Ղարաբաղյան ազատամարտի 2-րդ փուլն սկսվեց բոլշևիկների իշխանության ստեղծմամբ և շարունակվում է մինչև այսօր` վերջնական հանգուցալուծման անորոշ հեռանկարով: Բոլշևիկների հաղթանակով օբյեկտիվորեն ստեղծվել էին հնարավորություններ, որ նորից գործողության մեջ դրվի Իսրայել Օրու ծրագիրը Արևելյան Անդրկովկասի ազատագրման վերաբերյալ: Պետերբուրգում բոլշևիկների հաղթանակից կարճ ժամանակ անց Անդրկովկասի կոմունիստները Շահումյանի գլխավորությամբ Բաքվում հռչակեցին Կոմունա` իրենց ձեռքը վերցնելով իշխանությունը: Շուտով այդ իշխանության դեմ ապստամբեցին մուսավաթականները, գրավեցին քաղաքի որոշ թաղամասեր, եռօրյա ընդհարումների արդյունքում պարտվեցին և փախան Գանձակ: Եվ վերազգային, ինտերնացիոնալ հիմունքներով ստեղծվելիք Կոմունան, անկախ բոլշևիկների ծրագրերից ու հակառակ դրան, իրականում վերափոխվեց ազգային-պետական կառույցի` հենակետ ունենալով 16-հազարանոց հայկական զինական ուժերը: Կոմունան իր իրական բովանդակությամբ դարձավ ազգային կառույց, մանավանդ որ դեռ թարմ էին 1905-1907 թթ. ցարիզմի կազմակերպած հայ-թաթարական ընդհարումների հիշողությունները:
Նույն օրերին Ղարաբաղում իշխանությունն իր ձեռքն էր վերցրել Հայոց ազգային խորհուրդը, և բոլոր հնարավորությունները կային այդ երկու ուժերի միավորման համար, որի արդյունքում իրադարձություններն այլ ընթացք կստանային: Նման միավորման անհրաժեշտության թելադրանքով Բաքվի կոմունայի զորքերի հրամանատար, ձախ դաշնակցական Համազասպը դիմում է Շահումյանին հետևյալ հիմնավորումով. «Կոմունայի զորքերն արդեն կանգնած են Եվլախից վերև, մի կարճ ճանապարհ է մնում Ղարաբաղ հասնելու համար: Հարկավոր է անցնել այդ կարճ ճանապարհը, միանալ Ղարաբաղի ուժերին և համատեղ ուժերով մուսավաթականներին քշել Գանձակից, վրաց մենշևիկներին` Թիֆլիսից, և ամբողջ երկրամասը խորհրդային հայտարարել: Ինչ մնում է հայերին, նրանք ամբողջ էությամբ են խորհրդային և գրկաբաց կդիմավորեն մեզ»: Շահումյանը մերժում է կտրուկ. «Ինչ է, ուզում ես ինձ նացիոնալիզմի մեջ մեղադրե՞ն»: Եվ Շահումյանը Նարիմանովի միջոցով բանակցությունների մեջ է մտնում Գանձակի մուսավաթականների հետ, որոնք բանակցությունները ձգձգում են այնքան, մինչև Նուրի փաշան սուլթանական զորքերով հասնում է Գանձակ։
Հավատարիմ իր վերազգային, ինտերնացիոնալ համոզմունքներին` Շահումյանը չօգտագործեց հայ ժողովրդի համար օբյեկտիվորեն ստեղծված այդ հնարավորությունը, որի նպատակամղված գործադրման պարագայում թերևս այլ սրբագրումներ կատարվեին հետագա իրադարձություններում: Բայց հետագա իրադարձությունների ողբերգականությունը Շահումյանի այդ թերացման, սխալի հետևանք չէ: Շահումյանի սխալը միայն արագացրեց Բաքվի Կոմունայի պարտությունը: Գործում էին ամենազոր արտաքին ուժեր` իրենց անբեկանելի ծրագրերով:
Նորահայտ բացահայտումներով արդեն անշրջանցելի իրողություն է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Լենինը բոլշևիկների կուսակցության հրեական վերնախավի հետ որդեգրել էր երիտթուրքերի պանթուրանական ծրագիրը և անշեղորեն իրագործում էր այն՝ մարքսիստական ֆրազաբանության ծխածածկույթով քողարկած: Պատահական չէ, որ Մեծ եղեռնի տարիներին բազմաթիվ երկրների, բազմաթիվ քաղաքական հոսանքների, բազմաթիվ մտավորական շրջանակների ներկայացուցիչներ հանդես եկան այդ մարդակեր քաղաքականության դեմ, բազմաթիվ ձևերով աշխատեցին օգնել նահատակվող ժողովրդին, բայց Լենինն ու բոլշևիկները որևէ վերաբերմունք չդրսևորեցին: Մեզ հայտնի չէ գոնե մի հայ բոլշևիկ, որ վերաբերմունք արտահայտած լինի այդ առնչությամբ:
