Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Դինոզավրերը» հենց այնպես չեն հանձնվելու

«Դինոզավրերը» հենց այնպես չեն հանձնվելու
16.12.2016 | 00:42

Վերջին օրերին ակնհայտ դարձավ` խորհրդարանական ընտրություններին մոտենալուն պես աստիճանաբար առաջին պլան է մղվելու Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում ուժերի վերադասավորման խնդիրը։ Եվ մինչ շատերը սրտատրոփ սպասում են Գագիկ Ծառուկյանի հերթական վերադարձին քաղաքական դաշտ ու դրանով պայմանավորում հիմնական զարգացումներն ընտրական գործընթացներում, շատ փորձագետներ ի սկզբանե կանխատեսում էին, որ, ամենայն հավանականությամբ, ապագա իշխանության կոնֆիգուրացիայում տեղ գրավելու համար շատ ավելի լուրջ մարտեր են ընթանալու հենց «Հանրապետականի» ներսում, ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարթությունում։ Ակնկալվում էր, որ ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանի արած ներքաղաքական և կազմակերպչական շեշտադրումները, որոնք առաջին հերթին որոշակի քարտ բլանշ էին տալիս վարչապետ Կարեն Կարապետյանին, բավականին լուրջ, թեկուզ և քողարկված, արձագանք պետք է ունենային հենց հանրապետական կուսակցության վերնախավում և գուցե նաև շարքերի մի մասում, որտեղ, բնականաբար ներկուսակցական ու բիզնես ինչ-ինչ շահեր են շրջանառվում։


Մինչև հետհամագումարյան շրջանը մշտապես արծարծվում էր այն թեման, թե ՀՀԿ-ի երկրորդ պլան մղված հնաբնակները փորձելու են ուշ թե շուտ ռևանշի հասնել նորերի նկատմամբ։ Իսկ այդ նոր թևը ներկայացնում են իհարկե հիմնականում Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Վիգեն Սարգսյանը և նրանց գլխավորած թիմերը։ Եվ եթե հներն անգամ չհասնեն ռևանշի, ապա գոնե կփորձեն իրենց նախկին ստատուս քվոն քիչ թե շատ վերականգնել ու կայուն պահել։ Բնական է, որ ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, որտեղ պետք է կուսակցության ղեկավարի փաստացի տված քարտ բլանշը ներկուսակցական մակարդակով իրավաբանորեն հաստատվեր, շատերը փորձեցին ակտիվանալ և հայտնել իրենց նկատառումներն ու անհամաձայնությունները:


Ներկուսակցական ամենակարևոր ինտրիգներից մեկը պաշտոնաթողությունից ի վեր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի երեքամսյա «պաուզայից» հետո հրապարակային վերադարձն էր մեծ քաղաքականություն։ Ակնհայտ է, որ ժամանակն ընտրված էր հատուկ՝ ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, որտեղ պետք է գոնե ամրապնդվեն նոր իրողություններում յուրաքանյչյուրին հասանելի ստատուս քվոները։ Խոսքը նախ և առաջ կուսակցության առաջին փոխնախագահի, փոխնախագահների մասին է։ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, գերադասեց իր վերադարձն արձանագրել tert.am կայքին տրված առանձին ու հետաքրքրական հարցազրույցով։ Բավականին մանրակրկիտ և ոչ առանց խորհրդատուների նախապատրաստված այս հրապարակումն ավելի շատ նման էր կարևոր ակնարկների ժողովածուի։ Հիմնական ասելիքը կարելի էր վերծանել հարցազրույցի տողատակերում։ Միևնույն ժամանակ որոշ դեպքերում գուցե և միտումնավոր տողատակերի ասելիքը բավականին վատ էր քողարկված։


