...Եվ քամին, որ ո՛չ հով ու զով ուներ իր մեջ, ո՛չ բուք ու բորան, հեշտ ու հանգիստ մտավ մեկի գլուխն ու տարավ նրա խելքը։ ՈՒ էդ մեկը լսեց ինքն իր ձայնը. իշխանավորների աշխատավարձը պետք է բարձրացնել։ Զգաց, որ ծանր բան ասաց, հարմար գտավ, որ շունչ քաշի։ Տնքաց, շունչ քաշեց։ Աշխատավարձը բարձրացնել, իհարկե, բայց որտե՞ղ բարձրացնել՝ հայոց սարերի գլո՞ւխը, հայոց յոթծալ երկինքների փեշե՞րը... Ինչքա՞ն ու որքան բարձրացնել, որ փորձված ու խամ իշխանավորները բարձրացնելիս ճողվածք չստանան։ Եվ իշխանական, վերգերիշխանական լիքը հանցանքներ ու գերվերհանցագործություններ տեսած ու զարմացած ժողովուրդը փոխանակ ուրախանալու, որ հայոց լիքը իշխանավորները լի՜քը-լիքը փող են ստանալու, որ կոտրվելու է նրանց ագահ աչքի փուշը, աղմկեց, դժգոհեց։ Հիշեցին, որ ողորմելի թոշակ են ստանում, թերսնվում են իրենց զավակները, հենց իրենք, որ անուաղքատ են դարձել, էլ ապրելու հույս ու ճար չունեն, ստիպված, ում ծունկը բռնում է, ում աչքը բռնում է, բռնում են երկրից հանող բոլոր ցամաքային, երկնային, օրուտիվային ճանապարհներն ու՝ պո՜ւկ, պոկվում են ու սլլալով հեռանում՝ մոռանալով, որ հայրենյաց փուշն ավելի անուշ է, քան... օտար հեռուներում ինչ ճարեն... Կառավարություն է, մտահոգ գլխաորովայններ են, թուրը պատյանից հանել են ու՝ ժողովուրդը շա՜տ շատ է խնդրում, աղաչում-պաղատում է, թե իրենց ոչինչ պետք չէ, միայն ու միայն իշխանավորների աշխատավարձը բարձրացրեք։ Դու մի ասի, որ էդ հարցը հուզելու է նաև ԱԺ պատգամավորներին. «Բա ո՜նց, իշխող խավի ռոճիկը պիտի բարձրանա», «Իսկ ի՞նչ անի խեղճուկրակ ժողովուրդը»։ Մտքի ու մտածողության քաոսի մեջ փայլատակում է ամեն մի հունարի ու հնարի տիրակալ խելոքի ձայնը. «Պիտի որ բոլորս քաջ-քաջ հասկանանք, որ դա ոչ թե իշխանավորների աշխատավարձի բարձրացում է, այլ ամենակարևորը` հայոց պետության վարկանիշի բարձրացում»։ Այ քեզ բա՜ն... Էդ ո՜նց է լինում, որ շատ շատերը, առաջին հերթին գործազուրկները, ողորմելի թոշակ ստացողները, ապրելու ամեն հույս ու ճար կտրածները չեն հասկանում, որ մենք՝ բոլորս, տղլափավորները, կարկատանվածները, կիսասովածները, տնանկները, հարստահարվածները, սոված հավի նման երազում կուտ տեսնողները, մի հնչուն դրամ չունեցողները, մենդելեևյան աղյուսակ չիմացող, բայց ոսկի-արծաթի ու այլ հանքերի տիրակալները, հայ ժողովրդի խոշոր զավակ ու նրա գերաճ ու թերաճ բարգավաճները... ժամանակին գլխի չեն ընկնում, որ... հա, երկու անգամ ժողովրդի աղաչանք-պաղատանքով նախագահական աթոռը վայելած անձին չմոռանանք, որն իմաստուն խոսքերի տոպրակ է թողել՝ խափանված մոտորով Սևան գնացող մաշինն ավելի շատ յուղ կվառի, քան սարքին վիճակում գտնվողը։ Եվ այլն։ Դա թողնենք։ Ասենք միայն, որ իշխանավորների թևութիկունք խելոքը կարողանում է ասել՝ մեծավորի աշխատավարձի բարձրացումը հոգեբանորեն, փիլիսոփայապես նշանակում է պետության վարկանիշի բարձրացում։ Ախր, աչքներս ջուր կտրեց ու մի օր չտեսանք, որ պետության ակունքներում գլուխները կախ, աչքները խուփ լափողները հասկանան, որ իրենք կոչված են պետություն ձևավորելու, ոչ թե... Իմ բառերը, նախադասությունները կիսատ են մնում, բառերը խեղդվում են կոկորդումս... իմ կերածը բառ է։ Նրանք ուտում են մի հին երկրից մնացած բուռ-փշրանքները։ Նախ՝ որպես ավանդական հյուրասեր երկրի, ժողովրդի արժանավո՜ր զավակներ նրանք էստի համեցեք են անում բոլոր նրանց, ովքեր... եսիմ ովքեր են, հազար տեղի շուն ու գել են, որ թույլ են տալիս մեր իշխանավորներին նույնպես ուտել, բայց ոչ իրենց չափ։ Թալանում են Հայաստանը, մի թուլաբաժին էլ տալիս են հայոց մեծավորներին։ ՈՒնեն, է՜, վայելում են, է՜... խեղճ են, մեղք են, պահանջատեր են, դեռ լեթվելու տեղ ունեն։ Պետության վարկանիշը բարձրացնելու համար հարկավոր է... Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. բարձրացրեք անկուշտների աշխատավարձը։ Բայց դա պետության վարկի բարձրացում չէ։ Ոչ էլ վարքի։ Դա իշխանավորների վարգի արագացում է։ Դոփում են, ո՛չ, վարգո՜ւմ են, վարգո՛ւմ են ձիերը, ոչ թե ձիերը, այլ իշխանավորները։ Ի՜նչ գեղեցիկ վարգ։ Հայոց աշխարհն իրենցն է։ Թալանի, կողոպուտի, ավերելու մարաթոնի են դուրս եկել։ Բան չունեմ ասելու՝ ամեն մեկն իր շնորհքն է ցույց տալիս։ Հաճախ ենք լսում՝ շրջապատված ենք թշնամիներով ու... Բարեկամն ո՞վ է տվել։ Եվ ժողովուրդը խախալվում է իր տանը, իր երկրի վրա։ Չես կարողանում ոչինչ հասկանալ։ Էս անտեր կուսակցությունները, էս անդաստիարակ ընտրությունները, էս լպիրշ, չտես պաշտոնյաները, էս զարգացած, բարգավաճած քծնանքը, շողոմքորությունը, խելապակաս աթոռները։ Ինչ ասես էն հիմարին, որ ցանկացել է, ապա փորձել է սպանել Պարույր Հայրիկյանին։ Իհարկե, հայոց նորանկախ պետությունն ունի իր օրենքները, իր դատարանները, իր բանտերը, բանտեր, ուր բանտախցվում են նաև անմեղ մեղավորներ, բայց Պարույրի կյանքին վերջ տալու ցանկությամբ զենքի դիմած Վարդան Սեդրակյանն ինչպես կարող էր տեղավորվել հայոց նախագահի աթոռում, նստավայրում, հայոց երկրի ամեն անկյունում, ինքնաթիռում, ինչպես կարող էր երկիր ղեկավարել միանձնյա, ընդունել ու ընդունվել տարբեր երկրների, գորշ նպատակով եկող-գնացողների, երբ չկարողացավ... Եվ այլն։ Դժվար, դժվար է հայերիս բանը։ Ժողովուրդը... Էլ էն ժողովուրդը չէ։ Պարզապես ցեցն ընկել է երկրի մեջ։ Ամեն մի լակոտամեջ իշխանավոր փորձում է յոթ զոլ կաշի հանել ժողովրդից։ Եվ ուզում է կոտը ձեռքն առնել ու ոսկի չափել իր մերձավորի համար, թե մի ոսկի էլ մնա կոտի ճաքի մեջ, դա էլ... աղվեսին։ Մի հին զրույց հիշեմ ու վերջացնեմ։
Ծակաչքի, ագահի մեկը բողոքում է, որ իր փայ հողը քիչ է, շատ քիչ է, ուզում է, ուզում է։ Տալիս են, էլի աչքին քիչ է թվում։ Ասում են՝ առավոտ շուտ ճամփա ընկիր, վազիր, վազիր, վազիր մինչև երեկո, ուժդ ինչքան պատում է։ Ինչքան գնաս՝ էդքան հողը՝ քեզ։ Ծակաչքս վազում, վազում է, հևալով շնչակտուր հասնում է, էլ հալ չունի քայլ անելու, ընկնում է, ընկած տեղից ձեռքերը մեկնում առաջ ու հանգչում։ Աստված էնքան հող է տալիս նրան, որքան որ մարդը կարողացել է գրավել իր մարմնով։
ՈՒրիշ բան չեմ ասում։ Բայց ինչո՞ւ չեմ ասում։ Ասում եմ՝ պատմությունը կրկնվում է, սոդոմգոմորություն է ամենուր, էս ի՜նչ աշտարակաշինություն է։ Շունը տիրոջը չի ճանաչում։ Իհարկե, որ տեր լինի, շունը մարդու նման իր տիրոջը կճանաչի, բայց սա է, որ կա, ի՞նչ անենք։ Օր օրի, ժամ ժամի հետ դատարկվում է Հայաստանը։ Նույն սանդի մեջ նույն ձավարն են ծեծում՝ թե պատերազմ է եղել, հայերս հաղթել ենք, ասես թշնամին, պարտված թշնամին իրավունք չունի նորից հարձակվելու։ Իշխանավորները թշնամու գործ են անում։ ՈՒ թե մեկը փորձում է ուղիղ խոսք ասել, ապա զենք ու զրահով, զորքով պատրաստ են նրա բմբուլները քամուն տալու։ Պաշտոնահաչ է ամենուր։ Հացի խնդիր է ամենուր։ Խեղճ միլիարդատեր, խեղճուկրակ աղքատներ։ Եվ ով դարձավ կնքահայր՝ համաժողովրդական ալան-թալանի, երկրից փախուստի մատնելն անվանակոչելով անկախություն՝ իբրև դարերի երազանք։ Ո՞Ւմ աչքի լույսն ենք մարել դարերի ընթացքում, որ այսօր մեր հույսերի լույսն են մարում մերոնք կոչվածները, Հայաստանի ողնաշարն արդեն կրծողները։ Ե՞րբ ենք ճանաչելու մեր թշնամիներին ու բարեկամներին։ Հայն իր հայի հետ ցավի ու հավատի իր լեզվով ե՞րբ է խոսելու։ Ես ամաչում են բոլոր նրանց փոխարեն, ովքեր մեր ժողովրդին նորից դարձրին թափառական, գաղթական, տնազուրկ, երկրազուրկ։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