Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Ի՞նչ ամրություն կարող են դնել թուրքերի դեմ, եթե նրանք նվաճեն Գերմանիան»

«Ի՞նչ ամրություն կարող են դնել թուրքերի դեմ, եթե նրանք նվաճեն Գերմանիան»
03.10.2017 | 07:33

«Եվրոպայում տիրող անհամաձայնության հետևանքով Ասիան ընկավ թուրքերի ձեռքը, նրանց առջև բացվեցին Թրակիո դարպասները: Այնուհետև, եվրոպական թագավորների միջև հիդրայի գլուխների պես ծագած վեճերն ու կռիվները քաջալերեցին թուրքերին ավելի տարածվել Եվրոպայում։ Հանդարտ ծովի վրա նավի ղեկն ում ասես կարելի է վստահել: Սակայն, մեր սխալների հետևանքով, թուրքերն իրենց հաջողություններից դարձան ավելի համարձակ: Երբեմն արվեստը հասցնում է խմբագրել բնության թերությունները, սակայն չի վերացնում արմատը, և երբ արվեստը քաշվում է մի կողմ, բնությունն աստիճանաբար վերադառնում է իր դիրքերին: Իսկ երբ արվեստը ջնջված է կամ թույլ, բնությունը տիրականորեն պահանջում է այն, ինչ իրեն է պատկանում: Եթե քամին մի քիչ դադարի փչել, և եթե դուք ձեր քենն ու կատաղությունն ուղղեք թուրքի դեմ, անմիջապես կիմանաք, թե ինչ է ասիացիների ուժը: Դժբախտությունը կբացահայտի այն, ինչն անընդհատ հաջողությունների շարքը թաքցրել էր, և ամբողջ հստակությամբ ձեզ ցույց կտա, որ թուրքերը զորավոր են ոչ թե իրենց ուժով ու քաջությամբ, այլ ձեր սխալներով(1):


Քրիստոնյաները շարունակում են տիրապետել Եվրոպայի ամենահաստատուն մասին` Գերմանիային, միայն թե վերջ տան իրար դեմ կռվելուն, այլապես կորած են: Պետք է ամրացնեն Գերմանիան, այո, պետք է ամրացնեն բերդերով ու պարիսպներով, բայց, նախ և առաջ, պետք է համատեղ աշխատեն, որ թուրքը Գերմանիան չզավթի, եթե ոչ, ապա այլևս հույս չի լինի, թե ամբողջ Արևմուտքը չի ընկնի թուրքերի ձեռքը, և նրանք, ովքեր կհրաժարվեն այդ լծի տակ ապրելուց, մեծ տորմիղներով կգաղթեն Նոր աշխարհ: Բայց այնտեղ էլ նրանք ապաստան չեն գտնի ընչաքաղցության բոռերի գրոհներից: Ի՞նչ ամրություն կարող են դնել թուրքերի դեմ, եթե նրանք նվաճեն Գերմանիան: Այդ ժամանակ մյուս բոլոր արգելքները թղթե ամրոցներ կդառնան: Ճիշտ է, Եվրոպան շատ ուժեղ է, բայց ի՞նչ օգուտ, եթե թուրքը տիրանա Եվրոպայի լավագույն մասին»(2):


Այս մարգարեությունը գրվել է 1522 թ.՝ իսպանացի հումանիստ, Էրազմ Ռոտերդամցու աշակերտ, կաթոլիցիզմ ընդունած իսպանական հրեա Խուան Լուիս Վիվեսի (1492-1540) «De europae Dissidis et Bello Turccico Dialogus» («Վասն Եվրոպայի պառակտման և թուրքական պատերազմի») գրքում: Այդ տարիներին թուրքերն արդեն մտել էին Եվրոպա, բայց շատ հեռու էին Գերմանիայից, այնուհանդերձ, մեծ հումանիստը հինգ հարյուրամյակ առաջ անցնելով, գուշակել է Եվրոպայի ներկա կացությունը: Գերմանացիներն այսօր «ի՞նչ ամրություն կարող են դնել թուրքերի դեմ», որոնք այդ երկրում մոտ չորս միլիոն են (չհաշված թուրքերից ու գերմանացի կանանցից սերած թուրքածինները): Եվրոպայում այսօր կա՞ մի նոր Խուան Լուիս Վիվես, որը մեզ հուշեր Եվրոպայի սիրտը հանդիսացող այդ երկրի մոտակա ապագան:(3)


2006 թ. հունվարին բախտ ունեցա երեք շաբաթ հյուր լինելու բելգիացի մեծ բանաստեղծ Մորիս Կարեմի տանը՝ Բրյուսելում: Բնականաբար, առիթն անմիջապես օգտագործեցի մեկնելու հրաշք քաղաք Բրյուգե և հարգանքի տուրք մատուցելու Խուան Լուիս Վիվեսին: Ահա այդ այցելության վկայությունը՝ մարգարեի լուսանկարը, որը, չնայած ամպամած օրվան, կարծում ենք` հաջող ստացվեց:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
_________________
1. Դոստոևսկին 1877 թ. գրեթե նույնն էր ասում թուրքի մասին. «Молодец против овец, сам овца против молодца»:
2. Դենի դը Ռուժմոն, «Եվրոպայի 28 դարերը», էջ 82-83, Երևան, «Ապոլլոն» հրատ., 1996 թ., թարգմ. ֆրանսերենից` Ալեքսանդր Թոփչյանի։
3. Այդ ապագան այսօր առավել մռայլ է թվում, երբ գերմանական քաղաքացիություն ունեցող շուրջ չորս միլիոն թուրքերին ավելանում է, այսպես կոչված, փախստականների մեկմիլիոնանոց զանգվածը։

Դիտվել է՝ 6821

Մեկնաբանություններ