Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ճգնաժամը ստիպում է ավելի էֆեկտիվ ծախսել գումարները կամ ավելի ռեալ վերաբերվել առողջապահությանը»

«Ճգնաժամը ստիպում է ավելի էֆեկտիվ ծախսել գումարները կամ ավելի ռեալ վերաբերվել առողջապահությանը»
01.05.2009 | 00:00

«ՊԻՏԻ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵՆՔ ԱՇԽԱՏՈՂ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ

-Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպե՞ս է անդրադառնում առողջապահության ոլորտի վրա. Ազգային ժողովում կա՞ն կամ կլինե՞ն օրինագծեր` ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով:
-Միանշանակ` ֆինանսատնտեսական ճգնաժամը ներգործում է մարդկանց առողջության ու առողջապահության ոլորտի վրա: Այդ խնդիրների շուրջ վերջերս Նորվեգիայում` Օսլոյում, անցկացվեց առողջապահության նախարարների և բարձրաստիճան կազմակերպիչների մեծ համաժողով, որին Հայաստանի պատվիրակությունն էլ էր մասնակցում: Ես նույնպես առաջարկներ ներկայացրի: Նմանատիպ ճգնաժամերի ժամանակ մի քանի լուրջ խնդիրներ են առաջանում. նախ` ինչպե՞ս պահպանել առողջապահական ծառայությունների մատչելիությունը, ապա` ինչքանո՞վ է բարեկեցիկ մնում մարդկանց վիճակը, որովհետև նաև բարեկեցությունից է կախված նրանց առողջության մակարդակը: «Առողջություն» հասկացությունն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի դիտարկում որպես հիվանդությունների բացակայություն, այլ ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարվոք վիճակ: Դա ավելի համալիր խնդիր է: Երբ մարդու սոցիալական վիճակը վատանում է, առողջական խնդիրները նույնպես դժվարանում են` և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական առումով: Եթե առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի կողմից, բոլոր երկրների համախառն ներքին արդյունքի անկումը բերում է բյուջետային մուտքերի պակասի, որի պատճառով որոշակի լարվածություն է ստեղծվում առողջապահության ֆինանսավորման առումով: Մյուս կողմից, եթե նմանատիպ իրավիճակում որոշում ընդունվի, թե ինչ-որ մաս պետք է փոխանցել մասնավոր վճարներին, դրան զուգահեռ բոլոր օղակներում գնողունակության անկման պատճառով խնդիրներ են առաջանում, և այդ իրավիճակում պետք է ավելի շատ աշխատի համերաշխության մոտեցումը: Պետությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել իր գերակայությունները։ Թվում է, թե ճգնաժամի ժամանակ առաջին գերակայությունը միջամտություններն են, որոնք կարող են օգնել ճգնաժամից դուրս գալ ավելի շատ տնտեսական գործիքներով: Բայց իրականում այնքան էլ այդպես չէ, որովհետև միայն այդ միջամտությունները ոչնչի չեն բերի: Եթե ճգնաժամի ժամանակ պետությունները չկարողանան ճիշտ գնահատել բնակչության առողջության և սոցիալական վիճակի գերակայությունները, դա կհանգեցնի ճգնաժամի խորացմանը: Այդ առումով, եթե նույնիսկ պետական բյուջեն պետք է վերանայվի կամ վերաբաշխվի, սոցիալական ոլորտի հատկացումները չպետք է կրճատվեն:
-ՀՀ վարչապետը մի քանի անգամ շեշտել է, որ ինչ կրճատումներ էլ ճգնաժամի պատճառով լինեն, սոցիալական ոլորտի հատկացումները չեն կրճատվելու, բայց ստեղծված պայմաններում դա բավարա՞ր է, եթե հաշվի առնենք, որ բյուջեն կազմվել է ոչ ճգնաժամային իրավիճակի համար։
