Կարելի է պատկերացնել մոսկվացի հայերի անհանգստությունը արվարձանային Բիրյուլյովոյում ռուս երիտասարդի աղմկահարույց սպանության կապակցությամբ` միայն թե հայ չլինի մարդասպանը։ Բարոյապես շատ թանկ նստեց բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի անվան հետ կապված հակահայկական հիստերիան։ Եվ հազիվ թե չարախնդության առիթ դառնար այն պարագան, որ կասկածվող հանցագործը ադրբեջանցի է։ Ադրբեջանցին, վրացին, հայը, հյուսիսկովկասցին սկսել են ընդհանրանալ ռուսի աչքում։ Մանավանդ նման ողբերգական միջադեպերից հետո։
Արդյո՞ք հանցագործն ազգություն չունի։ Առողջ տրամաբանությամբ` չունի։ Սակայն ներկայիս Ռուսաստանում (վերջին ժամանակներս նաև` Եվրոպայում), հատկապես երբ հարցն առնչվում է ներգաղթածներին, ազգային պատկանելությունը ¥նույնիսկ կրոնը) անմիջապես վերածվում է քաղաքական գործոնի, ուռճացվում, բարձրացվում համազգային մակարդակի։ Եթե Եգոր Շչերբակովին սպաներ մի ոմն ռուս, ապա դեպքը թերևս կարձանագրվեր միայն քրեական ամփոփագրերում։ Իսկ այստեղ խոսքը վերաբերում է կովկասցուն։ Եվ ո՜վ ասես չշահարկեց այդ իրողությունը։ Նացիոնալիստները կրկին հիշեցրին իրենց գոյությունը` կազմակերպելով հակակովկասյան ցույցեր ու անկարգություններ։ Ժիրինովսկին անմիջապես ճամարտակեց իրարամերժ մշակույթների ու քաղաքակրթությունների բախման մասին։ Զանազան քաղաքական ուժեր բանավեճեր ծավալեցին ապօրինի ներգաղթի, ներգաղթողների լկտի պահվածքի, իշխանությունների անգործության շուրջ։ Պետդուման որոշեց օրենսդրորեն ուժեղացնել բարձրաստիճան չինովնիկների անձնական պատասխանատվությունն ազգամիջյան անհաշտությունների համար։ Կոմունիստները վերհիշեցին, որ ժամանակին իրենք Մոսկվա էին հրավիրում միայն բարձրակարգ մասնագետներին։ Եվ այլն, և այլն։ Քանի որ Բիրյուլյովոն Մոսկվայի անտեսված արվարձաններից է, այս անգամ սևեռուն ուշադրություն հրավիրվեց իրենց ներքին կյանքի ու փողային շահերով կորպորացված տեղական իշխանությունների վրա։ Մի քանի «գլուխներ» թռան անմիջապես։
Իրոք, միջադեպի քրեական կողմն այստեղ տասներորդական է։ Մարդ է սպանվել, և մեղավորը խստագույնս կպատժվի։ Սա չէ խնդիրը։ Առաջին պլան են մղվում, ինչպես ասվեց, զանգվածային ապօրինի ներգաղթի, ներգաղթողների որակի, համապատասխան օրենսդրության անկատարության և նման այլ հարցեր։ Ոչ պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում բուն է դրել 10-15 միլիոն ներգաղթող։ Իսկ Մոսկվան պարզապես հեղեղված է կովկասցիներով ու միջինասիացիներով, ինչն արդեն, թող կոպիտ չհնչի, զզվանք է առաջացնում տեղի բնակիչների մեջ։ Ո՜Ւր գնում ես, սրանք են։ Մյուս կողմից, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եկվորները, որպես էժան աշխատուժ, «եկամտի» մեծ աղբյուր են ամենատարբեր մակարդակի չինովնիկական խավի համար։ Կարելի է երկար խոսել խնդրի քաղաքական-սոցիալական-տնտեսական-ազգային կողմերի մասին։ Սակայն կովկասատյացության գլխավոր պատճառներից մեկը, և դա նշում են ռուսաստանյան բոլոր լրատվամիջոցները, կովկասցիների անհարգալից վերաբերմունքն է ռուսների նկատմամբ։
