Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում վերածվել է պրոբլեմի, մինչդեռ պետք է լիներ կամուրջ»

«Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում վերածվել է պրոբլեմի, մինչդեռ պետք է լիներ կամուրջ»
31.07.2009 | 00:00

«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԵՎ ԱՅՆ ՄԵՂՄԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՋԱՆՔ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ»
Ջավախքում ստեղծված իրավիճակը և, ընդհանրապես, հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները մեկնաբանում է «Ջավախք» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-Պարոն Մարգարյան, Ջավախքում տեղի ունեցող զարգացումներին առնչվող վերջին օպերատիվ իրադարձությունը Վահագն Չախալյանի նկատմամբ կայացած դատավճռի բողոքարկումն էր։ Ի՞նչ կարելի է սպասել վրացական արդարադատությունից այդ առումով։
-Ակնհայտ է, որ դատավարությունն արհեստականորեն ձգձգելու մոտեցում է որդեգրված։ Դատավարության ընթացքը և առաջին ատյանում կայացված դատավճիռը հենց սկզբից ցույց տվեցին, որ Վահագն Չախալյանն ու իր դատապաշտպանները հարկադրված են լինելու գնալ շարունակական բողոքարկման ճանապարհով։ Համենայն դեպս, որքան ծանոթ եմ այդ դատավարության ընթացքին, չեմ տեսնում որևէ հիմք Վահագն Չախալյանին տասը տարվա ազատազրկման դատապարտելու համար։ Հետևապես, ակնհայտ է, որ բողոքարկման գործընթացը կգնա մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և հուսով եմ, որ այնտեղ տեղի կունենա վճռի բեկանում։ Վրաստանը միացել է համապատասխան կոնվենցիաներին, և Եվրոպական դատարանի վճիռը տարածվում է վրացական արդարադատության կայացրած որոշումների վրա։ Թերևս, վրացական կողմն էլ դա գիտի, պարզապես ձգձգում է դատական գործընթացը` Վահագն Չախալյանին որքան հնարավոր է երկար կալանքի տակ պահելու համար։
-Այսինքն` համոզված եք, որ վրացական դատարանի կողմից արդարացման վճիռ չի լինելու։
-Անկեղծ ասած, կցանկանայի, որ լիներ, դա, անկասկած, կբարձրացներ վրացական դատական համակարգի հեղինակությունը, որովհետև քրեական գործ, որպես այդպիսին, չկա։ Սակայն, ցավոք, քիչ եմ հավատում, որ նման շրջադարձը հնարավոր է։
-Ի՞նչ տրամադրություններ են հիմա Ջավախքում։
-Տնտեսական իրավիճակն ավելի է ծանրանում, որովհետև Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը լրջորեն բարդացել է։ Շատ դժվար է Վրաստանում Ռուսաստանի դեսպանատնից աշխատանքային վիզա ստանալը, այդ պատճառով էլ ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնողների մի զգալի մասը մնացել է Ջավախքում։
-Տեղում դարձյա՞լ աշխատանք չկա։
-Բացի գյուղատնտեսությամբ զբաղվելուց` ուրիշ ոչինչ։ Որոշ ծրագրեր վրացական իշխանությունների կողմից Ջավախքում իրականացվում են, բայց դա տեղացիների համար ոչ մի աշխատատեղ չի ավելացնում։ Ախալքալաքից ռուսական ռազմաբազայի դուրսբերման ժամանակ վրացական իշխանությունները հայտարարում էին, թե կրճատվող հազար աշխատատեղի փոխարեն երկու հազարը կստեղծեն։ Հիմա իրականացվող ծրագրերով գոյություն ունեցող աշխատատեղերը մշտական չեն, այլ սեզոնային, կապված հիմնականում ճանապարհաշինարարական կամ դպրոցների նորոգման ծրագրերի հետ։ Վրաստանը սկսել է Նինոծմինդա-Հայաստան սահմանային ճանապարհահատվածի և Թուրքիայի սահմանից դեպի Ախալքալաք ձգվող մայրուղիների հիմնանորոգումը կամ կառուցումը, բայց այդ սակավաթիվ աշխատատեղերն էլ տեղացիներին չեն տրվում։ Իրականացված շինարարական մրցույթները շահել են ոչ տեղական կազմակերպությունները։ Ասենք` Քութայիսից որևէ կազմակերպություն շահել է ճանապարհի կառուցման մրցույթը, բայց այդ գործը սկսում է ոչ միայն սեփական տեխնիկայով, այլև իր աշխատուժով։ Տեղի բնակիչներից գրեթե ոչ ոք այդ ծրագրերով աշխատանք չի ստանում։