-Այո՛, առաջինը ՀՀ նախագահը նման ուղերձով հանդես եկավ և նրա ուղերձը դարձավ ուղեցույց, վարչապետն էլ մի քանի անգամ հավաստել է, որ սոցիալական ոլորտի հատկացումները կմնան անփոփոխ:
-Այնուամենայնիվ, կենսամակարդակի անկման պատճառով մենք հիմա ունենք այլ իրավիճակ, որը բերել է ավելի բարդ խնդիրներ, ուրեմն և անհրաժեշտ են ավելի մեծ հատկացումներ:
-Մի կողմից, մենք պիտի կարողանանք պահել այն, ինչ որոշել ենք, մյուս կողմից, արդեն պետք է լինի այլ մոտեցում: Օրինակ` մենք փոխեցինք միջնաժամկետ ծրագրերի կազմման մոտեցումը, որովհետև պլանային կարգով միջնաժամկետ ծրագրերի հաստատումը համապատասխանում էր նորմալ, ոչ ճգնաժամային պայմաններում պլանավորմանը, իսկ ճգնաժամային պայմաններում, առաջին հերթին, պետք է ձգտենք սոցիալական ոլորտի ֆինանսավորումը պահել, երկրորդ հերթին` մոնիտորինգի և ուսումնասիրությունների հիման վրա տեսնենք, թե որտեղ ինչ խնդիրներ են առաջանում, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխենք սոցիալական ծրագրերի ուղղությունը: Չի բացառվում, որ կարող են ավելանալ այն մարդկանց նպաստները, ովքեր կորցրել են աշխատատեղը, կամ` կառավարությունը որոշի վարկային միջոցների հաշվին նոր աշխատատեղեր ստեղծել, և իրականացվեն վերամասնագիտացման դասընթացներ: Ամբողջ խնդիրն այս աշխատանքները սահուն իրականացնելն է, որ խնդիրները չկուտակվեն:
-Այդ շրջագծում հնարավո՞ր է պետպատվերի վերաբաշխում:
-Իմ կարծիքով, տարբեր երկրների փորձի հետ շփվելով` ստացած տեղեկությունների ու գիտելիքների հիման վրա առողջապահության մեջ կարող են լինել վերաբաշխումներ: Օրինակ` եթե ունենք թանկարժեք սարքավորումների ձեռքբերման բյուջե, նման ծախսերը կարող են հետաձգվել և ավելացվել սոցիալական խավի կարիքների բավարարմանն ուղղված ներդրումներին: Գլոբալ առումով բյուջեն կարող է պահպանվել, բայց ներսում կառուցվածքի փոփոխություններ կլինեն: Մենք ունենք լուրջ ռեսուրսներ, որոնց մինչև հիմա ավելի լոյալ ենք վերաբերվել: Հաճախ ասում են` ի՞նչ դրական դասեր կարող ենք քաղել ճգնաժամից: Մի կողմից ասում ենք` ճգնաժամը ոչ մի դրական ազդեցություն չունի, որովհետև բոլորիս հետ է գցում, մյուս կողմից` իսկապես պետք է խոստովանել, որ ճգնաժամը ստիպում է ավելի էֆեկտիվ ծախսել գումարները կամ ավելի ռեալ վերաբերվել առողջապահությանը: Բոլորս էլ գիտենք, որ առողջապահության համակարգում կան վճարումներ, որոնք առայժմ ստվերում են, այդ վճարումները վնասում են ամբողջ հասարակությանն ու պետությանը: Առողջապահությունն այնպիսի ոլորտ է, որ չի կարող խնդիրներ չունենալ. օրինակ, ժամանակին խնդիր էր վարակիչ հիվանդություններից մահացության մեծ տոկոսը, հիմա այդ հիվանդություններից մահացությունը 1 տոկոս է, իսկ ոչ վարակիչ հիվանդություններից` դիաբետից, սրտանոթային հիվանդություններից, չարորակ ուռուցքներից` 85 տոկոս։ Ակնհայտ է, որ նոր խնդիրներ են առաջանում: Ամենադժվարը առողջապահության կազմակերպությունների մակարդակով կառավարման խնդիրներն են: Չկան բոլորի համար ընդհանուր և ընդունելի մոտեցումներ: Մի հիվանդանոցում բուժումը մի գին կարող է ունենալ, այլ հիվանդանոցում` այլ գին: Պարզ չէ, թե ինչն է փոխված` սպասարկո՞ւմը, բուժման որա՞կը: Այսօր արդեն հրամայական է դարձել ոչ լեգալ վճարումներն օրինականացնելը, գուցե բուժաշխատողներն այնքան էլ ուրախ չլինեն այդ օրինականացումից։
