Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Հայհոյանքը փաստի սով է»

«Հայհոյանքը  փաստի սով է»
15.06.2018 | 00:55

«Իրատեսի» ընթերցողներից եմ շուրջ տասը տարի։ Ասել է թե և՛ հայկական, և՛ համաշխարհային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային և այլ անցուդարձերին գերադասում եմ ծանոթանալ «Իրատեսի» միջոցով։ Թերթի այս տարվա թիվ 33-ում կարդացի «Իրատեսի» քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցի «Ինչպես եք համարձակվում վարչապետի աթոռին Ձեր հայտնվելը համեմատել թուրք հրոսակների դեմ 1918-ի մայիսին տարած հաղթանակի հետ» վերնագրված հոդվածը։


Խոստովանեմ, որ ինձ միշտ ուրախացրել է Շաքարյանցի քաղաքական վերլուծության հավաստիությունը, զարմացրել է միջազգային տեղեկատվական դաշտին նրա համարյա լրիվությամբ տիրապետելը՝ իր հոդվածներին վերաբերող մասով։ Մի խոսքով, Շաքարյանցը, իմ տպավորությամբ, լուրջ, ճշմարիտ, հավասարակշռված, պետական մտածողությամբ հայ մտավորական էր։
Ինչո՞ւ` էր։ Ինչու՞ անցյալ ժամանակով…
Պարոն Շաքարյանց, Ձեր վերոհիշյալ հոդվածի վերնագիրն արդեն իսկ պարունակում է թշնամանք ու կեղծիք։ Ի դեպ, Ձեր ազգանվան «շաքարը» ընկալում էի որպես մեղմ քաղցրություն, այնինչ զուր չէ, որ ժամանակակից բժշկագիտության գնահատմամբ այն սպիտակ թույն է։


Փորձեմ պարզաբանել, հիմնավորել ասելիքս։ Հասկանալի լինելու համար տեղեկացնեմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու օգտին քվեարկել եմ միայն 2008 թ.:
Հավատացեք, որ բնավ հակված չեմ առաջին նախագահի, ՀՀՇ-ի կամ ՀԱԿ-ի պաշտպանյալը լինելու։
Ինձ համար անընդունելի է լսել, թե իբր «Ժողովրդի ուղեղում թուրքերը ձեր խնամակալ ու հովանավոր Տեր-Պետրոսյանն է իր ՀՀՇ-ով ու հետՀՀՇ-ական Հայ ազգային կոնգրեսի տիպի կուսակցություններով»։ Ձեր այս միտքը խիստ հակազգային և հակապետական բարբաջանք է, ինչի շուրջ մտածելն անգամ մեղսագործություն է։ Դուք հաստատ համոզված եք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի տարի հեռացել է թե ՀԱԿ-ից և թե Տեր-Պետրոսյանի ազդեցությունից ու մտերմությունից։ ՈՒրեմն, ի՞նչն է Ձեզ ստիպում մտացածին դատողություններով իրար կպցնել անհամատեղելի կապերն ու երևույթները։ Չգիտեմ ինչու, բայց կռահում եմ, որ Դուք խիստ անձնական անհամաձայնություններ ու դժգոհություններ ունեք և՛ Լ. Տեր-Պետրոսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետ, ու Ձեր անձնական ատելության մաղձը փորձում եք ժողովրդին հրամցնել նույն ժողովրդի անունից։ Ախր, Դուք երեխա չեք և, վստահ եմ, լավ հասկանում եք, որ Լ. Տեր-Պետրոսյանը Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից է և, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակ ազատագրվեց Ղարաբաղը, որ հարյուրավոր տարիներ անց հայ ժողովուրդը կարողացավ պատմականորեն իրեն պատկանող տարածքներ ազատագրել։


Ինձ համար քարտեզից բացի այլ գնահատականները երկրորդական են, որովհետև քարտեզի վրա գծագրվող սահմանների մեզ համար շահեկան փոփոխությունն անկախության նման բացարձակ արժեք է։
Պարոն Շաքարյանց, վերջապես մի մոռացեք, որ թեկուզ շատերի համար անընդունելի հեռուստաելույթով, նա հրաժարական տվեց պաշտոնից։ Մի բան, որ չի արվում նույնիսկ շատ առաջադեմ ու ժողովրդավար երկրներում։ (Օգտվելով հիշելու առիթից, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնից հրաժարվելու իմաստուն որոշման համար)։ Ինչ մնում է 1945 թ. հաղթանակին, ապա պարզից էլ պարզ է, որ հայ ժողովուրդը (այդ թվում` ՀՀՇ-ականները) այն համարում է իր հաղթանակը գոնե այն պարզ պատճառով, որ այդ պատերազմին իրենց կյանքն են նվիրաբերել այնքան հայորդիներ (շուրջ 350000), որքան չի եղել հայկական ոչ մի պատերազմում։
Ասում եք, թե ՀՀՇ-ականները ժողովրդի ճնշմամբ են միայն այդ հաղթանակը մերը համարել, ապա Դուք էլ քիչ բարի եղեք այդ մոլորությունը վերագրելու հեղափոխություն կոչված արհավիրքի պարտադիր տրամաբանությանն ու կանոններին։


Պարոն Շաքարյանց, գրում եք, որ հանրապետական չեք և թքած ունեք այն ապուշների վրա, որոնք ի վիճակի չեն իրենց պաշտպանել կամ արդարացնել։ Ապա ավելացնում եք, թե ճշմարիտ ՀՀԿ-ն անձնավորում են Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Լևոն Էյրամջյանի տիպի գործիչները։
Նախ` Նժդեհը որևէ կապ չունի ներկայիս ՀՀԿ-ի հետ։ Այս ՀՀԿ-ն, մեղմ ասած, արատավորեց Նժդեհի լուսավոր, պայծառ, իմաստուն, ճշմարիտ հայրենասերի անունը։ Դուք մոռանում եք այս ցանկում նշել Վազգեն Սարգսյանի անունը, որը ՀՀԿ-ին իշխանության բերեց, ինչպես նաև ՀՀ երկարամյա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։


