Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»
19.12.2008 | 00:00

«ՔՐԻՍՏՈՍՆ ԱՊՐԵՑ, ՔԱՐՈԶԵՑ ՈՒ ԽԱՉՎԵՑ ՄԱՍՈՒՆՔԻ ՆՄԱՆ ՍՈՒՐԲ ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ
(սկիզբը` թիվ 56-ում)
Այժմ պտտվենք Տիրոջ Գերեզմանի շուրջն ու նորից զարմացած մնանք, բայց ոչ ուրախության, այլ տխրության առումով, որովհետև ամբողջ սուրբ Գերեզմանի մատուռի մարմարյա կառույցը մեծ ճեղքերով ճաքճքած տեղեր ունի և չորս կողմից երկաթյա կոպիտ ու տգեղ սյուներով ու հաստ, անտաշ փայտերով է ամրացված, որպեսզի չմասնատվի իրարից: Դա էլ 1927 թվի մեծ երկրաշարժի հետևանքն է դեռ մնացել, ու թե երբ կարող են վերաշինել Տիրոջ սուրբ Գերեզմանամատուռը, անհայտ է:
Իսկ այդ մատուռը մի հսկայական, մեր Զվարթնոցի տաճարի անսյուն կառույցի նման ոսկեզօծ ճաճանչներով մի գեղեցիկ գմբեթի տակ է գտնվում, որի բարձրությունը մոտավորապես 50 մետր է, գագաթնային մասում մի կլոր պատուհան կա լույսի համար, և հենց դրա վրա էլ դրված է աշխարհի բոլոր խաչերի Խաչը՝ քրիստոնյաների հաղթության զենքն ու պահապանը:
Նաև ծանոթության կարգով ասենք, որ սուրբ Հարության այս տաճարում մենք էլի մի քանի սրբատեղեր ունենք, բայց տեղի սղության պատճառով միայն տեղեկացնենք, որ դրանք են Հովսեփ Արիմաթացու գերեզմանը, Քրիստոսի հանդերձների բաժանման մատուռը և Գրիգոր Լուսավորչի ընդարձակ սրահը, որտեղ մեր հավատքի հայրը յոթ տարի ճգնել է, մինչև Հիսուսի Գերեզման մտնելը: Այս սրահի պատերն ամբողջովին փորագրված են հայոց ուխտավորների այցելության խաչի կնիքներով:
Եվ, վերջապես, ծանոթությունն ավարտենք այս սուրբ քաղաքի ամենակարևոր իրադարձության նկարագրությամբ, որը կոչվում է Լույսի հանման օր: Դա կատարվում է Զատկական տոնակատարության օրը, որին մասնակցում են բազմահազար ուխտավորներ աշխարհի բոլոր ծայրերից: Բայց որպես կարևոր փաստ ասենք, որ Լույսի հանման արարողության համար Տիրոջ սուրբ Գերեզմանը մտնելու իրավունք ունեն միայն հույներն ու հայերը, չնայած այս փաստը համառորեն անտեսում են բոլոր ազգերն ու եկեղեցիները: Բայց մի՞թե հնարավոր է կրակը ծոցում պահել ու չայրվել, այդպես էլ այդ չարամիտ լռության համար ճշմարտությունը ստով ծածկողները պիտի պատասխան տան Տիրոջ առաջ: Եվ ինչպես Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ եղբայրասպան նախանձն է այսօր մղում հույն եղբայրներին` Լուսահանման օրը խանգարել մեզ սուրբ Գերեզման մտնել. բայց կհաջողվի՞ արդյոք, որովհետև այդ իրավունքը մենք Բարձրյալ Աստծուց ենք ստացել։
Այս տոնակատարության մեխը հայ և հույն եպիսկոպոսների մուտքն է դեպի Գերեզման, որից հետո մուտքը զմռսվում է ակնամոմով, և բոլոր պատասխանատուներն իրենց կնիքն են դնում: Մինչ այդ մեղվանոցի նման բզզացող տաճարում մի քանի րոպե քար լռություն է տիրում: Բայց ահա սուրբ Գերեզմանի աջակողմյան ձվաձև անցքից հայերն առաջինն են հանում կրակը, առաջինը, որովհետև, ըստ «Ստատիկոնի», Տիրոջ Գերեզմանը նախ մտնում են հույները, հետո նոր հայերը, ու կրակը վառելուց հետո դուրս են գալիս նախ հայերը, հետո հույները: Դուրս բերված կրակը նախօրոք բացված միջանցքով ճարպիկ վազորդների նման հայ պատանիները հասցնում են երկրորդ Գողգոթա, որտեղ հայոց պատրիարքն օթյակից, ի տես բոլոր ազգերի, ցույց է տալիս Գերեզմանից հանված կրակը:
Տա Աստված, որ հայորդիների սրտերում այդ կրակը վերածվի հավատքի ջերմության, որն առաջինն էր, որ Հարության ավետիսն ընդունեց իրենց սրտերից ներս:
Այսքանը Տիրոջ օրհնյալ տաճարի մասին:
Հավելենք, որ հայերի միջոցով Սուրբ երկիր է բերվել նաև ջնարակային ճենապակու զարդանախշման մշակութային արվեստը, քանի որ Արևելքի երկրները հայտնի են նրանով, որ քանդակագործությունն ու նկարչությունը, կարելի է ասել, անհարկի են եղել, որովհետև երկու կրոններն էլ` հուդայականությունն ու իսլամը, դրանք կռապաշտություն են համարում, այդ պատճառով մարդու արձան կամ պատկեր, ինչպիսիք որ հազարներով կան քրիստոնեական երկրներում, այստեղ իսպառ բացակայում են: Երևի դա է եղել պատճառը, որ այս արվեստաձևն իսկույն տարածում գտավ, որոնցից մեկը ճենապակու վրա ջնարակով նախշազարդելու արվեստն է, որն այստեղ կնքել են «Հայկական ապակի» անունով: Եվ մեր սուրբ Հակոբյանց, և մի քանի այլ եկեղեցիների ներքին զարդահարդարումներն այդ բանի վառ ապացույցն են: Եվ հիմա ողջ Սուրբ երկիրը լեցուն է նման ձևով ջնարակված հուշանվերներով, որոնք աշխարհի չորս ծայրերն են տարվում:
Էլ չասենք լուսանկարահանման մասին, որը նույնպես մեր միջոցով է այստեղ մուտք գործել, այն էլ` Երուսաղեմի հայոց պատրիարք Եսայի Կարապետյանի անձնական ջանքերով, որովհետև, ինչպես ասացինք, մուսուլմաններն ու հրեաները, ըստ իրենց կրոնի արգելքի, մարդու պատկեր չեն նկարում, այդ պատճառով, երբ լուսանկարահանումը մեջտեղ եկավ, նրանք ուրախությամբ այն ընդունեցին, որովհետև վերջապես կարող են դրա միջոցով առանց մեղանչելու շրջանցել օրենքը և անպարտ մնալ, ու սեփական կամ մեկ ուրիշի պատկերն ունենալ: Եվ այդ է պատճառը, որ այս քաղաքի ամենահմուտ և ամենահայտնի հախճապակու նկարազարդման ու ֆոտոպատկերների վարպետները մինչև այսօր մնացել են հայորդի զավակները: Նաև ավելացնենք, որ Սուրբ երկիր առաջին տպարանը նույնպես վերոհիշյալ պատրիարքի միջոցով 1833 թվին մուտք գործեց, որի հնաոճ սարքերը դեռ պահպանվում են վանքի թանգարանում։
Հին Երուսաղեմի պարիսպներից քիչ հեռու հայոց ազգն ունի մի այլ սրբավայր ևս` ամենաօրհնյալ մայր Մարիամ կույսի գերեզման-սրբատեղին, որը գտնվում է Գեթսեմանի պարտեզի հայոց սեփականությանը կից։ Այն ժայռափոր, դեպի ընդերք իջնող մի ստորգետնյա քարանձավ է, կառուցվել և սրբավայրի է վերածվել 435 թվականին, Մարկիանոս կայսեր ժամանակ: Դրսից ներս մտնողը սկզբում ոչինչ չի տեսնում, որովհետև միանգամից թեք աստիճաններն են սկսվում, որոնց թիվը քառասուն է մինչև ներքև, այսինքն` գետնի մակերեսից այդքան խոր տեղում է գտնվում Տիրամոր գերեզման են: Իսկ երբ աչքերը վարժվեն կիսամթին, աստիճաններով իջնելիս համարյա մեջտեղի մասերում կնկատեք աջ և ձախ կողմերում գտնվող վիմափոր երկու մատուռներ. աջում Աստվածածնի ծնողների` Հովակիմի և Աննայի գերեզմանները, որ հույներինն է: Իսկ այդ խորանի անմիջապես դիմաց` աստիճանների ձախ կողմում, Մարիամ կույսի ամուսնու` սուրբ Հովսեփի գերեզման-մատուռն է, որը մեզ` հայերիս է պատկանում։
