«Հիմնադրումս հանդիսավոր էր։ Ճիշտ է, լավ չհասկացա` ծննդյա՞ն, թե՞ մահվանս առթիվ էր, բայց ահագին ժողովուրդ էր հավաքվել։ Ոնց որ իրենք էլ չգիտեին, բայց գարուն էր, տաք, ու բոլորն էլ ուրախ էին։ Հատկապես մի նախարար։ Ասացին` նոր է նշանակվել։ Ճառ ասաց։ Ավելի ճիշտ` կարդաց։ Երևում է առաջին անգամ, որովհետև շուտ-շուտ շփոթում էր։ Հատկապես տառերը»։
«Արձանապատում», Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ո՞ՒՐ ԵՔ, ԵՂԲԱՅՐՆԵՐ ԿՈՐԱԾ-ՄՈԼՈՐՎԱԾ
(ֆելիետոն-նախերգանք)
Բնականաբար, այսպես պիտի դիմես անհայտ բացակայող արյունակից եղբորդ` ՀՀ արհմիություններին։ Դրանք կա՞ն, թե՞ ինձ է թվում։ Ինձ (հուսամ, նաև ձեզ) թվում է, որ կան, առկա են, անգամ գրանցված են զանազան տեղեկատուներում։ Բայց ինչո՞ւ լսելի չէ ձայնը նրանց, երբ աշխատավոր հայ ժողովրդին կեղեքում են, ծաղրուծանակի ենթարկում և մնում անպատիժ։ Ովքե՞ր են կեղեքում։ Բա դա հարց է՞, որ տալիս եք, հարգարժան տիարք և տիկնայք գեղափթիթ։ Այո, կռահեցիք, կեղեքում, քթից մուխ են հանում, այնուհետև գործուղում գրողի ծոցը ՀՀ սեփականատերերը, սկսած գերհագեցած օլիգոպոլիկ Z-ից մինչև կիսաշունչ մի համատիրության նախագահ Y-ը։ Եվ նրանք յուրովի ազնիվ են յուրյանց ստվերոտ նկրտումներում։ Զի անկախ-շուկայական և կախյալ-բազարային մեր իրականությունում բացակայում է աշխատավորաց պաշտպան Միստր X-ը, այսինքն` ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ։ Այսինքն` նրանց գոյությունը փաստված է իրավաբանորեն, նրանք, անկասկած, ինչ-ինչ խելահաս և հայրենանվեր գործեր են ձեռնարկում, բայց գլխավորը լեթարգիկ նինջի մեջ է։ Գլխավորին դեռ կանդրադառնանք։ (Անարգանքի բազում սյուներ եմ նախորդ շաբաթ ներկել և առաջին խմբաքանակն այս կապակցությամբ կհրամցնեմ բոսորամիտ ընթերցողացս)։
Սակայն նախ ներկայացնենք գլխավոր «անմեղ-մեղավորներին»` հայոց նորանկախ արհմիությունը։
Անունը` «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն։
Տեղակայումը` Հանրապետության հրապարակ, կառավարության գլխադաս շենքի և «Արմենիա-Մարիոթի» միջնամաս։
Անելիքը` արհմիութենական գործունեություն։
Վերահսկողության տարածաշրջանները (վերահսկում ենք անվերահսկելին` վերից հսկելով, վարից զսպելով, ձախից կսմթելով, աջից դմբզելով)` ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհմիություն, առողջապահության աշխատողների արհմիություն, առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհմիություն, մի խոսքով, ողջ հայ ժողովուրդը, որ պատգամավոր չէ և Կոշի գաղութի մշտական բնակիչ չէ, այս կամ այն արհմիության անդամ է, անկախ յուր կամքից։ Արհմիութենական են լեռնագործները, սննդի ոլորտի, ֆիզկուլտուրայի և սպորտի, տրանսպորտի և հաղորդակցության, քիմիական արդյունաբերության և ավտոգյուղմեքենաշինության, անտառթղթափայտամշակման, նաև տեղական