ.) գյուղի մատույցներում զոհվել են 2 խաղաղ բնակիչ և 16 ազատամարտիկ: Առայսօր չեն վերականգնվել ՀՀ կառավարության 2002 թվականի առաջնահերթային վերականգնման ցանկում ընդգրկված, թշնամու ձեռքով ավեր-թալանի և հրդեհի մատնված տները: Տերերի դիմումներին ի պատասխան ասվել է, թե ֆինանսական միջոցներ չկան:
Միջնադարյան գրիչների մատյաններում հիշատակված շենը, որը խորհրդային տարիներին ունեցել է ավելի քան 100 տնտեսություն և շուրջ 400 բնակիչ, այսօր ունի ընդամենը 46 տնտեսություն և 61 բնակիչ: Նրանցից 33-ը միջինից բարձր տարիքի է, իսկ 28-ը` 40-55 տարեկան:
«Գյուղից ուղևորափոխադրումներն ինչպիսի՞ տրանսպորտով են իրականացվում, և ի՞նչ վիճակում է գյուղն աշխարհին կապող ճանապարհը»,- հարցով սկսեցինք մեր զրույցը Ներքին Հանդի համայնքի ղեկավարի աշխատակազմի նախկին (2008-2013 թթ.) քարտուղար ՄԵԼՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Արդեն մեկ տասնամյակ է, ինչ գյուղում չի գործում որևէ տրանսպորտ կամ փոխադրամիջոց: Մարզկենտրոն հասնելու համար (38 կմ է) ստիպված ենք ոտքով հաղթահարել գյուղի` «Իրան-Հայաստան» միջպետական մայրուղուն միացող 5 կմ-անոց ճանապարհը` օգտվելու Ծավ գյուղից Կապան մեկնող միկրոավտոբուսից: Վերջինս գործում է օրական մեկ անգամ, այն էլ շաբաթվա ոչ բոլոր օրերին:
Նշեմ, որ միջպետականից գյուղ տանող, ձյունառատ ձմռանը անանցանելի դարձող վերոնշյալ 5 կմ-անոց ճանապարհահատվածով երթևեկում են միայն հատուկենտ անձնական ավտոմեքենաներ ունեցողները:
-Ինչո՞վ է զբաղվում գյուղի բնակչությունը:
-Հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ` զուգահեռաբար սեփական կարիքների համար աճեցնելով մեղուներ և թռչուններ:
Համայնքապատկան 160 հա վարելահողերից մի կերպ մշակվում է 5 հեկտարը, քանի որ գյուղտեխնիկա (տրակտոր, շարքացան, կոմբայն) չունենք: Թեք լանջերի հողակտորները, որոնք արդեն վերածվել են արոտների, գյուղի տարեցների խորհրդով նախատեսել ենք մշակել եզան կամ ձիու աշխատուժով գործող պապենական արորով:
Ասեմ, որ գյուղացիները ձեռքով են մշակում իրենց ավելի քան 35 հա ջրովի և անջրդի տնամերձերը:
-Համայնքի հոգսերը թեթևացնելու ուղղությամբ ի՞նչ է արվում մարզկենտրոնի կողմից:
-Համարյա ոչինչ: Շատ քիչ գյուղացիներ են օգտվել վերջին մեկ տարում ՀՀ կառավարության կողմից շուկայականից ցածր գներով դիզվառելիքի, հացահատիկի սերմացուի և ազոտական պարարտանյութերի հատկացումից, քանի որ հողի մշակմանն անհրաժեշտ գյուղտեխնիկա չկա:
Այսօր անապատացող հողերը վերականգնելու համար առաջին հերթին գյուղտեխնիկա է հարկավոր համայնքին, թող գյուղտեխնիկա հատկացնեն:
-Ո՞ր ջրաղբյուրներից են սնվում նշված հողերն ու տնամերձերը:
-Բասուտա գետից անցկացված ինքնահոս ոռոգման ցանցից: Գյուղն ապահովված է նաև խմելաջրով` շնորհիվ Վարդանասարի անապական աղբյուրների ակունքից սկիզբ առնող 4 կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշարի: Խմելաջրի մաքրման-ֆիլտրման կայանը արցախյան պատերազմի ժամանակ թալանվել-ավերվել է և չի գործում:
-Քանի՞ գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն է խնամվում գյուղում, և ինչպե՞ս է իրացվում ստացված կաթը:
-Գյուղի 74 գլուխ խոշոր եղջերավոր անասունների (որից 45-ը` կով) և 32 գլուխ այծերի կաթը, որը վերամշակում են անասնատերերը, հազիվ բավարարում է եղած պահանջարկը: Իրացման խնդիր չկա:
-Որտե՞ղ են այսօր հանգրվանել գյուղից արտագաղթածները:
-Արտագաղթածները հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, որոնց մի մասն աշխատանք գտնելու հույսով դեռևս դեգերում է Ռուսաստանի Դաշնությունում կամ արտերկրում: Մնացածներն էլ, որոնք Երևանում, Կապանում կամ Քաջարանում են հաստատվել, ըստ հասած լուրերի, արդեն աշխատանք ունեն:
-Ըստ Ձեզ, արտագաղթածները կվերադառնա՞ն:
-Իհարկե, եթե աշխատատեղեր ստեղծվեն: Գյուղը թեև հարուստ է բնական ռեսուրսներով` բնափայտով, հանքաղբյուրներով, անտառային բազմաթիվ հատապտուղներով, այգիներում աճեցվող բազմատեսակ մրգերով, սակայն չունի վերամշակման և արտադրական ձեռնարկություններ: Որևէ խոշոր ձեռնարկության մասնաճյուղի հիմնումը, լինի պետական, թե մասնավոր, աշխատատեղեր ստեղծելուց բացի, ներգաղթի մեծ խթան կհանդիսանա` տունդարձի բերելով գյուղի երիտասարդ սերնդին:
-Պետական քանի՞ ծառայող ունի գյուղը:
-Ընդամենը 13: Նրանցից 5-ը ուսուցիչներ են, չորսը` համայնքապետարանի, նույնքան էլ «Շիկահող» արգելոցի վարչական, վերահսկման գործեր կատարողները: Մնացած գյուղաբնակների գործը սեփական տանն է, ձմռանն այն սկսվում է գորգի, կարպետի դազգահի, քուրայի առջև, անասնագոմերում, իսկ գարնանն ու ամռանը` դաշտում, տնամերձ հողամասում, անտառում:
-Ինչպիսի՞ խնդիրներ ունեք, որոնց լուծումով համայնքային կյանքը կբարելավվի:
-Խնդիրները շատ են` վթարային և հրդեհված տների վերակառուցում, նորոգում, քայքայված խմելաջրի խողովակաշարի և դրա մաքրման կայանի վերականգնում, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, ինչը վերջին անգամ իրականացվել է 1982 թվին:
Նշեմ, որ 2013 թվականի նոյեմբերին իրականացված համայնքային ծրագիրը, որի շրջանակում գիշերային լուսավորություն է անցկացվել գյուղի փողոցների առավել վտանգավոր 10 կետերում, վերջին քսան տարում միակն է:
-Գյուղի դպրոցում այսօր քանի՞ երեխա է սովորում:
-Գյուղի երկհարկանի դպրոցում, որը մինչև անկախացումը նաև Կապանի թիվ 27 գիշերօթիկ հատուկ կրթօջախի մասնաճյուղն էր և ուներ 110 դպրոցական, այսօր սովորում է ընդամենը ինը: Նրանցից երկուական աշակերտ կա 5-րդ, 7-րդ, 9-րդ, մեկական աշակերտ` 1-ին, 3-րդ, 4-րդ դասարաններում: Համապատասխան տարիքի աշակերտ չլինելու պատճառով 2-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններ չկան:
Ասեմ, որ այսօր դատարկ է նաև 300-տեղանոց դահլիճով երբեմնի աղմկաշատ մշակույթի տունը, որտեղ ժամանակին գործում էին երգի-պարի համույթներ, գեղարվեստական տարբեր խմբակներ, մեծ գրադարան:
-Բուժսպասարկումն ինչպե՞ս է իրականացվում:
- Գյուղի միակ բուժքրոջ ջանքերով: Համայնքի բուժկետը մի քանի տարի առաջ վերանորոգել և բուժսպասարկման անհրաժեշտ գույքով ու պարագաներով կահավորել է անգլիական «Օքսֆամ» կազմակերպությունը: Վերջինս բուժկետին տրամադրում է նաև անհրաժեշտ դեղորայք և պրեպարատներ:
-Ի՞նչ կերպ են լուծվում բնակիչներին անհրաժեշտ սննդի, պարենամթերքի և վառելիքի հարցերը:
-Սեփական աշխատուժով: Գյուղի համարյա բոլոր 22 տնտեսություններում եղած 480 մեղվաընտանիքների շնորհիվ տարին բոլոր ունենք մեղր: Մառաններում` տնամերձերում աճեցրած թարմ, չոր, պահածոյացրած միրգ, բանջարեղեն, պարենամթերք, ինչպես նաև գյուղկենդանիներից ստացված ձու, մսեղեն և կաթնամթերք: Հացը հանապազօրյա թխում ենք ձեռքով` փռում կամ պապենական թոնրում: Վառելիքն անտառի ցախն է կամ հատումներից գոյացած փայտի թափուկը:
-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ սպասելիքներ ունեք 2014 թվականից, ինչպես նաև մեր երկրի կառավարությունից:
-Սպասելիքներ չունենք և հույսեր այլևս չենք կապում ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր գերատեսչությունների հետ, քանի որ անարձագանք են մնացել անցած 20 տարիներին անդադրում կերպով նրանց հղած մեր բազմաթիվ դիմում-բողոքներն ու նամակները:
Կարճ ասած, գոյատևում ենք ունեցած հնարավորություններով, սնվել-ապրելով մեր իսկ ձեռքով ստեղծածով, և հույս ունենք, որ ամենակարող Աստծո ձեռքը մի օր էլ մեր դուռը կբացի:


Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Հ. Գ.- Չնայած առկա մինուսներին, ոչ մի կերպ չեն պակասում այն անհուն սերն ու հավատարմությունը, որ տածում են գյուղաշխարհի այդ մարդիկ դեպի իրենց ծննդավայրն ու հայրենի հողը: Իսկապես, ինչքան մեծ է այդ սերը, որ նրանք ականջալուր չեն լինում անգամ հեռուներում արդեն տնավորված և ապահով ապրող իրենց զավակների, ազգականների կանչին ու չեն լքում իրենց հարազատ բնօրրանը:
Այո, մեր երկրի սահմանն այսօր պահող-պահպանող, մի կերպ գոյատևող Ներքին Հանդ գյուղի համար բոլորս պարտական ենք նրա խոսքաշեն, հումորով և ամենակարևորը` երբեք չընկճվող աշխատավոր այդ մարդկանց, նրանց շնչի տակ ապրող, եկող-գնացողին արևշատություն մաղթող, հյուրասեր, ավանդապաշտ պապիկ-մամիկներին, ամեն տեսակի զրկանքի դիմացող, բոլոր դժվար պահերին ծնողներին հասվեհաս երեխաներին:
Օրեր են անցել, սակայն մինչև հիմա էլ ականջներիս մեջ է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 87-ամյա Արտուշ Հովհաննիսյանի ձայնը. «Բախտից գանգատվելու փոխարեն աշխատիր սեփական քրտինքով ու ձեռքերով բարեփոխել Աստծո կողմից քեզ տրված անկյունը, որ հետագայում կարողանաս հպարտանալ նրանով: Այն մարդը, ով ապրում-արարում է հանուն իր երկրի, իր ընտանիքի ու իր ժողովրդի և փորձում է ստեղծել ներկան, չի երկնչի նաև ժամանակավոր դժվարություններից»:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