Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կես միլիոն ձայների իրական գաղտնիքը

Կես միլիոն ձայների իրական գաղտնիքը
22.02.2013 | 00:33

Փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրության քվեարկության արդյունքում ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ կես միլիոն ձայն հավաքեց` քվեների շուրջ 37 տոկոսը: Առաջին հայացքից, կես միլիոն ձայնը բավականին լուրջ արդյունք է Րաֆֆի Հովհաննիսյանի համար, քանզի մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանում Հովհաննիսյանին հաջողվեց 5-6 տոկոս ձայն հավաքել: Միևնույն ժամանակ, փորձագիտական հանրությունը սկսել է քննարկել այն խնդիրը, որ Րաֆֆիի ստացած կես միլիոն ձայների հասցեատերը ոչ թե Րաֆֆին է եղել, այլ իշխանությունը, որին դեմ տրամադրված զանգվածը քվեարկել է հանուն Րաֆֆիի: ՈՒշագրավ է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների շրջանում ևս կես միլիոն ձայն հավաքեց, և ԲՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ առիթը բաց չէին թողնում շահարկելու, «մատ թափ տալու», թե իրենց կուսակցությունը կես միլիոն ձայն է հավաքել, ուստի և իշխանությունը պարտավոր է իրենց հետ հաշվի նստել:
Ըստ էության, փետրվարի 18-ին կայացած ընտրության արդյունքները գալիս են ապացուցելու, որ «կես միլիոնի գաղտնիքը» ոչ թե կուսակցությունների գործունեությունը կամ առաջնորդի հատկանիշներն են, այլ երկրում առկա խորքային սոցիալական խնդիրները: Թե միջազգային կառույցների և թե ՀՀ կառավարության հրապարակած ցուցանիշներով Հայաստանի բնակչության շուրջ 1/3-ը աղքատության շեմին հայտնված մարդիկ են: Հասարակության այս զանգվածը օբյեկտիվորեն չի կարող մասնակցել քաղաքական գործընթացներին, քանզի «օրվա հացի» խնդիր ունի և առանձնապես չի ցանկանում մասնակցել գաղափար-գաղափարախոսությունների և քաղաքական ուժերի ծրագրային պայքարին:
Աղքատության շեմին հայտնված մարդը փոփոխություններ է պահանջում` կարծելով, թե այդ ճանապարհով է հնարավոր դուրս գալ սոցիալական անդունդից: Հենց այս հանգամանքից էլ օգտվում են հայաստանյան տարաբնույթ քաղաքական ուժերը, իշխանափոխությունը աղքատության շեմին հայտնված զանգվածին ներկայացնելով որպես առկա խնդիրների լուծման արդյունավետ բանալի: Մինչդեռ խորհրդարանական և նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանն ունի երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու հնարավորություններ և պատրաստակամություն ունեցող թիմ, իսկ մյուսները, ամենաքիչը, փորձադաշտի կվերածեն առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող երկրի կառավարման, տնտեսության, անվտանգության և այլ ոլորտները:
Ի դեպ, փետրվարի 18-ին կայացած քվեարկության արդյունքները եկան ապացուցելու, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր այլ քաղաքական ուժերը հստակ ընտրազանգված չունեն, այդ պատճառով էլ նրանց վարկանիշն այդքան լողացող է, ոչ կայուն, ցանկացած պահի աննախադեպ աճող կամ նվազող: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական պատմությունը մի նոր փուլ է թևակոխում, որտեղ ի հայտ են գալու նոր քաղաքական ուժեր, նոր գործելաոճ և նոր իրողություններ: Այսուհետ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և այլ քաղաքական ուժեր չեն կարող խոսել ընդդիմադիր դաշտում մենաշնորհներ ունենալու փաստի մասին, քանզի կյանքը ցույց տվեց, որ ընդդիմադիր ընտրազանգվածը քվեարկում է ոչ թե գաղափարների կամ գործիչների անհատական որակների համար, այլ իշխանության դեմ:
Անկասկած, փետրվարի 18-ին կայացած ընտրության արդյունքները դաս են նաև իշխանության համար: Կարելի է ենթադրել, որ իշխող հանրապետականը գոհ է քվեարկության արդյունքներից, քանզի աղքատության շեմին հայտնված ահռելի քանակությամբ բնակչություն ունեցող երկրում իշխանության թեկնածուի 58 տոկոս ձայները լուրջ արդյունք են: Միևնույն ժամանակ, ենթադրելի է, որ իշխող հանրապետականն առաջիկա տարիներին ստիպված է լինելու փոխել քաղաքական մարտավարությունը` լրջագույն ուշադրություն դարձնելով «կես միլիոնի» խնդրին: Սա ռումբ է, որը վաղ թե ուշ պայթելու է: ՈՒստի իշխանությունը, որ երկար տարիներ փորձել է այդ պայթյունը հետաձգել, ստիպված է աննախադեպ քայլերի գնալ և չեզոքացնել վտանգը: «Կես միլիոնի գաղտնիքն» ունի ընդհանուր և մասնակի բնույթ: Ընդհանուր առմամբ, կես միլիոն ընդդիմադիր ընտրածանգվածն ունի սոցիալ-տնտեսական անբավարարվածություն, իսկ մասնավոր առումով` տեղի «իշխանիկների», մարզպետների, քաղաքապետերի ու գյուղապետերի վատ վերաբերմունքի խնդիր:
Կես միլիոն ՀՀ քաղաքացիների զգալի հատվածը տեղական իշխանություններից մարդկային վերաբերմունք է պահանջում, փոքր և միջին մակարդակում կոռուպցիայի վերացում և որոշակիորեն արդարության միջավայրի ձևավորում: Իհարկե, մեծ խաբկանք է հավատալը, որ իշխանությունն ի զորու կլինի ամբողջովին լուծելու այս խնդիրը, սակայն զգալի քայլեր հնարավոր է իրականացնել: Տնտեսության ազատականացումը, քրեաօլիգարխիկ ամենաթողության վերացումն ու դատաիրավական համակարգում կոռուպցիայի վերացումը կարող են լուրջ քայլեր համարվել, որոնց արդյունքում «կեսմիլիոնանոց կույր ընտրազանգվածը» զգալիորեն կնվազի, ինքնաբերաբար չեզոքացնելով նաև հեղափոխական վտանգը:
Պետք է նշել, որ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ որոշ քայլեր է ձեռնարկել առկա խնդիրները լուծելու համար: 2013-ի նախագահական ընտրությունը ցույց տվեց, որ 2008-ին նախագահ ընտրված Սարգսյանը հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել քաղաքական գործընթացների թափանցիկությունը ապահովելու, խոսքի ազատության կայացման և բռնությունների կանխարգելման ու դատապարտման ոլորտներում: Սրանք արժեքներ են, որ արդեն իսկ կայացել են հայաստանյան քաղաքական դաշտում: Ներկայումս իշխանությունը պետք է նախաձեռնի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համալիր ծրագիր` նվազեցնելով աղքատությունը երկրում և ստեղծելով մրցակցային գործարար միջավայր: Առանց տնտեսական աճի, արտադրողական ներուժի զարգացման և արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության Հայաստանը չի կարող զարգացում ունենալ, ուստի և քաղաքական գործընթացներն էլ կշարունակեն սրված բնույթ կրել: Այս համատեքստում էլ տարաբնույթ քաղաքական ուժեր կփորձեն իշխանություն վերցնել` հենվելով աղքատության շեմին հայտնված սոցիալական խավի դժգոհությունների և տեսանելի փոփոխությունների ցանկությունների վրա:
Ինչևէ, կարելի է կանխատեսել, որ առաջիկայում ուշագրավ քաղաքական գործընթացներ են տեղի ունենալու: Իշխող հանրապետականներն արդեն իսկ ակնարկում են, որ իշխանության ներսում փոփոխություններ են սպասվում, ինչի արդյունքում իշխանությունը հասարակությանը կներկայանա ավելի կայուն, ավելի արդյունավետ կադրերով: Ինչ վերաբերում է վերընտրված նախագահին, ապա Սերժ Սարգսյանից ակնկալիքներն առավել քան մեծ են: Ղարաբաղյան պատերազմի բովով անցած, պետական ծառայության հսկայական փորձ ունեցող Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթանակի համար պարտական չէ քրեաօլիգարխիկ շրջանակներին և պետական ապարատում ու գործարար աշխարհում փայ պահանջող քաղաքական ուժերին: Իսկ ՀՀ քաղաքացիներից ստացած 58 տոկոս ձայները պարտավորեցնող են: Մնում է` իշխանությունն արագ ձևակերպի իր գործունեության հեռանկարը և խոսքերից անցնի վաղուց սպասված գործերին:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