Պարտկոմ «Աքսյոնովի» թեման մենք շարունակեցինք Գորյունովի տանը, խոհանոցում, թեյի շուրջ:
-Այս ապուշներին թվում է,- տաքացել էր Գորյունովը,- թե երկիր են կառավարում, չեն էլ գիտակցում, որ երկիրն արդեն կործանել են, մանավանդ այդ ակադեմիկոս-որդյակը (նկատի ուներ Ռևոլի Սուսլովին՝ քաղբյուրոյի անդամ Միխայիլ Սուսլովի տղային- Վ.Հ.), տասը տարուց մեզ կտանեն բրոնզի դար, նետ ու աղեղներ ենք նախագծելու, մեր թշնամին Ամերիկան չէ, մեր թշնամին սրանք են՝ իրենց կարմիր քթերով ու կարմիր տոմսերով:
Կարմիր քթի պատմությունն այսպիսին է. ժամանակին մեր լաբորատորիա էր այցելել Մոսկվայի Պերվոմայսկի շրջկոմի 1-ին քարտուղարը, որին ցույց էին տվել մեր լաբորատորիայում նախագծած տեպլովիզորի աշխատանքը:
-Շատ հետաքրքիր է, բայց մի բան չհասկացա` ինչու՞ է մարդու քիթը էկրանին կարմիր գույնով ցույց տալիս:
Նրան բացատրել էին, որ կարմիր գույնով ցույց են տրվում դեմքի ամենատաք մասերը, խմողներինը դա քիթն է:
-Ամերիկան մեր թշնամին է, բայց նրանից օգուտն ավելի շատ է, քան մեր հարազատ կոմունիստական կուսակցության տվածը, մեզ անընդհատ ստիպում են աշխատել ու զարգանալ, առաջ տանել գիտությունն ու տեխնիկան, հանդես գալ նոր գաղափարներով, իսկ ի՞նչ են անում մեր կուսակցական առաջնորդները, ժողովրդին կերակրում են իրենց նավթալինահոտ գաղափարներով, տեսնում եք, որ կոլխոզ-սովխոզներն իրենց չեն արդարացնում, փակեք դրանք, հողը տվեք գյուղացիներին, թող աշխատեն, արդյունք տան, ժողովրդին կերակրեն:
-Տղաներ, կամաց խոսեք, հարևան սենյակում ամեն ինչ լսվում է,- վախեցած ներս մտավ ու զգուշացրեց Գորյունովի կինը՝ Նինա Ալեքսեևնան, որի հետ աշխատել էինք Գորյունովի հիմնած հուսալիության ֆիզիկայի լաբորատորիայում ու մինչ օրս պահպանում ենք նախկին ջերմ հարաբերությունները:
Գորյունովն իրեն կարող էր թույլ տալ ազատ խոսել միայն իմ ներկայությամբ, լիցքաթափվել ու հեռանալ իրեն տանջող մտքերից: Մյուսների մոտ խոսել չէր կարող, կարող էին մատնել: Սա այն վախն էր, որը ձևավորվել էր Ստալինի ժամանակներից և որը, ըստ Սոլժենիցինի, դեռ յոթ պորտ մնալու է ռուս ժողովրդի մեջ:
Գորյունովի մտահոգությունները տեղին էին, մեր գիտությունն ու տեխնիկան գնալով միայն նահանջ էին ապրում, պետք էր մտածել, թե ինչպես կրճատել շարունակ աճող ժամանակային դիստանցիան, որն առավել քան նկատելի էր Ամերիկայի ու Ճապոնիայի համեմատ: Փոխարենը քաղբյուրոյի մակարդակով երկրում իրականացվում էր սխալ տնտեսական ու տեխնիկական քաղաքականություն, արդյունքում, առաջին հերթին, տուժում էր խորհրդային գիտությունը:
Խոսենք այդ սխալ քաղաքականության երկու բաղադրիչի մասին.