Վերջերս «Իրատես de facto»-ում մի դիտարկում էի արել, ինչը նաև առարկումներ առաջացրեց։ Նշել էի, որ նույնիսկ իր երկրում խեղճացած ամենաանորակ հայը, հայտնվելով Ռուսաստանում` Մոսկվայում, չգիտես ինչու, իրեն առյուծ է զգում, արտահայտելով իր արհամարհանքն ու ագրեսիվությունը ռուսի նկատմամբ։ Եվ որ սա համակովկասյան «առանձնահատկություն» է։ Իրենց հայրենիքում նրանք իրենց այդքան անշնորհք չէին պահի։ Հիմա նայեք, թե ինչ է իրենից ներկայացնում ազերական Օրհան Զեյնալովը։ Արդեն տասը տարի է` թրև է գալիս Մոսկվայում։ Սկսել է կանաչի ծախելուց և զբաղվել մասնավոր ուղևորափոխադրությամբ («գրդոնչի») և այդպես էլ մնացել է նույն տհաս մակարդակին։ Նույնիսկ բանտ է նստել։ Անկիրթ, տգետ, խմիչքասեր այս ոչնչությունը, սակայն, իրեն իրավունք է վերապահում առանց քաշվելու ռուս երիտասարդի ներկայությամբ «ձեռ քցել» նրա ընկերուհուն, և հանդիպելով առարկության` ընդամենը կարգին պահելու պահանջով, նույն պահին դանակով մահացու հարված է հասցնում ջահել տեղացուն։ Միայն չասեք, թե սա մասնավոր դեպք է։ Վերջին այս իրադարձությունների առիթով ահա թե ինչ է գրում ռուս մի լրագրող. «Նոր էի վերադարձել Կովկասից և հենց հաջորդ օրը` Բիրյուլյովոն։ Վայրագ մի հակասություն։ Տարօրինակ զգացում ես ապրում, որ կա երկու Կովկաս, երկու Միջին Ասիա։ Մի մասն այնտեղ է` կիրթ, հարգալից, հյուրասեր։ Մյուսներն այստեղ են` լկտի, գռեհիկ, տգետ, պարտված քաղաքը նվաճողների հոգեբանությամբ»։ Ավելի հստակ չես ասի։ Ինչո՞ւ է հյուրասեր կովկասցին գալիս ռուսի տուն և ոտները դնում տանտիրոջ սեղանին։
Իսկ հիմա երկու խոսք հակակովկասյան քարոզչության, կովկասատյաց կրքերի բորբոքման մասին։ Հավատացեք, բուն ռուսների դերն այստեղ ամենամեծը չէ։ Անտիսեմիտիզմի մեջ չմեղադրվելու նկատառումով պարզապես մեջբերում եմ ռուսաստանաբնակ հրեա գրող, հրապարակախոս Իսրայել Շամիրի վերջին հոդվածից. «Ես նկատել եմ, որ կովկասցիներին առանձնակի հակակրանքով են վերաբերվում ոչ այնքան ռուս մարդիկ։ Ես դա հիշում եմ նաև իմ հրեական մանկությունից. սիրտս չէր կպչում կովկասցիներին։ Եվ միայն հետագայում, երբ ապրելով Իսրայելում և նորից վերադառնալով Ռուսաստան ու համակվելով ռուսական ոգով, հասկացա, թե ինչու է կովկասցու խիզախությունը այդքան հմայում ռուսի սիրտը։ Պատահական չէ, որ Մոսկվայում հակակովկասյան շատ գործողությունների հրահրիչներ մեծացել են մասնակիորեն հրեական ու գերմանական ընտանիքներում, և որպես ռուս նացիոնալիստների գլխավոր լիդերներ նրանք մանկուց չեն իմացել, թե ինչն է միավորում ռուսներին ու կովկասցի լեռնականներին»։ Միայն արտաքին հայացքից կարող է պարադոքսալ թվալ, որ իրոք ռուս նացիոնալիստական շատ կազմակերպությունների ղեկավարներ հրեաներ են։ Իսկ ինչու քարոզչություն չծավալել` ռուսների հակակրանքի թիրախ դարձնելով այլ ազգերի, տվյալ դեպքում` կովկասյան։ Առավել ևս, երբ տնօրինում ես գրեթե ողջ ռուսաստանյան լրատվադաշտը։ ՈՒշադրություն դարձրեք ռուս նացիոնալիստական առավել ագրեսիվ կազմակերպություններից մեկի անվանվանը` «Շարժում ընդդեմ ապօրինի ներգաղթի»։ Եվ սրա լիդերն էլ է հրեա` Պոտկին ազգանունով` սանձարձակ ու լպիրշ մի անձնավորություն` համակված անսանձ կովկասատյացությամբ։
Ինչևէ, հակակովկասյան ընդվզումների նոր ալիքը շատ ավելի կբարդացնի նաև հացի որոնումներով այս երկրում հայտնված հայաստանցիների վիճակը։ Ի վերջո, Հայաստանի ղեկավարությունը ե՞րբ պիտի վերջ տա արտագաղթի հարցում իր բացահայտ դիտորդի դերին։
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա