Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
03.10.2008 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Մեծարգո պարոն վարչապետ։ Աշխարհը, նաև Հայոց աշխարհը լցված են ասած ու չասած, ասված ու չասված խոսքերով։ Եթե ասած-գրած խոսքը մնում է անարձագանք, ուրեմն՝ խուլ ու համր է դառնում ոչ միայն ասողը, այլև բառը։ Ցավի, հավատի բառը։
ՈՒրախ եմ, որ հանդիպումների ժամանակ մեծ իշխանավորի Ձեր ելույթը համեմում եք ժողովրդական խոսքով, հուշում, որ Ձեզ խորթ չեն մշակույթը, գրականությունը։ Ընդունված կարգ է, որ հայոց մեծափառ իշխանավորները բանավոր խոսքի մեջ թույլ տան գրավորին համարժեք սխալներ։ Դրանից զերծ չեք նաև Դուք։ Օրինակնե՞ր։ Խնդրեմ. դիլիջանյան հանդիպումների ժամանակ ասացիք՝ գեղեցիկ բնությունը աչք է ծակում։ Փոխանակ՝ շոյում։ Այ, աչքածակը՝ անկուշտ, ագահ իշխանավորներն են, որ... աչք են ծակում։ Շնորհակալ եմ, որ անխնա շփփացնում եք նրանց երեսառած երեսներին։ Մի՛ ասեք, խնդրում եմ, ութանասուն, ութսունին ի՞նչ է եղել, օժանդակ բայի է-ն առանց կողմնակի օժանդակության մի օժտեք ա-ով ու մի կպցրեք բառին՝ գնումա, թալանումա, սիրումա, տեղումա... Ձեզ՝ Ձեր գործի տիրակալին, չի սազում, ու մի՛ մոռացեք, որ «Երեկոյան Երևան» թերթի առաջատար բաժնի վարիչ, վաստակաշատ լրագրող Սուրեն Սարգսյանի զավակն եք։
Էս մտերմիկ նախաբանից հետո թույլ տվեք անցնել խնդրագործին, թեև հասկանում եմ՝ էդ ո՞ր իշխանավորն ականջ կանի քեզ, որին «քննադատում» ես։ Լոռեցու շաշը ամեն տեղ ու ամեն ինչում մնում է շաշ։ Հիմա:
Մեծարգո վարչապետ։
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռու Ահնիձոր գյուղում։ Գյուղը երբեք մի կարգին հալի չի եղել, բայց հիմա, շնորհիվ նաև կառավարության անտարբերության, հալից լրիվ ընկել է, լեզուս պապանձվի՝ ավերվում է` Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցով, ամեն ինչով։ Երկու տարի առաջ եղել եմ ԿԳ նախարարությունում։ Երանի չգնայի։ Հայտնի պիտի լինի Ձեզ, որ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եղել է Ահնիձորում, Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը։ Մտածել է գյուղը, բնությունը, անտառը, մարդուն, ահնիձորցուն փրկելու մասին։ Ահնիձորը փրկելով՝ կփրկվեն սեղմող օղակի մեջ առնված Մոտկորի մյուս գյուղերը՝ Աթանը, Լորուտը, Շամուտը։ ...Հայաստանում անտարբերության զոհ, անգամ սահմանաՊԱՀ գյուղերի տեղ գիտեմ, բայց Ահնիձորն ափսոս է։ Գիտեմ՝ բազմաշերտ զբաղված եք։ Կարո՞ղ եք մի քանի րոպեով ընդունել։ Ես ուզում եմ նայել Ձեր աչքերին ու հավատալ՝ իշխանության ամենակուլ երախից պետք է հանել դրախտիկ Ահնիձորը, «Մենք ենք, մեր սարերի» հեղինակի Ահնիձորը։ Գյուղը չի ուզում մեռնել։
Հավատով, սիրով, հարգանքով՝
ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ահնիձորցի, արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ վարչության անդամ
Հեռ. 57-58-58

Դիտվել է՝ 8228

Մեկնաբանություններ