ինքնակառավարման, տուրիզմի և այլ ծառայողներ։ Դուք կարող եք ինձ ստախոսության մեջ մեղադրել, բայց գոյություն ունի անգամ մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների արհմիություն։ Այսպիսով, հանրապետությունը ոտն ի գլուխ և քթարմատն ի բթամատ արհմիութենական է։ Այո՜։ Եվ եթե տեսանելի հեռանկարում հոնորարս 10 %-ով չաճի, կդիմեմ ԶԼՄ-արհմիությանը։ Ինչո՞ւ։ Դե, վասնզի իմ պաշտելի «Ապարանի Լոռի» պանրի գինը 10 %-ով բարձրացել է։ Թե ինչո՞ւ, անհայտ է ու անմեկնելի ինձ և վաճառողուհի Վարդիշաղին։ ՈՒ հենց էստեղ է, որ գլուխ պիտի բարձրացնեն արհմիությունները։ Այնինչ նրանք լռում են և խորաթափանցորեն խմբվում շքեղաշուք արհմիութենական շենքում։ Սակայն նրանց դերն ու նշանակությունը կարծես թե այլ է։ Կարծես թե՞։ Այսպես ուրեմն, քննենք ու զննենք, թե ինչ պիտի աներ հայոց նորանկախ արհմիությունը, ինչը չի անում։ Եվ ինչն անում են կապիտալի հորձանուտում հայտնված երկրներում` սկսած Կառլ Մարքսի ժամանակներից։
Մի խոսքով, կա՛մ արհմիությունները ծառայում են յուրյանց բուն նպատակին, կա՛մ նրանց հուշարձանն ենք տեղակայում Հանրապետության հրապարակում ահա էսպիսի մակագրությամբ. «Անհայտ բացակայողի հուշարձան»։
ՏԱՆ ԿԱՏՈ՞Ւ, ԹԵ՞ ԳԵԼ ՈՒ ԳԱԶԱՆ
(պամֆլետ-միջօրե)
Բազմահարուստ է արհմիությունների պատմությունը։ Թերթենք ու տեսնենք, թե ով, ում և ինչպես էր փորձում քերթել։ Արհմիություններն արհեստակցական միություններ էին, կազմավորվել էին կապիտալիզմի օրոք և նպատակաուղղված էին բանվոր դասակարգի շահերը պաշտպանելու արյունարբու կապիտալիստներից։ Զարմանալի է, նորանկախ Հայաստանում կապիտալիզմն է պետության նեցուկը և հանրապետության տնտեսական նստուկը (միանգամայն դրական իմաստով), կան նաև բազում արյունարբու կապիտալիստներ, բայց չկա պայքար նրանց դեմ, վասնզի անհայտ բացակայող են արհմիությունները։ Այնինչ պատմությունն ուշագրավ եղելություններ է մեզ հրամցնում։ Ահավասիկ, համաշխարհային արհմիութենական շարժման մեջ դեռ էն գլխից ձևավորվում է երկու հոսանք. մեկը պաշտպանում է բանվոր դասակարգի շահերը, մյուսը` բուրժուազիայի` օպորտունիստ պարագլուխների ղեկավարությամբ։ Հասկանալի է, օպորտունիստները ժողովրդի թշնամիներն են, ծախու արարածներ և ողորմելի գրչակներ։ Հայաստանում ո՞ր հոսանքն է հրապարակում, դատեք ինքներդ։ Ի դեպ, օպորտունիստները Ֆրանսիայում կոչվում էին անարխո-սինդիկալիստներ, Անգլիայում` տրեդ-յունիոնիստներ, Հայաստանում ինչպե՞ս կոչենք նրանց։ (Եթե արդի հայ նորանկախ արհմիությունները դեմ են, թող ներկայանան ու հպարտ մատնանշեն` ո՞ր հոսանքն են ներկայացնում և ինչպե՞ս են ապահովում իրենց պատմական առաքելությունը։ Բայց վախենամ, թե մատնաշունչ լինեն)։
