Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայաստանյան թոփշալիշ

Հայաստանյան թոփշալիշ
30.05.2017 | 10:35

Անկեղծ գտնվեմ և նշեմ, որ չգիտեմ՝ լրագրողական գործունեությանս հերթական այս արտադրանքը կբավարարի՞ արդյոք խմբագրին: Հարցն այն է, ինչպես կյանքի շատ երևույթներ, գրավոր ասելիքն էլ իր նպատակն ու տրամաբանությունը պետք է ունենա, որ արդեն երրորդ տարբերակն է, ինչ-որ չի ստացվում: Հենց այս պահին ցանկանում եմ նշել՝ ինչպես մեր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, որը երազում էինք ողջ ազգով, տասնամյակներով ու հարյուրամյակներով, մեծ ու փոքրով: Չվիճարկելով իրողությունը, որն է նորին մեծություն Հայաստանի Հանրապետության գոյությունը, այսուհանդերձ, արդեն 25-րդ տարին անորոշ է մնում մեր պետության կարգավիճակը, որը սահմանադրորեն ամրագրված է որպես սոցիալական և իրավական, երբ այն տարօրինակորեն չեն զգում ու տեսնում երկրի հարյուրհազարավոր քաղաքացիներն ու այդ պատվին արժանանալու պահանջն ունեցող, արտերկրներում հանգրվանած մեր հայրենակիցները, մարդու հայ տեսակը, որը բարի է ու կամեցող, ուսումնատենչ ու աշխատասեր, արարող ու բաշխող, ի վերջո՝ աստվածավախ ու աստվածապաշտ:


Եվ այսուհանդերձ մտորում եմ. հայաստանյան մերօրյա միջավայրը շատ շատերի համար է անորոշության տարածքի վերածվել, այդ թվում՝ լրագրության 50 և ավելի տարիների կենսագրություն ունեցող ՀՀ քաղաքացուս համար: Նման պահերին, սովորությանս համաձայն, մտածում եմ, թե համանման պայմաններում ինչ են արել ու ասել ազգիս մեծերը: Ահա, խնդրեմ, ծանոթացեք նրանցից մեկի՝ Պարույր Սևակի սթափեցնող այս դիտարկմանը, որը, վստահ եմ, պոռթկացել է ճիշտ իր ժամանակին՝ «բավական չէ՞, դուք ձեզանից ձեզ գողանաք» արտահայտչաձևով, բանաստեղծության ավարտին հաստատագրելով. «Ես այլևս չեմ մասնակցում ո՛չ թե խաղին, այլ մինչև իսկ և մատաղի՜ն, թե մորթվողը մարդկայնություն-մարդկությունն է»: Ոչինչ ասելու կամ պնդելու փորձ անգամ չեմ անում, բացառությամբ այն բանի, որ հիշատակումները սևակյան ահազանգեր են լսելու ունակություն ունեցողների համար, որպիսիք, վստահ եմ, մեր իրականությունում դեռ կան:


Ի՞նչ թոփշալիշ, հայերենում նման բառ-հասկացություն չունենք, կվրդովվի ընթերցողը: Լավ, իսկ ի՞նչ կփոխվի, եթե այդ բառն ավանդական ուղղագրության տեսքով ներկայացնեմ՝ շիլաշփոթ: Մեր պատկերացումներում ինչ-որ փոփոխությո՞ւն կարձանագրվի, լավատե՞ս կդառնանք, իրողությունն այլ չափորոշիչներո՞վ կգնահատենք. գուցե, գուցե և… Այնպես որ, ըմբռնումով մոտեցեք մեր հայաստանյան շիլաշփոթ միջավայրը նաև հայաստանյան թոփշալիշ որակելու ցանկությանս, որը կազմավորվել է մեզանում ամեն ինչ հակառակն անելու ավանդույթ դարձած պարզ երևույթների ու գործողությունների արմատավորման արդյունքում: Երկիր ենք կազմավորել ու հռչակել, որի նպատակներն իրականության հետ որևէ առնչություն չունեն, ցանկություններն իրենք իրենց համար են, իրողությունն իր՝ կտրուկ ու կոշտ, մածունը սպիտակ է, թե սև, տվյալ պահին համապատասխան գնահատականով, կամ «բռնված չէ, գող չէ» իրավագիտական հիմնավորումով: Ամփոփ ասած, հայաստանաբնակի առօրյան, համենայն դեպս շրջապատիս հարյուրավոր ներկայացուցիչների, նրանք էլ իրենց շրջապատի տասնյակ ու դարձյալ հարյուրավոր մասնակիցների հավաստմամբ, ովքեր ուսանողներ ու մանկավարժներ են, բուժաշխատողներ ու առևտրականներ, սպասարկողներ ու սպասարկվողներ, աշխատանք ունեցողներ և այն փնտրողներ, մի խոսքով՝ առողջ դատող ու մտածող մարդիկ, որոնց կյանքն ու կենցաղը նվազագույն աստիճանի է, որը չի գոհացնում, մարդ-արարածի մեր տեսակին վայել չէ, եթե չասենք՝ անպատվաբեր է: Մեր այս տեսակի ուզածն ընդամենը նվազագույնի այն աստիճանն է, երբ պարզ ու հասարակ սննդակարգի, համեստ կահավորված բնակարանի առկայության պարագայում կարելի լինի մեկ-մեկ էլ կինոդահլիճ կամ համերգասրահ այցելել, սրճարան էլ ուսանողական տարիների ընկերոջը մեկ բաճակ սուրճի կամ գարեջրի հրավիրել: Ծանոթներիցս մեկի բնորոշմամբ, հարևանը երեք գեղեցկուհիների է ամուսնացրել առանց երգ-երաժշտության ու դրկից հարևաններին հրավիրելու, չխոսելով նվերների քանակի ու հարսանեկան ճանապարհորդության մասին, հույս տածելով, որ իր վիճակում գտնվող խնամիներն էլ երբևէ խոսք ու զրույցի տեղ ու առիթ չեն ունենա:


Թե ինչու ենք հայտնվել այս վիճակում, երբ ամենաստեղծ աշխատանքն ու աշխատելը օտարվել են հանրային կյանքից, տեղը զիջել առևտրին ու բազմաբնույթ սպասարկումներին, երբ խաղատներն ու սաունաները, ռեստորաններն ու շքեղաշուք հյուրանոցները հայտարարվում են հանգստի ու զվարճանքի վայրեր, հիմա դժվար է միանշանակ գնահատական տալ, քանզի դրանք էլ պահանջված են, հիմնականում լեփ-լեցուն, իրենց հերթին սպասող հրավիրյալներով: Գրում եմ այս ամենն ու ակամայից հիշում օրեր առաջ իմ ու ընկերոջս հետ կատարված հետևյալ դեպքը: Քայլում էինք օպերայի տարածքի Սայաթ-Նովայի հատվածով, որոշեցինք կից սրճարանում նստել, մեկական գավաթ գարեջուր ըմպել: Մատուցողն ասաց, որ «Կիլիկիա» ունեն, համաձայնվեցինք, մոտ 15 րոպե զրույցի տրվեցինք: Երբ հեռանալու ժամանակը եկավ, մատուցողին 1000-դրամանոց մեկնեցի, որին ի պատասխան նա ասաց. հիմա հաշիվը կբերեմ: Պարզվեց, որ հասուն ընկերներով շատ միամիտ քայլ էինք կատարել, որովհետև անգամ հայրենական արտադրության 0,5 լիտր տարողության մեկական շիշ գարեջրի դիմաց գանձվող 1840 դրամի անգամ կեսը չէինք կանխատեսել ծախսել: Փոքր կենտրոնի մի շարք բաց, թե փակ սրճարաններում, նշված ծառայության դիմաց, նույն ընկերներով, 450-ական դրամ ենք վճարել առավել բարձր սպասարկման պայմաններում: Եվ սկսվեցին շարքային քաղաքացուս հերթական մտորումները, որոնք վրդովմունքի վերածվեցին, անգամ զայրույթի դրսևորումներ ստացան:

Տեսնում ու լսում ենք, չէ՞, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ ամեն օր են սրճարան ու ռեստորան այցելում, որ նման բան հայաստանցիներիս բացարձակ մեծամասնությունն իրեն թույլ չի տալիս անգամ տարին մեկ, քանզի տառապանքը փորձ ունի: Շատերի հետ խոսեցի գարեջրային մեր ոդիսականի շուրջ, որոնցից մեկի ընթացքում կարծիք հնչեց, որ օպերայի այգու տարածքի սրճարաններից մեկի սեփականատերը Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր է, հետն էլ կուսակցության ղեկավար, ում մեզանում նաև առաջնորդ են որակում: Չեմ վիճարկում, որ հենց այդպես էլ կա, քանզի մեզանում պաշտոն ու պատգամավորական մանդատ ձեռք են բերում անձնական բիզնեսը հուսալիորեն տանիքավորելու, պաշտպանելու նպատակով: Ահա և խնդրեմ. առաջիկա տարիներին մարդկանց այդ տեսակն է տնօրինելու մեր կյանքն ու կենցաղը, սովորական առօրյան, որը կտանի այն ուղղությամբ, որն իրեն է հարմար, իրեն ձեռնտու, իր շահերն է սպասարկում և հարմար է իր քիմքին:

Այս գործելաոճի արդյունքը տեսնում ենք, որը, ըստ տնտեսավարա-քաղաքագիտական տերմինաբանության, հասնում է մինչև «գաղջ» գնահատականի: Եվ հանկարծ, չգիտես ինչ նպատակով, տարօրինակ պիեսներ թողարկող մեկը նկատում է, որ այս վիճակի մեղավորը շարքային քաղաքացիներս ենք, հենց իրեն տեղափոխած տաքսիստը, որը քիչ է՝ չսափրված ու լոգարան մտնելն անտեսած հայտնվել է իր աշխատատեղում, հետն էլ ինչ-ինչ դատողություններ է անում «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կառուցված ապարանքները բարձրացված պատի միջոցով թաքցնողների մասին: Իմա՝ հիմնահարցը սափրված լինելն է, ինքը սափրված է, ուրեմն ինչ-ինչ բառեր արտասանելու իրավունքն ունի, ճշտով է խոսում: Իսկ թե ինչ է բաժանում տվյալ դեպքում այդ պատը, ինքն ասել չի կարող, քանզի չի տեսնում և տաքսիստի պես էլ «հավայի» խոսել չի պատրաստվում: Մարդու այս տեսակը, որն իրեն կարծիք հայտնողի կարգավիճակում է տեսնում և անգամ ընդգրկվում ամենատարբեր ցուցակներում, իր պետականամետամտածողությամբ այնպիսի բացահայտումներ է կատարում, որ եթե ամեն մարդ իր տեղում լինի և իր գործն էլ լավ կատարի, մեր կյանքն ու կենցաղը կբարեփոխվեն, և ամեն ինչ դեպի լավը կգնա: 25 տարի շարունակ այս մտայնությունն է մեզանում դիրքավորվում, փորձելով հանրության ուշադրությունը շեղել առավել կարևոր հիմնահարցերից՝ ընտրությունների արդար իրականացումից, վերահսկողական մեխանիզմների կիրառումից, տարբեր ուղղություններով անվտանգության աստիճանի բարձրացումից, դատական համակարգի անկախությունից... Որ մեր նորօրյա կառավարությունում հայտնվել են հանրությանը մինչ այդ անհայտ անձինք, որոնք երբևէ նվազագույնս չեն խոսել ՀՀ տնտեսության վիճակի և իրենց վստահված ոլորտների գործերից, դա ոչինչ: Գյուղնախարարը կարող է կովի կաթնատվությունից դժգոհող գյուղացուն ընդամենը խորհուրդ տալ վաճառել կովը և վերջ: Իր ի՞նչ գործն է կազմավորել անասնապահության հիմնահարց լիարժեք կերերի արտադրությունը, այդկերպ նպաստելով անասունների մթերատվության բարձրացմանը, գյուղաբնակի աշխատանքի արդյունավետության ապահովմանը, գյուղական աղքատության հաղթահարմանը:


