ՔԱՈՍ
Մենք հասակակիցներ ենք, բայց ապրում ենք տարբեր ժամանակներում, ես այսօրվա և վաղվա կյանքով, նա՝ մայր թատրոնի գեղղեկը, 70-ականների կարոտախտով: Վա՜յ նրան, ով վաղ առավոտյան սուրճի սեղանի շուրջ կենացներ ասելիս կհայտնվի նրա ճիրաններում: Հինգրոպեանոց գործնական զրույցից հետո դատապարտված ես լսելու ինքնահավանի սինդրոմով տառապողի սերիալային կենսագրության դրվագները՝ համեմված եսակենտրոն պարծենկոտությամբ:
Չնչին տարբերությամբ նույն բուրմունքն ես առնում նաև նրա վերջին հարցազրույցից: 35 տարվա լրագրողական փորձառությունս թույլ է տալիս կարծել, որ նա քնել-արթնացել ու ծուռ հայելիների միջից մոտավորապես այսպիսի աղոթք է հղել առ երկինք. «Տե՜ր Աստված, բարեխոս եղիր իմ ու իմ միջև, որպեսզի «Իրատեսի» միջոցով ձևակերպեմ ասելիքս, ձեռքի հետ էլ փորձեմ պատասխանել մեր նախկին աշխատակցի քննադատական հոդվածներին»: ՈՒ երկնքից ընկել է 3 խնձոր, մեկը՝ հարցազրույց առաջարկողին, մյուսը՝ տվողին, երրորդը՝ հավատացողին: Ստացվում է՝ երեքն էլ Արմեն Էլբակյանին:
Ես, որ լրագրող Կարինե Ռաֆայելյանի բազմաթիվ հարցազրույցներն եմ կարդացել, հիացել նրա մտածողությամբ, զգացել զրույցի իմաստն ու նշանակությունը, ինչու ոչ՝ նաև պահանջվածության աստիճանը, այս անգամ... Իհարկե, Կարինե Ռաֆայելյանը կրկին բարձունքում է՝ իր հարցադրումներով...
Հարցազրույցի 1-ին մասը (սցենարի հեղինակ՝ թատրոնի ամենայն հայոց գիտակ Արմեն Էդգարի) թատրոն-պիեսի և իր պատկերացումների «նաղլն է»՝ քողարկված ինքնաներկայացումով: Էլ ո՞վ, եթե ոչ նա կարող է բարոյական համարել իր բեմադրության, մեծ ու փոքր դերերի, մեծ ու փոքր դերասանների մասին ուսանողի մակարդակով բացատրել-խոսելը, փոխանակ ընթերցի և հարգի այլոց ֆեյսբուքյան գրառումները: Չգիտեմ, կարդում-լռում է, թե ոչ, բայց շարունակում է անկապություններ դուրս տալը. «Մենք ճագարներ չենք արտադրում, այլ ներկայացումներ ենք բեմադրում»: Նույնն է, թե ասես. «Հնձածդ խոտ չի՞»:
ՈՒշքի չեկած «Ով անցածի վրա ատրճանակով կրակի, ներկան նրա դեմ թնդանոթներ կհանի» և «Բեմադրում է ինքը, խաղում է կինը, բեմադրում և խաղում է աղջիկը» հեղինակածս հրապարակումների դոզայից, գեղղեկավարը, որպեսզի ցույց տա, որ տնօրենությունը կարևորում է անցյալը, տեմպի տակ ընկած շարունակում է տրվել հիշողությանը. «Հայրս շատ ժողովրդական մարդ էր: Նրա հետ զբոսնելիս հաճախ եմ հանդիպել կոշկակարների, տարբեր արհեստների տեր մարդկանց: Նաև շրջաններում էր լինում հայրս...»:
Էլբակյան Արմենի նավթալինահոտ պատասխանների գագաթնակետը ձևավորվում է քաղաքական թեթև հարցից. «Հայ-ռուսական հարաբերությունների թելը, կարծես, չի ընդհատվում: Ինչի՞ հաշվին»: Պրոֆեսորը մեկնաբանում է. «Մենք մեր ողնաշարում օտար ազգեր սիրելու էլեմենտ ունենք: Եվ դա կարողանում ենք ներկայացնել շատ գեղեցիկ ձևով»:
Ախպերս, եթե քո սիրո էլեմենտը գտնվում է քո ողնաշարում (իսկ ողնաշարը լինում է ուղղաձիգ կամ կքված), այն մի համեմատիր ուրիշների հետ, ոչ էլ ընդհանրացրու, որի իրավունքը ոչ մեկս չունենք: Եվ կամ, եթե մեր սերը կարողանում ենք ներկայացնել շատ գեղեցիկ ձևով, այդ ինչպե՞ս եղավ, որ մենք ունեցանք անհասկանալի հարևաններ (անհասկանալի հարևաններ ձևակերպումը քոնն է, պարոն Էլբակյան): Էդ նրանք են անհասկանալի՞, թե՞ դու չես հասկանում նրանց հասկացվածությունը:
Համեմատաբար ընթերցվելիք է հարցազրույցի 2-րդ մասը, որում հանդգնության դրսևորումներ են նկատվում այն առումով, որ Էլբակյանի բերած տնօրենի փոխարեն ինքն է փորձել ջրից չոր դուրս գալ, բայց ստացվել է բլթոցներ: Եթե համարձակություն և ազնվություն ունենայիք, կհետևեիք Սերժ Սարգսյանի տղամարդավարի խոստովանությանը, և վերջակետ կդրվեր սեփական տան աղբը դուրս հանելուն և դրա շուրջ ծավալվող հրապարակային հրաձգությանը: Քանի որ այն չեղավ, մտածելու խնդիր ունեցա. պատասխանե՞լ, թե՞ չպատասխանել հարցազրույցում արծարծվող մի քանի հարցերի:
Չարձագանքել նշանակում է կցկտուր շարադրանքն ընդունել որպես ճշմարտություն: Արձագանքել նշանակում է կարևորել մի բան, որը ոչ մի բանի նման չէ, ինչը նշանակում է ցուգցվանգի մեջ գտնվող գեղղեկի մոտ քաոս է: Ի՞նչ ասես մի մարդու, որն ընդհանրապես չի ընդունում Մհեր Մկրտչյանին, բայց իր կնոջ մասին «համեստ» արտահայտություն է անում. «Ես մեղավոր չեմ, որ Աննա Էլբակյանը հրաշալի դերասանուհի է»: Բայց ու՞մ համեմատ: Ձեր նկատմամբ, այո՛, նա ավելի «նյուխով» բեմադրիչ է: Եվ սա միայն իմ սուբյեկտիվ կարծիքը չէ: Նույն մտքին են այն բոլոր սունդուկյանցիները, ովքեր հետևելով փորձերին, նկատել են թե ինչպիսի բծախնդրությամբ է տիկին Աննան մաքրազարդում-խմբագրում Ձեր բեմադրությունները: ՈՒ եթե «Հարսնացու հյուսիսից», «Մեծապատիվ մուրացկաններ», «Մուսա լեռան 40 օրը» և այլ ներկայացումներ այսօր ունեն որոշակի մակարդակ, դրա սեփականատերը միայն Դուք չեք:
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՍՏԱԽՈՍ
Մենք հասակակիցներ ենք, ու քանի որ ապրում ենք տարբեր ժամանակներում, ինձ համար դժվար է Էլբակյանի բառամթերքին և մտածողությանը համարժեք արտահայտություններով արձագանքելը: Շատ ջանացի խուսափել, օրինակ, «ստախոս» բառի օգտագործումից: Բայց դասդասելով հոմանիշները, նրա պարագայում ստացվեց, որ դա մեղմագույնն է: Ի պատասխան արտահայտածս մտքին, որ թատրոնում էլբակյանացում է, և սովորույթի ուժով գլխավոր դերերը տրվում են նրա տիկնոջը, գեղարվեստական ղեկավարը մրմնջացել է. «...թե՛ «Մեծապատիվ մուրացկաններ», թե՛ «Հարսնացու հյուսիսից» ներկայացումներում Աննան ո՛չ վերնագիր է խաղում, ո՛չ էլ գլխավոր դեր: Դրանք երկրորդական դերեր են: Պարզապես այնքան ցայտուն է մարմնավորում դերերը, որ շատերի մեջ սովորական մարդկային նախանձ է առաջացնում»: Անիմաստ համարելով մասնագիտական բանավեճի բռնվելը այդ մարդու հետ, որը ծնվել, հասակ է առել ու հիմա էլ մայրամուտն է վայելում նույն տեղում՝ թատրոնում, 64 տարեկանում անգամ չի տարբերում գլխավորը երկրորդական դերից: Համոզմունքս չվերագրեք ո՛չ չարության, ո՛չ չկամության, ո՛չ նախանձի և ո՛չ էլ չիմացության: Պարզապես դուք այնքա՜ն եք հեռացել թատրոնից, որ անկարող եք պատկերացնել, թե որտեղ է թաղված շան գլուխը: Այն, իհարկե, Ձեր քթի տակ է: Աշխատանքի բարեհաճելիս մի ակնթարթ կանգ առեք ծառայողական մուտքի մոտ և խոժոռված աչքերով նայեք Ձեր հավանած-պատվիրած 3-մետրանոց ազդագրերը, որոնց ձախ անկյունում կկարդաք. «Գլխավոր դերերում՝ Աննա Էլբակյան, Արմեն Մարության...»: Մարդ, որը հրաժարվում է ամենատարրական և տեսանելի ճշմարտությունն ընդունելուց, ի՞նչ երաշխիքներ կան, որ նա վաղը նույն հաջողությամբ չի հրաժարվի նաև... Ի՞նչ անեն դերասանները, վաղվանից ո՞ր Էլբակյանին հավատան՝ մամուլի՞, թե՞ ազդագրի: Կարծում եմ՝ երկու դեպքում էլ արժե գիտական թեզ պաշտպանել «դերերի էլբակյանական տարբերակումը ըստ նպատակահարմարության» թեմայով:
Շողուլից ընկած ղեկավարի հաջորդ ստախոսությունը կադրային քաղաքականության դաշտից է: Անդրադառնալով խնդրին, նա մեկ գոհանում է էլբակյանացման համար. «Եթե դա ինձ իրոք հաջողվել է, վատ չէ», մեկ էլ գործատուին հասցեագրված նկատառումս, որ «կար ինքնաբավ տնօրենի համառ ցանկությունը՝ թատրոնը լցնել իր մարդկանցով, հավատարիմ բարեկամներով, սանիկներով, ընկերներով», վերագրելով իրեն, միտք է արտահայտել. «Ես, համենայն դեպս, այս թատրոնը չեմ լցրել իմ ուսանողներով»: ՈՒրիշի բեռը ինչու՞ ես քեզ վրա վերցնում, Արմեն ջան, հետո ինչ, որ սիամական եղբայրներով որոշել եք աշխատել «դու ինձ, ես քեզ սկզբունքով»:
Հա՜, հիշեցի: Թատրոնի գեղղեկի և տնօրենի հաստիքների միատեղման երազանքդ նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք հօդս ցնդելուց հետո «ռուլիտ անողի» սինդրոմը քեզ հանգիստ չի տալիս, ու հիմա... սպիտակ ձիու վրա ես: Թող այդպես լինի: Բա թատրոնի ասողին սազակա՞ն է հրաժարվելը հրաշալի երիտասարդներ Մեսրոպ Աբտոյանից, Տաթևիկ Հոռոփյանից... Էս դերասանները «սամատյոկ» չեն «թափվել», չէ՞, «Էդգար Էլբակյան» և «Խամաճիկների» թատրոնից:
Առանց խղճի խայթ զգալու, բացատրություններ ես տալիս այն մասին, թե. «Բացարձակ միտում չեմ ունեցել, որ Լիլի Էլբակյանն աշխատի Սունդուկյան թատրոնում (էդ էլ ու պը՛րծ) և չի էլ աշխատում, աշխատավարձ չի ստանում (իսկ այդ առիթով խոսք երբևէ եղե՞լ է: Իհարկե ոչ-Վ.Մ.): Ո՛չ իմ, ո՛չ էլ աղջկաս ցանկությունն է եղել, որ նա բեմադրություն անի այս թատրոնում: Վարդան Մկրտչյանն է ստիպել»:
Օհոոո՜... Էս ինչքա՜ն եք փոխվել, սրբագործվել... Դուք տնով-տեղով չէիք ուզում, և ինչ-որ մեկը ստիպեց: Խոհեմությունն այլ բան է ենթադրում՝ Ձեր լավության դիմաց փոխհատուցման առաջին դրսևորում: Եթե մինչև վերջ լինենք ազնիվ, ուրեմն պիտի արձանագրենք, որ «Սառցե սրտի» բեմադրության համար Ձեր աղջիկը ստացել է, որքան հիշում եմ, 1 միլիոնից ավելի գումար, Սոնա Առաքելյանը 10 զգեստ պատրաստելու համար՝ 980 հազար, Ավետիս Բարսեղյանը 2-րդ պլանի կուլիսների պատրաստման համար՝ 870 հազար դրամ...
Հետաքրքիրը, իհարկե, թվարկածս թվերը չեն, այլ այն, թե, իսկ հիմա՞ ով է բռնացել տաղանդավոր ռեժիսորի և հրաշալի դերասանուհու դստեր վրա, որպեսզի ընտանիքի կամքին հակառակ Լիլին «Սասնա ծռեր» ներկայացման մեջ մարմնավորի Խանդութ խանումի դերը: Ի սեր Աստծո, չպայմանավորեք բեմադրիչով, այլապես հարցնելու եմ՝ իսկ ո՞վ է նա և ո՞վ է նրան աշխատանքի ընդունել թատրոնին կից ստուդիայում որպես կուրսի ղեկավար և «դերասանի վարպետություն» առարկայի դասախոս: Իհարկե՝ գեղղեկը, որը, լինելով նույն առարկայի 3-րդ դասախոսը, մի ամբողջ ուսումնական տարի ոտք չի դրել լսարան, բայց տեղը տեղին վարձատրվել է: Էլբակյանն այնքան է խճճվել իր մեջ, որ ուղղակի ապշում ես, թե ինչը կամ ով է ստիպել, որ Խորեն Լևոնյանին դասի հրավիրված դերասանների շարքում: Տեսնես տնօրենը նույնպե՞ս անտեղյակ է, որ սիրված արտիստը աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրից ընդգրկված է հաստիքացուցակում՝ բեմի առաջատար վարպետների թվում:
ՆԱՄՈՒՍ
Մենք, իհարկե, հասակակիցներ ենք, ու թվում է, առանձին հարցերում պետք է ընդհանրություններ ունենանք: Արի ու տես, որ պատվի և արժանապատվության մասին մեր ընկալումներն իրարից այնքան են հեռու, որքան Մայր թատրոնը «Խամաճիկներից»: Խոսելով իր գործունեության 3 տարիների մասին, գեղարվեստական ղեկավարն անկեղծանում է. «...երկու տարի ուղղակի սպասողական վիճակում ենք եղել: Թատրոնը վերանորոգվում էր, ըստ որում՝ ես թատրոնում չեմ եղել և չեմ մասնակցել աշխատանքների այն փուլին, երբ որոշվել է, թե ինչպես պիտի արվի վերանորոգումը»: Նախ՝ թատրոնից մի քիչ շատ հասկացողը վերանորոգման տեսակի խնդիրը չէր կապի իր գոյության հետ, ինչը, այս դեպքում, դարձյալ հիշեցումն է ինքնասիրահարվածության: Եվ մի՞թե կարևորը դա է, ոչ թե հաստատված ծրագրով ընթացող բեմի տեխնիկական վերազինման և վերանորոգման աշխատանքներին հետևելը, նեղմասնագիտական հարցերին միջամտելը, օգնել-աջակցելը, հարակից գործընթացների նախաձեռնումը որպես գեղարվեստական ղեկավար, եթե կուզեք՝ վարչական թիվ 1 պաշտոնյա, մանավանդ որ 2015 թ. ամենադժվար պահին տնօրենը մեկնում էր արձակուրդ: Արժե՞ վերհիշել այն բնութագրումները, որ շռայլեցիք իմ հասցեին՝ նախարարին ներկայացնելով որպես արժանի փոխարինողի, երբ թատրոնում կային 2 փոխտնօրեններ և նախարարության 1 ներկայացուցիչ: Ստեփան Դավթյանի մեկնելուց հետո դու թատրոնում այլևս չերևացիր, քեզ ոչինչ չէր հետաքրքրում, փորձասենյակները դատարկ էին, հյուրախաղերի մասին մտածելը քոնը չէր, դու կայիր, բայց և չկայիր: Չխոսենք այդ օրերի ու ամիսների բեռը արժանապատվորեն կրելու մասին, որի համար շնորհակալ եմ գործընկերներիս՝ գլխավոր ճարտարագետին, բեմադրական մասի վարիչին, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին ու նրանց աշխատակազմերին: Այսքանից հետո ի՞նչ բարոյական իրավունքով եք ուրիշների գործարար հատկանիշների և իմացության հետ համեմատվելու համար հասնում ֆրանսիաներ: Պարզ չէ՞, որ բեմի բանվոր Հենզելը աչքիդ Նապոլեոն է երևալու, քանի որ մարդու ձեռքից ամեն ինչ գալիս է: Մեխանիկական արտադրամասի փոխարեն նա է ամիսներ շարունակ անտրտունջ կատարել զոդման և մետաղակտրման աշխատանքներ, քրտինք թափել «Հարսնացու հյուսիսից» ներկայացման «Մոսկվիչ» ավտոմեքենայի «շահագործման» համար...