Այնինչ հայերս Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք նաև այս բնագավառում, չէ՞ որ առաջին արհմիությունը Հայաստանում կազմավորվել է դեռևս 1905-ին և կոչվել է տնային աշխատողների արհմիություն։ Հետո կաշեգործ բանվորներն են արհմիություն ստեղծել, նրանց ի սրտե նախանձել և սեփական արհմիությունն են կերտել տպագրիչները, հացթուխները, հեռագրիչներն ու ցրիչները։ (Պատմում են քաջատեղյակ մարդիկ, որ 1992-ին սեփական արհմիությունն էին փորձում ստեղծել ԳՈՒՄ-ի մարմնավաճառուհիները, բայց հաջողության չհասան, կառավարությունը դրամաշնորհը չհաստատեց)։ Այս ամենը կարելի է պատմության թանգարանին ի պահ տալ և տեղադրել բոլշևիկ-ֆանատիկոս Կամոյի հեծանվի և ինքնորոշ-հերետիկոս Հայրիկյան Պ.-ի թռուցիկների կողքին։ Սակայն չմոռանանք. արհմիությունները կապիտալիստական երկրներում իսկապես պաշտպանում էին աշխատավորների շահերն ամենատարբեր միջոցների գործադրմամբ։ Զորօրինակ, եռօրյա գործադուլներ էին հայտարարում։ Կամ քառօրյա նստադուլներ։ Նաև հանպատրաստից նենգադուլներ, հացադուլներ և այլ բազմաբնույթ դուլեր։ Եվ արդյունքի էին հասնում, ստիպելով կապիտալիստներին բարձրացնել աշխատավարձը, կրճատել աշխատաժամը, թույլ տալ անորակ ապուրը հանգիստ խղճով լցնել խոհարար Պիեռի կամ Ջորջի ծոցը և այլն։ Սովետմիությունում ինչպես ամեն բան, արհմիությունն էլ ձևական բնույթ ուներ։ Սակայն հավերժ կեցցե նշյալ ձևականությունը, վասնզի առանց ձևեր թափելու արհմիություններն անվճար հազարավոր հանգստյան տան ուղեգրեր էին հրամցնում առաջավոր ջուլհակներին ու կարգապահ վագոնավարներին, պաշտպանում էին նրանց շահերը ավտոմեքենա և կահույք ձեռք բերելիս, նպաստում էին աշխատավորների բարոյական և ֆիզիկական զարգացմանը։ Առհասարակ Լենինի անվան հրապարակում շարք բռնած ՀԱՄԽ-ի շքեղ շենքն առաքինի և դրական հույզեր էր արթնացնում հայ մարդու ներաշխարհում։
Իսկ այժմ շրջայցեր կազմակերպենք և փորձենք կռահել` որքա՞ն է պաշտպանված հայ նորանկախ աշխատավորը։ Արդյո՞ք պաշտպանված են վաճառողուհի Վարդիշաղի, մենեջեր Վալերիկի կամ կոյուղագործ Դրաստամատի շահերը։ Բնա՛վ, ամենևի՛ն, երբե՛ք։ Ահավասիկ ամենաքաջածանոթ պատկերները. ցույց տվեք մի սուպերմարկետ, «պեռաշկու» արտադրամաս կամ թեկուզ մամլո կրպակ, որի ճակատի ցուցանակը, աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտն ազդարարելուց զատ, նաև տեղեկացնի ընդմիջման ժամի մասին։ Չե՞ք զորում, հասկանալի է, զի դրանք չկան, «անհայտ բացակայող» են։ Վարդիշաղները, լուսաբացից կեսգիշեր «դախլի» այն կողմում դիրքավորված, աճպարարային հնարամտությամբ սպասարկում են խիստ պահանջկոտ հայոց սպառողներին, ձեռքի հետ մանեկենային ժպիտ պարգևում փնթփնթացող հաճախորդին, ոտքի վրա էլ ինչ-որ անհայտ մի բան ծամում։ Մի՞թե սա աշխատավորաց շահերի վայրագ ոտնահարում չէ, ու դեռ որքան դուք պիտի լռեք (ինչպես Սևանա լճի վերջին սիգը), տիարք և տիկնայք, չէ՞ որ բացեիբաց կեղեքում են նորանկախ հայոց աշխատավորներին։ Միևնույն կեղեքումն է բանկերում, այստեղ էլ չկա ընդմիջում ասվածը, նույն պատկերն է երթուղային տրանսպորտում, ուր անթրաշ վարորդներն աշխատում են երկու հերթափոխ և այլն։