Իսկ ի՞նչ ցույց տվեցին, ասենք, Երևանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ հիշատակված կարգավիճակի բազմաթիվ ներկայացուցիչներ էին կանգնած գործող քաղաքապետի կողքին, ասել է թե՝ նրա աշխատաոճի կողմնակիցներն էին: Ընդունելով ընթացիկ որոշ հարցերի իրականացումը, երևանցիները, թերևս, ակնկալում են առավել հեռահար խնդիրների լուծումներ, աղբահանման չարչրկված հարցի լուծմանը զուգահեռ նաև թեկուզ մետրոյի ցանցի ընդլայնում: Ցնցող էր իշխանական կողմի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե դեպի Աջափնյակ թաղամաս մեկ կայարանի շահագործման պահանջվող գումարը հավաքելու համար հարկ կլինի սպասել 250 տարի: Ասողը քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալն էր, որի պարտականությունների շրջանակում է ինչպես եղած միջոցների արդյունավետ կառավարումը, այնպես էլ նոր միջոցների ներգրավման ուղիների մատնանշումը: Իսկ դրանք Երևանում մարդկանց տեսադաշտում են. քաղաքապետարանը պարզապես չի ցանկանում իր տարածքում զանցանքներ իրականացնողներին ֆինանսական լծակներով պատժել, ասենք, մայթերը ավտոկայանատեղեր համարողներին, բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերն ու բակային տարածքները զավթողներին տույժերով սթափեցնել և այդկերպ ահռելի միջոցներ հավաքագրել: Այլապես ստացվում է, որ մետրոյի մի այլ գիծ դեպի Արաբկիր, Զեյթուն անգամ 22-րդ դարում հնարավոր չէ պատկերացնել, չխոսելով ժամանակակից տրամվայների համակարգի ստեղծման մասին: Էլ ինչո՞ւ ենք Երևանը համայն հայության մայրաքաղաք հռչակում, երբ նշվածներից շատ ավելի կարևոր հարցեր տասնամյակներ առաջ են լուծվել համայն հայության ներկայիս թող որ ժամանակավոր բնակավայրերում: Լիոնում բնակվող բարեկամս պատմում էր, որ վերջին տարիներին տրամվայի մի քանի ուղղություններով նոր գծեր են կառուցվել, այդ թվում` դեպի իրենց այգեգործական ընկերություն, որը գտնվում է ծայրամասային որակվող թաղամասի բնակելի մի խումբ շենքերի բակում: Եղել եմ ընդհանուր ցանկապատով այդ տարածքում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մոտ 150 քառակուսի մետր հողակտոր է զբաղեցնում, որտեղ կան ջրամատակարարում ու էլեկտրականություն, նաև անհատական ծածկ արևից ու անձրևից պաշտպանվելու համար: Հայաստանցիներիս պարագայում աներևակայելի համառություն է հարկավոր այս ամենին դիմակայելու համար, որը, ցավոք, մեր շրջապատում բոլորը չունեն: Եվ հաղթում է «մի կյանք ունեմ, որը մարդավայել եմ ցանկանում ապրել» մոտեցումը արտագաղթի տեսքով:

Գիտեմ, որ կա պաշտոնյայի տեսակ, որ այս պահին հայտարարելու է, թե արտագաղթի հետ քաղաքապետարանը կապ չունի, իրենք ընդամենը տեղական կառավարման մարմին են, իսկ թե ինչու է արտագաղթում երևանցին, չգիտեն: Նշեմ, որ հեղինակիս շրջապատի տասնյակ անձինք մեր մայրաքաղաքից հեռացել են քաղաքի բազմաբնույթ խնդիրների, դրանց հանդեպ անտարբերության պատճառով, որոնք էլ իրենց հայաստանյան առօրյան թոփշալիշ են դարձրել:
Խնդրում եմ՝ մի վրդովվեք այս բառից, որը մեր կյանքի արտացոլումն է: Եթե վրդովվելու առիթ եք փնտրում, այն քննարկվող հարցից զատ թե առավել կարող եք տարածել հայերենում գոյություն չունեցող «փոշմանել» անիմաստության վրա, որն արտասանում են անգամ հայոց լեզվի անաղարտության ջատագով գիտությունների դոկտորներն ու ակադեմիկոսները: Սևակն այս բառի 2 տարբերակ է նշում. մեղանչել-զղջալ:


Փորձեմ մերօրյա ասելիքն ավարտել, հույս տածելով, որ ՀՀ քաղաքացուս կողմից մշտապես հիմնախնդիր դիտարկվող երկրի պարենապահովության ու պարենանվտանգության հարցին կանդրադառնամ առաջիկայում: Եթե, իհարկե, այլ թոփշալիշներ չխոչընդոտեն, որտեղ ցանկանում եմ առանձնացնել կրտսեր գործընկերներիս «էրեխեք ջան» անվանելը, նրանցից ավագների էլ ՀՀ գյուղնախարարից շա՜տ մտահոգիչ «էս տարի ծիրան կուտե՞նք» հարցի պատասխանը ստանալը: Սրանցով սկսվում է, շարունակվում «մերն ուրիշ է» դիրքորոշումով, որից, ցավոք, արդյունք չկա ու չկա: Դե փորձեք պնդել, որ մեզանում ընդամենը շիլաշփոթ է, այլ ոչ հավերժի նմանվող թոփշալիշ, որը հուսահատություն է ծնում: Թերևս նման մի պահի է Պարույր Սևակը գրել.
-Հուսահատվում եմ նաև ա՜յն
բանից,
Թե որքա՞ն պիտի դեռ
հուսահատվեմ
Ինքըս ինձանից…

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5827

Մեկնաբանություններ