Ի տարբերություն Ձեզ, իմ գործառույթներից դուրս ինչ-որ բաներ հաջողվել է նաև ինձ ու շատերին, որոնք, ըստ Ձեզ, չեն զիջում Բոնապարտին: Ստանձնել և մասնակիցն եմ եղել շաբաթօրյակների, արտադրական մակերեսների և պահեստային տնտեսության բարեկարգումների, ազատ տարածքների ստեղծմանը, Ռ. Ավեդոսյանի և Տ. Ավագյանի հետ կամովին իրականացրել փայտագործվածքային սալիկների երեսպատումը և շրիշակների տեղադրումը օթյակներում և վերնահարկում, գտել լուծում և ամրացրել նախաբեմը եզրափակող շրիշակաշարքը... առանց դրամական ակնկալիքի: Եվ ասել «ինչ-որ աշխատանք է կատարել թատրոնում, ինչպես և տարբեր այլ տեղերում», առնվազն... Չասեմ ընչություն է: Ինքնին հասկանալի է: Եթե քեզ և քեզ նմանների համար 88-ի աղետի հետևանքների վերացման գործում անուրանալի մասնակցություն ունեցած, հանրապետության ամենամեծ ինտերնացիոնալ շինարարական կազմակերպության՝ yc-606 փոխտնօրեն լինելը, մինչ տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումը փորձարարական կարգով թաղապետ աշխատելը (կարդացեք 23.12.1999 թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Երբ լրագրողն է թաղապետը» հոդվածը), 90-ականներին ՀՀՇ-ի վանաձորյան կառույցի ղեկավարին իր պապենական թաղամասում քաղաքային խորհրդի ընտրություններում առանց քարոզարշավի հաղթելը, 1999-ին մեծամասնականով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելը և միայն լուսահոգի Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի «կոմբինացիայի» արդյունքում առաջընթացիս պատնեշապատումը, «Մխիթար Գոշ» էլիտար դպրոց-վարժարանի գլխավոր տնօրեն լինելը... ինչ-որ մարդիկ համարում են չգիտեմ ինչ, ապա դա նրանց բարոյական և իմացության նկարագիրն է: Կներեք, որ այսքան տեղը նմանվեցի բանավիճողիս: Պատրաստ եմ ներողություն խնդրելու, եթե պարոն Էլբակյանն իր գործառույթներից դուրս մի դրական բան ունի արած մայր թատրոնում:
Հարգելի Արմեն Էդգարի, ինձ և ինձ նմաններին անչափ զվարճացրեց Ձեր հերթական անտեղյակությունը. «ՈՒղղակի զարմանում եմ, որ այդ հոդվածների հեղինակը, որն այստեղ աշխատել է կադրերի բաժնի վարիչի հաստիքով (թեև, ինքն իր համար շատ մեծ պաշտոն էր հնարել՝ համարյա փոխտնօրենի հավասար)...»:
Իհարկե կզարմանաս: Եթե այսքան տարի պատկերացումներդ նվազ են թատրոնի կառավարման համակարգի, կառուցվածքի, ստորաբաժանումների գործառույթների ու պաշտոնների անձնագրերի մասին և նշույլ անգամ չկա չնչին տեղաշարժի, իմաստ ունի՞ կրկին ու կրկին հիշեցնել 4 տարի առաջ համակարգում կայացած բարեփոխումները, որ տեղի ունեցան 3-4 ամսվա քննարկումների արդյունքում, ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ, փոխնախարար Ա. Պողոսյանի և հատկապես նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Մուրադյանի ուղղորդության ներքո: Ձեր հիշողության կամ խոստովանության պակասի հարցում ո՞րն է իմ մեղքը: Որբացած կարծիքդ Ձեզանում առկա նստվածքները այլևս չխորացնելու համար այցելեք այլ տեղեր, թեկուզ գործընկեր «Կոնվերս» բանկ, և ամենուր կտեսնեք, որ կադրերի բաժինը վերանվանվել է մարդկային ռեսուրսների զարգացման կամ էլ անձնակազմի կառավարման բաժնի՝ թարմացված գործառույթներով: Այդպես է և մեր վերադաս՝ ՀՀ մշակույթի նախարարությունում: Բայց այնպես չէ, որ խոսք ասելուց առաջ կշռադատում եք և գիտակցաբար օրըստօրե զորացնում նվաստիս:
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