«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԵՐՔՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ ներքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, փաստահավաք խմբի նախկին անդամ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` իրականում ո՞րն էր փաստահավաք խմբի լուծարման պատճառը:
-Իմ տպավորությամբ` փաստահավաք խմբի լուծարումը կապված էր առաջին զեկույցի կազմման հետ: Աշխատանքների սկզբնական փուլում, երբ խումբն աշխատում էր, նամակագրության մեջ էր տարբեր պատկան մարմինների հետ, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվական հսկա հոսքեր էր վերլուծում, խմբին առանձնապես չէին անհանգստացնում: Բայց ինչ-որ պահից պետական տարբեր ատյանների հետ համագործակցությունը շեղվեց բնականոն հունից, ուշացնում էին պատասխանները կամ ընդհանրապես լռության էին մատնում մեր հարցումները: Արդեն փետրվարին փաստահավաք խմբում Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները պարզաբանող բավականին ծավալուն նյութ էր կուտակված և ուսումնասիրված, զեկույցը մոտ էր ավարտին: Զեկույցը կազմելիս բուռն քննարկումներ էին լինում խմբի անդամների միջև: Այնուամենայնիվ, զեկույցը պատրաստվեց և մնում էր որոշել` թե ո՛ւմ պետք է ուղարկվի` դատախազությո՞ւն, թե՞ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Տեսակետների տարբերության պատճառով առժամանակ գործընթացը կանգ առավ, հետո, ի զարմանս մեզ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մամուլում հայտարարեց, որ փաստահավաք խումբն իրենց որևէ նյութ չի տրամադրում: Դա համոզեց ինձ և տիկին Սաֆարյանին, որ, այնուամենայնիվ, ճիշտը նյութերը հանձնաժողովին ուղարկելն է, այլ ոչ թե այն մարմիններին, որոնց աշխատանքի թերացումների մասին հսկայածավալ նյութ է տրված Համլետ Թադևոսյանի մահվան առնչությամբ: Հարցը խմբում դրվեց քվեարկության, և որոշում կայացվեց նյութն ուղարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, ինչը և արվեց: Մենք սպասում էինք, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն անմիջապես նիստեր կգումարի և կքննարկի փաստաթուղթը: Սակայն, նիստ գումարելու և զեկույցն ուսումնասիրելու փոխարեն, մեզ սկսեցին մեղադրել փաստահավաք խմբից տեղեկատվության արտահոսքի համար, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Երբ նյութը փաստահավաք խմբում էր, փակ ռեժիմի մեջ պիտի լիներ, բայց երբ ուղարկվել էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, նյութի արտահոսքի մասին խոսելն աբսուրդ է:
-Իրո՞ք անհանդուրժողականության մթնոլորտ կար փաստահավաք խմբում, ինչպես ներկայացվում էր լուծարումից առաջ:
-Մեզ ներկայացվում էին ոչ միայն անհանդուրժողականության, այլև քաղաքականացման մեղադրանքներ, բայց բավական է կարդալ մեր զեկույցները` համոզվելու, որ որևէ քաղաքական տարր գոյություն չունի ու չի կարող լինել, շարադրված են զուտ փաստեր, իսկ թե այդ փաստերի համադրումից ով ինչ եզրակացության է եկել, դա փաստահավաք խմբի խնդիրը չէ:
-Գուցե փաստահավաք խմբի և ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն ա՞յլ մարմին էր խոչընդոտում, այլապես ինչո՞ւ պարոն Նիկոյանը նյութերը քննարկելու պատրաստակամություն է հայտնում ու ստանալուց հետո չի քննարկում։
-Պատկերացրեք` նյութ ուզելը մի քիչ երկիմաստ էր, պարոն Նիկոյանը կարծում էր` փաստահավաքը նյութ չունի, իսկ երբ ստացավ, չգիտեր` ինչ անել: Միայն հրապարակումից հետո իշխանական շատ օղակներում հասկացան, որ փաստահավաքը, այնուամենայնիվ, աշխատել է և կուտակված նյութերը կարողանում է զեկույցների վերածել: Մտահոգվելու խնդիր կա: Եվ այդ խնդիրն այնքան լուրջ էր, որ հանգեցրեց փաստահավաք խմբի գործունեության կասեցմանը: Հրապարակված հիմնավորումները հեքիաթ են, լուծարմանը հետևած գործողությունները վկայում են, որ մթնոլորտն էական որևէ նշանակություն չուներ:
-Ի սկզբանե կարելի՞ էր ենթադրել փաստահավաք խմբի գործունեության այս ընթացքը, ընդհանրապես, ի՞նչ խնդիր ուներ խումբը:
-Փաստահավաք խմբի ձևավորման կարգադրության մեջ հստակ շարադրված են այդ խնդիրները` մարտի 1-ի իրադարձությունների պատճառների բացահայտում, մահվան հանգամանքների բացահայտում, իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության ու համաչափության պարզում... Բոլոր ուղղություններով որոշակի աշխատանքներ արել ենք և ձեռք ենք բերել անհերքելի փաստեր, որոնց մի մասը զեկույցների տեսքով ներկայացվել է, մյուս մասը դեռ ներկայացվելու է հանրությանը: Մենք չենք կարող մեր կատարած աշխատանքը հանձնել չհրկիզվող պահարանի մոռացությանն ու անհայտությանը: Չորրորդ զեկույցին կհաջորդեն հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը` մինչև փաստահավաք խմբի ութամսյա աշխատանքով կուտակված նյութերը սպառվեն: Այդ նյութերը հեշտ չեն հավաքվել, եղել են բազում խոչընդոտներ` ծրագրված ու միտումնավոր, կոծկումներ, ստեր, բազում դրվագներում փաստահավաքը մոտ է եղել բացահայտման, բայց լուծարումը կանխեց: Թեև նյութերը հանձնաժողովին տրված էին, ու անդամներն էլ պնդում էին, որ ծանոթացել են, բայց վերջին քննարկումից ես հասկացա, որ որևէ նյութի ծանոթ չեն, հակառակ դեպքում իրենց համար անակնկալ չպիտի լիներ չորրորդ զեկույցին որպես հավելված կցված փաստաթուղթը, որն ամիսներ շարունակ իրենց մոտ էր:
-Փաստահավաք խմբի կուտակած և ուսումնասիրած նյութի համադրմամբ կարո՞ղ եք ասել, ի վերջո, թե մարտի 1-ին ի՞նչ է տեղի ունեցել Ֆրանսիայի դեսպանատան ու Մյասնիկյանի արձանի շրջակայքում:
-Ես պատրաստ չեմ ամբողջական գնահատական տալու, դա շատ բարդ հարց է: Ֆրանսիայի դեսպանատան մոտ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելու լուրը ստանալուց հետո տարբեր ճանապարհներով հավաքվել են այնտեղ, տեսնում ենք ոստիկանական ուժեր, որոնք սկզբնական պահին կառավարվում են տարբեր կենտրոններից: Մենք բացատրություններ ենք վերցրել գեներալներ Աֆյանից, Միլիտոնյանից, դեսպանատան մոտ եղած տարբեր գնդերի` 1032, 1033, պատասխանատու ղեկավարներից ու զինծառայողներից, հայտնաբերել ենք նաև զրահամեքենան, որը տեսակադրում տեսնելը շատ զարմանալի էր: Ո՞վ կարող էր մարտական տեխնիկան կուտակված մարդկանց մեջ բերելու հրաման տալ: Նման հրաման տալու որևէ օրինական հիմք չկա: Մարդիկ հանգիստ կանգնած են, բայց բնական է, որ այդ լարված իրավիճակում գնդացրով մարտական տեխնիկան պետք է հակազդեցության դրսևորումներ առաջացներ: Գուցե այդ անզգույշ քայլի հետևանքով, որ նաև օրենքի խախտում էր, բարիկադների ձևավորման, պաշտպանական բնազդական քայլեր եղան: Շատ հակասական պատասխաններ ստացանք, երբ փորձեցինք պարզել, թե ո՞ւմ հրամանով է զրահամեքենան հայտնվել, որը, ի վերջո, մարդկանց միջից պատգամավոր Հակոբ Հակոբյանը դուրս բերեց: Այն ժամանակ փոխոստիկանապետ պարոն Մհերյանը մեզ ասաց, որ զրահամեքենան զորամասից հանելու հրամանը տվել է ոստիկանական զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը, իսկ վերջինս էլ ասաց, որ հրամանը տվել է գեներալ Գրիգոր Գրիգորյանը: Մենք նրան չենք կանչել փաստահավաք խումբ, բայց երբ նա ԱԺ Ժամանակավոր հանձնաժողովի անդամների հարցերին էր պատասխանում, որևէ մեկը չհարցրեց, թե ո՞վ է հրամայել զորամասից զրահամեքենան հանել, գնդացիրը վրան, իսկ եթե անզգույշ գործողություններ լինեի՞ն...
-Այսինքն, մի կողմից եղել են անզեն մարդիկ, մի կողմից` ոստիկաններ, մի կողմից` ինչ-որ մարդիկ, որոնք հայտնի չէ` ում կողմից էին կառավարվո՞ւմ։
-Փաստահավաք խումբն իր աշխատանքի ընթացքում որևէ փաստ չի արձանագրել, թե ցուցարարներն ունեցել են զենք, զինամթերք, նման փաստ չունի և նախաքննական մարմինը: Կոնկրետ զենք կրելու, կիրառելու կամ նռնակ ունենալու և օգտագործելու որևէ փաստ չկա: Լավագույն ապացույցը կլիներ, եթե նախաքննական մարմինը կարողանար որևէ բան բացահայտել: Չբացահայտված նյութի հիման վրա եզրահանգումներ ներկայացնելը համարում եմ քաղաքական շարժառիթներով գրված փաստաթուղթ:
-Երբ Ազգային ժողովը հատուկ նիստ էր գումարում արտակարգ դրություն մտցնելու համար` անընդհատ շեշտվում էին մոլոտովյան կոկտեյլներ, երկաթե ձողեր, պայթուցիկներ...
-Կադրերում մենք տեսնում ենք այդ մոլոտովյան կոկտեյլներն ու ձողերը, նախաքննական մարմինն այդ ուղղությամբ մեծ ծավալի «քրտնաջան աշխատանք է» տարել ու շատ նյութեր է հավաքել, բազմաթիվ մարդկանց է մեղադրանք ներկայացրել այդ հարցերով... Բայց եկեք տեսնենք` երբ զրահամեքենան հայտնվեց մարդկանց մեջ, նրանց ձեռքին կայի՞ն մոլոտովյան շշեր, ձողեր, փայտեր... Պետք է գտնել պատճառահետևանքային կապը, ամբողջական պատկերացնելու` ինչը ինչի արդյունք էր ու հետևանք: Ժամը 13-ից մինչև ինչ-որ ժամանակահատված ո՛չ այդ շշերը կան տեսաերիզներում, ո՛չ փայտեր ու ձողեր: Ինչքան ուժերը մոտենում են իրար, այնքան կողմերից յուրաքանչյուրը պաշտպանության ձևեր է գտնում: Ամեն ինչ, իմ կարծիքով, սկսվեց զրահամեքենայի հայտնվելուց: Ես կարծում եմ` այդ հարցը ժամանակավոր հանձնաժողովը պիտի լրջագույնս ուսումնասիրի:
-Չորրորդ զեկույցի հետ հրապարակվեցին կոնկրետ անձանց անուններ, որոնց ենթակայության տակ գտնվող մարդիկ եղել են դեպքի վայրում ու, չի բացառվում, նաև կրակել են: Ինչպե՞ս եք այդ փաստը գնահատում:
-Բացի փաստահավաք խմբի անդամ լինելուց, ես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և չեմ կարող մտահոգ չլինել երկրում ստեղծված վիճակով: Բայց բազում հարցերի պատասխաններ չեն տրվել, իրավապահ մարմինները չեն ուզում ընդունել նույնիսկ ակնհայտ փաստերը, օրինակ, որ տեսաժապավենում երևացող մեքենայի մեջ զինված մարդիկ իրենք են, թեպետ օրը, ժամը, մեքենայի համարը ֆիքսված են։ Մեզ տրված նյութերով ժամը 18-ից հետո է որոշվել ավտոմատներ բաժանել: Բայց կադրերում կան ինչ-որ ավտոմատներով խմբեր, որոնց պատկանելությունը համապատասխան կառույցները հերքում են: Եթե իրենք չեն, ովքե՞ր են` այս հարցերը ևս պիտի դառնան քննարկման առարկա: Մեծ աղմուկ բարձրացավ մի փաստաթղթի շուրջ, որի հիման վրա փորձում էինք անակնկալ ստուգումներ իրականացնել, բայց չկարողացանք. մեզ խոչընդոտեցին: Այդ անուններն էլ նոր չեն հնչել, կային բազմաթիվ տեղեկություններ, որոնք ոչ հաստատվել, ոչ հերքվել են: Օրինակ, շատ էր խոսվում, որ երեկոյան Մելիք-Ադամյան փողոցում «Կամազ» է կանգնած եղել, որտեղից զինվորական համազգեստ է բաժանվել: Ես դա կարող եմ բամբասանք գնահատել, բայց երբ փաստահավաք խումբը փորձեց ճշտել, խոչընդոտներ հարուցվեցին: Փաստահավաք խմբի նյութերի ընդունման-հանձնման ժամանակ չորրորդ զեկույցում եղած այդ նյութերը փոխանցվել էին ԱԺ հանձնաժողովին, և դեռ այն ժամանակ նրանք պարտավոր էին դրանք ուսումնասիրել:
-Փաստահավաք խումբը գոյություն չունի, և ձեր ներկայացրած զեկույցները խմբի անունից չեն, այլ կոնկրետ անդամների զեկույցներ են: ԱԺ սկսվելիք նստաշրջանի օրակարգում ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության հարցն է լինելու, որովհետև գործունեության ժամկետը սպառվում է, և շատ հավանական է, որ այդքանով հանձնաժողովն իր խնդիրները լուծած համարելով` աշխատանքներն ավարտի։ Ի՞նչ պիտի լինի հետո։
-Մենք առաջնորդվում ենք ԵԽԽՎ 1677 բանաձևով: Ըստ էության, նրանք ընդունեցին, որ իշխանությունները չեն ուզում փաստահավաք խումբ լինի, բայց նաև ասացին` եթե փաստահավաք խմբի անդամներն ունեն ասելիք, կարող են զեկույցներով հանդես գալ: Եթե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ներառի մեր հնչեցրած նյութերը, բնականաբար, մեր զեկույցները կկրճատվեն: Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության առումով Հայաստանում միակ մարմինը, փաստորեն, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն է, և ես ակնկալում եմ, որ ոչ թե արագ-արագ զեկույցի դրույթների մասին պիտի մտածեն, այլ այն փաստացի նյութը, որ իրենք ունեն և փաստահավաք խմբից էլ անցել է իրենց, ներառեն զեկույցի մեջ` կարողանալով տալ օբյեկտիվ գնահատական, ինչը հանրության մեջ հարցականներ չի թողնի: Հակառակ դեպքում հարցականները ոչ թե կպակասեն, այլ կավելանան, և այդ հարցականների դեպքում ես չեմ պատկերացնում մեր պետության հետագա առաջընթացը: Փաստահավաք խմբի, եթե չեմ սխալվում, 160 նախաձեռնությունից 157-ը իմը և տիկին Սաֆարյանինն են: Խմբի մեր գործընկերները նախաձեռնությունների հարցում խոչընդոտներ չեն ստեղծել մինչև ինչ-որ պահ, և խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը բոլոր նախաձեռնությունները ստորագրել է, որովհետև որևէ քաղաքական նկատառում չի տեսել, իսկ չի տեսել, որովհետև չի եղել: Մթնոլորտն էլ եղել է լարված, աշխատանքային, որը շատ նորմալ է, եթե այդ լարվածությունը չլիներ, եթե պարոն Գևորգ Թովմասյանը չպաշտպաներ իր շահերը, ապա աշխատանքների արդյունավետությունն ու որակը կլինեին ավելի պակաս:
-Իսկ ո՞րն էր Գևորգ Թովմասյանի շահը:
-Մինչ փաստահավաք խմբում ընդգրկվելը նա եղել է դատախազության այն պատասխանատու անձը, որն ի պաշտոնե վերահսկել է այս խայտառակ նախաքննությունը և նրան ուղարկել էին խումբ, որպեսզի շարունակի վերահսկել: Բայց Համլետ Թադևոսյանի գործի առնչությամբ ակնհայտ դարձավ, որ չի ստացվում: Նախաքննության մեջ եղել էին ակնհայտ թերացումներ` գործից հանված էր բրոնեժիլետը, իրեղեն ապացույցները մի կոշիկից անցել էին մյուսին և այլն: Այդ պատճառով, թերևս, Գևորգ Թովմասյանը չստորագրեց Համլետ Թադևոսյանի վերաբերյալ փաստաթուղթը` առաջին հերթին ինքն իրեն, հետո իր գերատեսչական շահերը պաշտպանելով: Բայց դա էլ շատ նորմալ էր, որովհետև առանց նման բախումների խումբը կարող էր մեկ ուղղությամբ գնալ և բազում նրբերանգներ չտեսնել: Ես այսօր վստահաբար կարող եմ ասել` թող հերքեն մեր հրապարակած փաստերը, հերքեն փաստերով, ոչ թե այնպես, ինչպես դատախազությունը` Տիգրան Աբգարյանի մասով: Այդ կապակցությամբ ես մի հարց ունեմ միայն` որտե՞ղ են Տիգրան Աբգարյանի հագուստները: Ի վերջո, լավագույն հերքումը հանցագործությունների բացահայտումն է: Ինչո՞ւ մինչև հիմա որևէ մարդասպան բացահայտված չէ:
-Ինչո՞վ եք բացատրում, որ անուններ հրապարակվելուց հետո միայն ԲՀԿ-ն հերքեց Գագիկ Ծառուկյանի մարդկանց մասնակցությունը իրադարձություններին, իսկ մյուսները, որ բնավ պատահական մարդիկ չեն պետության կյանքում, ասելիք կա՛մ չգտան, կա՛մ հարկ չհամարեցին խոսել:
-Մենք զեկույցում շարադրել ենք այն, ինչի վերաբերյալ կատարված աշխատանք ունենք: Հերքելը պետք է հիմնավոր լինի: Տեսեք, ԱԺ հանձնաժողովն անունները հրապարակելուց հետո ցանկանում է դիմել ՀՔԾ-ին` պարզաբանումներ ստանալու համար: Այսինքն, պարզաբանումներ այն մարմնից, որի աշխատանքներն անբավարար են գնահատել նույն այդ հանձնաժողովի անդամները: Եթե նախաքննական մարմինն արդյունավետ աշխատած լիներ, ԱԺ հանձնաժողովի ու փաստահավաք խմբի ստեղծման կարիք չէր լինի: Բայց եթե նույնիսկ դիմելու են նախաքննական մարմնին, առաջարկում եմ պարզել հետևյալը` Մելիք-Ադամյան փողոցում կանգնած պաշտպանության նախարարության համարանիշներով մեքենաներում զինվորական համազգեստով նստած և ավտոմատներով զինված անձնավորություններն ովքե՞ր են: Եթե պարզեն այդ մի հարցը, կերևա` արժե՞ մյուս գործողություններն անել, թե ոչ: Մելիք-Ադամյանը մարտի 1-ին տարբեր ուժային կառույցների հավաքատեղի է եղել, մեր նյութերում կան լուսանկարներ, որտեղ պարզ երևում են օրը, ժամը, համազգեստների տարբերանշանները և ավտոմատները: ՊՆ-ն հերքում է, ազգային անվտանգությունը հերքում է, ոստիկանությունը` նույնպես: Այդ դեպքում թող պարզեն` ովքե՞ր են եղել, նրանց մեջ եղե՞լ են օրինական կառույցների ներկայացուցիչներ, որ իրավունք ունեին հասարակական կարգի պահպանության հարցերով զբաղվելու, թե ոչ: Ինչո՞ւ փաստահավաք խմբին թույլ չտրվեց այդ հարցերը պարզել:
-Ոչ որպես փաստահավաք խմբի նախկին անդամ, այլ ՀՀ շարքային քաղաքացի` կարծում եք, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ամբողջությամբ բացահայտվելո՞ւ են:
-Իրավունք չունենք չբացահայտելու:
-Մենք իրավունք չունեինք հոկտեմբերի 27-ը չբացահայտելու և ունեինք 10 տարի ժամանակ այդ անելու...
-Մենք իրավունք չունենք հոկտեմբերի 27-ը չբացահայտելու, կանցնեն տարիներ, և եթե այսօր այդ հնարավորությունը չկա, գուցե իրավաբանականի 1-ին կուրսում սովորում է մի մարդ, որը ձեռքի տակ կունենա հիմնավոր նյութեր, ու երբ քաղաքական կամք կլինի, կբացահայտվեն և այս հանցագործությունները: Եթե չբացահայտվեց, այս հարցականներով շատ առաջ չենք գնա: Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը չբացահայտելը և ակնկալելը, որ պետությունն ինչ-ինչ հաջողություններ կունենա տնտեսության, բանակաշինության, արտաքին քաղաքականության ոլորտում, հնարավոր չէ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