ա) ԽՍՀՄ-ում ավանդույթ էր դարձել, երբ գիտական հիմնարկների կամ բուհերի աշխատակիցներին ներգրավում էին գյուղատնտեսական աշխատանքների մեջ՝ պարենային խնդիրները լուծելու համար:
բ) պետական մակարդակով ձևավորվել էին գիտատեխնիկական խնդիրների լուծման ստանդարտ մոտեցումները, որոնք հիմնված էին արտասահմանում ստեղծված տեխնիկայի և տեխնոլոգիաների կրկնօրինակման վրա: Այս գործի հեղինակը կարող էր համարվել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ռևոլի Սուսլովը, որը 1975-ին նշանակվեց ռադիոէլեկտրոնային համակարգերի կենտրոնական ԳՀԻ-ի տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, հայազգի գեներալ-լեյտենանտ Պավել Աղաջանովին: Տիեզերագնացության հարցերում Պավել Աղաջանովը համարվում էր Սերգեյ Կորոլյովի մեծության գիտնական: Ռևոլի Սուսլովի օրոք այդ ինստիտուտի լիազորությունները կտրուկ ընդարձակվեցին: Այսուհետ այդ ինստիտուտն էր պլանավորելու ու կոորդինացնելու Խորհրդային Միության ՌԱՀ-ի նախարարություններում (ռադիոպրոմ, էլեկտրոնպրոմ, պրոֆիլային այլ մինիստրություններ, ՊՆ), ակադեմիական ինստիտուտներում (ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, միութենական հանրապետությունների ակադեմիաներ) և բուհերում կատարվող գիտական աշխատանքները, որոշելու ռադիոէլեկտրոնիկայի ու հարակից ճյուղերի զարգացման հիմնական ուղղություններն ու ստրատեգիան: Փաստորեն Էլեկտրոնային տեխնիկայի զարգացման պատասխանատվությունը դրված էր մեկ մարդու` ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ Միխայիլ Սուսլովի որդու` Ռևոլի Սուսլովի վրա: Այսուհետ նա էր որոշելու ԽՍՀՄ էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և այլ կարևոր ոլորտների զարգացման ռազմավարությունը:
Համեմատության համար նշենք, որ 2-րդ համաշխարհային պատերազմում պարտված Ճապոնիան ընդունեց տնտեսության զարգացման իր ռազմավարությունը, որն ամփոփված էր «National» հանրահայտ ծրագրում: Անհաջողություններից խուսափելու համար ձևավորվեցին ազգային մի քանի ընկերություններ, ինչպիսին էին «Toshiba»-ն, «Mitsubishi»-ն, «Hitachi»-ն, որոնք պետք է զարգացնեին Ճապոնիայի տնտեսությունը, արտադրեին ամեն ինչ՝ ճենապակի, էքսկավատորներ, թուղթ, նավեր, էլեկտրոնիկա և ամեն ինչ, բայց զուգահեռաբար, իրարից անկախ, միմյանց չօգնելով: ԽՍՀՄ-ում նման մոտեցումը բացառված էր, որովհետև ԽՄԿԿ Քաղբյուրոն հավատում էր իր անթերի կերպարին ու միակ ճիշտ որոշումներ կայացնելու իր անվիճելի կարողությանը: Այս ամենը դրված էր կոմունիստական կուսակցության գաղափարախոսության հիմքում:
-Անել քիչ, բայց լավը,- սա Լենինն էր ասում:
Ամեն տարի պետք է արտադրել 10 գեղարվեստական ֆիլմ, բայց բոլորը պետք է լինեն լավագույնը,-սա արդեն Ստալինի մոտեցումն էր:
Այս պահպանողական-տնայնավարական, մակերեսային մոտեցումները դրվեցին հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմքում, որից, առաջին հերթին, տուժեցին տնտեսության լոկոմոտիվի դերն իրենց վրա վերցրած էլեկտրոնիկան, միկրոէլեկտրոնիկան և նանոէլեկտրոնիկան:
Տնտեսության լոկոմոտիվի կառավարումը չէր կարելի դնել մեկ կազմակերպության, առավել ևս, մեկ մարդու վրա, եթե, հատկապես, դա Միխայիլ Սուսլով-պահպանողականի որդի Ռևոլի Սուսլով-պահպանողականն էր լինելու: Սա խիստ վտանգավոր մոտեցում էր երկրի կարևոր ոլորտների զարգացման համար: Կարծում եմ` ավելորդ է խոսել գիտության ու տնտեսության զարգացման մասին, ավելի ճիշտ կլինի խոսել երկրի տնտեսության զարգացմանը խոչընդոտող քայլերի մասին: Դատեցեք ինքներդ, Միխայիլ Սուսլովը, ի պաշտոնե, ԽՄԿԿ հիմնական գաղափարախոսն էր և խորհրդային իշխանական վերնախավի ազդեցիկ դեմքերից մեկը, հայտնի էր իր խիստ հետևողական մարքսիստական հայացքներով, պահպանողական էր ու մշտապես ձգտել էր պահպանել հասարակական կայունությունը, դեմ է եղել կտրուկ քայլերին ու այլախոհությանը: Որդու միջոցով իր պահպանողական կողմնորոշումը նա մտցրեց խորհրդային գիտության ու տեխնիկայի զարգացման ռազմավարության մեջ այն ժամանակ, երբ պահանջվում էր ռիսկի գնալ, համարձակ քայլերով առաջ մղել ժամանակակից էլեկտրոնիկան ու միկրոէլեկտրոնիկան: Լուրջ արդյունքների հասնելու այլ ճանապարհ չկար, պետք էր մաքառել, հասկանալ, որ ռիսկը գործի կեսն է, այստեղ կարող էին լինել հաջողություններ և անհաջողություններ, ոչինչ երաշխավորված չէր, պետք էր փորձել, որը պահպանողական մտածողություն ունեցող ղեկավար այրերի համար ընդունելի տարբերակ չէր:
Ծայրահեղ պահպանողականության համար Սուսլովին անվանում էին մարդ կալոշի (կրկնակոշիկի) մեջ: Նման մարդիկ ռիսկի չեն գնում, նրանց համար հարազատ է ուրիշի ստեղծած արդյունքներից օգտվելը: Մի բան է, երբ դու հանդես ես գալիս նոր գաղափարներով, նորարարական առաջարկություններով, և այլ բան է, երբ դու զբաղվում ես արտասահմանյան օրիգինալների վերարտադրմամբ, այստեղ ռիսկերը բացակայում են, պետք էր ընդամենը վերարտադրել գոյություն ունեցողները:
Քաղբյուրոյի հիմնական գաղափարախոսի համար սա լավ տարբերակ էր. ձախողման ռիսկերը քիչ են, իսկ գիտահետազոտական աշխատանքների վրա կատարվելիք ծախսերը զրոյացվում են, մնում էր միայն կատարել փորձնական ու կոնստրուկտորական աշխատանքները, որոնք առանձնակի ծախսեր չէին պահանջում: Մեծ ծախսերից բացի, գիտահետազոտական աշխատանքներին հատուկ են ներդրման ցածր ցուցանիշները: Այսպես, Ամերիկայում կատարված գիտահետազոտական աշխատանքների միայն 2 տոկոսն է ներդրվում արտադրության մեջ: Մնացած 98 տոկոսը կյանք չի մտնում, կարելի է կորած համարել:
Հավանաբար նման հաշվարկները, բացի հայր ու որդի Սուսլովներից, հոգեհարազատ էին քաղբյուրոյի հաջորդ հայր ու որդու համար՝ մարշալ Դմիտրի ՈՒստինովի ու տեխնիկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Նիկոլայ ՈՒստինովի համար: Նիկոլայ ՈՒստինովը «Աստրոֆիզիկա» ԳԱՄ-ի գլխավոր տնօրենն էր, զբաղվում էր լազերային տեխնիկայով, նրա հետ հիշարժան մի հանդիպում ունեցա Մոսկվայում, 1980 թվականին. պայմանավորվեցինք համատեղ աշխատանքներ սկսել ու լազերային ճառագայթների համար նախագծել ավելի հզոր սփռող սարքեր: Նրան դուր էր եկել մեր գյուտերից մեկը, երբ լազերային միևնույն ճառագայթից կարողացել էինք ձևավորել զոնդավորող և վիդեո ռաստրեր՝ զրոյական շեղումներով (հեղինակներ՝ Համազասպյան, Գորյունով, Սարգսյան):
-Ինքնե՞րդ եք մտածել, թե՞ պատրաստի սարքերից եք օգտվել:
-Հեղինակային իրավունք ունենք և սա միակը չէ:
ՈՒստինով-որդու, Սուսլով-որդու գիտական համբավը դժվարությամբ էր ընկալում Մոսկվայի գիտական հանրությունը: Խնդիրը միայն այն չէր, որ նրանց ամեն ինչ հեշտությամբ էր տրվում, առանց չարչարանքի ստանում էին իրենց գիտական կոչումներն ու կարևոր գիտական պաշտոնները: Նրանց ընդունած որոշումները հիմնականում հաստատում էր քաղբյուրոն, ու դրանք օրենքի ուժ էին ստանում խորհրդային գործող գիտնականների համար:
Գիտնականը զրկվում էր ազատ գործելու ու ստեղծագործելու հնարավորությունից, դա մահացու ռեժիմ է ցանկացած գիտնականի ու նրա ստեղծած գիտության համար: Գիտնականներին տրվում էր մեկ հիմնական առաջադրանք. կազմակերպել արտասահմանյան օրիգինալների «թխելու» գործը: Ստեղծագործ գիտնականի համար սա ոչ միայն նվաստացուցիչ էր, այլև անիմաստ ու անհետաքրքիր աշխատանք, շատերը հրաժարվում էին իրենց հետազոտական աշխատանքներից ու անցնում մանկավարժական գործունեության բնագավառը: 70-ական թվականների համեմատ խորհրդային գիտությունը, հատկապես կիրառական գիտությունը, զգալի նահանջ ապրեց, 80-ական թվականներին արդեն դժվարությամբ էր տրվում նոր տեխնիկա ստեղծելու գործը՝ ձեռքի տակ ունենալով արտասահմանյան պատրաստի նմուշները և նրանց տեխնիկական փաստաթղթերը: Այս համատեքստում տեղին կլինի հիշատակել ԽՍՀՄ-ում ЕС (единая система) տիպի հաշվիչ մեքենաների ստեղծման պատմությունը: ժհ տիպի հաշվիչ մեքենաների «նախագծումը» կարելի է համարել Խորհրդային Միության նկատմամբ երբեմնի կիրառված տնտեսական դիվերսիաներից ամենաարդյունավետը: Խորհրդային մեքենաների համար, որպես նախատիպ, վերցված էր IBM ամերիկյան ֆիրմայի նախագծած հաշվիչ մեքենան, որն արդեն անցել էր բարոյական մաշվածության իր ժամկետները: Խորհրդային մեքենաները կառուցվելու էին ТЭЗ-երի (типовые элементы замены) հիման վրա: Ինժեներների առջև խնդիր էր դրվում ուսումնասիրել ամերիկյան մեքենաների մեջ օգտագործված առանձին լոգիկ սխեմաները, պարզել դրանց ֆունկցիոնալ նշանակությունն ու նախագծել դրանց փոխարինողները՝ օգտագործելով խորհրդային արտադրության ռադիոկոմպոնենտները: Այդ թվերին IBM և ամերիկյան, ճապոնական ու առաջատար բոլոր էլեկտրոնային ֆիրմաներում լայնորեն սկսել էին կիրառել ինտեգրալ սխեմաները, Խորհրդային Միությունում դրանց արտադրությունը սկսվեց մեկ տասնամյակ ուշացումով: Եթե դիսկրետ էլեմենտների հիման վրա ստեղծված օրիգինալ էլեկտրոնային սխեմաների վերծանումն իրենից առանձնակի դժվարություն չէր ներկայացնում, ապա ինտեգրալ սխեմաների դեպքում խնդիրները շատ էին, ինտեգրացիայի մեծացման հետ դրանք դառնում էին դժվարին ու, շատ դեպքերում, անհնարին ու անիրագործելի: Ինժեներների համար ավելի հեշտ էր մշակել որոշակի ֆունկցիաներ կատարող անալոգային կամ թվային սեփական սխեմաները, քան թե դրանք նույնությամբ կրկնել՝ օգտվելով արտասահմանյան օրիգինալներից: Ինտեգրալ սխեմաների ու, ընդհանրապես, արտասահմանում արտադրվող բոլոր տիպի կիսահաղորդչային սարքերի արտադրությունը ԽՍՀՄ-ում կազմակերպելու համար Մոսկվայում կազմակերպվեց «Դելտա» խոշորագույն ԳՀԻ-ն, որտեղ աշխատում էր մեր հայրենակից-գիտնական Վարդգես Գաբուկչյանը: Արտասահմանյան անալոգների ուսումնասիրության նպատակով նա ստեղծել էր թունելային եզակի միկրոսկոպ, որի թույլատրող ունակությունը (разрешающая способность) այնքան մեծ էր, որ կարելի էր զգալ առանձին ատոմների առկայությունը: Խորհրդային Միությունում երկրորդ նման միկրոսկոպը ստեղծել էր դարձյալ մեր հայրենակից-գիտնական Վյաչեսլավ Սաֆարովը՝ Լենինգրադի Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Վերջին տարիներին Սլավան աշխատում էր Ֆրանսիայում, գլխավորում էր ռուսախոս գիտնականների ասոցիացիան, որը ստեղծվել էր Պուտինի նախաձեռնությամբ և իր մեջ միավորում է 100 հազարից ավելի խորհրդային գիտնականների, ովքեր աշխատանքի էին անցել արտասահման գիտական կենտրոններում: «Թխելու» գործը «Դելտայում» դրված էր բարձր հիմքերի վրա:
-Մենք զբաղվում ենք «անալոգների» ուսումնասիրությամբ, բացում ենք արտասահմանից բերված ինտեգրալ սխեմաներ, շերտ առ շերտ հեռացնում ենք բյուրեղներն ու նկարում տարբեր ուղղություններով, դրանց հիման վրա կոնստրուկտորական լաբորատորիաներում վերականգնվում են էլեկտրոնային սխեմաները,- բացատրում էր հետազոտական գաղտնի լաբորատորիայի վարիչ Վարդգեսը:
-Մոտավորապես այնպես, ինչպես Լենինի ուղեղն էին ժամանակին շերտ-շերտ առանձնացնում ու պահում՝ ապագա սերունդների համար, բայց ինչու՞ եք «անալոգներից» խոսում, երբ Դուք, փաստորեն, ուսումնասիրում եք հետախուզական կանալներով արտասահմանից բերված օրիգինալ սարքեր:
-Որպեսզի ոչ ոք գլխի չընկնի:
Մեր հայրենակից Վարդգես Գաբուկչյանը շատ միամիտ էր, նա չէր էլ կարող պատկերացնել, որ Խորհրդային Միությունում գործող «գաղտնի» լաբորատորիաները հիմնականում կազմակերպվում էին Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) ծրագրերով՝ ՌԱՀ-ի նախարարություններում բարձր պաշտոններ զբաղեցնող դավաճանների միջոցով: Նրանցից մի քանիսի հետ աշխատել եմ, գործի բերումով անձնական շփումներ եմ ունեցել՝ առանց իմանալու նրանց օտարերկրյա գործակալներ լինելու փաստը:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