Բարի, Սևանի վերջին սիգը վախվորած լռում է թակարդը չընկնելու համար, զի գիտակցում է յուր պատմական առաքելությունը, այն է` սերունդ տալ ու բազմանալ, մինչև որ լիճը կեղեքող ձկնա-խեցգետնագողերը դառնան անհայտ բացակայող, դո՞ւք ինչու եք լռում, ո՞րն է ձեր պատմական առաքելությունը, հանգրվանումը Հանրապետության հրապարակո՞ւմ։ Որ ի՞նչ։ ՈՒ դեռ որքա՞ն պիտի հանդուրժեք վարչատնտեսական բոռերի վայրագությունները, և դեռ որքան մենք պիտի հանդուրժենք ձեր «համավոր հարսնությունը»։
Էնպես որ, կա՛մ գործի եք անցնում, կա՛մ հայտավորվում եք «ՀՀ անհայտ բացակայողների» Կարմիր գրքում։ Թե չէ ինչի՞ նման է, ինչ-որ լումաներ եք ողջ տարին հավաքագրում հիմնարկ-ձեռնարկություններից, Մարտի 8-ին էլ ինչ-որ ժամկետանց զուգագուլպա նվիրաբերում մեր փառահեղ վարդիշաղներին ու նունուֆարներին և հանգիստ խղճով շարունակում եք անշարունակելին։ Մի խոսքով, վերջաբանի խոսքում ուշի ուշով ըմբռնեք ենթատեքստը։ Եվ կշահեք, կդառնաք աշխատավորաց աչքի լույսը, կապիտալիստների ցուցամատի փուշը և այլն։
ԴԵՊԻ ԳՈՐԾԱԴՈՒԼ
(մարտաշունչ սարկազմ)
Ի դեպ, գիտե՞ք ինչ է սարկազմը։ Սա հունարեն արտահայտություն է և բառացի նշանակում է միս պատառոտել։ Ահավասիկ քիչ ու միչ պատառոտվենք, տառացիորեն մատնանշելով առաջիկա աշխատավորական հուզումների (զուգահեռաբար կապիտալիստների սուզումների) սկիզբը, զարգացումն ու մայրամուտը։
Մարտի 8-ին ընդառաջ արհմիությունները հայոց աշխատավոր կանանց մուտքագրում են Հանրապետության հրապարակ և առաջնորդում նրանց երթը դեպի կառավարական թիվ 1 մասնաշենք։ Յուրաքանչյուր կնոջ կարծիքը զարդարված է ձնծաղիկով, յուրաքանչյուր երրորդ երթավորի ձեռքին մեկ ցուցանակ` վրան ալ կարմիր տառերով գրված օրվա կարգախոսը։ Զորօրինակ. «ՈՒթժամյա աշխատանքային օր և մեկ ժամ ընդմիջում շոգեբաղնիքում», «Աշխատանքը ժամավճարով, ժամը 1000 դրամ ու կես կիլո խուրմա»։ Խանութատերերն ու համատիրությունների նախագահներն ահ ու սարսափից ծնկի կգան։ Պատկերացրեք, որ սուպերմարկետի յոթանասուն գործակատարները միաժամանակ լքում են դախլերն ու դրամարկղները։ Մի խոսքով, յոթ փաթ պտտվելով հրապարակում` աշխատավոր կանանց երթը հանգրվանում է Կառավարության շենքի ժամացույցի տակ և պահանջում է կա՛մ կարգախոսների անհապաղ իրականացում, կա՛մ կառավարության հրաժարական։ Կառավարությունը, բնականաբար, հրաժարվում է հրաժարականից։ Արհմիության առաջնորդությամբ երթը գրավում է Կառավարական տունը, նախարարներին ուղարկում է վաստակած հանգստի և սեփական թեկնածուին նստեցնում վարչապետի բազմատանջ աթոռին։ Կեցցե՛ վարչապետուհի Վարդիշաղը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