Ինչ մնում է բոլշևիկների որդեգրած քաղաքականության գործնականին, այն անմնացորդ դրսևորվեց Բրեստ-Լիտովսկի դաշնագրի օրերից սկսած: Մենք որոշ վկայակոչումներ կկատարենք Արտավազդ Ավագյանի «Հայաստանը իր ազգի և պետականության պաշտպան» (2006 թ.) գրքի «Բրեստ-Լիտովսկի» բանակցությունները հոդվածից, ուր մատնանշված են նաև այդ բանակցություններին վերաբերող բազմաթիվ սկզբնաղբյուրներ, որոնք սպասում են իրենց ուսումնասիրողներին: Հոկտեմբերյան հեղաշրջումից 13 օր հետո՝ 1917 թ. նոյեմբերի 20-ին, Լենինն ու Ստալինը կոչ ուղղեցին Ռուսաստանի և Արևելքի մուսուլմաններին, որտեղ, այլևայլ խոստումներից բացի, նաև գրված էր. «Մենք հայտարարում ենք, որ Թուրքիայի մասնատման և Հայաստանի անվտանգության ապահովման դրույթը չեղյալ է հայտարարվում»: Իսկ դա, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նշանակում էր ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Արևելահայաստանը թուրքերին վերադարձնելու ծրագիր: Բրեստ-Լիտովսկի բանակցությունների առաջին փուլում գերմանական կողմը դեկտեմբերի 14-ին ներկայացրեց հաշտության պայմանագրի իր տարբերակը, որտեղ չկար Թուրքիայից և ընդհանրապես Մերձավոր Արևելքից ռուսական զորքերի դուրսբերման պահանջ: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին, թուրքական պատվիրակ Հաքքի փաշայի ելույթից պարզ դարձավ, որ բոլշևիկներն ու երիտթուրքերն այդ հարցը լուծել են արդեն սեպարատ համաձայնությամբ, և 1918 թ. հունվարի 7-ին Տրոցկին, Լենինի իմացությամբ, կարգադրում է ռուսական զորքերին՝ լքել կովկասյան տարածքները` ներառյալ Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները, հակառակ հայերի ցանկության: Միայն բանակցությունների վերջնափուլում՝ փետրվարի 21-ին, գերմանացիների ներկայացրած փաստաթղթում տեղ գտավ Արևելյան Անատոլիայի տարածքներից զորքերի դուրսբերման պահանջը` «ներառյալ Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները» հավելումով: Միաժամանակ գերմանական կողմն ավելացրեց. «Մենք չենք պնդում նշված տարածքներից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերումը` ձգտելով խուսափել հավելյալ մեղադրանքներից»:
Եվ այսպես, իշխանության հասնելուց անմիջապես հետո Լենինը գործողության մեջ դրեց երիտթուրքերի պանթուրանական ծրագիրը, ռուսական զորքերը Կովկասյան տարածաշրջանից հանելով` ճանապարհ բացեց թուրքերի առաջ դեպի նրանց ծրագրած Մեծ Թուրան: Իրադարձությունների այս ընդհանուր համատեքստում զավեշտական է երևում առասպելն այն մասին, որ իբր թե հայրենիք վերադարձող ռուսական զորքերին Շամխորի մոտ զինաթափեցին անզեն ու անուժ մուսավաթականները: Իսկ մեր` բոլշևիզմով հարբած պատմաբաններն էլ շտապեցին այդ ակտին մասնակից դարձնել նաև դաշնակցականներին և որպես հատուցում ստացան բարձր կոչումներ ու պաշտոններ: Իրադարձությունների ընդհանուր մթնոլորտը պարտադրում է արձանագրել, որ զենքը մուսավաթականներին հանձնելը Լենինի և Տրոցկու կամքով է եղել: Այդ համոզումն ավելի է բովանդակավորվում Բաքվի կոմունայի ողբերգական ճակատագրով:
Շուտով թուրքական զորքերը Նուրի փաշայի գլխավորությամբ և մուսավաթականների հրավերով հասան Գանձակ, երկրատարածքի վրա դաջեցին Ադրբեջան կեղծանունը` ծրագրում ունենալով, որ այն դառնալու է Պարսկաստանից նվաճվելիք բուն Ադրբեջանի մաս: Դա լրջագույն սպառնալիք էր Բաքվի կոմունայի գոյության դեմ, ինչը պետք է պարտադրեր Լենինին ու նրա շրջապատին, որ ամեն միջոցի դիմեին Կոմունան փրկելու համար: Սակայն նրանց հարկավոր չէր Թուրանի ճանապարհի հանգուցային կետում ձևավորված մի Կոմունա, որն իրականում ձևավորման ելման կետից վերածվել էր միատարր ազգային կառույցի, այն էլ՝ հատկապես հայկական: Եվ կենտրոնը ոչինչ չձեռնարկեց Կոմունան փրկելու համար: Այսօր բոլորը գիտեն, թե ինչպիսի առանցքային դեր ունի նավթի գործոնը միջազգային քաղաքականության ասպարեզում: Այդ դերը տասնապատիկ չափով վճռորոշ էր Լենինի ժամանակ: Բայց Լենինը կանգ չառավ Բաքվի նավթից զրկվելու զոհողության առաջ: Իսկ միգուցե նաև հատուկ գործակալների դերակատարմամբ նա մասնակցո՞ւմ էր Կոմունայի կործանմանը: Չէ՞ որ Բաքվի 26 կոմիսարներին Ախչակումայում գնդակահարելու պահին անգլիական սպայի հագուստով մասնակից էր եղել նաև Լավրենտի Բերիան:
