«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ինչպես Ղարաբաղն էին պաշտպանում հայերը, այդպես էլ հայությունը պիտի պաշտպանի Սիրիան, այսինքն` հայությանը

Ինչպես Ղարաբաղն էին պաշտպանում հայերը, այդպես էլ հայությունը պիտի պաշտպանի Սիրիան, այսինքն` հայությանը
16.10.2012 | 11:56

Ամիսներ առաջ գրել էի, որ Ասադը չի տապալվելու, որքան էլ դժվար լինի նրա վիճակը, միևնույն է, նա հաղթելու է:
Անցած մեկուկես տարին ցույց է տալիս, որ Սիրիայի ամբողջ ժողովուրդը չէ, որ դեմ է Բաշար Ասադին: Եթե Մուբարաքին դեմ էին Կահիրեի հրապարակը լցված միլիոնավոր մարդիկ, ապա Ասադի պարագայում այդպես չէ: Բացի զինվորականներից, Ասադին պաշտպանում են ժողովրդական լայն զանգվածները, այլապես Ասադն այդքան երկար չէր դիմանա: Ասադի հակառակորդը սիրիացի ժողովուրդը չէ, այլ ամբողջ Արևմուտքը և նրա «անհավատարիմ շունը» (այդ արտահայտությունը վերցված է ամերիկացի մի լրագրողից), որը ստեղծված վիճակում փորձում է սեփական ոսկորը թռցնել Սիրիայի հնարավոր բզկտվող մարմնից: Որ Սիրիան չէր կարող ստեղծված բարդ վիճակում ռմբակոծել Թուրքիայի տարածքը, չի կարող ժխտել բանական և ոչ մի արարած: Բայց որ Թուրքիայի պատվերով կարող էր «ազատագրական» բանակը պայմանավորվածության համաձայն ռմբակոծել նրա տարածքը, հասկանալի է: Մե՛կ թուրքն է ֆաշիստի համար օրինակ ծառայում, մե՛կ ֆաշիստի հնարանքն է թուրքի համար ուսանելի: Մի՞թե հիտլերականները չէին լեհական բանակի համազգեստով հարձակվում Գերմանիայի վրա, ինչը որպես պատրվակ օգտագործելով` Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա: Այսօր նույն մեթոդով թուրքը չի կարող գործել հասկանալի պայմաններով, ուրեմն մնում է հրթիռակոծությունը: Թուրքիայից բացի, «ազատագրական» (իրականում` վարձկան) բանակին օգնում են ամբողջ Արևմուտքը, ԱՄՆ-ը, անգամ մի շարք արաբական երկրներ:
Ասվածից երևում է, որ Սիրիայի ժողովուրդը չի կռվում Սիրիայի ժողովրդի դեմ, այլ նրա հավաքագրված մի մասը, վարձկանների օգնությամբ, կռվում է սեփական երկրի դեմ:
Այդ մեկուկես տարում հայկական համայնքը պահպանում էր դրական չեզոքություն: Ճիշտ էր դա, թե ոչ, դժվար է միանշանակ պատասխանել: Եթե լիբանանյան քաղաքացիական տասնհինգամյա պատերազմի ընթացքում հայերի չեզոքությունը ճիշտ էր, որովհետև այդ կռիվը նույն դավանանքը պաշտող ժողովրդի կրոնական տարբեր ճյուղերի միջև էր, ապա Սիրիայում այդպես չէ: Ազգաբնակչության հիմնական մասը (նաև սիրիական բանակի) կազմող սուննիները Ասադին դեմ չեն, Ասադին դեմ չեն նաև այլ դավանանքի սիրիացիները: Բոլորի համար (նկատի ունեմ հայերիս) պարզ է, որ, Աստված մի արասցե, Ասադի տապալումից հետո հայերի հարցը Սիրիայում մեկընդմիշտ լուծված կլինի: Հայկական համայնքի մեկընդմիշտ լուծման գործին է ուղղված Թուրքիայի նպատակը:
Հետևաբար նման պայմաններում հայկական համայնքն, իրավունք ունի շարունակելու չեզոքությունը: Չենք կռվում, ոչնչացվում ենք: Ասադի պարտության դեպքում, որպես համայնք, հիմնովին ենք ոչնչանալու Սիրիայում:
Եվ այդ վտանգի ազդանշանն է բարձրացրել իր «ՏՕՏ. մեր նավը կընկղմվի՞» հոդվածում Մանվել Քեշիշյանը, որը տպագրվել էր «Ազգ»-ում:
Վերնագիրը շատ դիպուկ է, ոչ թե խորտակվում է, այլ ընկղմվում է, այսինքն. կամաց-կամաց նավը սուզվում է, և նրա ուղևորների ճակատագիրը պարզ է. հնարավորության դեպքում թողնել նավը, դրա բացակայության դեպքում` գնալ նավի հետ ջրի հատակը:
Որպեսզի այդ համայնքը չկործանվի, չվերանա Սիրիայից, ելքը մեկն է. սիրիահայերն այդ երկրի լիարժեք քաղաքացիներն են, երկրին սպառնացող վտանգի դեպքում քաղաքացին պարտավոր է կանգնել իր երկրի, նրա օրինական ընտրված իշխանության կողքին:
Հոդվածագիրը բավականին խելացի դատողություններ է կատարում: Քանի որ հնարավոր չէ բոլորին անդրադառնալ, ուստի կհիշատակեմ ամենակարևոր մտքերը. «Մնաս բարով, Սիրիա... Որովհետև արդեն հայերս համոզում գոյացուցինք, որ մեզի հոս տեղ չմնաց: Այս եզրակացության յանգելու մեջ որպես հավաքականություն մենք ալ նույնքան հանցավոր ենք, որքան մեզ հոս չուզողները, որովհետև անտեր մնացինք որպես անհատ և որպես հավաքականություն: Որովհետև ոչ մեկ տեղական ղեկավար իրապես չհետաքրքրվեցավ, թե ով գնաց, ուր գնաց, ընդհակառակը` Հալեպը առաջին լքողները պատասխանատու դիրքերու վրա գտնվող անձինք եղան»:
Այսինքն` այսօր Սիրիայում կատարվում է այն, ինչ համարյա 100 տարի առաջ: Հարուստները փախչում են, ազգի անվտանգության համար պատասխանատուները լքում են ազգին, և մնացողները ակամայից վերածվում են անպաշտպան հոտի: Միանգամայն ճիշտ շեշտադրում է կատարում հոդվածագիրը: Ազգովին տեր կանգնենք այս գաղութին, նաև արևմտահայության համար, նաև ամբողջ արևմտահայության համար:
Ինչպես Ղարաբաղն էին պաշտպանում հայերը, իմ կարծիքով, այդպես էլ հայությունը պիտի պաշտպանի Սիրիան, այսինքն` հայությանը: Սիրիահայությունն այլևս չի կարող չեզոք մնալ, սիրիահայության փրկությունը զենքն է:
Սիրիահայության փրկությունը ամբողջ հայության գործն է: Սիրիահայությունը պիտի ստեղծի մի մարմին, որն իրավունք ունենա բանակցելու Ասադի հետ և զենք վերցնելու իր հայրենիքը (համայնքը) պաշտպանելու համար: Այդ մարմինը կարող է դիմել աշխարհի հայությանը ոչ միայն նյութապես, այլև կամավոր զինվորագրվել զենքով համայնքը պաշտպանելու համար:
Պաշտպանելով հայ համայնքը, մենք պաշտպանում ենք բարեկամ Սիրիային: Կորցնելով Սիրիան (խոսքը Սիրիա անվանը չի վերաբերում, այլ հայ ժողովրդի բարեկամ Սիրիային)` մենք կորցնում ենք Մերձավոր Արևելքի հայությանը, որի կորուստը մեր դարավոր թշնամու երազանքն է: Իսպանիայում 1937-ին կռվող սովետական զինվորի արյունը հենց այնպես չանցավ. Հալեպում կռվող հայի արյունն իզուր չի անցնի: Տեղին է նշել, թե Ֆրանսիայում կատարված հակահրեա կամ տեռորին զոհ գնացած մի քանի հրեայի մահը ինչպես էին դատապարտում աշխարհի հրեաները, և անգամ Իսրայելը:
Օգնելով Սիրիային, մենք կապացուցենք շատ կարևոր մի բան, որ իսլամ դավանող ազգերի հետ հայ ժողովուրդը պրոբլեմ չունի: Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանն ասածիս մեջ չեն մտնում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