Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ոչ սովորական ասուլիս` շատ սովորական բաների մասին

Ոչ սովորական ասուլիս` շատ սովորական բաների մասին
22.05.2009 | 00:00

Տխուր, շատ տխուր սկսվեց երեկվա ասուլիսը։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, որ օրվա բանախոսն էր, լրագրողները, օպերատորներն ու ակումբի հյուրերը հոտնկայս լռությամբ հիշեցին կյանքից վաղաժամ հեռացած, հանրապետության լավագույն գլխավոր խմբագիրներից մեկին` տաղանդաշատ հրապարակախոս ու շատ սիրելի մարդ Այդին Մորիկյանին։
Լռության ծանր վայրկյաններին հաջորդեց Դավիթ Շահնազարյանի ծանրորեն տխուր ձայնը. «Այդին Մորիկյանի կորուստը ոչ միայն հայ լրագրողական համքարության, այլև ողջ հասարակության կորուստն էր, որովհետև Այդինը սոսկ լրագրող չէր, Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի էր, ով մինչև վերջ մաքառեց ծանր հիվանդության դեմ։ Իրոք անդառնալի կորուստ էր բոլորիս համար»։
ՈՒ թեև դժվար էր այս տխուր սկզբից հետո անցնել «պրոզայիկ» քաղաքականության, մի քանի վայրկյան դադար տալուց հետո Դավիթ Շահնազարյանը, այնուամենայնիվ, «անցավ»։ Եվ որովհետև թեման Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն էր, որն ընդամենը տասն օր անց կհատի վերջնագիծը, ՀԱԿ-ի ներկայացուցիչն իր հակիրճ դիտարկումները շարադրեց դրանց առնչությամբ։
«Քարոզարշավն ուղեկցվում է ռեպրեսիաներով` քաղաքական դատավարություններում որպես վկա հանդես եկողների դեմ։ Հասկանալով, որ այդ «սարքած» գործերն ամբողջովին տապալված են, իշխանություններն աննախադեպ պահվածք են դրսևորում։ Դա ռեպրեսիա էլ չէ, այլ ամենաուղղակի ահաբեկչություն, պետական տեռոր` վկաների դեմ։ Գիտեք, որ դատարաններից ոստիկանությունը նույնիսկ առևանգում է վկաներին, փորձում բոլոր հնարավոր միջոցներով ճնշումներ գործադրել։ Դատապարտել և դատապարտում ենք նման արարքն ու վստահեցնում, որ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ, որովհետև սա ոչ միայն վկաների ու քաղբանտարկյալների, այլև ամենից առաջ մեր պետականության դեմ է ուղղված»։
Հերթական անգամ շեշտելով, թե մայիսի 31-ի ընտրություններում իշխանությունների միակ «հաղթաթուղթ-ջոկերը» շարունակում է մնալ ընտրակեղծիքը, Շահնազարյանն ասաց, թե վարչական ռեսուրսն էլ այս անգամ ցանկալի քանակությամբ ձայներ չի կարողանա ապահովել, ինչպես մեկ տարի առաջ` հանրապետության նախագահի ընտրություններում։
«Իշխանությունը ներկայացնող ուժերի կողմից, ըստ էության, տարվում է քարոզարշավի իմիտացիա։ Նրանք ամեն ինչ փորձում են անել` հանրության ուշադրությունն ընտրարշավից շեղելու համար։ Հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցները ջանում են տպավորություն ստեղծել, թե ընտրարշավ գոյություն չունի։ Ինչո՞ւ։ Որովհետև իշխանությունների հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ այս ընտրություններին երևանցիների մասնակցության տոկոսը հնարավորինս ցածր լինի, քանի որ այդ դեպքում ընտրակեղծիքների հնարավորությունն էապես մեծանում է»,- ասաց ընդդիմադիր գործիչը, ընդսմին վստահեցնելով, որ վարչախմբին, միևնույն է, չի հաջողվելու հանրության ուշադրությունը շեղել ընտրություններից։
Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ինչպես են գնահատում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընտրարշավային բախումները Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները` ի դեմս օրվա բանախոսի։ Իսկ օրվա բանախոսի համոզմամբ` կոալիցիայի ներսում քաղաքական տարաձայնություններ չկան, և եթե ներքևի օղակներում ինչ-ինչ տարակարծություններ էլ ի հայտ են գալիս, ընդհանուր դիրքորոշման վրա դրանք չեն անդրադառնում։ «Ավելին,- ասաց,- կարծում եմ` փորձում են ցույց տալ, թե իբր կոալիցիայի ներսում պայքար կա, հուսալով, թե դա հնարավորություն կընձեռի մի քանի ավելի ձայն պոկել երևանցիներից։ Կրկնեմ` կան քրեական մակարդակի առանձին տարաձայնություններ, բայց, խոշոր հաշվով, դրանք քաղաքական նույն նպատակները հետապնդող ուժեր են` կոալիցիայի ներսում»։
Ընտրությունների «քթի տակ» կոալիցիոն մյուս ուժի` դաշնակցության «ապահարզանը» իրո՞ք սկզբունքային տարաձայնությունների արդյունք էր, թե՞ ՀՅԴ-ն էլ է ընդդիմադիր «խաղեր տալիս»։
«Դաշնակցությունն ընդդիմություն չէ։ Իր ողջ պատմության ընթացքում դաշնակցությունը միշտ եղել է ծայրահեղություն։ Մի՛շտ»,- կարճ կապեց ընդդիմության ներկայացուցիչը։
Անդրադառնալով խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հավաստիացմանը, թե մինչև մայիսի 31-ը համաներում կհայտարարվի, և բոլոր բանտարկյալները (առանց «քաղ»-ի.- Լ. Մ.) ազատ կարձակվեն, Դավիթ Շահնազարյանը թերահավատ հեգնանքով նկատեց. «Մի տարի է նույն բանն են ասում։ Կապրենք` կտեսնենք։ Հերթական անգամ փորձում են հիմարացնե՞լ եվրոպական կառույցներին, թե՞ ոչ։ Չեմ բացառում և ավելի հավանական եմ համարում, որ հերթական անլուրջ փորձն է դա»։
Ընտրություններից տասն օր առաջ տարբեր սոցիոլոգիական կենտրոններ հասարակական տրամադրություններն արտացոլող տարբեր պատկեր են ներկայացնում` հստակ ի ցույց դնելով նաև քաղաքական պատվիրատուի «ականջները», որոնց համապատասխան ՀԱԿ-ը կա՛մ «ֆավորիտի» դերում է հայտնվում` մինչև 70 տոկոս ձայնով, կա՛մ «աուտսայդերի»` 10-ից 15 տոկոսի սահմանը չգերազանցող խղճուկ ռեսուրսով։ ՀԱԿ-ն ինչպե՞ս է գնահատում իր իրական հնարավորությունները։
«Հայ ազգային կոնգրեսի իրական ձայները 80 տոկոսից ավելի են»,- առանց երկմտելու հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։
Իսկ կարողանալո՞ւ են տեր կանգնել իրենց «80»-ին։
«Համենայն դեպս, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընտրակեղծիքների մեխանիզմը չօգնի իշխանություններին` հայտարարելու այն, ինչի մասին իրենք երազում են»,- հավաստիացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչը, չցանկանալով, սակայն, մանրամասնել, թե ինչ ասել է «ամեն ինչ»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