Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Սիրիական ճգնաժամը և հայկական արմատները

Սիրիական ճգնաժամը և հայկական արմատները
05.09.2013 | 11:13
Բազմաթիվ առիթներ ունեցել եմ մամուլում խոսելու մեր խոսքի որակի, ոչ ճշգրիտ լինելու, պարզապես՝ խոսքային փնթիության մասին: Անձնական շփման մեջ մենք ազատ ենք խոսելու այնպես, ինչպես ցանկանում ենք կամ հարմար ենք գտնում: Հանրային խոսք հնչեցնելու պարագայում, սակայն, առկա են որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն: Ցավոք, ո՛չ մեր պաշտոնյաների, և ո՛չ էլ նույնիսկ լրատվամիջոցների շրջանում այդ պայմանները չեն հարգվում, և մենք դատապարտված ենք լսելու կամ կարդալու անհեթեթ, անհիմն, երբեմն բանականության մեջ չտեղավորվող պնդումներ, որոնք, սակայն, հաճախ մատուցվում են որպես վերջին ատյանի ճշմարտություն:


Օրեր առաջ էլ կիրակնօրյա «Հայլուր»-ի թղթակիցը ԱՄՆ-ից ներկայացնում էր այդ երկրում առկա տեսակետները՝ կապված սիրիական ճգնաժամի հետ՝ բառացիորեն ասելով հետևյալը. «Մասնավորապես՝ «Նյու-Յորք թայմս» թերթի թղթակից Նիկոլաս Քրիստոֆը Թվիթերի իր էջում գրել է, որ հիմա ամերիկյան օրենսդիրների մի մասը ստիպված կլինի պարզապես բացել քարտեզը և քարտեզի միջոցով պարզել, թե որտեղ է գտնվում Սիրիան՝ դրանով ակնարկելով, որ կան կոնգրեսականներ, որոնք նույնիսկ աշխարհագրությունը, ըստ էության, չեն պատկերացնում: Ի դեպ, նշեմ, որ Նիկոլաս Քրիստոֆն ունի հայկական արմատներ, և նա ինքը այդ մասին բազմաթիվ անգամ նշել է...»:

Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն Նիկոլաս Քրիստոֆի հայկական արմատները լրագրողի նախորդ շարադրանքի հետ... Կամ ի՞նչ կարևոր տեղեկություն է ավելացնում հայկական արմատների մասին հիշատակումը, առավել ևս՝ Քրիստոֆի կողմից իր հայկական պատկանելության բազմակի հաստատման փաստը, արդեն ասվածին, այսինքն՝ այն տեղեկությանը, համաձայն որի ամերիկացի կոնգրեսականներն իրենց անտեղյակությամբ խաղում են մի ամբողջ երկրի, եթե չասենք՝ տարածաշրջանի և նրա ժողովրդի ճակատագրի հետ: Լրագրողի ոգևորությունը, ինչպես ինձ հուշեց ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը սոցցանցում ծավալված ինքնաբուխ մի քննարկման ժամանակ, հավանաբար նպատակ ուներ հասկացնելու, թե հայկական արմատներով ամերիկացի թղթակիցը շատ ավելի խելացի, խորագետ և գրագետ է աշխարհքաղաքական հարցերում, քան մի ամբողջ կոնգրես ամերիկացիներ: Հավանաբար... Ասել է թե՝ աշխարհքաղաքական կարևոր հարցերի շուրջ մենք ունենք իրենց ծանրակշիռ խոսքն ասող հայորդիներ:

Հակառակի պես, ոչ հայաստանաբնակ, բայց կառկառուն հայորդիներին հիշում ենք այն ժամանակ, երբ մենք և մեր երկիրը աշխարհին չենք կարողանում ներկայանալ շահավետ դիրքերից՝ ստույգ ասելիքով, դիրքորոշմամբ և առաջարկություններով և դա փորձում ենք փոխհատուցել դրսում ապրող և հնարավոր է՝ Հայաստանում երբևէ չեղած մեր պատմական (այլ ոչ թե փաստացի) հայրենակիցների գոյությամբ և գործունեությամբ: Սա ազգային հիվանդություն է, փոքր և պատմությունից մշտապես հարվածներ ստացած ազգի հիվանդություն, որը ախտահարված է հսկա ձևացող թզուկի համախտանիշով և մշտապես բղավում է. «Հէ՜յ, մենք էլ ազգ ենք, այն էլ բացառիկ...»: Այդ պատճառով էլ փորձում ենք ընդհուպ մինչև Ադամին ու Եվային վերագրել հայկական արմատներ: Միայն թե այդ բղավոցները ոչ ոքի չեն հետաքրքրում:

Ինձ համար՝ որպես երկրիս թիվ մեկ լրատվական ծրագրի հեռուստադիտողի նախ և առաջ հետաքրքրում է, թե ո՞րն է մեր պետության պաշտոնական-դիվանագիտական դիրքորոշումը՝ կապված սիրիական ճգնաժամի հետ, և ես դրա համար ունեմ առնվազն երկու լուրջ պատճառ. նախ՝ ուղիղ գծով Սիրիան Հայաստանից ընդամենը հազար կիլոմետր հեռավորության վրա է, և ռազմական գործողությունների ծավալման պարագայում մեր պետությունը դատապարտված է տարատեսակ ճգնաժամերի, և երկրորդ՝ բազմաթիվ անգամ նշվել է, որ Սիրիայում ապրում էր հայկական ամենակազմակերպված համայնքներից մեկը, որի գոյությունն այսօր, փաստորեն, վտանգված է:

ՈՒրեմն ի՞նչ է մտածում մեր պետությունն այս աշխարհքաղաքական հարցի, բայց նաև հայկական Սփյուռքի օղակներից մեկի փաստացի վերացման խնդրի մասին... Քանի դեռ պետությունը չի արտահայտել իր հոդաբաշխ դիրքորոշումը, բնական է որ պաշտոնական լրատվամիջոցը պետք է փորձի ծածկել այդ բացը փորձված, բայց արդեն վաղուց իրեն սպառած՝ հայրենակցական հպարտության լարերի վրա խաղալու մեթոդով: Աշխարհքաղաքական ոլորտը, սակայն, այն էլ ժամանակակից աշխարհում, զգացմունքային-լիրիկական ոլորտ չէ՝ այստեղ հետաքրքիր են նետված մարտահրավերներն ու դրանց դիմակայելու պետությունների, հանրույթների և անհատների կարողությունները, ռազմավարական ճշգրիտ հաշվարկները, նվազագույն կորուստներով առավելագույն ձեռքբերումները, և այս ամենն արտացոլելու համար անհրաժեշտ են արհեստավարժ, այլ ոչ թե գյուղամեջի զրուցատաղավարի (բեսեդկայի) մակարդակի վերլուծություններ և մեկնաբանություններ:

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հանրային կապերի փորձագետ
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