Իսկ ի՞նչ է թաքնված հարցազրույցի տողերի արանքում։ Նախ և առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մի որոշ ժամանակ ինքը հեռացել էր ուշադրության կենտրոնից, նույնիսկ կուսակցական վերնախավի միջոցառումներին, գործադիր մարմնի նիստերին չէր մասնակցում՝ պատճառաբանելով, թե ճիշտ չի լինի, որ հեռացած վարչապետը միանգամից խոսի՝ իբր ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար։ Այդպիսով նա հասկացրեց, որ միտումնավոր ստվեր էր անցել։ Սակայն հիմա պետք է ենթադրել, որ եկել է հրապարակային քաղաքականություն վերադառնալու ժամանակը, և այդ ժամանակը, ինչպես հասկանում ենք, պայմանավորված է ՀՀԿ-ում դիրքերի վերաբաժանման և ամրապնդման գործընթացով։
Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, խոսեց նաև նոր վարչապետի մասին, ում հետ, ըստ իր հայտարարության, շատ ջերմ հարաբերություններ ունի: Սակայն այս համատեքստում նույնպես բավականին հետաքրքիր ակնարկներ հնչեցին։ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով նոր կառավարությանը, մասնավորապես, նշել էր. «ՈՒնեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն և բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում»։ Այսպիսով նախկին վարչապետն ակնարկել է, որ այն ազատությունը, որ իր բոլոր գործողություններում ունի Կարեն Կարապետյանը, ինքը ժամանակին չուներ, սակայն միևնույն ժամանակ նույնն էր պատասխանատվության չափը։ Ազատություն ասելով՝ Հովիկ Աբրահամյանը հավանաբար նախ և առաջ նկատի ունի կադրային ազատությունը։ Օբյեկտիվորեն պետք է նկատել, որ Հովիկ Աբրահամյանը բավականին թույլ դիրքեր ուներ հենց իր կառավարության մեջ, քանի որ ֆինանսական հոսքերն ու տնտեսական քաղաքականությունը վերահսկող տնտեսական բլոկի նախարարներն ավելի շատ Սերժ Սարգսյանի մարդիկ էին համարվում։ Թերևս, բացառություն էր ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որն անկախ ամեն ինչից այդպես էլ մնաց Հովիկ Աբրահամյանի կադրը, անկախ նրանից, թե քանի տարի էր աշխատել որպես Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ։


Ինչևէ, Կարեն Կարապետյանին ոչ միայն լիակատար ազատություն տրվեց գործադիր իշխանությունում, այլև քարտ բլանշ շնորհվեց նաև «Հանրապետականի» ներսում, և խոսքը ոչ միայն այն մասին է, որ նորանշանակ վարչապետի համար փաստորեն ստեղծվեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, այլև վերջինիս թույլ տրվեց, որ կուսակցությունում ձևավորի նաև իր հենարանը։ 7 հազար, իսկ որոշ տվյալներով, 10-11 հազար մարդ մեկ-երկու օրվա ընթացքում անդամագրվեց ՀՀԿ-ին։ Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ Կարեն Կարապետյանն իր սեփական հենարանը ստեղծի կուսակցության մեջ։ Այդպիսով հասկանալի է դառնում, որ Կարեն Կարապետյանի՝ «Հանրապետական» մուտք գործելու պայմաններից մեկն իր համար հատուկ թիմ ստեղծելն էր։ Կարեն Կարապետյանը շատ լավ հասկանում է, որ դժվար թե կարողանա ամբողջ կուսակցությունը դարձնել սեփական հենարանը` առանց քաղաքական այդ ուժում իր հենարանն ունենալու։ Նա շատ լավ հասկանում է, որ հակառակ դեպքում իրեն սպասում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ճակատագիրը։ Բնականաբար, այս ամենը չէր կարող Հովիկ Աբրահամյանի սրտով լինել, ուստի նա ակնարկում է, որ ներկա վարչապետը ոչ միայն լայն ազատություններ ունի, այլև արդեն թիկունքին հզոր քաղաքական թիմ։ Իհարկե, տեղին է նշել, որ նույն Կարեն Կարապետյանը որոշակի քաղաքական հենարան ունի նաև դրսում, մասնավորապես, ի դեմս ռուսաստանաբնակ հայազգի գործարարների և վերջիններիս ռուսաստանյան իշխանության հովանավորների։


Հովիկ Աբրահամյանն իր հարցազրույցում առիթը բաց չթողեց` նշելու, որ այնուամենայնիվ հաջողությունը կախված է նաև միջազգային տնտեսական կոնյունկտուրայից։ Ըստ այդմ, նա հասկացնում էր, որ իր կառավարման ժամանակ շատ անհաջողություններ պայմանավորված էին նաև միջազգային տնտեսական իրավիճակով, ինչը, բնականաբար, անդրադառնում էր Հայաստանի տնտեսության վրա։ Եվ ակնարկում է, որ հիմնականում դա էր պատճառը, որ իրեն չհաջողվեց լուրջ արդյունքների հասնել։


