38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ընտրությունները չպետք է ազդեն համայնքի բնականոն կյանքի վրա»

«Ընտրությունները չպետք է ազդեն համայնքի բնականոն կյանքի վրա»
29.07.2008 | 00:00

«ՍԽԱԼ Է ՀԱՄԱՏԵՂԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»
Շուրջ մեկ ամիս հետո Արաբկիրում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրությունները, ինչն էլ առիթ հանդիսացավ գործող թաղապետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻՑ ճշտելու որոշ մանրամասներ։
-Պարոն Շահինյան, պաշտոնապես հայտարարել եք, որ երկրորդ անգամ առաջադրելու եք Ձեր թեկնածությունը: Ասել է՝ պատրաստվում եք ընտրություններին, հետևաբար արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարում եք:
- Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ սեպտեմբերի 7-ին կայանալիք Արաբկիր համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Սակայն ընտրությունների հետ կապված աշխատանքներ դեռևս չեմ իրականացնում, քանի որ թեկնածուների առաջադրման և, առավել ևս, նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամկետին դեռ մոտ երկու շաբաթ ժամանակ կա: Չգիտեմ ինչպե՞ս է արտաքուստ թվում, սակայն իրականում թաղապետի աշխատանքը բավական ծանրաբեռնված է ինչպես ծրագրային անելիքների, այնպես էլ ընթացիկ խնդիրների լուծման առումով: Հատկապես ամառային այս շրջանում համայնքի սանիտարահիգիենիկ վիճակի պահպանումն ավելի մեծ ուշադրություն և ռեսուրսներ է պահանջում: Հավատացեք, որ նույնիսկ ցանկության դեպքում ֆիզիկապես հնարավոր չէ թաղապետի աշխատանքին զուգահեռ զբաղվել նաև այլ խնդիրներով, հատկապես նախընտրական աշխատանքներով: Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ պաշտոնական այցով գտնվում էի Ռիգայում, որի Կենտրոն համայնքի հետ ամենատարբեր ուղղություններով համագործակցության պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, ինչի գործնական արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում:
-ՈՒրեմն, ինչպե՞ս եք դրանք համատեղելու բուն նախընտրական շրջանում: Գուցե այդ ընթացքում համայնքային խնդիրները երկրորդակա՞ն են դառնալու:
-Իհարկե՝ ոչ, ընդհակառակը, հենց այդ շրջանում` օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին, համայնքի սանիտարական վիճակի, հատկապես աղբահանության հետ կապված խնդիրները շատ ավելի են սրվում, քանի որ այդ ժամանակ բնակիչները պահածոներ են պատրաստում, և աղբը մի քանի անգամ ավելանում է: Բացի աղբահանությունից՝ նաև փողոցները լվացվում են: Ինչ վերաբերում է իմ զբաղվածությանը, ապա ես նախընտրական շրջանում պատրաստվում եմ արձակուրդ գնալ (օրենքով, իհարկե, կարող եմ պաշտոնավարել նաև նախընտրական ժամանակահատվածում, սակայն կարծում եմ, որ սխալ է համայնքի ղեկավարման ու նախընտրական աշխատանքները համատեղել), իսկ իմ պարտականությունները կկատարեն համայնքապետի տեղակալը, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնց հանձնարարվելու է շատ ավելի ծանրաբեռնված աշխատել: Ընտրությունները չպետք է որևէ կերպ ազդեն համայնքի նորմալ կենսագործունեության և համայնքային խնդիրների լուծման վրա: Դա ինձ համար սկզբունքային հարց է:
-Սակայն խոսակցություններ կան, որ արդեն ընտրությունների հետ կապված նախապատրաստական քայլեր եք կատարում, թիմ եք ձևավորում: Թերթերից մեկը նույնիսկ գրեց, որ խոստացել եք 800 ձայնի դիմաց մեքենա նվիրել:
-Գիտե՞ք, ես՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու, առաջին անգամը չէ, որ առաջադրվում եմ, և ինձ համար արդեն սովորական է յուրաքանչյուր ընտրությունից առաջ մրցակիցների կամ հավանական մրցակիցների կողմից նման գործելաոճը, ինչին, անկեղծ ասած, վերաբերվում եմ շատ անտարբեր: Ինչ վերաբերում է ինչ-որ ձայների դիմաց մեքենաներ խոստանալուն, ապա, ինչպես Արաբկիրի ցանկացած բնակիչ, ես էլ եմ լսել դրա մասին, քանի որ իմ շրջապատում էլ կան մարդիկ, ում նման գործարք առաջարկվել է այն մարդու կողմից, ով անմասն չի մնացել նաև ձեր նշած լուրերի հրապարակումից: Նման լուրերին հումորով եմ վերաբերվում, քանի որ եթե այդ թեկնածուն թաղապետ դառնալու համար անհրաժեշտ ձայների դիմաց իսկապես այդքան մեքենաներ նվիրի, ապա միայն դրանց գումարով կարելի է լուծել Արաբկիրի, ասենք, առաջիկա 3 տարիների հիմնախնդիրներից շատերը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես նախընտրական շրջանում, բացի իմ ծրագրերը ներկայացնելուց, անելու եմ հնարավորը՝ ընտրակաշառքների դեմ պայքարելու համար, այդ թվում` քարոզչական ճանապարհով: Թեև ես համոզված եմ, որ Արաբկիրի բնակիչների մեծամասնությունը ոչ միայն տուրք չի տալու ընտրակաշառքներին, այլև սկզբունքորեն մերժելու է այդ երևույթը:
-Պարոն Շահինյան, անցած երեք տարիները բավարար չէի՞ն Ձեր ծրագրերն իրականացնելու համար, որ ցանկանում եք ևս մեկ անգամ առաջադրել Ձեր թեկնածությունը: Հարցնում եմ` առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում «Երևանի մասին» օրենքի ընդունումից հետո համայնքի ղեկավարները դառնալու են նշանակովի, և ընտրվելու դեպքում Դուք կարող եք պաշտոնավարել ընդամենը մեկ կամ մեկուկես տարի:
-Անցած տարիներին մենք բավական աշխատանքներ կատարել ենք Արաբկիրի թե՛ ընթացիկ, թե՛ հեռանկարային խնդիրների լուծման ուղղությամբ՝ առաջնորդվելով առաջին հերթին նախորդ ընտրություններում բնակիչներին ներկայացված և հավանության արժանացած իմ նախընտրական ծրագրի դրույթներով: Սակայն Ձեր հարցադրմանը` բավարար չէ՞ր արդյոք երեք տարին ամբողջությամբ ծրագրերն իրականացնելու համար, պատասխանեմ միանշանակ` ոչ, բավարար չէր: Եվ այն, որ իմ պաշտոնավարման սկզբնական շրջանում Արաբկիրն ուներ բազմաթիվ խնդիրներ, որոնք ենթադրաբար այդ ժամանակաշրջանում պետք է արդեն լուծված լինեին, կարծում եմ, պայմանավորված էր նրանով, որ անցած բոլոր ընտրություններում ընտրվել է նոր թաղապետ, և իմ նախորդներից ոչ մեկը չի կարողացել ամբողջությամբ իրականացնել, ավարտին հասցնել իր ծրագիրը: Այդ իմաստով բացարձակապես նշանակություն չունի, թե ընտրվելու դեպքում որքան ժամանակ կպաշտոնավարեմ:
- Իսկ ինչպիսի՞ ծրագրեր ունեք առաջիկայում, որո՞նք են լինելու այդ նորարարությունները:
-Նախընտրական քարոզարշավի մեկնարկին, ինչպես ասացի, մնացել է շուրջ երկու շաբաթ, և հուսով եմ՝ այն ժամանակ նաև ձեր թերթի միջոցով առիթ կունենամ հանգամանորեն ներկայացնելու իմ ծրագրերը:
Զրուցեց Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5330

Մեկնաբանություններ