Եվ երբ հնագույն կանթեղների ուղեկցությամբ իջնում ես մինչև եկեղեցու ներսը, ապա առաջին իսկ հայացքից զարմանում ես ծանր ու գեղազարդ ջահերի և գույնզգույն կանթեղների առատությունից:
Չթաքցված հպարտությամբ ասեմ, որ հենց գերեզմանին կպած, դեպի եկեղեցու մեծ սրահը նայող կողմի վրա մեր հայոց ազգին պատկանող սուրբ սեղանն է, որը գեղազարդվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ու ծախսով, երբ նա 1300 թվին եգիպտացիների դեմ արշավանքից հետո հաղթությամբ վերադարձավ: Իսկ բուն գերեզմանը գտնվում է եկեղեցու մեջտեղի մասում, ոչ բարձր գմբեթածածկով, որի ներսը կարելի է մտնել ու ելնել միայն խոնարհվելով, որովհետև մուտքն ու ելքը շատ ցածրիկ են: Երանելի կույսի գերեզմանն իրենից ներկայացնում է մոտ երկու մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ ապակեպատ ժայռափոր դեղնավուն մի քար, որտեղ ժամանակին հանգչել է Տիրամոր սուրբ մարմինը: Բայց ընդամենը երեք օր, ինչպես Հիսուսը, որից հետո, ըստ ավանդության, Որդին Իր մոր թանկագին «Տապանը» երկինք է տարել, որտեղ հոգին նորից ներբնակվել է Կույսի սուրբ մարմնի մեջ, և այժմ մեր բոլորի մայրը հանդիսանում է ամենազորավոր բարեխոսը Հիսուս Քրիստոսի մոտ:
Տիրամոր գերեզմանի ներսն այնքան նեղվածք է, որ նույնիսկ ծնկի գալու և երկրպագելու տեղ չկա, բայց բարեպաշտները կարողանում են այդ նեղության մեջ էլ խոնարհվել մինչև գետին և համբուրել այն ոտնատեղերը, որտեղ մի ժամանակ կանգնել են Տիրամոր մարմինն այստեղ բերող առաքյալների սուրբ ոտքերը: Ասենք նաև, որ այդ օրհնյալ գերեզմանի վրա ամեն օր երկու անգամ պատարագ են մատուցում. վաղ առավոտյան` հույները, իսկ դրանից անմիջապես հետո` հայերը:
Եթե քննելու լինենք հայոց Երուսաղեմի ողջ պատմությունը, ապա անտեսանելի, բայց զորավոր մի ձեռք ես տեսնում, որը հովանի է զարմանալի նրբությամբ փոքրիկ մի ազգի, որը տարեցտարի, դարից դար տկարացող ու ցամաքող աղբյուրի նման հանկարծ նորից է հառնում-բխում` ապացուցելով իր գոյությունը, կամ այն գարնան արևի կանչող զորությանն ընդառաջ գնացող նուրբ մի ծիլի նման է ազգս հայոց, որը ժայռերը փշրելով է դուրս գալիս մայր հողից, ազգեր կոտրատող զորություն կրելով իր մեջ: Եվ վերջապես, հայոց ազգն արդյոք նման չէ՞ այն կրակին, որը երբ փորձում են օտար քամիները փչել-հանգցնել (և կարծես թե որոշ ժամանակ դա հաջողվում է նրանց), հանկարծ հեքիաթային փյունիկի նման նորից է հառնում մոխիրներից` ի հեճուկս սանդարամետի բոլոր զորությունների:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 3558

Մեկնաբանություններ