Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Որտեղ գործում է ազգերի ինքնորոշման իրավունքը, այնտեղ տարածքային ամբողջականության խնդիր չկա

Որտեղ  գործում է ազգերի ինքնորոշման իրավունքը, այնտեղ տարածքային ամբողջականության խնդիր չկա
06.05.2016 | 00:46

Ղարաբաղյան պատերազմի քառօրյա թեժացումն անցավ: Այդ կարճ ժամանակահատվածում շատ բան փոխվեց մեր կյանքում: Մեր ժողովուրդն ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց հայրենիքին սպառնացող վտանգի պահին արագ կազմակերպվելու և բռունցք դառնալու աստվածատուր ընդունակությունը: Փոխվեցին մեր պատկերացումներն իրերի իրական վիճակի, ռազմավարական դաշնակից և ռազմավարական գործընկեր, թշնամի և բարեկամ հասկացությունների մասին:


Հիմա, երբ մոտենում ենք դիվանագիտական պատերազմի ակտիվ և շատ կարևոր փուլին, շատ շատերը, այդ թվում՝ ես, սպասվող բանակցությունների և դրանց արդյունքների հետ կապված ավելի մեծ անհանգստություն ունենք, քան կար քառօրյա պատերազմի օրերին: Եվ ահա թե ինչու:


Ինչպես գիտենք, Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Արդեն քանի տարի ու` զրոյական արդյունք: ԵԱՀԿ-ում այս պահին Գերմանիան է նախագահում, և այս առումով հետաքրքիր է հետևել գերմանացի ոչ անհայտ վերլուծաբան Ալեքսանդր Ռարի դատողություններին, որոնք նա արել է «168 ժամի» թղթակցի հետ զրույցի ընթացքում: Նրա կարծիքով՝ միակ բանը, որը Գերմանիան կարող է և պետք է փորձի անել որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ կողմերին կրկին բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելն է: Նա համոզված է՝ ավելի լավ է հակամարտությունը սառեցվի, քանի որ կողմերից յուրաքանչյուրն ունի կայուն դիրքորոշում, և չկա կարգավորում: Նրա համոզմամբ` հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը տարակարծություններն են միջազգային իրավունքի որոշ սկզբունքների շուրջ. ոմանք գերակա են համարում ազգերի ինքնորոշման իրավունքը, ոմանք` տարածքային ամբողջականության, իսկ Ղարաբաղյան հակամարտությունում այս երկու սկզբունքներն էլ կան և գտնվում են հակասության մեջ:


Ցավալի է, որ մինչ օրս կարող են հնչել նման, մեղմ ասած, թյուր ու (կներեք) անգրագետ մեկնաբանություններ: Ցավալի է, որովհետև այդպես մտածում են շատերը, համարյա բոլորը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահները` իրենց երկրների նախագահներով հանդերձ: Հիշենք թեկուզ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը Բաքու կատարած այցից հետո, որում ասվում է նույն բանը, թե` օրակարգում գտնվող այդ երկու սկզբունքներից ոչ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի: Մեր կողմից էլ, ինչքան էլ տարօրինակ է, չենք տեսնում այս մեկնաբանության սնանկությունն ապացուցելու լուրջ փորձեր: Մինչդեռ սա ամենակարևորն է և վաղուց ու առաջին հերթին պետք է արված լիներ:
Ի՞նչ է նշանակում` երկու սկզբունքները գտնվում են հակասության մեջ: Ո՞րն է այս անհեթեթ մոտեցման սնանկությունը: Փորձենք պարզաբանել:


Տարածքային ամբողջականության սկզբունքի հետ գործ ունենք այն դեպքում, երբ որևէ երկիր ¥պետություն կամ մեկ այլ արտաքին ուժ¤ փորձում է տարածքներ խլել մեկ այլ երկրից, խախտել նրա տարածքային ամբողջականությունը: Սա արտաքին մարտահրավեր է, արտաքին միջամտություն:


Ազգերի ինքնորոշման իրավունքը գործում է այն դեպքում, երբ որևէ պետության ներսում կոմպակտ տարածքում ապրող մի ազգ ցանկանում է առանձնանալ իր տարածքով և առանձին պետություն ստեղծել (կամ միավորվել մեկ այլ պետության հետ): Այս դեպքում տվյալ պետության տարածքը բաժանվում է երկու մասի, բայց ընդհանուր տարածքը մնում է նույնը, տարածքային ամբողջականությունը չի խախտվում: Սա ներքին խնդիր է:
Երբ Ռուսաստանը, ՈՒկրաինան և Բելառուսը հայտարարեցին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, ոչ ոք չխոսեց տարածքային ամբողջականության խախտման մասին: Պատկերացնո՞ւմ եք, որքան զավեշտական կլիներ, եթե մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, պահանջեին ռուսներից և մյուսներից չխախտել ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը:


Երբ չեխերն ու սլովակները բաժանվեցին և կազմեցին առանձին պետություններ` Չեխիա և Սլովակիա, ոչ ոք չխոսեց Չեխոսլովակիայի տարածքային ամբողջականության խախտման մասին: Դա նույնիսկ շատ ծիծաղելի կլիներ: Չէ՞ որ նրանք ընդամենը օգտվեցին ազգերի ինքնորոշման իրենց իրավունքից: Իսկ եթե չեխերը համաձայն չլինեին ու սլովակներն առանձնանային, ի՞նչ կստացվեր: Այդ դեպքում գործ կունենայինք ազգերի ինքնորոշման` սլովակների իրավունքների հետ, և նորից սա չէր դիտվի որպես տարածքային ամբողջականության խախտում: Չէ՞ որ նրանց ընդհանուր տարածքը, այսինքն` նախկին Չեխոսլովակիայի տարածքային ամբողջականությունը չի խախտվել, այդ տարածքից ոչ ոք ոչ մի կտոր չի խլել, ոչ Գերմանիան, ոչ Ավստրիան, ոչ էլ որևէ այլ երկիր:


Ղարաբաղյան հակամարտության դեպքում էլ նույն վիճակն է: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ընդհանուր տարածքը, այսինքն` նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքը, չի խախտվել, այդ տարածքից ոչ ոք ոչ մի կտոր չի խլել, ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ էլ որևէ այլ երկիր: Այսինքն` այստեղ տարածքային ամբողջականության խնդիր չկա, ինչ խախտման մասին է խոսքը: Կա միայն ինքնորոշման խնդիր: ԼՂ-ի ժողովուրդն ընդամենը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը:


Այսպիսով, ինքնորոշման իրավունքը հակասության մեջ չէ տարածքային ամբողջականության խնդրի հետ և երբեք էլ չի կարող լինել մի պարզ պատճառով՝ որտեղ գործում է ազգերի ինքնորոշման իրավունքը, այնտեղ տարածքային ամբողջականության խնդիր չկա, չի կարող լինել: Չէ՞ որ ազգերի ինքնորոշման իրավունք նշանակում է առանձին ապրելու, իր տարածքով ընդհանուր տարածքից անջատվելու իրավունք: Եթե այս անջատվելը դիտվեր որպես տարածքային ամբողջականության խախտում, ինչպես հասկանում են հակամարտության կարգավորմամբ զբաղվողները, մասնավորապես Մինսկի խումբը, ապա կստացվեր, որ հենց իրացվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, ինքնաբերաբար խախտվում է տարածքային ամբողջականության սկզբունքը և ընդհակառակը: Կստացվեր, որ այդ երկու սկզբունքները ոչ թե հակասության մեջ են, այլ ուղղակի բացառում են միմյանց:


Փաստորեն, Մինսկի խումբն իր մադրիդյան սկզբունքներով (ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու սկզբունքներ) առաջարկում է մեզ կարգավորել խնդիրը խաղաղ ճանապարհով` իրար բացառող երկու սկզբունքների հիման վրա: Բայց ինչպե՞ս կարելի է համատեղել միմյանց բացառող բաները: Այսինքն` դրված խնդիրն ի սկզբանե անլուծելի է և անիմաստ: Մինսկի խումբն այսքան տարի կորցրել է` զբաղվելով անիմաստ գործով:


Մի խոսքով, ամբողջ խնդիրն այն է, որ սխալ է հասկացվում և կիրառվում «տարածքային ամբողջականություն» հասկացությունը: Ինչպես արդեն պարզաբանեցինք, այս հասկացության տակ պետք է ընկալել ընդհանուր տարածքի ամբողջականությունը, ինչը ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում չի խախտվում: Այնպես որ, բացարձակապես անիմաստ է խոսել այդ երկու սկզբունքների միջև եղած հակասության կամ դրանցից որևէ մեկի գերակայության մասին:


Այսպիսով` Ղարաբաղյան հակամարտության պարագայում տարածքային ամբողջականության խնդիր չկա: Եվ խնդիրը պետք է լուծվի բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է լուծման միակ բանաձևը:
Գիտեմ, կհարցնեք` իսկ, այսպես կոչված, գրավյալ տարածքնե՞րը: Այդ մասին քիչ հետո:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այս խնդիրը վաղուց արդեն լուծված է (Լեռնային Ղարաբաղն անկախացել է միջազգային բոլոր օրենքներին համապատասխան), խոսենք այս ուղղությամբ առաջնահերթ անելիքների մասին:


Առաջին հերթին Մինսկի խմբին, այլ կառույցների, բոլոր նրանց, ովքեր զբաղվում են այս հարցով, պետք է բացատրել և «հասկացնել», թե որն է լուծման բանալին: Եթե նրանք կհասկանան մեր բացատրությունը և կընդունեն, որ տարածքային ամբողջականության խնդիր չկա, թող հարց դնեն Ադրբեջանի առջև` ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Թող հայտնի պատմական փաստերի ճնշումով պարտադրեն ճանաչել: Սա մենք համառորեն պետք է պահանջենք: Սա Մինսկի խմբի հետ աշխատելու մեր նախապայմանը պետք է լինի: Հակառակ դեպքում, եթե չեն ընդունի և չեն ցանկանա Ադրբեջանի առջև նման հարց դնել, էլ ի՞նչ խոսելու բան կարող ենք ունենալ նրանց հետ, թող կորչեն գրողի ծոցը Մինսկի խումբն էլ, մյուսներն էլ:


Լիակատար հրադադարի և մարտական գործողությունների չվերսկսման երաշխիքների առկայությունն այլևս բավարար պայման չէ բանակցությունների վերսկսման համար:
Ադրբեջանի առջև պետք է հարցը կտրուկ դրվի` պատրա՞ստ է ճանաչելու ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե պատասխանը դրական լինի, ինչն այս պահին անհավանական է թվում, ԼՂՀ-ն և Ադրբեջանը պետք է սկսեն բանակցություններ ճշգրտման ենթակա հարցերի, այդ թվում՝ իրենց միջև առկա սահմանային խնդիրները, այստեղ էլ կարող են քննարկել, այսպես կոչված, գրավյալ տարածքների խնդիրը, զուգահեռաբար քննարկելով նաև նրանց վերահսկողության տակ գտնվող մեր տարածքների խնդիրը (Շահումյան, Մարտակերտ, որոնց մասին, չգիտես ինչու, մերոնք չեն խոսում), ինչպես նաև խաղաղապահ ուժերի տեղակայման-չտեղակայման խնդիրը: Սա պետք է լինի մեր պահանջը: Այնպես որ, ոմանք իրենց մադրիդյան սկզբունքներով թող չաղավաղեն հարցերի լուծման բնական հերթականությունը: Որքան հասկանում ենք, հարցի կարգավորման ռուսաստանյան ծրագիրը ենթադրում է նախ տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ, հետո միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում ¥կամ օրինականացում¤: Մյուսների ծրագրերն էլ առանձնապես չեն տարբերվում: Ի՞նչ է նշանակում, նախ, տարածքների հանձնում, փախստականների վերադարձ և հետո միայն կարգավիճակի որոշում, այն էլ անորոշ ժամանակ հետո, հանրաքվեի միջոցով: Այս հարցում ոչ մի անորոշություն մեզ պետք չէ: Հանրաքվեի անցկացմանն էլ Ադրբեջանը կհամաձայնի միայն այն դեպքում, երբ ազերիների թիվը Ղարաբաղում գերազանցի հայերի թիվը, այսինքն` հարյուր տարի հետո: Հիմարի տե՞ղ են դնում մեզ:


Ոչ մի դեպքում, ոչ մի հարցի շուրջ չպետք է բանակցել, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա մեր գլխավոր նախապայմանը պետք է լինի: Հակառակ դեպքում մենք ոչ մի բանի չենք հասնի: Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի ճանաչել, ի՞նչ իմաստ կունենան հետագա բանակցությունները: Պետք է պատրաստ լինենք պատերազմի` չհրաժարվելով պատերազմից խուսափելու դիվանագիտական և այլ հնարավորություններից:


Մի քիչ էլ շրջանները վերադարձնելու հարցի մասին:
Չեմ կարող հավատալ, թե Կազանում Սերժ Սարգսյանն իրականում պատրաստ է եղել հանձնելու հինգ շրջանները ԼՂ կարգավիճակի հստակեցման ժամկետի անորոշության պարագայում: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ բանավոր համաձայնությունն իր վրա բանեցվող ճնշումը թեթևացնելու, ինչպես նաև հետագա ինչ-ինչ բարդություններից խուսափելու տակտիկական քայլ է եղել` համոզված լինելով, որ, միևնույն է, Ալիևը չի համաձայնի, որովհետև մյուս երկու ավելի կարևոր շրջանները չի ստանում: Հակառակ դեպքում, եթե հանկարծ Ալիևը համաձայներ, նախօրոք «մշակված» պատճառաբանությամբ մեր նախագահը կհրաժարվեր փաստաթղթի ստորագրումից: Այլ կերպ չէր կարող լինել:
Եթե այսօր, երբ այդ շրջանները մեր հսկողոթյան տակ են, Ադրբեջանը լկտիաբար խախտում է ամեն մի պայմանավորվածություն, անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը, և ոչ մեկը նրան «բան չի ասում», շրջաններն ստանալու դեպքում, ունենալով արդեն ռազմական իմաստով դիրքային մեծ առավելություն, ինչո՞ւ պետք է հարգի որևէ պայմանավորվածություն կամ փաստաթուղթ, ինչո՞ւ պետք է չխախտի հրադադարը, և ո՞վ պետք է նրան «բան ասի»: Ինչպե՞ս կարելի է կամավոր հանձնել այդ շրջանները, երբ դրանց համար ժամանակին այդքան արյուն է թափվել: Ինչպե՞ս կարելի է առանց կռվի զիջել այդ տարածքները, թողնելով, որ թշնամին այդքան առաջ գա և որպես թիրախ նշանառության տակ առնի ավելի շատ բնակավայրեր ու օբյեկտներ, այն դեպքում, երբ մեր հերոսներն իրենց կյանքն են տալիս մի քանի մետր տարածքի համար: Եվ վերջապես, դժվա՞ր է Ադրբեջանի համար տարածքներն ստանալուց և փախստականների վերադարձից հետո որևէ պատճառաբանությամբ հրաժարվել պայմանագրի հաջորդ կետերի կատարումից: Կասկած չկա, որ այդպես էլ կանի: Եվ այդ դեպքում ո՞վ պետք է նրան ստիպի հետ վերադարձնել այդ տարածքները: Ոչ ոք: Արդյունքում կստացվի, որ չարաչար սխալվեցինք և մեծ զոհողությունների գնով ձեռք բերածը մանկամտորեն հանձնեցինք ոխերիմ թշնամուն: Փաստորեն կստեղծվի նույն վիճակը, ինչը կլիներ, եթե Ադրբեջանը կռվում հաղթելով հետ վերադարձներ այդ տարածքները: Ոչ մի տարբերություն:


Ռուսներն էլ շատ գոհ կմնան, որ հերթական անգամ մեզ խաբեցին և հաջողությամբ «պահեստավորեցին» կողմերի վրա իրենց հետագա ազդեցության գործուն լծակներ` անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Եզրակացությունը մեկն է. հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հակառակորդը (և ոչ միայն նա) ծայրաստիճան անվստահելի է, պետք է բացառել հակամարտության կարգավորման ցանկացած փուլային տարբերակ:


Փորձենք ի մի բերել ողջ ասվածը.
1. Մինսկի խումբը պետք է հասկանա և ընդունի, որ այս հակամարտությունում տարածքային ամբողջականության խնդիր չկա և պահանջի Ադրբեջանից ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա Մինսկի խմբի հետ աշխատելու մեր նախապայմանը պետք է լինի:
2. Ոչ մի դեպքում, ոչ մի հարցի շուրջ չպետք է բանակցել, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա մեր գլխավոր նախապայմանը պետք է լինի:
3. Պետք է բացառել հակամարտության կարգավորման ցանկացած փուլային տարբերակ:
Ոչ, սա դիրքորոշման չափից դուրս կոշտացում չէ: Սա ուղղակի դիրքորոշման ճշգրտում է, և մենք չպետք է վախենանք դրանից: Սա կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի, ինչը կօգնի Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Քառօրյա պատերազմը` իր հետ բերած բոլոր հարցերով ու կասկածներով, Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամների պահվածքը, մասնավորապես Ռոգոզինի հայտնի հայտարարությունը, Ադրբեջանին Բելառուսի ԱԳՆ-ի աջակցություն հայտնելը պատերազմի օրերին, միջնորդների երկակի ստանդարտներն ու անհասցե հայտարարությունները տարիներ շարունակ ստիպում են կոշտացնել մեր դիրքորոշումը, թեպետ այդ իրավունքը մենք վաղուց ունեինք: Հուսադրող է, որ սայլը սկսել է տեղից շարժվել. Եվրախորհրդարանն իր նիստում Ադրբեջանը որակեց որպես զինադադարը խախտող և բանակցություններից խուսափող կողմ, հնչեցին նույնիսկ տեսակետներ, որ հարցի լուծումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Նման տեսակետ հայտնեցին նաև մի շարք քաղաքական գործիչներ: Լսում ենք նաև հասցեավորված հայտարարություններ:
Լավ, կհարցնեք դուք, ի՞նչ պետք է անենք, եթե Մինսկի խումբը չուզենա կամ էլ չկարողանա պարտադրել Ադրբեջանին հարգել ԼՂ ինքնորոշման իրավունքը, ինչը շատ հավանական է: Չմանրամասնելով, պատասխանեմ շատ կարճ` պետք է պայքարենք:
Այնուամենայնիվ... Ի՞նչ պետք է անենք և ի՞նչ չպետք է անենք:
Այսօր քաղաքական գործիչները տարբեր կոչեր են հնչեցնում` ԼՂՀ անկախության ճանաչում, վերամիավորում Հայաստանի հետ, մինչև անգամ կտրուկ անցում պահանջատիրության հարցին: Սրանք լրջագույն հարցեր են և պահանջում են համակողմանի վերլուծություն: Սխալվել չի կարելի: Առայժմ խնդիր չդնելով՝ միանշանակ պատասխան տալ այս հարցերին, խոսենք սրանց առնչվող հարցերի մասին:
Որքանո՞վ է ՀԱՊԿ անդամակցությունը անվտանգության երաշխիք հանդիսանում Հայաստանի համար: Եթե, օրինակ, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը, անկախ նրանից, թե ՀՀ նախագահի ասած ռազմական փոխօգնության պայմանագիրը կա, թե ոչ, նույնպես կմտնի պատերազմի մեջ: Մյուս կողմից էլ՝ Թուրքիան կմտնի պատերազմի մեջ Ադրբեջանի կողմից` համաձայն նրանց միջև գործող պայմանագրի: Արդյունքում Հայաստանը պատերազմի մեջ կհայտնվի Թուրքիայի հետ: ՀԱՊԿ պայմանագիրը չի նախատեսում ռազմական օգնություն նման դեպքում. Հայաստանը ինքն է պատերազմի մեջ մտել` օգնության հասնելով երրորդ երկրի, որը ՀԱՊԿ անդամ չէ: Եթե հաշվի առնենք նաև կազմակերպության անդամների, հատկապես Բելառուսի և Ղազախստանի «բարյացակամությունը» մեր հանդեպ, ինչը ակնառու դրսևորվեց քառօրյա պատերազմի օրերին, պարզ կդառնա, որ ՀԱՊԿ-ից առանձնապես բան պետք չէ սպասել: Սա շատ իրական և տհաճ հեռանկար է: Եզրակացությունը մեկն է.
4. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է գտնվեն անվտանգության նույն համակարգում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ պետություն կամ էլ միավորվի Հայաստանի հետ:
Իսկ ամենաանխոհեմ բանը, որ ոչ մի դեպքում չպետք է արվի, հակառուսական տրամադրությունների բորբոքումն է:

Վալերի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ֆիզիկոս

Դիտվել է՝ 2334

Մեկնաբանություններ