Համակողմանի փաստարկումներ պահանջող այս տեսակետի համար եզակի նշանակության վկայություններ են 1918 թ. Շահումյանի ուղարկած նամակներն ու հեռագրերը Լենինին, Ստալինին ու Ժողկոմխորհին, որոնցից որոշ քաղվածքներ շրջանառության մեջ ենք դնում առանց ծավալվելու՝ հաշվի առնելով, որ Կոմունայի ճակատագիրը ածանցյալ կապ ունի Արցախյան ազատամարտի հետ, չնայած երկուսն էլ միևնույն քաղաքականության դրսևորումներն են: Միաժամանակ այդ քաղվածքներից կերևա, թե Լենինի իրական ծրագրերին անգիտակ Շահումյանն ինչպիսի անկեղծությամբ էր հավատում նրան, որ չկարողացավ տեսնել նրա իրական դիրքորոշումը Կոմունայի նկատմամբ:
1918 թ. ապրիլի 13-ին Ժողկոմխորհին ուղղված նամակում Շահումյանը ներկայացնում է մուսավաթականների ապստամբությունը մարտի 30-ից ապրիլի 1-ը, մատնանշում նրանց նպատակները: «Եթե նրանք հաղթանակեին Բաքվում, քաղաքը կհայտարարվեր Ադրբեջանի մայրաքաղաք, բոլոր ոչմուսուլմանական տարրերը զինաթափ կարվեին ու կկոտորվեին: Մուսուլմանական կոնտրռևոլյուցիոն տարրերը դրության տերը կդառնային ամբողջ Անդրկովկասում: Եթե նկատի ունենանք նրանց քաղաքական նպատակները` Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից և ենթարկումը թուրքական հովանավորությանը, պարզ է, որ նրանց հաղթանակը Բաքվում կտաներ դեպի Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար: Մենշևիկներն Անդրկովկասյան Սեյմում արդեն զիջումներ են արել «Մուսավաթին» և համաձայնել են Անդրկովկասը անկախ հայտարարելուն: Այդ չի բավարարել Թուրքիային, նա այժմ պատերազմ է սկսում Անդրկովկասի դեմ: Իսկ Թուրքիայի այդ հարձակումը պետք է կապվեր մուսուլմանների ելույթի հետ Անդրկովկասի ներսում, Բաքվում իշխանությունը զավթելու հետ և այլն» (Ստ. Շահումյան, Նամակներ, 1959, էջ 66):
1918 թ. մայիսի 24-ին Ժողկոմխորհին հղած նամակով Շահումյանը հայտնում է. «Թուրքերը գրավել են Ալեքսանդրապոլը և զորքեր են փոխադրում Ջուլֆա: Այդ ունի երկու նպատակ՝ Հյուսիսային Պարսկաստանի գրավումը և Բաքվի վրա շարժվելը» (էջ 76): Միաժամանակ հաղորդում է, թե «Բաթումում վրացիներին ավտոնոմիա են խոստանում՝ Վիլհելմի պրոտեկտորատով: Մնացած ամբողջ Անդրկովկասը պետք է ներկայացնի ավտոնոմ Ադրբեջան» (էջ 77): «Դիմում ենք մեր մերձավոր ռազմական նպատակների հարցին:...Մենք պատրաստվում ենք ամենամոտ ժամանակներում գնալ Ելիզավետպոլի վրա: Մենք բռնել ենք Ելիզավետպոլից հաղորդվող հեռագրական խոսակցություններ այն մասին, որ այնտեղից պատրաստվում է շարժում Բաքվի վրա կանոնավոր զորքերով: Հնարավոր է, որ նրանք կանխեն մեզ: Շարժումը Ելիզավետպոլի վրա մենք մինչև այժմ չենք կարողանում սկսել, որովհետև պատրաստ չենք:... Մեր ուժերը ցրված են Բաքվի նահանգում ու Դաղստանի մարզում: Հրամանատարական կազմ չկա, չենք կարողանում նույնիսկ այն զորքերի հրամանատար գտնել, որոնք պետք է դեպի Ելիզավետպոլ շարժվեն։ Մենք ընկերներ ենք ուղարկել Հյուսիսային Կովկաս՝ անմիջական օգնություն խնդրելու: Եթե այնտեղից մեզ օգնություն հասնի, ապա մենք հանգիստ կլինենք Անդրկովկասի համար: Սպասելով փողով, զենքով, մարդկանցով, ցուցումներով օգնության» (էջ 78-79):
1918 թ. հունիսի 14-ի նամակում. «Թիֆլիսից ստացած տեղեկություններով՝ թուրքերը 15-հազարանոց զորք են ուղարկել Ելիզավետպոլի կողմը»: Կոմունայի զորքերը գրավել են Քյուրդամիրի կայարանն ու գյուղը և առաջ են շարժվում: Եվլախի մոտ նրանց սպասում են հակառակորդի խոշոր ուժեր: «Մինչև այժմ Ռուսաստանից ոչ մի օգնություն չունենք: Չկան զրահապատներ, աերոպլաններ, հրետանի, նույնիսկ փամփուշտներ: Կովպինսկու և Տեր-Պետրոսովի հետ ուղարկված հրացանները մինչև այժմ չկան: Դեռևս չեն ստացվել հրանոթներ նավերի համար: Գաբրիելյանը չկա: Չկա 100 միլիոնը» (էջ 96-97):
