ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իսրայելա-լիբանանյան հակամարտություն

Իսրայելա-լիբանանյան հակամարտություն
29.09.2024 | 20:53

Ինչպես և Իսրայելը հայտարարել էր՝ «գալու է պատժի ժամը»:

Իսրայելը նախորդ գիշեր ավելի քան 40 հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիա շրջանի տարբեր հատվածներում գտնվող բնակելի շենքերին, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին:

Կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ:

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, հատուկ օպերացիայի շրջանակներում հարվածել են նաև «Հեզբոլլահ»-ի կենտրոնական շտաբին, որը գտնվում էր Բեյրութի Դահիա շրջանում՝ բնակելի տան տակ, ստորգետնյա տարածքում:

Հարվածը տեղի է ունեցել այն պահին, երբ «Հեզբոլլահ»-ի բարձրագույն ղեկավարությունը գտնվում էր իր շտաբում և ըստ «ՑԱԽԱԼ»-ի՝ համակարգում էր ահաբեկչական գործունեություն Իսրայելի քաղաքացիների դեմ:

Արդյունքում՝ սպանվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան։

Բացի Նասրալլայից, ոչնչացվել են նաև «Հեզբոլլահ»-ի այլ բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԻՀՊԿ-ի (Իրանի հեղափոխության պահապանների կորպուս) հրամանատար, գեներալ Աբբաս Նիլֆարուշանը:

Նասրալլան «Հեզբոլլահ»-ի առաջնորդն էր 1992 թվականից, երբ փոխարինեց կրկին սիոնիստական ռեժիմի կոմից սպանված Աբբաս Ալ-Մուսավիին:

Նա առանցքային դեր էր խաղում հատկապես տարբեր իրանական ու պրոիրանական ուժերի միջև համակարգված աշխատանքներում, հետևաբար՝ վերջինիս մահը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանում կազմակերպության հետագա գործողությունների վրա:

Նա յուրահատուկ հարգանք էր վայելում և հեղինակություն էր հատկապես Իրանի ղեկավարության մոտ:

Նրա պատվին Իրանում և Իրաքում այս պահին սուգ է հայտարարված:

«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար նշանակվեց Հաշեմ Սաֆիուդդինին:

Այսպիսով՝ Իսրայելը փաստացի պատերազմ է հայտարարել Լիբանանին ու անում է առավելագույնը Իրանին պատերազմի մեջ ներքաշելու համար:

Որպես պատասխան Լիբանանի բանակը հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսին, սակայն «Երկաթե գմբեթը» կարողացել է չեզոքացնել այն:

Իսրայելի բանակի ԳՇ պետը հայտարարել է, որ իրենք չեն բավարարվելու միայն «Հեզբոլլահի» առաջնորդին լիկվիդացնելով և որ թող սպասեն նոր հարվածների:

Իսրայելում հայտարարվել է պահեստազորի 100%-անոց մոբիլիզացիա։

Կոչ է հղվել Բեյրութի որոշ թաղամասերի բնակիչներին, որպեսզի լքեն իրենց տները։ Հստակորեն նախանշվում է ցամաքային ներխուժում Լիբանան։

Այն, որ «Մոսադը» շարունակում է ցույց տալ, թե ինչ է նշանակում «հատուկ ծառայություն» ասվածը՝ փաստ է:

Որ ուժեղ է ու հաղթում է այն երկիրը, որը ունի խնդիրը ճիշտ ձևակերպող ու այդ խնդիրը ճշգրիտ կատարող հատուկ ծառայություն՝ դա ևս փաստ է:

Փաստացի՝ «Մոսադը» որտեղ ուզում, ինչ ուզում ու ինչպես ուզում իրականացնում է։

Նպատակն ու մարտավարությունը պարզ է.

լիկվիդացնել հակառակորդների ղեկավար անձնակազմին, այդկերպ պարալիզացնել ու փլուզել համակարգերը, որոնք այլևս ի վիճակի չեն լինի դիմադրություն ցուցաբերել:

Սակայն այստեղ կա մի բայց.

