ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՍ ԽԱՂԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՐԻ ՎՐԱ»

«ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՍ ԽԱՂԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՐԻ ՎՐԱ»
30.10.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է երգահան, մասնագիտությամբ ճարտարապետ ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ
«ԵՍ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ»
-Լիլի՛թ, թեև ստեղծագործական հակումները Ձեզ տարել են երաժշտության ոլորտ, բայց Դուք մասնագիտությամբ ճարտարապետ եք: Ձեզ դուր գալի՞ս է նորօրյա Երևանը:
-Ես Երևանի փոփոխություններին հանգիստ եմ վերաբերվում: Հաշվի եմ առնում երկու պարագա՝ արվեստի, ճարտարապետության խնդիրներն ու սոցիալական խնդիրները: Իհարկե, դեմ եմ, որ Երևանը փոխվեր այդքան արագ, շուտափույթ, մի քանի մարդկանց ձեռքով, միայն մի քանի ձեռագիր իր վրա կրելով: Լավ կլիներ, որ այդ մասին ավելի երկար մտածվեր, նախագծերը քննարկվեին, մեծ թվով ճարտարապետներ մասնակցեին այդ գործին, որպեսզի ապահովվեր բազմազանությունը: Բայց այն, որ կենտրոնը նորոգվել, մաքրվել է, ինձ դուր է գալիս: Վերջապես, ճիգ է գործադրվել, որպեսզի քաղաքը կարգի բերվի: Հիմա, կարծես, Երևանը շինվերանորոգման մեջ է: Բոլորս էլ գիտենք, որ խորհրդային շրջանում մեր քաղաքի վիճակն այնքան էլ բարվոք չէր: Միայն ֆասադային հատվածն էր գեղեցիկ, իսկ բակերում, խորքում կեղտոտ, խարխուլ վիճակ էր (և դեռ շարունակում է մնալ): Այնպես որ այսօրվա փոփոխությունները գնահատելիս պետք է նաև այս հարցերի մասին մտածել, չի կարելի միայն քննադատել: Ինձ դուր է գալիս ներկայիս նորոգված, մաքուր, թարմ վիճակը: Որպես ճարտարապետ՝ ավելորդ դեկորատիվություն, թատերայնություն եմ տեսնում քաղաքի տեսքի մեջ, եթե խոսում ենք Հյուսիսային պողոտայի մասին: Իսկ եթե խոսում ենք ընդհանուր քաղաքի կառուցապատման, հատկապես նոր առանձնատների ու եկեղեցիների մասին, ահավոր շատ է անճաշակությունը, գերիշխող է ճարտարապետության ցածր մակարդակը: Երևանի խորհրդային շրջանի ճարտարապետության մասին ես նույնպես ցածր կարծիքի եմ, բացառությամբ մի քանի ճարտարապետական կառույցների: Շատ եմ սիրում Թամանյանի, Բունիաթյանի և Իսրայելյանի գործերը, նաև սիրելի են 50-ականների բնակելի տուֆակերտ շենքերը, բայց ոչ 70-ականների այն ահավոր բետոնային կառույցները, որոնք, շինարարական իմաստով, անորակ, իսկ ճարտարապետական իմաստով՝ մեծ մասամբ կեղծ, ցուցամոլ, ոչ ֆունկցիոնալ կառույցներ են: Թերի եմ համարում նաև մեր ճարտարապետական դպրոցը, որում մեծ տեղ էր հատկացվում, գոնե իմ ուսանելու տարիներին, նախագծերի կատարման տեխնիկային, բայց ո՛չ բովանդակությանը և ուսանողների ստեղծագործական մտքի զարգացմանը: Այս հանգամանքներն էին, թերևս, պատճառները, որ ես չզբաղվեցի բուն ճարտարապետությամբ, չարեցի նախագծեր, որովհետև չէի ուզում նման գորշության մեջ թաղվել:
-Եթե այդ շինվերանորոգման աշխատանքներին նայենք քաղաքի կենտրոնի նախկին բնակիչների աչքերով, որոնց մեջ արմատացած էր, այսպես ասած, կենտրոնաբնակի հոգեբանությունը, և որոնցից շատերը, փաստորեն, այսօր տեղ չունեն կենտրոնում, ինչպե՞ս պիտի որակենք այդ իրողությունը:
-Դա սոցիալական խնդիր է, և ես շատ լավ եմ հասկանում այդ մարդկանց վիճակը: Մանավանդ որ կային ընտանիքներ, որոնք սերունդներով էին ապրել կենտրոնում, և 80-100 տարվա բնակիչներ էին: Ոմանք, կառուցապատելով կենտրոնը, արագորեն ուզում են իրենց ֆինանսական հարցերը լուծել, բայց ի՞նչ մեթոդներով են դա անում… Սա մի բարդ, համակարգված խնդիր է, որը լուծվեց հօգուտ ներդրողների: Եվ ամեն ինչն է լուծվում հօգուտ նրանց:
«ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ՔԱՅԼԵՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐ ԽՈՒԹԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ»
-Եվ, այնուամենայնիվ, մեր իշխանությունները փորձ են անում այս կամ այն կերպ հոգալ քաղաքացիների շահի, սպառողների իրավունքների պաշտպանվածության մասին: Ասենք՝ ֆոնոգրամայով համերգներն են արգելում, կաթնամթերք արտադրողից պահանջում են նշել իր արտադրանքի մեջ կաթի փոշու առկայությունը և այլն: Սրանք էակա՞ն քայլեր են մեր կենսակերպը փոխելու հարցում:
-Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տնտեսությունը բաժանված է մի քանի ընտանիքների միջև, որոնք մենաշնորհային գործունեություն են վարում, մեզ «չի սպառնում» ոչ մի պաշտպանվածություն: Եթե տվյալ ոլորտում իշխում է մենաշնորհը, սպառողն ի՞նչ կարող է անել: Այդ մարդիկ են թելադրում պայմանները: Ի՞նչ կաթի փոշի, ի՞նչ բան: Մանր-մունր քայլերով չի կարելի ծանր խութերի դեմ պայքարել: Մի քանի մարդ մեզ թելադրում են մեր ապրելակերպը, մեր սնունդը, մեր հանգստի ձևը:
«ԵՐԲ ՆԱՅՈՒՄ ԷԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԴԵՄՔԻՆ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷԻ` ԻՆՉ-ՈՐ ԱՀԱՎՈՐ ԲԱՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»
-Ազգի ճակատագրին առնչվող հարցերո՞ւմ էլ են մեզ ինչ-ինչ բաներ թելադրում մի քանի մարդ կամ նրանց թիկունքում կանգնած պետություններ:
-Ես գիտեմ, որ եթե որևէ երկիր կոռումպացված է, գերտերությունների համար այդ երկրում իրենց ուզածն անելն ավելի դյուրին է դառնում: Պարտադիր չէ, որ հարցերը լուծեն երկրի ղեկավարներին կաշառելով: ՈՒղղակի գիտեն նրանց թույլ կողմերը և շեշտը դնում են դրանց վրա: Եվ ամեն բան այնպես են դասավորում, որ ոչ ոք գլխի էլ չի ընկնում, որ այս կամ այն հարցը ճնշման տակ է լուծվել: Կոռումպացված երկրում դրսի ճնշումները, զանազան մանիպուլյացիաները հեշտ են իրագործվում: Թե որքանով է մեզ մոտ որոշ իշխանավորների խիղճը և գիտակցության աստիճանը թույլ տալիս գնալու իրենց նեղ անձնական շահերի հետևից և չտեսնելու խոշոր վտանգները, չեմ կարող ասել: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, իմ տանը նստած՝ կարող եմ միայն գուշակություններ անել, բայց լիովին հասկանալ ու բացատրել դժվար է: Համենայն դեպս, երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս նայում էի Նալբանդյանի դեմքին, հասկանում էի` ինչ-որ ահավոր բան է կատարվում: Եվ իմ մեջ զայրույթ է առաջացնում այն, որ մենք ոչնչից տեղյակ չենք: Ինչո՞ւ: Այդ երևույթն այնքան փակ է, մենք տեղեկացված չենք, պիտի այստեղից-այնտեղից փորձենք փնտրել-գտնել ինչ-որ ինֆորմացիա: Հարկավոր էր, որ ավելի բաց, ավելի ազատ ու ավելի շատ քննարկումներ լինեին այս լրջագույն խնդրի շուրջ: ՈՒ ինձ համար շատ անընդունելի էր հաջորդ օրվա մեր քաղաքի տոնակատարությունը: Երբ ես այդ օրը տեսա տոնի դուրս եկած մարդկանց, այնպիսի տպավորություն ստացա, որ կարծես վերջին տոնն են կատարում, պիտի հասցնեն ուրախանալ: Ես վախենում եմ այս մասին մտածելուց, բայց տպավորությունս այդպիսին էր:
-Ստորագրությունից հետո հայտարարություններ պիտի արվեին, որ չարվեցին: Սա ձեռքբերո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ, առհասարակ, հայի բնազդը Ձեզ ի՞նչ է հուշում, այս ստորագրությամբ վտանգվա՞ծ է Արցախի և մեր ազգի ճակատագիրը:
-Այո՛, մասնակի ձեռքբերում էր: Ազգի ճակատագի՞րը… Մենք ընդհանրապես վախեցած ազգ ենք: Ծանոթներիս հետ զրուցելիս միշտ լսում եմ՝ կարող է պատերազմ սկսվել, պետք է Հայաստանից գնալ: Անձամբ ինձ հայի իմ բնազդը չի հուշում, թե մենք կորցնելու ենք Ղարաբաղը կամ՝ պատերազմ է լինելու: Այս տարածաշրջանում շահերի բախման, թեժ կրակագծերի առաջացման հնարավորությունը, կարծում եմ, բացառվում է:
-Օբաման, որպես խաղաղարար գործիչ, արժանացել է Նոբելյան մրցանակի: Այդ մրցանակը, նրա ընդդիմախոսների կարծիքով, արդարացված չէ: Կարո՞ղ է մրցանակակրի իր արժանապատվությունը հաստատելու համար ԱՄՆ-ի նախագահը հանդես գալ խաղաղարար-միջնորդի դերակատարությամբ, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսի:
-Ավա՜ղ, այդպես չեմ կարծում: Մտածում եմ, որ Ամերիկան և նրա առաջին դեմքն առաջնորդվում են միայն իրենց շահերով: Ոչ մի բարոյականություն նրանցից չեմ սպասում, երբե՛ք: Միայն ու միայն իրենց շահի տերն են:
-Այդ դեպքում ո՞րը պիտի լինի մեր ժողովրդի անելիքը: ՀՅԴ-ի և նրա շուրջ համախմբված կուսակցությունների նախաձեռնած քայլերը կարո՞ղ են շոշափելի արդյունք տալ:
-Ես կարծում էի, որ ժողովրդի, հատկապես սփյուռքի դիմադրությունը կստիպի մեր նախագահին` չենթարկվել պարտադրանքներին: Ինձ թվում էր, որ նա այդ դժգոհությունները կդարձնի լծակ և թույլ չի տա առաջարկված տեսքով ստորագրել արձանագրությունները: Ասում էին` թուրքական կողմը Ղարաբաղից հայկական զորքը դուրս բերելու պայման էր դրել: Եվ երբ ձգձգվում էր ստորագրումը, մտածում էի, որ քննարկվում են ժողովրդի անհամաձայնության փաստը, հետագա ընդվզումների հեռանկարը: Հետո իմացա, որ Նալբանդյանը մերժել է համատեղ հայտարարության թուրքական տարբերակը: Բայց… Էլի մեկ անգամ համոզվեցի, որ մենք խաղալիք ենք գերտերությունների ձեռքին: Դիվանագիտությունն այնպիսի բան է, որ պիտի կարողանաս վտանգավոր լարի վրա սեփական խաղդ խաղալ: Մեր ղեկավարները պնդում են, որ այս անգամ այդ շահերը համընկնում են նաև մեր ժողովրդի շահերին: ՈՒզում եմ հավատալ նրանց իմաստնությանը, բայց այս պարագայում շատ կարևոր էր, որ մենք ինքներս ներսում օրինապաշտ լինեինք, որպեսզի կարողանայինք խստորեն հսկել և ուղղորդել սպասվող համատեղ գործընթացները մեր հարևանի հետ:
-Մենք քաղաքականապես ոչ հասուն ա՞զգ ենք, ուժեղ լիդերներ չե՞նք կարողանում ծնել։
-Ես չեմ նախանձում այսօրվա բարդ, պատասխանատու իրավիճակում հայտնված ոչ մի հայ ղեկավարի, հատկապես մեր նախագահին ու արտաքին գործերի նախարարին: Այս հարցերում դժվարանում եմ միանշանակ գնահատականներ տալ: Բայց վստահ եմ, որ ցանկացած շարքային հայ մարդ մեր ազգային հարցերում ունի իր հստակ դիրքորոշումը: Դրանք մեր արյան մեջ խորապես նստած ցավերն են, մենք բոլորս ունենք մեր որոշակի կեցվածքը մեր ազգի ապրած ողբերգության, մեր տագնապների, մեր պահանջատիրության նկատմամբ: Կարծում եմ` Սերժ Սարգսյանին միլիարդներ էլ տան, նա չի ծախի իր ժողովրդին: Նման բան չի՛ կարող լինել:
-Հնարավո՞ր է, որ մեր խորհրդարանը չվավերացնի ստորագրված արձանագրությունները:
-Կարծում եմ` մեր խորհրդարանը կարող է կամք դրսևորել ու չվավերացնել: Մեկ ուրիշ բան էլ է ասվում, թե այս արձանագրությունները դեռ քիչ բան են նշանակում, որ մենք ընդամենը զրոյից հարաբերություններ ենք սկսում: Այսինքն՝ տարբեր ժամանակներում ստորագրված համաձայնագրերը, փաստաթղթերը կարելի է հետագայում փոխել, դրանք քարացած դոգմաներ չեն, ընդամենը պայմանագրեր են` մոտակա քայլերը հստակեցնելու համար: Հետևաբար, այդքան սարսափել այս արձանագրություններից, երևի թե, պետք չէ: Ասվում է նաև, որ այս արձանագրություններն ավելի շատ Թուրքիային են պետք:
-Բայց Թուրքիայի խորհրդարանն էլ առանձնապես մեծ ոգևորությամբ չի ընդունել այս արձանագրությունները: Սա խա՞ղ է նրանց կողմից:
-Չգիտեմ՝ թուրքերն ինչո՞ւ են բողոքում: Մենք ընդամենը սկսում ենք հարաբերություններ հաստատել, նոր-նոր փորձում ենք խոսել միմյանց հետ: Թե խոսակցությունն ո՞ւր կտանի, հետո կերևա: Իսկ այդ «հետո»-ն կախված է ուժերի բաշխումից, տնտեսական հարցերից:
-Կա կարծիք, որ Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես կկործանվի՝ չդիմանալով Թուրքիայի անհամեմատ ուժեղ տնտեսության մրցակցությանը:
-Չեմ կարծում, թե մենք նրանց մթերքը կգերադասենք հայկականից: Իսկ այլ բան, կարծես թե, չենք էլ արտադրում: Թեթև արդյունաբերություն ունե՞նք: Ո՛չ: Իսկ ծա՞նր: Նույնպես` ոչ: Ինչ վերաբերում է ապրանքների էժանացմանը, ես դրան չեմ հավատում: Թուրքերից կգնեն էժան գնով, բայց այդ էժան գնված ապրանքը կգա-դեմ կառնի մեր տեղական մաֆիայի պատին ու կվաճառվի ժողովրդին նրա սահմանած բարձր գներով: Թեև Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր հակառակը, որ մեր մենաշնորհային տնտեսությունը վերջապես կսասանվի էժան ճանապարհների բացմամբ, և նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր ու միջին ձեռնարկատիրության համար: Դե՜հ, հուսանք, որ այդպես կլինի:
«ԵՐԲԵՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԽՈՒՄԲ ՉՈՒՆԵՑԱ, ԴԱ ՄՆԱՑ ՈՐՊԵՍ ԵՐԱԶԱՆՔ»
-Ենթադրում եմ, որ Ձեր ստեղծագործական ծրագրերն առնչվում են ոչ թե ճարտարապետության, այլ երաժշտության հետ: Ի՞նչ կպատմեք այդ մասին:
-Ճարտարապետության առնչությամբ ասեմ, որ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում դասավանդում եմ արվեստի պատմություն և ճարտարապետության հիմունքներ: Սա քիչ է ստեղծագործական աշխատանք կոչելու համար: Ստեղծագործական ծրագրերը, իսկապես, առնչվում են երաժշտության հետ: Ստեղծագործում ու ելույթ եմ ունենում մենակ: Երբեմն էլ իմ գրածները կատարում են հրավիրված երաժիշտները: Երբեք ստեղծագործող խումբ չունեցա, դա մնաց որպես երազանք: ՈՒ քանի որ հիմա ժամանակի հետ ինչ-որ բան է կատարվել (չգիտեմ էլ՝ ինչ), ես տեքստ չեմ գրում, միտքս խոսք չի դառնում, մնում է ոչ հոդաբաշխ մակարդակի վրա: Այդ պատճառով էլ հիմա գրում եմ գործիքային երաժշտություն: Պատրաստել եմ մի ամբողջ ծրագիր, որ պիտի կատարեմ կամերային նվագախմբի հետ: Գարնանը մեծ համերգ է սպասվում, որի ընթացքում կհնչեն կամերային երաժշտություն և վոկալ: Երբեմն փոքրիկ ելույթներ եմ ունենում ակումբներում, «Նարեկացի կենտրոնում», Հայաստանի պարի պետական անսամբլի հետ եմ հանդես գալիս վոկալ կատարումներով: Սա է իմ ստեղծագործական կյանքը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