Հունիսի 23-ին գրած նամակում հայտնում է Լենինին, թե Բաքուն պահել չկարողանալու դեպքում «մենք կգործադրենք ձեր դեղատոմսը»: Իսկ այդ դեղատոմսը Բաքվի ավերումն է (էջ 106): Միաժամանակ հայտնում է, որ 12-13-հազարանոց բանակ են ուղարկել Ելիզավետպոլի կողմը, և ավելացնում. «Դուք գրում եք, որ նկատի ունենալով մեր դրության դժվարությունները միջազգային տեսակետից, ավելի լավ է սպասել՝ մինչև ամրապնդվենք: Մենք դրան սպասում էինք, իհարկե, և ամրանում էինք, բայց կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե մենք ավելի փոքր ուժերով այնտեղ շարժվեինք Բաքվի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո: Այն ժամանակ դրությունն անհամեմատ ավելի պարզ էր, և մենք կկանխեինք այն ամենը, ինչ կատարվեց Բաթումում և Բաթումի բանակցություններից հետո: Հիմա, համենայն դեպս, արդեն դանդաղել չի կարելի: Մեզ համար պարզ է մի բան. պետք է առաջ գնալ: Մենք մտադիր ենք հասնել Եվլախ, և այնտեղ մի փոքր մտածելուց հետո, առաջ գնալ դեպի Ելիզավետպոլ» (էջ 107-108):
Այստեղ անհրաժեշտ է մի թռուցիկ միջամտություն: Շահումյանն արդեն զգացել է իր սխալը Համազասպի առաջարկությունը մերժելու հարցում և փորձում է շտկել այդ սխալը, բայց արդեն պահը բաց էր թողել, որովհետև ապրիլին «դրությունն անհամեմատ ավելի պարզ էր», իսկ հունիսին թուրքական զորքերն արդեն գտնվում էին Ելիզավետպոլում: Միաժամանակ զգացվում է Լենինի դերը Շահումյանի սխալում, որովհետև սկսած 1918 թ. փետրվարի 14-ի հեռագրից՝ Լենինը հետևողականորեն պահանջում էր Շահումյանից «ամենազգույշ դիվանագիտություն», «սպասել՝ մինչև ամրապնդվենք»:
Հուլիսի 2-ի նամակում գրում է. «Հակառակորդի շարքերում կան թուրքական կանոնավոր զորամասեր՝ հրետանու և գնդացիրների հրամանատարական կազմի զգալի մասը թուրքական է» (էջ 120-121):
Հուլիսի 13-ի նամակով տեղեկացնում է. «Դրությունը ռազմաճակատում վատանում է: Միայն մեր ուժերը բավական չեն: Անհրաժեշտ է օգնություն Ռուսաստանից: Տնօրինեցեք Դուք: Դրությունը չափից դուրս խճճված է: Սպասում եմ շտապ ռազմական օգնության և Ձեր ղեկավար ցուցումներին, անհապաղ ուղարկեցեք» (էջ 127):
Հատված հուլիսի 20-ի նամակից` ուղղված Լենինին, և Ցարիցին՝ Ստալինին. «Դրությունը դառնում է լուրջ: Բաքվի համար զինվորական ուժերի ուղարկումը պետք է ուժեղացվի և արագացվի: ՈՒղարկեցե՛ք շտապով, կարգադրություն արեք, որ տեղական Սովետները ճանապարհին չկանգնեցնեն Բաքու ուղարկվող զորամասերին: Հաղորդեցեք՝ կարո՞ղ ենք օգնություն սպասել և ե՞րբ: Կրկնում եմ, անհրաժեշտ է շուտափույթ և զգալի օգնություն զորքերով» (էջ 128):
Հուլիսի 26-ի նամակից. «Դրությունը ռազմաճակատում վատթարանում է օրեցօր: Զորքերը հետ են քաշվել մինչև Ալյաթ ու երկաթգծի ուղղությամբ: Հուլիսի 25-ին աջ պարիաները Սովետում անց կացրել են անգլիացիներին հրավիրելու հարցը: Սկսել է քաղաքացիական պատերազմի հոտ գալ: Մեծացել է քաղաքը հանձնելու վտանգը: Բաքուն Ռուսաստանի համար փրկելու նպատակով շտապ օգնություն Ռուսաստանից զորքերով: Թախանձագին խնդրում եմ բոլոր միջոցները ձեռք առնել անմիջապես կանոնավոր զորքեր ուղարկելու համար: Մեր դեմ կռվում են թուրքական կանոնավոր զորքերը, կան գերմանական հրահանգիչներ, սպասում եմ զորքեր ուղարկելու վերաբերյալ Ձեր շտապ կարգադրություններին և Ձեր ցուցումներին» (էջ 135):
Հուլիսի 29-ին Լենինը հայտնում է. «Զորքեր ուղարկելու համար միջոցներ ձեռք կառնենք, բայց հաստատապես խոսք տալ չենք կարող»:
Հուլիսի 29-ին Լենինը հեռախոսով պատասխանում է Աստրախանի ռազմական խորհրդի անդամի հարցումին.