-Այսինքն, դա դիտավորյա՞լ է արված։
-Զուտ ֆորմալ առումով միգուցե խախտում չկա։ Հասկանալի է, որ ճանապարհաշինարարական ծրագրերի համապետական մրցույթներում քսան տարի շարունակ պատվերներ չստացած Ջավախքի կազմակերպությունները համավրաստանյան ընդգրկում ունեցող խոշոր ընկերությունների հետ մրցել չեն կարող։ Ըստ այդմ, տարածաշրջանի սոցիալական հիմնախնդիրները լուծելու համար պետք էր մրցույթն անցկացնել տեղական կազմակերպությունների միջև։ Այս հարցը նաև մյուս ցավոտ կողմն ունի, այն իմաստով, որ Վրաստանի օրենսդրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունները տեղական բնույթի հարկերը մուծում են իրենց գրանցման վայրում։ Այսինքն` եթե Ջավախքում ճանապարհաշինություն իրականացնող կազմակերպությունները Թբիլիսիից են, Թբիլիսիի բյուջե էլ մուծում են տեղական նշանակության հարկերը։ Այսպիսով` վերոհիշյալ ծրագրերից ոչինչ չի ստանում նաև Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանների բյուջեն։ Այսքանից հետո զավեշտ է իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես լսում ենք Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչներից, թե տարածաշրջանում զգալի աշխատանքներ են կատարվում, բայց ջավախքցիները դարձյալ ամեն ինչից դժգոհ են։ Ինչի՞ց պետք է գոհ լինեն, երբ իրենց համար որևէ էական փոփոխություն չկա։ Մի քանի տարի վրացական կողմը զբաղված էր հայ-վրացական սահմանի վրա մաքսատուն կառուցելով, որտեղ աշխատող հարյուր սևագործ բանվորներից միայն երկուսն էին հայ։
-Փաստորեն, ով չի կարողացել Ռուսաստան գնալ, հողագործությամբ կամ անասնապահությա՞մբ է զբաղվում։
-Այո, որովհետև ուրիշ անելու բան չկա։ Մեկ-մեկ էլ կարող է «Ժիգուլիով» մարդիկ գան Հայաստան, ծիրան տանեն, որ տեղում վաճառեն։ Բայց դրանից էլ մեծ օգուտ չկա, որովհետև շատ շատերն են այդ «գործով» զբաղված։
-Բայց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, հյուպատոսությունը Ջավախքի հայերին տրամադրում էր Ռուսաստան մուտքի վիզաներ, այդ թվում` աշխատանքային։ Ի՞նչ է փոխվել։
-Դա տարիներ առաջ էր, երբ կարճ ժամանակ այդ խնդիրները լուծվում էին Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության միջոցով։ Որովհետև Ախալքալաքից Գյումրի գնալն ավելի հեշտ էր, քան Թբիլիսի։ Հետո այդ պրակտիկան վերացվեց, և հիմա բոլոր տեսակի մուտքի արտոնությունները տրվում են միայն Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատնից։ Աշխատանքային վիզա ձեռք բերելը բարդացել է նաև այն պատճառով, որ Ռուսաստանը նոր կանոնակարգեր է հաստատել այդ ոլորտում։ Դա լրացուցիչ պարտավորություններ է բարդել աշխատանք տրամադրող գործատուների վրա, ովքեր դրսից աշխատուժ հրավիրելու դեպքում բավականին մեծ սոցիալական պատասխանատվություն են ստանձնում, լրացուցիչ հարկային պարտավորություններ իրականացնում։ Ըստ այդմ, Ջավախքի այն բնակիչները, ովքեր այս տարիների ընթացքում չէին հասցրել Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել և միայն վրացական անձնագրեր ունեն, մնացել են տեղում։ Ախալքալաք այցելելով` անզեն աչքով կարելի է տեսնել, որ անգործ բնակչություն կա, որովհետև տարվա այս եղանակին խորհրդային ժամանակներից ի վեր Ջավախքում այդքան մարդ չի լինում։
