Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ապրիլի 24-ը՝ ազգանվանափոխության օր

Ապրիլի 24-ը՝ ազգանվանափոխության օր
17.04.2018 | 02:01

Սրբազան հայրե՛ր, ձեզ եմ դիմում մի հարցով, որն արտաքուստ անհատական է, բայց իրականում համազգային հնչողություն ունի: Մոտենում է հերթական Ապրիլի 24-ը, մի օր, երբ մեզանից յուրաքանչյուրը, ներանձնացած ինքն իր մեջ, սովորականից բազմակի ուժգին է ապրում ազգային ողբերգության ցավն ու տխրությունը: Անցած տասնամյակներին մեր վիշտն ամոքում ու սփոփում, ինչպես նաև բողոքի ու հատուցման կոչերն արտահայտում էինք տարաբնույթ միջոցառումներով, որոնք, իհարկե, իրենց դրական դերն ունեցան, մասնավորապես, ծնվեց Արցախյան շարժման սերունդը: Մեր կորստի 100-րդ տարին նշանավորեցինք համաշխարհական սգահանդեսներով:

Հատկապես հիշարժան էր Հայաստանի նախագահի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ի լուր աշխարհի պաշտոնապես հրապարակած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը», որի դրույթներով մենք առաջիկայում ևս պետք է առաջնորդվենք: Դրանից շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցավ մեկ այլ կարևոր իրադարձություն, երբ Հայոց երկու կաթողիկոսները համատեղ հանդես եկան կոչով՝ ուղղված Թուրքիո պետությանը, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ամբողջությամբ հատուցի հայ ժողովրդի կրած բոլոր կորուստները: Այսպիսով՝ մենք չենք դադարեցնում մեր ակտիվ պայքարը, հայտարարում ենք, որ հետամուտ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և համոզված ենք, որ թուրքական իշխանությունները երբևէ կընդունեն իրենց պապերի գործած ոճիրն ու ազգովին կապաշխարեն:


Սակայն բոլորս էլ գիտենք, որ այդ ամենը ժամանակ է պահանջում` կրկին տասնամյակներ կամ գուցե ավելին (ոմանք նույնիսկ դառնորեն կատակում են, թե առայժմ Ավետյաց երկրին վերատիրելու համար անհրաժեշտ երկու հազար տարվա առաջին հարյուրամյակն ենք ընդամենը բոլորել), ուստի սահմանափակվել սոսկ վերոնշյալ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներով, իհարկե, բավարար չէ: Կան քայլեր, որոնք կարող ենք ու պետք է արդեն իսկ նախատեսվածին զուգահեռ կատարենք, ընդ որում, պարտադիր չէ, որ դրանք քաղաքական լինեն: Օրինակ՝ ինքնամաքրվելը: Պարզեմ միտքս: Հայությունն իր վրա կրում է մի դրոշմ (ավելի ճիշտ՝ խարան), որը, մեղմ ասած, ոչ մի կերպ չի կարող մեզ ոգևորել: Դա թուրքականությունն է՝ արտացոլված նախ և առաջ մեր ժողովրդի ազգանուններում, ինչպես նաև մեր երկրի տեղանուններում: Գաղտնիք չէ, որ հայկական ազգանունների նշանակալից մի խումբ կառուցված է թուրքերեն բառարմատներով և -յան վերջածանցի հավելումով: Սա մի երևույթ է, որը ոչ մի բացատրություն չունի: Զոհը կրում և պահպանում է դահճի ազգային ինքնության հատկանիշներից մեկը՝ լեզվամտածողությունը: Եվ, որքան էլ տարօրինակ է, նույն այդ զոհը (մենք բոլորս ցեղասպանված ազգի զավակ ենք, ուստի, անկախ սերնդից, զոհ ենք, քանի դեռ հատուցում չի եղել), կրկնում եմ՝ նույն այդ զոհը հոգևոր կապերով սրբորեն կառչած է մնում իր ապագան խավարեցրածին: Հարազատ է մնում մի ժողովրդի, որն իրեն, իբրև հայի, թշնամի է համարում և մտածում է միայն իրեն ոչնչացնելու մասին: Նշանակում է` տվյալ անհատը թեկուզ ակամա արդարացնում է թուրքի ոճրագործ անցյալը: Հայ մարդու կողմից թուրքական ազգանուն կրելն ուրիշ տպավորություն չի կարող թողնել, հետևաբար ընդունենք, որ նման ազգանուններով պահանջատեր չեն լինում:


Սրբազան հայրե՛ր, վերն ասվածն առավել է ընդգծվում, երբ տեսնում ենք, որ խնդիրն անխտիր վերաբերում է հայության բոլոր խավերին ու շերտերին: Այդ թվում և՝ հոգևորականությանը: Ընդ որում` սարկավագից մինչև պատրիարք: Ստիպված եմ մի քանի անուններ տալ, որպեսզի մերկապարանոց չհնչի խոսքս: Ահավասիկ` Արամ Ա. Քեշիշյան - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Արամ արք. Աթեշյան-Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի փոխանորդ, Գարեգին արք. Պեգճյան - Գերմանիայի ՀԱԵ հոգևոր առաջնորդ, Հակոբ արք. Գլնճյան-ՈՒրուգվայի ՀԱԵ հոգևոր առաջնորդ, Սեպուհ արք. Չուլջյան-ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ, Նարեկ վրդ. Բերբերյան-Բրազիլիայի ՀԱԵ հոգևոր առաջնորդ, Զավեն վրդ. Յազիչյան-Մայր Աթոռի լուսարարապետի օգնական, Արամ քհն. Տեյիրմենճյան-Արաբական Միացյալ Էմիրությունների ՀԱԵ հոգևոր առաջնորդ, Հեթում քհն. Թարվերդյան-Ախթալայի Ս. Աստվածածին վանքի վանահայր, Արամ սրկ. Քէթէնճյան-Իրաքի ՀԱԵ հոգևոր առաջնորդ: Այժմ` թուրքերենից թարգմանությունը. քեշիշ-տերտեր, աթեշ-կրակ, խարույկ, պեգճի-պահակ, ժամապահ, չուլջի-հնակարկատ, գլնճի-կելինճիկ կոչված հիվանդությունը բժշկող գրբաց, բերբեր-սափրիչ, յազիչի-գրագիր, քարտուղար, տեյիրմենճի-ջրաղացպան, թարվերդի-աստվածատուր, քեթենճի-քաթանագործ: Ինքնին հասկանալի է, որ ցանկության դեպքում այս և նմանահունչ այլ ազգանուններ հեշտորեն կարելի է հայացնել: Այդպես նախկին սփյուռքահայ Էքմեքչյանը (թարգմանաբար` Հացագործյան) դարձավ ճանաչված մտավորական Սարգիս Հացպանյան ¥ցանկության դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Քեշիշյանը և, ընդհանրապես, բոլոր Քեշիշյանները կարող են իրենց ազգանունը փոխել Տերտերյանի, Աթեշյանները` Կրակյանի, Պեգճյանները` Ժամապահյանների, Գլնճյանները` Գրբացյանի, Յազիչյանները` Գրագիրյանների, Տեյիրմենճյանները` Ջրաղացպանյանների, Թարվերդյանները` Աստվածատուրյանների, Քէթէնճյանները` Քաթանագործյանների և այլն (իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա փոխել իրենց ազգանունները դրանց հայկական տարբերակներով, կարող են հայկական այլ ազգանուններ ընտրել-խմբ.):


Սրբազան հայրե՛ր, գրիչ եմ վերցրել` դիմելու ձեզ, որպեսզի դուք հանդես գաք նախաձեռնությամբ: Հատկապես դուք, որովհետև ձեր օրինակը թյուրիմացության թմբիրից կարող է հանել բոլոր այն հայերին, ովքեր կարծում են, թե ցեղասպանությունից մազապուրծ եղած պապից ժառանգած արհեստավորական ազգանունը պահելով, պահում են նաև իրենց պապերի, նրանց գերդաստանների բարի հիշատակը, ինչպես և Էրգրի անշեջ հուշն ու կարոտը: Սա ճիշտ չգիտակցված ավանդապահություն է: Մենք մեզ հաշիվ չենք տալիս, որ մեր պապերը հաճախ այդտեսակ ազգանուններ են վերցրել ստիպված, թուրքերի թելադրանքով: Բայց չէ՞ որ այսօր մենք անկախ պետության անկախ քաղաքացիներ ենք, և նման հարցերում մեզ այլևս ոչ ոք չի կարող թելադրել: Ոչ ոք, մեր խղճից բացի: Այլ բան է, որ մեր խիղճը պետք է գիտակից ու գրագետ գործի:


Մենք շարունակում ենք պայքարի մեջ մնալ, ամենաբարձր մակարդակներով մեր աշխարհիկ և հոգևոր առաջնորդների հայտարարություններն այդ մասին են վկայում, հետևաբար` ազգանվանափոխությունը շարժում դարձնելով, ընդամենը պայքարին մի նոր երանգ կավելացնենք: Մենք պարտավոր ենք շարունակել մեր պայքարը, որովհետև թուրքը շարունակում է ցեղասպանությունը: Ընդսմին` ոչ միայն ժխտելով և ուրանալով 1915 թվականը, այլև բառիս բուն իմաստով վերացնելով հայկական բոլոր հետքերն իր իշխանության տակ գտնվող տարածքներից: Եվ այդ ամենը` պետականորեն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով Արևմտյան Հայաստանի հայկական տեղանունների գրեթե 90 %-ը թրքացվել է: Ավելի մանրամասն, ըստ մասնագիտական հաշվարկների, թրքացվել է 3600 տեղանուն: Թուրքը (նաև մեր արևելքում գտնվող նրա ենթատեսակը) զանգվածաբար ոչնչացնում է հատկապես մեր պատմամշակութային հուշարձանները: Արևմտյան գիտնականները նմանատիպ երևույթները բնորոշող նոր եզրույթ են ստեղծել` մնեմոցիդ, հիշողության սպանդ: Եվ թուրքերն այժմ հենց այդպիսի սպանդ են իրականացնում: Իսկ ահա մենք, ընդհակառակը, թուրքական հիշողության հավատարիմ պահապանն ենք մնում Հայաստանի Հանրապետության տարածքում: Մեզ ամենևին ամոթը չի խեղդում, որ առայսօր Ալավերդի քաղաքը հավերժացնում է թուրք ավազակապետի հիշատակը, Գյումրին թուրքավարի աղավաղում է մեր նախապատմական Կումայրին, և այդ շարքը դեռ երկար կարող ենք շարունակել: Բազմիցս է գրվել այդ մասին, սակայն տեղաշարժ չկա ոչ ժողովրդի, ոչ էլ իշխանությունների կողմից: Ստացվում է, որ մենք թուրքերի տեղապահն ենք Հայոց աշխարհից մեզ թողնված այս հատվածում: ՈՒստի հարկ է, որ մի նոր շարժում սկսենք ընդդեմ թրքության, հանուն հայության, հանուն Հայաստանի ամբողջական վերահայացման: Այս պարագայում չի կարող գործել «Սիրիր թշնամուդ» պատվիրանը:


Սրբազան հայրե՛ր, դուք եք ժողովրդի հոգևոր առաջնորդները, հետևապես ժողովրդի առջև շատ ավելի մեծ է ձեր պատասխանատվությունը: Դեմոկրատիայի պայմաններում աշխարհիկ իշխանությունները ժամանակավոր են, այդ իսկ պատճառով նրանք կարծես թե ժամանակ չեն գտնում կարևորելու նման հարցերը: Հոգևոր իշխանությունն է տևականը, մտածողը հավերժականի մասին, ասել է թե` երկրի ու ժողովրդի մասին: ՈՒստի` հոգևոր առումով առողջացնենք ու առողջ պահենք մեր երկիրն ու ժողովուրդը: Արևելյան մի ասացվածք կա` «Ժողովուրդը ծով է, բայց նրա ալիքվելու համար քամի է հարկավոր»: Եղե՛ք այդ ալիքողը: Նախաձեռնե՛ք ազգանվանափոխության շարժումը: Ապրիլի 24-ին կանգնե՛ք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հրապարակում և ձեր շուրջը հավաքեք նախապես ձեր կոչին արձագանքած հայ քաղաքական գործիչների, գիտնականների և արվեստագետների այն բազմությունը, որոնք նույնպես թուրքական արմատներով ազգանուններ ունեն: Կանչե՛ք ու կոչե՛ք սկսած այս պահից, և նրանք կգան: Եվ կատարե՛ք ազգանվանափոխության արարողություն: Եթե կարողացանք օտարապաշտական հելոուինին ու սբ. Վալենտինի տոնին դիմակայել Տյառնընդառաջով ու սբ. Սարգսի տոնով, ապա, ուրեմն, կասկած չունենանք, որ շատ հայեր կարձագանքեն նաև անվանափոխության կոչին: Այնուհետև երկրորդ ալիքը կտարածենք մեր տեղանունների վրա: Կպահանջենք մեր տեղական և ավելի բարձր իշխանություններից, որ թուրքական շերտից վերջնականապես մաքրեն հանրապետության լեռնանունները, ջրանուններն ու բնակավայրերի անունները, քանզի այդ ուղղությամբ արվածը դեռ ամբողջը չէ:


Սրբազան հայրե՛ր, ինքներս էլ լավ գիտենք, որ մեր հայրենասիրությունն ավելի շատ հուզական է, քան գործնական: Ժամանակը չէ՞ արդյոք, որ փոխենք դրանց տեղերը և ավելի ցայտուն դարձնենք մեր ինքնահարգանքի դրսևորումները, կատարյալ դարձնենք հայ մարդու հոգևոր վերազարթոնքը: Ի վերջո. անկասկած «Սովա՛ւ յաղթեցես»…

Մեծ հույսով և ակնկալիքով`
Համլետ ԴԱՎԹՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս

Դիտվել է՝ 6041

Մեկնաբանություններ