-Ե՞րբ պետք է Աստրախանը սպասի Բաքվին ուղարկվող օգնությանը, ի՞նչ չափով, որպեսզի նավեր և պարեն պատրաստենք:
Լենին -Խոստանալ հաստատապես չենք կարող, որովհետև այստեղ ևս զորքի պակասություն կա (էջ 138):
Ի հավելումն այս ամենի՝ Շահումյանը չկարողացավ կենտրոնից ստանալ մի գործող ռադիոկապ, և նրա հեռագրերը Մոսկվա էին հասնում կա՛մ Աստրախանով, կա՛մ Տաշքենդով: Կենտրոնը տևականորեն խանգարում էր նաև նավթարդյունաբերության և առևտրական նավատորմի ազգայնացմանը՝ լրացուցիչ դժվարություններ ստեղծելով Բաքվում:
Այսքանից հետո պարզ է դառնում, թե ինչու Բաքվի կոմիսարներին Աստրախան տանող նավը պետք է հայտնվեր Կրասնովոդսկում: Լենինը պատասխան չուներ տալու Շահումյանին ու Բաքվի մյուս կոմիսարներին: Այսքանից հետո հասկանալի է դառնում կոմիսարներին գնդակահարելու պահին Բերիայի ներկայությունը այնտեղ:
Թուրքական զորքերը կործանեցին Կոմունան, միայն Բաքվում թուրքական յաթաղանի զոհ դարձավ 30 հազար հայ բնակչություն, Նուխու շրջակայքում 1916 թ. վիճակագրությամբ արձանագրված 45 հազար հայերից 1926 թ. մարդահամարի տվյալներով մնացել էր ընդամենը 4004-ը, Շամախու շրջակայքում արձանագրված 78 հազար հայերից՝ ընդամենը 12 հազարը:
Պանթուրանական ծրագիրը 2-րդ անգամ գործողության մեջ դրվեց 1920-ին: Լենին-Աթաթուրք գործարքով, անշուշտ, նաև Բաքվի մուսավաթական կառավարության համաձայնությամբ, 11-րդ Կարմիր բանակը 1920 թ. ապրիլի 28-ին մտավ Բաքու` Ադրբեջանը հայտարարելով խորհրդային: Մի գիշերվա մեջ մուսավաթականները վերափոխվեցին բոլշևիկ հեղափոխականների, նույնիսկ Շուշին ավերող, Ղարաբաղի դահիճ Սուլթանովը իրեն հռչակեց Ղարաբաղի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ: Կարճ ժամանակում 11-րդ Կարմիր բանակը մուսավաթական զորաջոկատների հետ ռազմակալեց Ղարաբաղն ու Նախիջևանը և ձեռնամուխ եղավ Զանգեզուրի նվաճմանը:
1920 թ. սեպտեմբերի 1-8-ին Բաքվում գումարվեց Արևելյան ժողովուրդների համագումար, ուր ընդգրկված էին 37 ազգերի ու ազգությունների ներկայացուցիչներ` ընդհուպ մինչև Չինաստանի, Ճապոնիայի, Արաբիայի ժողովուրդները, որոնց մասնակիցների մեծ մասը միջոցառումն ընդունում էր որպես մահմեդականության «սրբազան կռիվ» քրիստոնեության դեմ: Էնվեր փաշան համագումարից պահանջում էր, որ այդ «սրբազան պատերազմում» մահմեդական բանակի հրամանատարությունը հանձնվի իրեն, որպեսզի իր «հեղինակությամբ ու զինվորական մասնագիտական պատրաստությամբ կարողանա ոտքի հանել Թուրքեստանը, Հնդկաստանը, Պարսկաստանը, Տաճկաստանը և մյուս մահմեդական երկրները» (տե՛ս Հ. Սիմոնյան, «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարախոսությունը և քաղաքականությունը», 1986 թ., էջ 513): Համագումարում Թուրքիան հռչակվեց Արևելքի հեղափոխական շարժման առաջամարտիկ, իսկ սովետական կառավարությունը դարձավ նրա գործուն աջակիցը` քեմալականներին տրամադրելով զենք, զինամթերք ու ոսկի: Եվ այդ ամենը կատարվում էր «Հայկական իմպերիալիզմը խեղդելու» նշանաբանով, որպեսզի «կարմիր թուրքերը» կարողանան անմիջականորեն միանալ «հեղափոխական Արևելքի» հետ: Եվ երբ 1920 թ. սեպտեմբերի 23-ին քեմալական զորքերը հարձակվեցին Հայաստանի վրա, Բաքվից 147 հայ բոլշևիկի ուղարկեցին Ղարսի ճակատ, որոնք կազմալուծեցին թշնամուց եռակի ուժեղ հայկական բանակը: Քեմալականներն առաջ էին շարժվում՝ իրենց ներկայացնելով բոլշևիկներ` կարմիր կիսալուսինն ու հնգաթև աստղը ճակատներին, հայտարարելով, որ իրենց հետ կռվում են նաև ռուս բոլշևիկներ: Հայ կոմունիստները համոզում էին շարքային զինվորներին` չկռվել «եղբայր թուրքերի» դեմ, որոնք գալիս են նոր ձևով կառուցելու հայ ժողովրդի կյանքը: Անցած 60-ական թվականներին բանավոր ճանապարհով տարածվեց տեղեկություն այն մասին, որ այդ նույն ժամանակ Ղրիմի թաթարներից ստեղծված մի զորամասով Բուդյոննին մասնակցել է հույների դեմ ծավալված կռիվներին:
Շուրջ 50-հազարանոց հայկական զորքը, որն իր շարքերում ուներ ռուսական զինվորական դպրոց անցած 10 գեներալ, 1400-ից ավելի բարձրաստիճան սպա, ըստ ամենայնի զինված էր զենքի բոլոր տեսակներով, հայ բոլշևիկների ագիտացիայի շնորհիվ հրաժարվեց կռվելուց: «Ցնցված այս բոլորից, հայկական բանակի կադրային շատ սպաներ ինքնասպանությամբ վերջ էին տալիս իրենց կյանքին» (Հ. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 525): Ղարսի պաշտպանության հրամանատար Մազմանյանը ինքնասպանության դիմեց զորքերի առաջ` բաց աչքերով չտեսնելու Ղարսը թշնամուն հանձնելու անարգանքը: Իսկ երբ Կարաբեքիրի զորքերը հասան Ալեքսանդրապոլ և սկսեցին խաղաղ բնակչության կոտորածն ու բռնաբարությունները, իսկ նրանց աջակցած բոլշևիկները փորձեցին կանխել այդ վայրագությունները, Կարաբեքիրը տվեց սպառիչ պատասխան.
-Օղուլ, հայեր են, պիտի կոտորենք, ճակատներին գրվա՞ծ է, թե ով է բոլշևիկ, ով` դաշնակ:
Լենին-Աթաթուրք համագործակցությամբ գործողության մեջ մտած այս հայակեր քաղաքականության պանթուրանական ուղղվածությունը սպառիչ արտացոլված է մի կողմնակի փաստաթղթում: Ահա այն. «Նախիջևանում արտակարգ կոմիսար Վելիկանովը Թուրքիայի Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին 1921 թ. հունվարի 10-ին հասցեագրած նամակում գրում էր. «…Օր օրի վրա ավելի ու ավելի է ընդլայնվում կարմիր Անատոլիայի գործունեության թատերաբեմը, բարձրանում է նրա հեղինակությունը խորհրդային հանրապետությունների մոտ, և արդեն մոտ է այն օրը, երբ Արևելքի ճակատագիրը հանձնեն նրա (այսինքն` թուրքերի- Ա. Ե.) ձեռքը, և նա դառնա նույնպիսի կենտրոն, ինչպես Մոսկվան» (Ա. Եսայան, Հայաստանի միջազգային իրավական դրությունը 1920-1922 թթ., 1967 թ., էջ 45):
Եվ այսպես, Կարմիր բանակը արևելքից, «Կարմիր Թուրքիան» արևմուտքից տապալեցին անկախ Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի մի հատվածում բոլշևիկները հռչակեցին խորհրդային կարգեր: Բոլշևիկները ոչ միայն Ղարսը, Արդահանը և մյուս տարածքները, շուրջ 28 հազար քառակուսի կիլոմետր, երկրորդ անգամ հանձնեցին թուրքերին, այլև իրենց ռազմակալած Նախիջևանն ու «այլ տարածքներ» 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայի, ապա Ղարսի պայմանագրով դրեցին Ադրբեջանի ենթակայության տակ` պայմանով, որ Ադրբեջանն այն չպետք է զիջի մի 3-րդ կողմի, այսինքն` նրա բնական տերերին` հայերին:
Հայ ժողովրդի համար այս օրերին էր ահա, որ իրենց պատմական դերակատարությունն ունեցան Նժդեհը, Դրոն ու Թևան Ստեփանյանը։ Շնորհիվ Նժդեհի եռանդագին ջանքերի՝ բոլշևիկա-մուսավաթական զորքերը չկարողացան գրավել Զանգեզուրը։ Գարեգին Նժդեհը բզկտված Հայաստանը փրկեց անկլավի վիճակում հայտնվելու լենինյան ծրագրից՝ ապահովելով 42-կիլոմետրանոց միջանցք դեպի արտաքին աշխարհ։ Այդ ճակատագրական օրերին արևմտյան ռազմաճակատից վերադարձած Թևան Ստեփանյանը ինքնապաշտպանական կռիվներ կազմակերպեց Ղարաբաղի գյուղերը ավերող ազերթուրք հրոսակների դեմ:
Անհրաժեշտ ենք համարում հրապարակել բանավոր ճանապարհով մեզ փոխանցված մի փաստ: Բաքվում խորհրդային կարգեր հռչակվելուց հետո Թևանի մոտ են ուղարկում 3 բոլշևիկի` մեկական ռուս, հայ և ազերթուրք: Ընդունելով, որ Թևանը ևս պայքարում է արդարության համար, նրան առաջարկում են միանալ իրենց՝ հանուն սոցիալիզմի հաղթանակի: Թևանը նրանց պատասխանում է, թե ինքը հավատում է, որ ռուսը կարող է լինել սոցիալիստ, որովհետև 4 տարի կռվել է ռուսի հետ և գիտի նրանց: Հայն իր ծնունդով ու վիճակով սոցիալիստ է ու սոցիալիստ: Բայց որ թուրքն էլ կարող է սոցիալիստ լինել, ինքը չի հավատում նման սոցիալիզմի: Այդ կետից Թևանը զենքը ուղղում է նաև բոլշևիկների դեմ: Բայց ուժերն անհավասար էին, և Թևանը հաջողություն չունեցավ: Ահա այս Թևանի հասցեին է վայրահաչում Վ. Աթանեսյանը:
1921 թ. հունիսի սկզբին բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոն քննարկման դրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Հարցը քննարկողների մեջ դեռ կային մարդիկ, ովքեր հաշվի էին նստում արդարության և իրավունքի հետ, հավանաբար նաև անտեղյակ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի պահանջներին և աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ դեռևս 1920 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի կառավարությունը հրապարակայնորեն հրաժարվել էր Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի նկատմամբ ունեցած պահանջներից, հուլիսի 4-ի քվեարկությամբ որոշում է Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում։ Հաջորդ օրն իսկ Լենինի կարգադրությամբ Ստալինը հասնում է Թիֆլիս, հարկադրում տրամագծորեն հակառակ որոշում։ Այդ ավազակային հարկադրանքով (ավազակային, որովհետև հարցը ո՛չ վերաքննարկման և ո՛չ էլ վերաքվեարկության է դրվել) պարտադրված որոշման ամենաավազակային կետը 2-րդն էր, որով Ադրբեջանի կառավարությանն էր վերապահվում մարզը ձևավորելու իրավունքը։ Դա հավասար էր գայլերին ոչխարների պահապան դարձնելուն:
Քանի դեռ Նարիմանովը գտնվում էր Ադրբեջանում, Կովբյուրոյի այդ որոշումը մնում էր թղթի վրա։ Նարիմանովին Մոսկվա տեղափոխելուց հետո միայն՝ 1923 թ., Կովբյուրոն կարողացավ հարկադրել Ադրբեջանի կառավարությանը, որ իրականություն դարձնի այդ որոշումը։ Եվ Ադրբեջանի կառավարությունը ոչ պակաս թուրքավարի ճարպկությամբ ձևավորեց մարզը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչից ինչ ստեղծեցին, դիմենք որոշ իրողությունների։ Ցարիզմը, հավատարիմ իր գաղութային քաղաքականությանը, կատարում էր վարչատարածքային այնպիսի բաժանումներ, որ տվյալ կառույցում բացառվի էթնիկական միատարրությունը: Կուրի աջափնյակում, Կուր-Արաքսյան միջագետքում ձևավորված էր հինգ գավառ, որոնք սկսվում էին Կուրի կամ Արաքսի ափերից և վերջանում Ղարաբաղի լեռներում։ Այսպես՝ Ջևանշիրի գավառը սկսվում էր Եվլախի մոտերքից և վերջանում Հաթերքում. կամ Ելիզավետպոլի գավառը սկսվում էր Կուրի ափերից, Կարաչինարով, Գետաշենով հասնում մինչև Չարդախլու։ Եվ յուրաքանչյուր գավառի տափաստանային մասում ազերթուրքեր էին, լեռնային մասում՝ հայեր, քիչ քանակությամբ ռուսների ու գերմանացիների հետ։ Թե ինչքան հայեր էին մնացել այդ գավառների հայկական շրջաններում, իմանում ենք 1912 թ. ցարական հարկացուցակից։ Ըստ այդ հարկացուցակի՝ Ջևանշիրի գավառն ուներ 24 711 հայ բնակիչ, Ելիզավետպոլի գավառը՝ 41 215, Ղազախի գավառը՝ 24 881, Կարյագինոյի գավառը՝ 23 354, Շուշիի գավառը՝ 67 333 բնակիչ։ Այս հաշվարկից դուրս է մնում քաղաքներում ապրող հայերի թվաքանակը:
Հարկ ենք համարում ավելացնել, որ 18-րդ դարի 20-ական թվականներին ցարական արքունիք ուղարկված փաստաթղթերում արձանագրված է, որ միայն Ղարաբաղն ունի 100 հազար ծուխ հայ բնակչություն՝ մեկ միլիոնի չափ բնակիչներով։ 200-ամյա վայրիվերումների արդյունքում Ղարաբաղի հայ բնակչությունն ավելի քան 5 անգամ նվազել է։ Մինչդեռ այդ ժամանակաընթացքում Կուր-Արաքսյան միջագետքի դաշտավայրերում բնակեցրել են հայերին գերազանցող մահմեդական զանգվածներ:
Նույն ժամանակ՝ 1912 թ., Զանգեզուրի 2-րդ տարածքը, որ ընդգրկում էր ժամանակակից Լաչինի, Կուբաթլուի, Ջեբրայիլի, Զանգելանի տարածքները և Հադրութի շրջանի որոշ գյուղեր, ուներ 22 հազար հայ բնակչություն։ Միայն Կալադարասի Բերդաշեն գյուղն ուներ 5 324 հայ բնակիչ։
Ադրբեջանի կառավարությանը հաջողվեց մարզ ձևավորել Ղարաբաղի մեկ երրորդ տարածքում, Ջևանշիրի, Շուշիի, Կարյագինոյի որոշակի մասերից՝ դուրս թողնելով մյուս գավառներն իրենց միատարր հայ բնակչությամբ։ Թե՛ մարզի և թե՛ սահմաններից դուրս թողնված շրջանների սահմանները պայմանականորեն գծվեցին գյուղամերձ տարածքներով՝ դուրս թողնելով ավանդաբար նրանց պատկանող վարելահողերը։ Կարյագինոյի և Շուշիի գավառների հայ բնակչության վարելահողերը հասնում էին մինչև Արաքսի ափերը, Գետաշենի վարելահողերի պատկառելի մասը գտնվում էր Գերանում, Կարաչինարինը՝ Պարտավի մերձակայքում գտնվող Ղարբանդում, ուր կային նաև տնտեսական ու կենցաղային կառույցներ։ 1928 թ. մի կարգադրությամբ մարզի բնակչության ուժերով երբեմնի հայոց Բայլականում, որ հուշի ձևով մնացել էր որպես Օրան ղալա, կառուցվեց Ժդանովի անունը կրող շրջանը, 1938 թ. այն կամայականորեն անջատեցին մարզից և դարձրին հանրապետական ենթակայության շրջան: Այսօր այն շրջանառության մեջ են դրել՝ հայոց Բայլականը դարձնելով Բելուկան։ 1949 թ. մի հրամանով Գետաշենից խլեցին Գերանը, Կարաչինարից՝ Ղարբանդը և դարձրին թուրքական։
Այդքանը դեռ բավական չէր, Կարմիր Քրդստան ստեղծելու խաբկանքով ազերթուրքերը կարողացան 1929 թ. փետրվարի 18-ի Անդրֆեդերացիայի ԿԳԿ-ի նախագահության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունից կտրել 4 739 քառ. կմ տարածք, որ ձգվում էր Արաքսի ափից մինչև Շամշադինի շրջան։ Ադրբեջանի սահմանասյունը ցցեցին Կապանի քաղաքային կայանի դիմաց։ Մի Բաշքենդ-Արծվաշեն միայն կարողացավ դիմադրել և անկլավի տեսքով մնաց Հայաստանի կազմում։ Հայաստանից պոկված այդ տարածքում էլ 1930 թ. ստեղծվեցին Հայաստանն ու Ղարաբաղը իրարից անջատող միջանցքի շրջանները՝ Զանգելանի, Ջեբրայիլի, Կուբաթլուի, Լաչինի, Քյալբաջարի շրջանները։
Այսպես ձևավորվեց Ղարաբաղի հայության և ազերթուրքերի հակամարտության դաշտը: Սկսած 1921 թ. հուլիսի 5-ի տխրահռչակ որոշումից՝ ղարաբաղցին անհավասար պայքարի մեջ է եղել ազերթուրքական գաղութային վայրենի քաղաքականության դրսևորումների դեմ, 70 տարի անընդմեջ ելքեր է որոնել այդ կործանարար վիճակից ազատագրվելու համար: 70-ամյա այդ պայքարն իր դրսևորումներով այլ դիտարկման ենթակա հարց է:
Որպես պետականություն, ձևավորման ելման կետից սկսած, Ադրբեջանն անշեղորեն իրականացրել է Հայաստանի հաշվին իր տարածքներն ընդլայնելու քաղաքականություն. վերջինը Իջևանի շրջանում ստեղծած Աղստաֆայի ջրամբարն է։ Նրանց հեշտությամբ հաջողվեց հայազրկել Նախիջևանը, գորբաչովյան տանկերով վերանվաճել Շահումյանի, Գետաշենի, Քարահատ-Դաշքեսանի, Շամխոր-Չարդախլուի շրջանները։
Միայն նախկին մարզի դեմ ձեռնարկած ավազակային պատերազմում ազերթուրքերը հաջողություն չունեցան։ Հաջողություն չունեցան, որովհետև պատմության համար ակնթարթային այդ կարճ ժամանակահատվածում զրկված էին արտաքին հզոր ուժերի դերակատարումից և չնայած չեչեն գրոհայինների ու աֆղան մուջահեդների էլ մասնակից դարձրին պատերազմին, իրենց 7 միլիոնով ծնկի եկան, որ մի ամիս հետո «դառնան» 8 միլիոն։
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