-Վրաստանի նախագահը պաշտոնական այցով եղավ Հայաստանում։ Ըստ Ձեզ, հուսադրո՞ղ են այն հայտարարությունները, թե հայ-վրացական համատեղ ջանքերով իրավիճակը Ջավախքում առաջիկայում կարող է փոխվել։
-Անկեղծ ասած, Երևանում հայ-վրացական հարաբերությունների և հատկապես Ջավախքի հետ կապված որևէ լուրջ ծրագրային հայտարարություն Վրաստանի նախագահի կողմից չհնչեց։ Թեպետ ինքը, անկասկած, լավ տեղյակ է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է ոչ միայն ընդհանրապես վիրահայության, այլև հատկապես Ջավախքի նկատմամբ Վրաստանի դրական քաղաքականությամբ։ Մի քանի տարի առաջ փորձ արվեց ձևավորել համատեղ ծրագիր, գործընթացին ես էլ եմ մասնակցել, սակայն հիմա այդ մասին նույնիսկ չեն խոսում։ Վրացական կողմը զբաղված է ինչ-որ թվեր հրապարակելով, որ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, իսկ անգործ ժողովուրդը Ջավախքում ոչ մի կերպ չի տեսնում այդ աշխատատեղերը։ Միաժամանակ անընդհատ զուգահեռներ են անցկացվում Վրաստանի մնացած շրջաններում տիրող տնտեսական իրավիճակի հետ և փորձում դրանով պատճառաբանել, թե Ջավախքում կացությունը վատ է, որովհետև ընդհանուր երկրում է վատ։
-Համաձայն չե՞ք այդ հիմնավորմանը։
-Իհարկե համաձայն չեմ, որովհետև Վրաստանի տարբեր շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառները և պայմանները միմյանցից շատ տարբեր են։ Մեծ քաղաքում մեծ գործարան կառուցելը կամ վերագործարկելն ավելի դժվար է, քան փոքր տարածքում տեղական ոչ մեծ կազմակերպությունների համար նպաստավոր գործունեության դաշտ ստեղծելը։ Անկեղծ ասած, ես սպասում էի, որ Վրաստանի նախագահի այցի համատեքստում կարձանագրվեն հիմնական խնդիրները, և լուծումներ կառաջարկվեն։ Չգիտեմ, գուցե նախագահները դեմ առ դեմ խոսել են այդ մասին, բայց որևէ համատեղ ծրագիր չկա ասպարեզի վրա` այսօր առկա թեկուզ լոկալ խոչընդոտները վերացնելուն ուղղված։ Օրինակ, հայ-վրացական սահմանը հատելու խնդիրը, որ այս վերջին տարվա ընթացքում իսկական քաշքշուկի է վերածվել։ Անկասկած, կարելի է սահմանային անցակետում երկուսի փոխարեն տասը համակարգիչ դնել, և այդպիսով հեշտացնել սահմանը հատելու համար նախատեսված ստուգման կանոնակարգերի իրականացումը։ Բայց դա չի արվում, և հայկական սահմանային անցակետից մինչև վրացական սահմանային անցակետ մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյանում։
-Լեզվի խնդիրը կանոնակարգելու հետ կապված նույնպե՞ս որևէ առաջընթաց չկա։
-Բացարձակապես ոչ։ Եթե պետությունը հայտարարում է, որ վրացերենը պարտադիր պետական լեզու է, ապա երկրի քաղաքացիների համար այդ լեզուն սովորելու համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն։ Օբյեկտիվորեն Ջավախքում բնակչությունը վրացերեն չգիտի, խորհրդային շրջանում չի եղել դրա անհրաժեշտությունը, որովհետև շրջանի գրագրությունը, դատական գործերը վարվել են հայերենով։ Հայերն այն ժամանակ Վրաստանում ունեին հստակ կարգավիճակ, և հայերենը պետական գործառնական լեզու էր։ «Տոտալիտար» ժամանակաշրջանի այդ ձեռքբերումը վերացվեց, և հիմա բացառապես վրացերենով խոսող պաշտոնյաներ են նշանակվում Ջավախքում։ Վրացերենին չտիրապետող բնակչությունն ինչպե՞ս պետք է շփվի այդ պաշտոնյայի հետ ու լուծի իրեն մտահոգող խնդիրները։ Ստացվում է, որ սա էլ մարդկանց պատժելու համար է արված։