Իսկ հետագայում իր անելիքների մասին հարցին Հովիկ Աբրահամյանի ակնարկն առավել քան թափանցիկ էր. դեռևս կազմակերպչական հարցերն ապագա խորհրդարանական ընտրարշավի հետ կապված չեն սկսվել։ Այսպիսով նա հասկացրեց, որ ինքը պատրաստ է, ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, գլխավորելու շտաբը, եթե, իհարկե, իրեն վստահվի դա։ Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը փորձում է տեղ հասցնել, որ իր նկրտումները մնում են բավականին բարձր։ Սա նաև շատ կարևոր նշանակություն ունի իր համար, քանի որ ինքը երեք ամիս բացակայելով քաղաքական անցուդարձից, սկսեց հասկանալ, որ իր վարչական ռեսուրսը, կուսակցության ներսում սեփական քաղաքական հենարանը աստիճանաբար նոր տանիքներ է փնտրում՝ կարծես թե հավատալով, որ Հովիկ Աբրահամյանն արդեն երկրորդ պլանի խաղացող է։ ՈՒստի իր վերադարձի մասին հայտարարությամբ և առավել ևս շտաբի պետ լինելու նկրտումներով փորձ է անում կոնսոլիդացնել իր քաղաքական թիմը։


Հովիկ Աբրահամյանի, թերևս, ամենահետաքրքիր ակնարկը հնչել է իր ձեռքբերումների մասին խոսելիս։ Պարոն Աբրահամյանն ուղղակիորեն նշել է. «Կապ չունի՝ ինչ աշխատանքով ես զբաղված, կապ չունի՝ քո կայացրած որոշումների մասշտաբները որքան լայն են, առաջին իսկ հնարավորության դեպքում հասնել խնդիր ունեցող մեկ մարդուն, ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողին, եթե անգամ պետական քաղաքականության արդյունքները ուշանում են տվյալ հարցում. սա է եղել իմ ներքին համոզումը միշտ, ու սրանով եմ առաջնորդվելու ապագայում ևս։ Իմ ձեռքբերումը որևէ անելանելի վիճակից դուրս եկած մարդկանց ժպտացող հայացքներն են, որոնք ես միշտ պահում եմ իմ մեջ։ Մեր ժողովուրդը բնական խոր իմաստություն ունի, նա շատ արագ է տարբերում իր նմանին օտարից։ Նա արագ է հաղթահարում ցանկացած ցավ կամ անարդարություն, երբ զգում է իր նմանի անկեղծ սատարումը, ջերմությունը, անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությունը։ Ոչ թե հետո վերևից նայելու կամ անընդհատ հիշեցնելու համար անողին, այլ իր նմանին, իր տեսակին, իրեն հավասար իր միջից ծնվածին»։ Փաստորեն, նախկին վարչապետն ընդգծում է, որ ինքը ժողովրդի ծոցից ծնված մարդ է, ում համարում են յուրային, մինչդեռ ներկա կառավարությունը, բնականաբար, առաջին հերթին գործող վարչապետը, իր կերպարով, հագուկապով, խոսքով ու վարվելաձևով լրիվ տարբերվում է սովորական ժողովրդից, իր «նմանը» չէ։


Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը վերադառնալով փորձում է ցեմենտել ներհանրապետական իր տատանվող հենարանը` ցույց տալով, որ ինքը, այնուամենայնիվ, ինչ-որ դեր խաղալու է, ինչպես նաև մեսիջներ հղել Սերժ Սարգսյանին, որ ինքը նույն ամբիցիաներն ունի, ինչ նախկինում։ Եվ պատահական չէ, որ ներկուսակցական շրջանակներում շրջանառվում է, թե Հովիկ Աբրահամյանը կրկին ցանկանում է բազմել ԱԺ նախագահի աթոռին։


Բնականաբար, նախկին ԱԺ նախագահի նկրտումներն արտացոլվում են նաև ապագա ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության մեջ իր սեփական «մինիխմբակցությունը» ունենալու վրա: Եվ պատահական չէ, որ քաղաքական և լրատվական շրջանակներում այս օրերին լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը սկսել է իր շուրջը կոնսոլիդացնել նաև լրատվական որոշ ռեսուրսներ: Իսկ ներՀՀԿական վերադասավորումների վտանգներն ի սկզբանե «ստերիլացնելու» համար օրերս փորձ արվեց բացառել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին տեղը վարչապետ Կարեն Կարապետյանին տալու հնարավորությունը: Նաև ակտիվացան Հայաստանում վերջին չորս տարիներին նրա չբնակվելու մասին խոսակցությունները:


Ավելի հեռուն գնաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որն ուղղակի հայտարարեց, որ իրենց ցուցակը պետք է ղեկավարի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, և «չկա որևէ պատճառ», որ այդպես չլինի: Առաջին հայացքից ամեն ինչ գուցե և անմեղ ու տրամաբանական է թվում, բացի մի նրբերանգից. այդ դեպքում ինչի՞ համար էր հանրապետականին այժմ հասարակության մոտ որոշակի վարկանիշ ունեցող վարչապետը:


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3589

Մեկնաբանություններ