Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Իրականությունից կտրված ինքնագնահատականը՝ քաղաքակրթական թյուրիմացությունների պատճառ

Իրականությունից կտրված ինքնագնահատականը՝ քաղաքակրթական թյուրիմացությունների պատճառ
24.12.2023 | 07:41

Որևէ հանրության քաղաքակրթական մակարդակի գնահատականը տալու համար առաջին հերթին պետք է տեսնել, թե ինչ նպատակներ են հետապնդում մարդիկ, և ինչ մասշտաբի են դրանք։

Եթե այդ նպատակները մանր, լոկալ բնույթի ու էգոիստական են, ապա այդ հանրությունը, հասարակությունը կամ երկիրը մի կերպ գոյությունը քարշ տվողներից մեկն է՝ առանց լուրջ հեռանկարի։

Հնարավոր է նաև, որ որևէ կասկածելի լրջություն ունեցող հասարակություն անընդհատ խոսի ամպագոռգոռ մեծ նպատակների մասին՝ այդ դեպքում էլ նմանի գործունեությանը ճիշտ գնահատական տալու համար պետք է ստուգել այդ նպատակներին հասնելու նրա հնարավորություններն ու պոտենցիալը և ինքնագնահատականի լրջությունը։

Պարզվում է, որ վերջինս, այսինքն, ինքնագնահատականի լրջությունը, հանրության քաղաքակրթական որակի շատ ավելի ինֆորմատիվ չափորոշիչ է և ունի շատ խոր արմատներ, քան կարող է թվալ մակերեսային մոտեցման դեպքում։

Այդ նպատակով փորձենք նայել մեր ինքնագնահատականի դինամիկան վերջին հարյուր տարում։

Մենք, հարյուր տարի առաջ, ֆիզիկապես ու բարոյապես ոչնչացած և շատ ցածր ինքնագնահատականով, մի կերպ ու մազապուրծ մտանք մեր կյանքի խորհրդային շրջան, կամ էլ մեզ մտցրին խորհրդային կյանք։

Խորհրդային իշխանությունը շատ մեծ փոփոխություն և արմատական բնույթի շրջադարձ էր մեր կյանքում ու, առաջին հերթին, մեր կյանքի անվտանգության ապահովման հարցում։

Ամբողջ մեր պատմության ընթացքում, ինչ որ չէինք տեսել պատից կախ, տեսանք ճակատից կախ, քանի որ մեր կյանքի անվտանգությունը այլևս մենք չէինք ապահովում, այլ հզոր խորհրդային իշխանությունը, և այդպես, մինչև 80-ականների վերջի արցախյան իրադարձությունները։

Սովորաբար և տրամաբանորեն մարդկանց կյանքի անվտանգությունը նրանց գոյության, հետևաբար, նաև ինքնագնահատականի հիմքերի հիմքն է։

Եթե դու չես կարող քո ընտանիքի, քո և ուրիշների կյանքը պաշտպանել, ի՞նչ ինքնագնահատականի մասին կարող է խոսք լինել։

Այս հանգամանքը մեր ինքնագնահատականի հարցում մեզ գցեց խորին թյուրիմացության գիրկը և, վերջին հաշվով չար խաղ խաղաց մեր գլխին, քանի որ կյանքի ֆիզիկական ու նյութական գոյության հիմքերը, այսիքն, անվտանգությունն ու սնունդը, մենք սկսեցինք համարել ինքնըստինքյան հասկանալի ինչ-որ մի բան։

Մենք շփոթեցինք մեր ուժն ու հնարավորությունները խորհրդային իշխանության ուժի ու հնարավորությունների հետ, և այս ուղղությամբ իներցիան այսօր էլ շարունակում է մեզ պահել նույն թյուրիմացության մեջ, չնայած, խորհրդային իշխանությունը արդեն 32 տարի է չկա։

Իսկ հետստալինյան ժամանակաշրջանում մենք մեր թյուրիմացությունների շրջանակը ավելի ընդլայնեցինք՝ կյանքի անվտանգության ու կշտության կենսաբանական բնույթի թյուրիմացություններին ավելացնելով նաև սոցիալական ու, նույնիսկ, քաղաքակրթական բնույթի թյուրիմացություններ։

Խրուշչովյան մասսայական բնակարանային շինարարությունը մեզ վերջնականապես հանեց քարանձավներից և հողաշեն ու գետնափոր տնակներից, սառնարաններն ու հեռուստացույցը փոխեցին մեր կյանքն ու կենցաղը, արտասահմանյան ֆիլմերը լայնացրին մեր մտահորիզոնը, կրթությունն ու գիտությունն էլ իրենց հերթին մեզ ոգեպես բարձրացրին աննախադեպ ձևերով։

Եվ դարձյալ մենք այս ամենը վերագրեցինք մեզ, ինչն էլ զգալիորեն ազդեց նաև մեր ինքնագնահատականի վրա՝ավելի ու ավելի իրականությունից կտրված դարձնելով այն։

Դա էլ մեզ բերեց նոր թյուրիմացությունների, որոնցից ամենակարևորներից մեկն այն էր, որ մենք սկսեցինք խոսել ու չափել մեզ վերամբարձ ու մեծամիտ քաղաքակրթական կատեգորիաներով՝ այս անգամ էլ շփոթելով մեր համեստ նվաճումները ուրիշների քաղաքակրթական լուրջ նվաճումների հետ:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3131

Մեկնաբանություններ