Չեք նշում, որովհետև Վազգեն Սարգսյանը սպանվեց ՀՀԿ իշխանության օրոք, իսկ Անդրանիկ Մարգարյանը, ում ժողովուրդը սիրում և հավատում էր, մահացավ, ըստ շրջանառվող լուրերի, կասկածելի հանգամանքներում նույն ՀՀԿ-ի օրոք։ Ասածս չի նշանակում, թե սպանության կամ բնական հանգամանքների համար անհասկանալի մահվան մեջ կասկածում եմ հանրապետականներին։ Քավ լիցի: Նման մեղք իմ հոգուն չեմ բարդի։ ՈՒղղակի չեմ հասկանում` իրականում ո՞վ եք Դուք և ի՞նչ եք ցանկանում ասել։
Հիմա այն մասին, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը «համարձակվեց» վարչապետի աթոռին իր հայտնվելը համեմատել 1918 թ. մայիսյան հաղթանակի հետ՝ ըստ Ձեզ։


Պարոն Շաքարյանց, Ձեր իսկ հոդվածում բերված Փաշինյանի ելույթների հատվածներից ոչ մեկում վերոգրյալ մտքի շարադրանքը չկա։ Մարդն ընդամենն ասում է, որ հայ ժողովուրդը, ինչպես 1918 թ. մայիսին, այս անգամ ևս (2018 թ. ապրիլ-մայիս) հույսը դրեց իր վրա, այլ ոչ ուրիշների, հավատաց ինքն իրեն, ապավինեց սեփական ուժերին, ապագային և հաղթանակեց։
Դուք, պարոն Շաքարյանց, չէի՞ք հետևում «Քայլ արա» շարժման ընթացքին, չէի՞ք տեսնում ինչ է կատարվում Հայաստանում։ Պայքարի համար ոտքի էր ելել Հայաստանի բնակչության 90 տոկոսը։ Եվ եթե ուշադիր հետևում էիք շարժման ընթացքին, ապա որպես քաղաքական վերլուծաբան առաջինն ինքներդ պիտի արձանագրեիք ոչ թե նմանությունը, այլ նույնությունը (պարտադիր չէ՝ զենքով) 1918 թ. մայիսյան օրերի հետ։ 1918 թ. մայիսին, իհարկե, զենքը ձեռքին, պետության փրկության, ժողովրդի գոյատևման ապահովման պատերազմին մասնակցում էր հազիվ 100-150 հազար մարդ։


Պարտավոր էիք տեսնել ու լսել, որ 300 հազար 20-30 տարեկան երիտասարդ հայաստանցիներ վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», տանում են Հայաստանի պետական խորհրդանիշ հանդիսացող եռագույն դրոշը։ Այս ամենը, եթե Ձեզ համար սոսկ իշխանափոխության պահանջ ունեցող շարժում էր և ընդամենը վարչապետական աթոռին նստելու միտում ուներ, ապա ինձ և ինձ նման 100-հազարավոր հայերի համար միարժեքորեն ազգային ազատագրական շարժում էր։
Այո, այս շարժումն ընթանում էր Հայաստանի անկախ հանրապետությունում, բայց միևնույն է, և Դուք էլ եք հասկանում, որ տեղի ունեցածի գաղափարախոսությունը ազատության և անկախության տանելու իմաստն ուներ։ Ինչու՞ և ի՞նչ պատճառով էր այդպես, ինքներդ դատեք...


Ամենուրեք ընդունված է՝ իշխանության եկած նոր ուժերին չքննադատել առնվազն 100 օր։ Դուք և Ձեզ նմանները չեք համբերում նույնիսկ այդ ժամկետի ավարտին։
Հասկացեք, որ հայ ժողովուրդը մեկ-երկու ամսում քաղաքական հասունացման 100 տարի ապրեց, չեք ընկալում, որ հայաստանցիների մտքում ու հոգում կատարվեցին շատ արժեքավոր տեղաշարժեր, որ մարդկանց միջից դուրս մղվեց ահագնացող ստրկամտությունը և, լինելով լուրջ անձնավորություն, քաղաքական վերլուծաբան, վստահ եմ՝ նաև հայրենասեր, չեք ցանկանում ընդունել շատ պարզ տեսանելի մի իրողություն. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայությունը միասնաբար վերարժևորեցին անկախության ու ազատության գաղափարները, արդար երկրում ապրելու, երկիրը չլքելու, ներգաղթի անհրաժեշտությունը։
Պարոն Շաքարյանց, հավատացեք, որ այլևս շատ դժվար կլինի բռնի ուժով ճնշել ու ընտրակաշառքներով խաբել Հայաստանի քաղաքացիներին։


Գիտցեք, որ «Քայլ արա» շարժման ընթացքում ձևավորվեցին հարյուրավոր «նիկոլներ» և դա Նիկոլ Փաշինյանի մեծագույն պատգամն է հայ Ժողովրդին։
Ձեզ և Ձեր համախոհներին հորդորում եմ ՀՀԿ-ի բռնատիրական ռեժիմից ՀՀ քաղաքացիների ազատագրմանը նայել ողջամտությամբ, կանգնել նոր իշխանությունների կողքին և անել հնարավորինս ամեն բան Հայաստանում տիրող այս նոր շունչն ու մտածելակերպն ընդմիշտ պահպանելու համար՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և համայն հայության։


Մուրադ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒջան

Դիտվել է՝ 4643

Մեկնաբանություններ