ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱՅԴԵՆԻՑ ԶԵՆՔ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԿԽՆԴՐԻ
Հինգշաբթի օրը Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենից խնդրել է ամերիկյան ժամանակակից սպառազինություն, ռազմական օգնություն, ինչպես նաև անզեն դիտորդներ` Մոսկվայի աջակցությամբ Վրաստանից անջատված շրջանների սահմանների երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու նպատակով, տեղեկացրել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:
Պաշտոնյան, որը խոսել է իր անունը չհրապարակելու պայմանով, նշել է, որ Բայդենն ԱՄՆ-ի կողմից որևէ ռազմական օգնություն չի խոստացել: Ըստ նրա, Վրաստանը, մասնավորապես, հակատանկային և հակաօդային սպառազինություն է խնդրել:
Ռուսաստանը կտրականապես դեմ է Վրաստանի վերազինմանը և հրապարակավ նախազգուշացրել է, որ կնվազեցնի կամ կդադարեցնի ռազմական համագործակցությունն այն երկրի հետ, որը ռուսական արտադրության զենք կմատակարարի Վրաստանին։ Սա բացահայտ սպառնալիք է ՈՒկրաինային:
Ըստ աղբյուրի, նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ զրույցում Բայդենն ընդգծել է, որ Վրաստանը չպետք է ռազմական ուժ կիրառի անցյալ տարի Ռուսաստանի դեմ կարճատև պատերազմի պատճառով առանձնացած երկու շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով և նախազգուշացրել է, որ Վրաստանը չձեռնարկի այնպիսի գործողություն, որը կարող է պատասխան ռազմական գործողությունների դրդել Ռուսաստանին:
Պաշտոնյայի խոսքով` փոխնախագահը լավ գիտի Սաակաշվիլուն և «առանց կաշկանդվելու կարողանում է կտրուկ և շիտակ խոսել նրա հետ»:
Պաշտոնյան լրագրողների հետ ճեպազրույց է անցկացրել խորհրդարանում Բայդենի ելույթից առաջ, որում վերջինս պետք է հաստատեր Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանին` միաժամանակ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:
Սաակաշվիլին ասել է, որ հինգշաբթի օրվա բանակցություններից առաջ` չորեքշաբթի օրը, ինքը և Բայդենը ոչ պաշտոնական զրույց են ունեցել 40 միլիոն դոլար արժողությամբ նախագահական նստավայրի ապակեպատ առաստաղով ճաշասենյակում:
«Ինչպես Ձեզ ասացի, Վրաստանում «անվճար ընթրիք» հասկացություն չկա»,- Բայդենին ասել է Սաակաշվիլին` բացահայտ ակնարկելով ռազմական աջակցությունն ընդլայնելու Վրաստանի խնդրանքը: Վրաստանի առաջնորդը, որը շարունակ ժպտում էր և Բայդենին դիմում որպես «Ջո», քննարկումները «շատ արդյունավետ» անվանեց: Բայդենն ավելի զուսպ էր թվում և Սաակաշվիլուն անվանում էր «պարոն նախագահ»: Խոսելով ԱՄՆ-Վրաստան կապերի մասին` նա միաժամանակ աջակցություն հայտնեց այն քաղաքական բարեփոխումներին, որոնց մասին շաբաթվա սկզբին հայտարարել էր Սաակաշվիլին` հակադարձելով մեղադրանքները, թե ինքը բռնապետի է վերածվել:
«Մենք այստեղ ենք` խոսելու ձեր անվտանգության, տնտեսության, ձեր ժողովրդավարության հարցերի և այն քայլերի մասին, որ Դուք ձեռնարկում եք ձեր ժողովրդավարությունն ամրապնդելու համար»,- ասել է նա Սաակաշվիլուն:
Ավելի ուշ Բայդենը մասնավոր զրույց է ունեցել ընդդիմության առաջնորդների հետ, այդ թվում` Սաակաշվիլու գլխավոր հակառակորդների` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ:
Սպիտակ տունը խուսափել է Վրաստանին հրապարակավ օգնություն, զենք կամ դիտորդներ խոստանալուց, թեպետ ասում է, որ սատարում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հայտին` չնայած Ռուսաստանը կտրականապես դեմ է դրան:
Անցած տարվա օգոստոսին, Ռուսաստանի դեմ պատերազմում Վրաստանի կրած պարտությունից կարճ ժամանակ անց, ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլարի օգնություն տրամադրեց Վրաստանին: Սակայն մինչև հիմա Վաշինգտոնը, հաշվի առնելով Մոսկվայի նախազգուշացումները, թե այդպիսի քայլը կմեծացնի նոր հակամարտության վտանգը, Վրաստանի զինված ուժերին չի տրամադրել զինամթերք, որով Վրաստանը կփոխարիներ պատերազմում կորցրածը: Վրաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Նարդայայի խոսքով` ինքը չի կարող ասել, թե ինչ չափի ռազմական օգնություն է ակնկալում Վրաստանը, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է, սակայն նշել է, որ խոսքը պաշտպանական բնույթի սպառազինության մասին է:
Պաշտոնական Մոսկվան ասել է, որ Վրաստանի վերազինման դեպքում ինքը ձեռքերը ծալած չի նստի:
«Մենք կշարունակենք խոչընդոտել Սաակաշվիլու վարչակարգի վերազինմանը և կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության` ասել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքով` սա բխում է հունվարին նախագահի արձակած հրամանագրից:
ՈՒկրաինան զենք է մատակարարել Վրաստանին անցյալ տարի ռուս-վրացական հակամարտության ժամանակ, իսկ Բելառուսն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի օգնությամբ անջատված տարածքների նկատմամբ Վրաստանի հավակնություններին: Երկու նախկին խորհրդային հանրապետություններն էլ ռազմական կապեր ունեն Ռուսաստանի հետ:
Բայդենը չորսօրյա առաքելություն է իրականացնում ՈՒկրաինայում և Վրաստանում, որպեսզի ցույց տա ԱՄՆ-ի աջակցությունն այս երկու երկրներին, որտեղ արևմտյան ոճի ժողովրդավարությունները պայքարում են խաղաղ հեղափոխություններ իրագործելու փորձերի և նախկին խորհրդային հանրապետությունների վրա ազդեցություն ունենալու Ռուսաստանի վճռականության դեմ:
Սակայն ուղևորության ընթացքում Բայդենի ուղերձն առայժմ այն է, որ Օբամայի վարչակազմի` Կրեմլի հետ բարեկամական հարաբերությունները վերականգնելու նպատակը չի իրականացվի տարածաշրջանում ԱՄՆ-ի ժողովրդավար դաշնակիցներին տրամադրվող աջակցությունը նվազեցնելու հաշվին: «ԱՄՆ-ը չի ճանաչի նաև նախկին խորհրդային պետությունների տարածքում իր բացառիկ ազդեցությունն ունենալու Մոսկվայի հավակնությունները»,- ասել է նա:
Սակայն ԱՄՆ-ի փոխնախագահն ՈՒկրաինայի և Վրաստանի առաջնորդներին նաև հորդորել է հարթել արևմտամետ քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները, որոնք ՈՒկրաինայում ջլատել են կառավարությունը, իսկ Վրաստանում շաբաթներ ձգվող հակակառավարական բողոքի փողոցային ցույցերի են հանգեցրել:
Մինչ Բայդենի ժամանումը Թբիլիսի, Սաակաշվիլին հայտարարեց մի շարք քաղաքական բարեփոխումների, այդ թվում` մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելու մասին: Սակայն հարյուրավոր վրացի ոստիկաններ նաև ստիպված են եղել հեռացնել տասնյակ մետաղական ճաղավանդակները, որոնք բողոքարարները տեղադրել էին խորհրդարանի շենքի առջև` Թբիլիսիի կենտրոնական փողոցի երթևեկությունն արգելափակելու նպատակով: Դրանք ծաղրական բանտախցեր էին, որ նախատեսված էին խորհրդանշելու, ինչպես ընդդիմությունն է ասում, Սաակաշվիլու բռնատիրական իշխանությունը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի արտասահմանյան
մամուլի տեսություն էջից