Միամիտ կլինի կարծել, որ Նասրալլահի և մի շարք բարձրաստիճան հրամանատարների սպանությամբ «Հեզբոլլահ»-ին հասցված հարվածը անդառնալի է։

Տասնամյակներով փորձը ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքում նման կառույցների դեմ «առաջնորդին վերացնելու» միջոցով պայքարն անարդյունավետ է:

Կառույցները հիմնահատակ չեն ոչնչանում: Նահատակված ղեկավարներին փոխարինում է հաջորդը, որը շարունակում է նախորդի գործը:

Մուսավիի սպանությունից հետո սիոնիստական ռեժիմը հաստատում էր այն թեզը, թե Ալ-Մուսավիի մահվանից հետո «Հեզբոլլահ»-ն դատապարտված է, սակայն այդ կառույցը ոչ միայն չտապալվեց այլև նոր ղեկավարի՝ Հասան Նասրալլայի ղեկավարմամբ էլ ավելի կայացավ ու հզորացավ՝ կառուցելով մի շարք ենթակառուցվածքներ։

«ՀԱՄԱՍ»-ի ղեկավար Իսմաիլ Հանիայի սպանությունից հետո էլ , սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները միաբերան կրկնում էին, թե Հանիայի սպանությունը «ՀԱՄԱՍ»-ի վերջն է:

Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը «ՀԱՄԱՍ»-ն առ այսօր շարունակում է իր պայքարը։

Այսպիսով՝ իրադարձությունների տրամաբանական շղթան որևէ կասկած չի թողնում, որ ժամանակին՝ Իրանի Հեղափոխության Կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին, հաջորդիվ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և բարձրաստիճան ղեկավարները, վերջերս՝ «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական առաջնորդըը, իսկ այսօր՝ «Հեզբոլլահի» առաջնորդը ևս սպանվել են «Մոսադի» ձեռքով, սակայն Իրանը հասկանալի պատճառներով դրա մասին չի կարող հայտարարել։

Ինչպե՞ս հայտարարել, որ երկրի նախագահը թշնամու հատուկ ծառայության կողմից սպանվել է հենց իր երկրի սուվերեն տարածքում։

Որ սեփական ՀՕՊ համակարգն անարդյունավետ է:

Որ այդ ամենի արդյունքում սեփական երկրում վտանգված են մի շարք այլ բարձրաստիճան ղեկավարներ ու հոգևոր առաջնորդներ:

Սրանք դեռ հնչեղ անուններն են:

Նրանցից բացի պարբերաբար սպանվում են մի շարք իրանցի բարձրաստիճան զինվորականներ ևս։

Այս ամենը փաստում մեկ այլ բան ևս.

որ Նաթանյահուի ձեռքերը Բայդենի վարչակազմն այնպես է արձակել, որ նա դարձել է անկառավարելի մի հրեշ, որն իրեն թույլ է տալիս Մերձավոր Արևելքը վերածել լայնածավալ պատերազմների թատերաբեմի:

ՄԱԿ-ի անդամ, անկախ ու ինքնիշխան երկիր հանդիսացող Լիբանանի տարածքում Իսրայելը ռազմական հանցագործություններ է իրականացնում և այն Հավաքական Արևմուտք, որը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ նույնը անելու համար, բացարձակ ձայն չի հանում:

Դե իսկ ԱՄՆ-ն սպառնում է պատժել ցանկացած երկրի, որը կհամարձակվի որևէ կերպ խոչընդոտել Իսրայելին։

Սա գալիս է նաև ապացուցելու, որ դելիմիտացված ու դեմարկացված սահմաններն ու միջազգային իրավունքն իրենցից ոչինչ չեն ներկայացնում:

Որ դրանք ոչ մի բան են պատերազմներ թույլ չտալու կամ այն կանխելու տեսանկյունից։

Եվ եթե կա ցանկություն պատերազմելու, ապա պատրվակ միշտ էլ ստեղծվում է։

Այս պահին աշխարհն ուշիուշով սպասում է Իրանի արձագանքին:

Նախագահ Փեզեշքիանին հայտարարել է, որ Իսրայելի արարքն անպատասխան չի մնա:

Բնականաբար, ԱՄՆ-ի ցանկությունն ու նպատակն էլ հենց դա է:

Որպեսզի Իրանը ներքաշվի անմիջական ռազմական գործողությունների մեջ:

Իհարկե, Իրանը լինելով խորքային պետություն հասկանում է, որ սա ծուղակ է:

Իհարկե, հնարաէորքւթյունները շատ են՝ իսրայելական տարածքի հերթական ռմբակոծումից և լայնածավալ էսկալացիայից մինչև տեսանելի արձագանքի բացակայություն։

Այս պահին կարծես թե կարելի է ասել, որ Իրանի «ստրատեգիական համբերությունը» կշարունակվի, սակայն ոչ առանց պատճառված վնասը վերականգնելու լուրջ ջանքերի։

Ի նկատի ունենալով Իրանի ռազմաստրատեգիական պոտենցիալը, այդուհանդերձ, պետք է վերանայել ու ճիշտ գնահատել Իրանի իրական ուժերն ու կարողությունները, ինչպես նաև պատերազմի մեջ ներգրավվելու դեպքում հավանական սցենարներն ու վերջնարդյունքը:

Որքան էլ, որ առաջին հայացքից Իրանը վերոնշալ հանգամանքներով պայմանավորված չի ներքաշվում պատերազմի մեջ, այդուհանդերձ հասկանալի է, որ պատրաստ չէ այն հնարավոր զարգացումներին, որոնք կլինեն պատասխան տալու պարագայում։

Իհարկե, առանց թերագնահատելու Իրանի ռազմական պոտենցիալը, այդուհանդերձ հաշվարկները ցույց են տալիս, որ նման բախումից Իրանը չի կարող դուրս գալ հաղթանակած:

Հետևաբար՝ նման սցենարի դեպքում Իրանի կշիռը թուլանալու է և հեղինակազրկվելու է միջազգային ասպարեզում:

Ուստի, պաշտոնական Թեհրանը չի շտապում:

Եվ հետո, Թեհրանի դիրքորոշումը հետևյալն է. ռազմական միջամտություն միանշանակ կլինի այն ժամանակ, երբ Իսրայելը հարվածի կոնկրետ Իրանի սուվերեն տարածքին:

Իրանի ղեկավարությունը նաև հասկանում է, որ հիմա նախաձեռնությունը Իսրայելի ձեռքում է ու եթե Իրանին չհաջողվի նրանից խլել այդ նախաձեռնությունը ու նախահարձակությունը, ապա կարելի է ասել ու իր վիճակը ոչ միայն շատ ծանր է լինելու, այլ որպես պետություն կարող է կորցնել այն ամենը ինչը ստեղծել է վերջին տասնամյակներում: Այսպես կոչված՝ «դիմադրության առանցքը» ուղակի կարող է փլուզվել:

Դե իսկ սիոնիստական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Հեզբոլլահ»-ից հետո հաջորդը կլինի Եմենի Հութիների՝ «Անսարուլլահ» կազմակերպությունը:

Սա խոսուն փաստ է այն մասին, որ Իսրայելը կանգ չի առնելու, մանավանդ, որ կանգնեցնող չկա:

Իսրայելի համար իրավիճակը կփոխվի, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններին հաղթանակեն Դեմոկրատները։

Նաթանյահուն շատ լավ հասկանաում է դա և փորձում է ամեն գնով պատերազմի մեջ ներքաշել Իրանին, ինչի հետևանքով ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել կոնֆլիկտին։

Իսկ Իրանը, ինչպես տեսնում ենք, չի տրվում սադրանքներին ու չի ներքաշվում պատերազմի մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր շահերից որևէ կերպ չի կարող բխել Իրանի ներքաշվելը որևէ ռազմական բախման մեջ:

Պատճառահետևանքները կարծում եմ պարզ են ու հասկանալի, ժամանակին նաև իմ կողմից թվարկված:

Հետևենք զարգացումներին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4560

Մեկնաբանություններ