Այս տարվա մի քանի իրադարձությունները, մի քանի ձերբակալությունները, ազգությամբ հայ գործիչների մուտքը Վրաստանի տարածք արգելելը տպավորություն են ստեղծում, որ վրացական կողմը, չգիտես ինչու, գնում է հակադրության քաղաքականության, իրավիճակը սրելու ճանապարհով։
-Ի դեպ, Շիրակ Թորոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը կրկնվեց Իգոր Մուրադյանի պարագայում։ Վերջինս մամուլի ասուլիսում նշեց, թե ազգությամբ հայ մարդկանց ցուցակ կա հաստատված վրացական իշխանությունների կողմից` մարդկանց մուտքը Վրաստան արգելելու նպատակով։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Տեղյակ եմ, որ Իգոր Մուրադյանին էլ թույլ չեն տվել հատել սահմանը, ցուցակի վերաբերյալ էլ լսել եմ, որ նման բան կա։ Մինչդեռ եթե որևէ մեկին արգելում ես մուտք գործել պետության տարածք, առավել ևս դիվանագիտական անձնագիր ունեցող պատգամավորին, ապա միջազգային պրակտիկայում հաստատված և հենց Վրաստանում սահմանված արարողակարգ գոյություն ունի, որի համաձայն համապատասխան կարգով այդ մասին նախ տեղյակ են պահում արտգործնախարարությանը։ Շիրակ Թորոսյանի մուտքը չարտոնելու հետ կապված ինչ-որ վերացական պատճառաբանություններ բերվեցին, թե իբր նրա հայտարարությունները վնասում են հայ-վրացական հարաբերություններին։ Այդպես էլ կոնկրետ չնշվեց, թե որ հայտարարությունների մասին է խոսքը։
-Լուրեր են շրջանառվում, թե Ախալցխայում ինչ-որ հարսանիքի ժամանակ Շիրակ Թորոսյանն իբր ասել է, որ Ջավախքն էլ Ղարաբաղ կդառնա։
-Կատարյալ անհեթեթություն է, որովհետև Շիրակ Թորոսյանն Ախալցխայում ընդհանրապես հարսանիքի չի մասնակցել։ Ղարաբաղի և Ջավախքի միջև նա մի անգամ է զուգահեռ անցկացրել, ասելով, որ Վրաստանի իշխանությունների այսպիսի քաղաքականության պայմաններում Ջավախքը կա՛մ Նախիջևանի նման կհայաթափվի, կա՛մ նրան սպասում է Ղարաբաղի ճակատագիրը։ Սա ավելի շուտ վերլուծություն է, որին կարելի է համաձայնել կամ չհամաձայնել։ Բայց դա էլ հարսանիքի ժամանակ չի ասվել, որովհետև Շիրակ Թորոսյանը քաղաքական լուրջ փորձառություն ունի` հարսանիքում նման հայտարարություններ չանելու համար։
-Փաստորեն, տնտեսական, լեզվական խնդիրներին զուգահեռ, անհարկի քաղաքական լարվածություն է ստեղծվում Ջավախքում և նրա շուրջ։ Ո՞րն է հանգուցալուծումը։
-Այո, լարվածություն կա, և այն մեղմելու համար որևէ ջանք չի գործադրվում, իրական ծրագիր չի մշակվում։ Վերջերս մամուլում մի վերլուծություն կարդացի, ըստ որի, մեկ տարվա ընթացքում ոստիկանությունը Ջավախքում երեք-չորս հազար մարդու նկատմամբ տարբեր գործեր է հարուցել և միջինը 10000 լարի տուգանք գանձել, ինչը հավասար է 7000 դոլարի։ Երեք-չորս հազարով բազմապատկելու դեպքում դա մի գումար է, որն ավելի է, քան ամբողջ Ջավախքի հողային ֆոնդից ստացվող եկամուտը։ Եթե անգամ այդ տվյալների տասը տոկոսն է համապատասխանում իրականությանը, միևնույն է, դրանից արդեն ռեպրեսիաների հոտ է գալիս։