-Բայց իրենց աշխատավարձն էլ է, չէ՞, բարձրանալու:
-Այո՛, դա կբերի աշխատավարձերի բարձրացման, բայց ոչ միայն անհատ բուժաշխատողների, այլև ամբողջ անձնակազմի, որի միջոցով իրականացվում են բժշկական ծառայությունները: Այս դեպքում թվում է` եկամտահարկի վճարումներից կորուստներ են լինելու, իրականում դա կորուստ չէ. սոցիալական հասարակության մեջ բոլոր եկամուտ ունեցող քաղաքացիները պիտի եկամտահարկ վճարեն: Եթե չլինի այդ համերաշխությունը, չենք կարող զարգացնել պետությունը: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ ինքը խնդիրներ չի ունենալու, ուստի պիտի այսօր մասնակցի այդ խնդիրների լուծմանը, որ վաղն ինքն էլ օգնություն ստանա:
-Փաստորեն, ճգնաժամը ստեղծում է ոլորտի կառավարումը կարգավորելու անհրաժեշտություն, դրանից բխո՞ւմ են օրենսդրական փոփոխություններ, թե՞ այդ կարգավորումը կարող է լինել և աշխատանքային կարգով` որոշումներով և ակտերով:
-Այդ փոփոխությունները պահանջում են օրենսդրական լուծումներ, իհարկե, որոշ հարցեր կարող են լուծվել նաև ենթաօրենսդրական ակտերով ու կարգադրություններով: Բայց գլոբալ խնդիրը կարգավորվելու է առողջապահության մասին օրենքի փոփոխություններով, որոնց վրա կառավարությունն աշխատում է և շուտով ներկայացնելու է Ազգային ժողովին: Փոփոխություններով ավելի պիտի խստացվեն բուժհաստատությունների լիցենզավորման պայմանները. պետության տված գումարը հենց այնպես չպիտի ծախսվի, օրինակ, պետությունը 8 հաստատության գումար է տվել և տեսնում է, որ 3-ի ցուցանիշները բավարար չեն, և շատ քիչ մարդիկ են նրանց դիմում: Նշանակում է, եթե պետությունը բարելավման խնդիր է դրել, և խնդիրը չի լուծվել, իր ռեսուրսները չպիտի տա նրանց, որովհետև նրանք չեն կարողանում այդ ռեսուրսներով որակյալ ծառայություններ մատուցել: Ինչքան էլ լոկալ կազմակերպությունը տուժի, հարյուրավոր մարդիկ շահելու են, որովհետև այլ հաստատությունում ստանալու են ավելի որակյալ բուժօգնություն:
-Լիովին Ձեզ հետ համաձայն լինելով` չեմ կարող չասել` տեսությունը մի բան է, կյանքը` մի բան, իսկ եթե գործի տարածված սկզբունքը` յուրայիններին` ամեն ինչ, օտարներին` ինչ կմնա` առանց որակին ուշադրություն դարձնելու կամ նույնիսկ նյութական խնդիրների լուծմամբ անհավասար մրցակցություն ստեղծելով:
-Մենք պետք է դրսևորենք քաղաքական կամք` առաջին, և երկրորդ` նրանք, ովքեր արդեն այդ դաշտում են, իրականում իրենց խաբված են զգում, եթե մենք չերաշխավորենք, որ բոլորը կմտնեն այդ դաշտ: Մի քանի օր առաջ խոսում էի «Ներսես Մեծ» հիվանդանոցում աշխատող մի բժշկի հետ: Այնտեղ բոլոր վճարումները կատարվում են դրամարկղում, ծառայությունների գնացուցակը պատին փակցված է: Բժիշկն ասում էր, որ, մի կողմից, շատ ուրախ են, որ չեն նվաստանում, փող չեն հավաքում, ընդհանուր գումարից բոլորն իրենց մասը ստանում են, մյուս կողմից, երբ շփվում են այլ հիվանդանոցների աշխատողների հետ, որտեղ նույն աշխատանքի դիմաց, նույնիսկ ավելի ցածր որակի, ավելի շատ գումար են վաստակում, իրենց խաբված են զգում: Իհարկե, նրանք խաբված չեն, խաբողներն ուրիշներն են:
-Իրականում դա մի բուժհաստատության խնդիր չէ, այլ առողջապահության համակարգի:
-Ամեն բուժաշխատող կազմակերպիչ չէ, մենք պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել դաշտը, որպեսզի նրանք կարողանան աշխատել:
-Առողջապահության կազմակերպումը առողջապահության նախարարության ֆունկցիան է, չէ՞:
-Առաջներում լինում էր, որ խնդիրներ էին առաջանում բարձրաստիճան կառավարման իմաստով, նախարարներ էինք փոխում, վերին մակարդակում չունեինք լավ պատրաստված մարդիկ, հիմա այդ խնդիրը չունենք: Բարձրաստիճան գլոբալ ծրագրերի ներդրումն արդեն բարձր մակարդակի վրա է: Հիմա մեր խնդիրները կազմակերպությունների մակարդակում են: Վերադառնալով Ձեր առաջին հարցին, թե ինչպես եմ պատկերացնում Հայաստանում ճգնաժամի պայմաններում ոլորտի անելիքները, ուզում եմ ամփոփել. առաջինը` ես դիտարկում եմ քայլերը միջազգային առումով. մենք պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք օգնել ճգնաժամում հայտնված երկրներին, ճգնաժամի հաղթահարումը միանշանակ միջազգային համերաշխութան խնդիր է: Մեր երկրի մակարդակով մեր խնդիրներն են` պետությունը պիտի իր քաղաքականությունը վարի սոցիալական ոլորտի ֆինանսավորման մակարդակի պահպանումով և ծրագրերի իրականացումով, գերակայությունները որոշելով, միայն առողջության բարելավման, կրթելու ճանապարհով մենք կարող ենք դուրս գալ այդ խնդրից: Մարդուն նախ պիտի սովորեցնես, հետո պահանջես, որ ինչ-որ բան անի, հետո էլ պիտի առողջ պահես, որ կարողանա կատարել: Գլոբալ հաջորդ խնդիրը` մենք պիտի կազմակերպությունների մակարդակով վերահսկողություն իրականացնենք, որպեսզի ռեսուրսները առավելագույնս արդյունավետ ծախսենք: Մենք պիտի վերահսկենք ոչ միայն պետական, այլև բոլոր հատկացումները, և բոլոր` թե՛ պետական, թե՛ մասնավոր վճարումները պիտի էֆեկտիվ ծախսենք:
-Ճգնաժամն առանձնապես տարբերություն չի դնում` աշխատո՞ւմ է մարդը, թե՞ ոչ: Ոչ էլ հիվանդությունն է նայում մարդու աշխատանքային գրքույկին: Հետևանքը` աշխատող թե չաշխատող անվճարունակության պատճառով բժշկին չեն դիմում:
-Մենք պիտի որոշակի պայմաններ ստեղծենք աշխատող խավի համար: Միշտ և տեղին խոսում ենք սոցիալապես անապահով, չաշխատող խավի, հաշմանդամների, տարեցների մասին, բայց չմոռանանք, որ աշխատող խավն է պահում բոլորին: Ըստ հիվանդանոցային ծառայությունների` ոչ մի աշխատող խավ իրավունք չունի պետպատվեր ստանալու: Մենք ստեղծել ենք առողջության առաջնային պահպանում, որը պետք է ձգտի իրականացնել ծառայությունների 80-85 տոկոսը, որոնք հանրամատչելի են ու անվճար, բայց հիվանդանոցային ծառայությունները մնում են վճարովի: Օրինակ, եթե աշխատողը սրտի վիրահատության կարիք ունի, միանգամից չի կարողանալու վիրահատության համար պահանջվող 2 միլիոն դրամը վճարել ու հայտնվելու է աղքատության շեմին կամ, իբրև անվճարունակ, լավագույն դեպքում, դառնալու է հաշմանդամ, եթե ժամանակին անհրաժեշտ բուժօգնությունը չստանա։ Ես կարծում եմ, որ մարդուն հնարավորություն պիտի տրվի ապահովագրելու իր առողջությունը: Եվ ոչ միայն իր, այլև գործատուի հաշվին: Սակայն, գործող օրենքներով, այսօր, եթե գործատուի հաշվին մարդուն ապահովագրում ենք, դա համարվում է եկամուտ` առաջանում է օրենսդրական խնդիր: Եկամտահարկի մասին օրենքում լրացումներ կատարելու միջոցով կարող է առաջարկվել որոշակի գումարի չափ, օրինակ` ամսական 10000 դրամ, որի սահմաններում, եթե գործատուն իրականացնում է իր աշխատողի առողջության ապահովագրում, այդ գումարը չի հարկվում եկամտահարկով: Այս մոտեցումների վերաբերյալ իրենց դրական կարծիքն են հայտնել նաև խորհրդարանի կոալիցիոն քաղաքական ուժերը ներկայացնող մի շարք պատգամավորներ:
-Շատ քիչ մարդիկ կամավոր կապահովագրվեն` գիտակցորեն անհրաժեշտությունն ու կարևորությունն ընդունելով հանդերձ. նրանք պարզապես այդ գումարը կխնայեն սեփական այլ կարիքների համար:
-Մենք չենք առաջարկում պարտադիր ապահովագրություն այս փուլում, որովհետև շատ լավ հասկանում ենք, որ դեֆիցիտը մեծ է, և այն մասով, որ երաշխավորել ենք պետական ապահովագրությունը, պետական բյուջեն իր վրա է վերցնում, եթե պարտադիր լիներ, նշանակելու էր` ևս մի հարկատեսակ ավելացնել ու հավաքագրել այն գումարները, որոնք պետք են: Որպես առաջին փուլ` ճիշտը կամավորն է, և մենք ընտրում ենք կամ որոշակի գումար, կամ աշխատավարձի որոշակի տոկոս: Եթե տոկոս ենք ընտրում, առնվազն 7 տոկոս պիտի վերցնենք, դա նշանակում է միջինը 28 տոկոսին հավելել ևս 7-ը, 35 տոկոսը զարգացող տնտեսության համար կարող է մեծ բեռ դառնալ, այդ պատճառով էլ առաջարկում ենք ոչ թե տոկոս, այլ թիվ:
-Ճգնաժամը Հայաստանում նշանավորվեց նաև նրանով, որ մարտի սկզբից Հայաստանի համարյա բոլոր դեղատներում, որոնք չէին փակվել, դեղերի գները բարձրացան 20-25 տոկոսով: Թանկացումը վերաբերում էր բոլոր դեղերին: Արդյո՞ք թանկացումն արդարացված է և որևէ ձևով փոխհատուցվելու է, Ազգային ժողովն այդ խնդրին անդրադառնալո՞ւ է, թե ո՞չ` հաշվի առնելով, որ շոշափվում են բնակչության բոլոր շերտերի շահերը:
-Իսկապես` մարտի սկզբին դեղերը թանկացան, բայց հիմա գները նորից իջնում են: Այդ 20-25 տոկոսը չպահպանվեց, մյուս կողմից` թանկացումը ոչ թե քմահաճույք էր, այլ պարտադրանք, և թանկացան այն դեղամիջոցները, որոնք ներկրվում են: Սա ևս մի առիթ է մտածելու, որ Հայաստանը պետք է մեծացնի դեղամիջոցների սեփական արտադրությունը: Կտեսնեք, որ 20-25 տոկոս չի մնա, այլ կիջնի աստիճանաբար: Գնային փոփոխությունները կարող են լինել 8-10 տոկոս: Սա նույնպես պետք է ստիպի, որ մենք ճիշտ գնահատենք առողջապահությանը տրվող ռեսուրսները, որպեսզի կարողանանք թանկացումները փոխհատուցել:
-Վտանգ չկա՞, որ թանկանա, հետևաբար և ավելի անմատչելի դառնա նաև բուժսպասարկումը հիվանդանոցներում:
-Բազային աշխատավարձը Հայաստանում 2008-ի համեմատ 25000 դրամից դարձել է 30000 դրամ, և այդ գումարը հաշվարկված է բժշկական ծառայությունների գների մեջ: Ինչ վերաբերում է դեղերի և բժշկական պարագաների թանկացումներին, ապա, այս առումով, ծախսերի ավելացումը կարելի է փակել բյուջետային հատկացումների ներքին վերաբաշխումների միջոցով, որը կապահովի բժշկական ծառայությունների մատչելիությունը:
-Շատ չե՞նք ծանրաբեռնում այդ աշխատավարձը` էլեկտրաէներգիան թանկացավ, գազը թանկացավ, ջուրը թանկացավ, այս թանկացումների հետևանքով բարձրանում են նաև մյուս գները, իսկ աշխատավարձերը, թոշակները մնում են անփոփոխ: Ինչպե՞ս բնակչությունը պահպանի գնողունակությունը և վճարունակությունը:
-Դրա համար էլ ասում ենք, որ սոցիալական ոլորտը կառավարության համար պետք է գերակա ուղղություն լինի: Արդյունավետ չէ ամեն օր օրենսդրական փոփոխություն անելը, մենք ինտենսիվ աշխատում ենք այդ հարցերի վերաբերյալ ճիշտ դիրքորոշումներ մշակել և համակարգի ներսում ռեսուրսները ճիշտ ուղղորդել:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3237

Մեկնաբանություններ