-Միգուցե Հայաստա՞նն էլ պետք է որոշակի սանկցիաներ սկսի կիրառել։ Մասնավորապես, այն վրացի գործիչների նկատմամբ, ովքեր Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ անհարգալից արտահայտություններ են թույլ տալիս։
-Եթե խոսքը պետությանը հասցված վիրավորանքի մասին է, ապա Սաակաշվիլին մի քանի անգամ ինքն է հրապարակավ նման հայտարարություններ արել. առաջին անգամ, երբ նոր էր նախագահ ընտրվում, երկու անգամ էլ` վերջին շրջանում։ Ճիշտն ասած, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ հայ-վրացական հարաբերություններում հակադրությունը կարող է հանգուցալուծում դառնալ կողմերից մեկի համար։ Մենք պետք է ուղղակի ակտիվ աշխատենք Վրաստանի հետ։
Միաժամանակ ես դեմ եմ, երբ հայտարարվում է, թե հայ-վրացական հարաբերություններում պրոբլեմներ չկան։ Բազմաթիվ են այդ պրոբլեմները, իսկ ամենամեծ պրոբլեմն այն է, որ հարևան պետություններ լինելով, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ այլ բնագավառներում մենք հարևանների նման չենք։ Չկան զուգահեռ համաձայնեցված գործողություններ, գոյություն չունի կառուցողական հարաբերությունների այն կառուցվածքը, որ պետք է հանգեցներ երկու պետությունների շահերի համադրման։ Թեպետ Հարավային Կովկասում հնարավոր չէ, որ երեք երկրներից մեկի համար շատ լավ լինի, մյուսների համար` վատ, մեկը բուռն զարգացում ապրի, մյուսը` հետընթաց։ Հարավային Կովկասում այդպես լինել չի կարող, որովհետև տարածաշրջանը միասնական օրգանիզմ է, ադրբեջանական նավթի էյֆորիան էլ ժամանակավոր բնույթ ունեցող բան է և չի կարող Ադրբեջանի համար, Վրաստանի ու Հայաստանի համեմատ, աննախադեպ զարգացում ապահովել։
Մտահոգիչ է այն, որ Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում վերածվել է պրոբլեմի, մինչդեռ պետք է լիներ կամուրջ։ Համամիտ եմ, որ ստեղծված խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե բարդությունները խորացնել, բայց դա Հայաստանից ու Ջավախքից կախված չէ, մանավանդ, եթե Վրաստանի քաղաքականությունը գնալով կոշտանում է։ Մենք պետք է կարողանանք հասկացնել Վրաստանին, որ սա կհանգեցնի վտանգավոր զարգացումների։ Եվ պետք չէ կառչել այն մտքից, որ եթե Ջավախքը չլիներ, Վրաստանի հետ խնդիրներ չէին լինի։ Այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում Վրաստանի համար հաջորդ խոչընդոտ կարող է դիտվել Հայաստանը։
-Այսինքն, շքանշաններ բաժանելը լավ է, բայց...
-Հասկանալի է, որ երբ ժամանում է հարևան երկրի նախագահը, գոյություն ունի պետական արարողակարգ, որը ենթադրում է նաև շքանշանի հանձնում։ Սաակաշվիլու համար միգուցե հաճելի էր շքանշան ստանալը, մեզ համար` հանձնելը, բայց այդ ամենին զուգահեռ պետք է լինի հարաբերությունների չերևացող մասը։ Այսինքն, կոնկրետ խնդիրներով զբաղվող համատեղ աշխատանքային խումբ, որը նստած, բաց տեքստով աշխատում է և փորձում գտնել շահերի համադրության բանալին, ճշտել համատեղ հետաքրքրությունները բոլոր ոլորտներում։ Անկախության այս տարիներին հայ-վրացական ոչ մի համատեղ ձեռնարկություն չի ստեղծվել ու չի գործում։ Չէ՞ որ սա հարաբերությունների ցուցանիշ է նաև։ Փոխադարձ շահերը պետք է ճշտել և դրանց հիմքի վրա կառուցողական, փոխշահավետ հարաբերություններ կառուցել։ Հակառակ դեպքում բոլորովին չի բացառվում, որ Շիրակ Թորոսյանի կանխատեսումն իրականություն դառնա։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