Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Լավ կլիներ, որ ընդդիմությունը կատարեր իր նվազագույն քաղաքակրթական պարտավորությունները»

«Լավ կլիներ, որ ընդդիմությունը կատարեր իր նվազագույն քաղաքակրթական պարտավորությունները»
10.02.2009 | 00:00

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՉԷ, ՈՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
-Պարոն Դանիելյան, սկսենք վերջին միջադեպից. նկատի ունեմ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը, ինչն ուղղակի մարտահրավեր էր բոլորին, վարչակարգին, հասարակությանը: Բացի այդ, նա նաև Ձեր ընկերն էր:
-Մարտահրավերի առումով միանշանակ գնահատականներ տալը դեռ վաղ է. սպանության դեռ բոլոր հանգամանքները չէ, որ բացահայտված են: Կատարվածը մեծ ցավ էր ոչ միայն այն պատճառով, որ Գևորգ Մհերյանն իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչ էր, ինչը և ակամայից մարտահրավերի երանգ ունի, այլև, այո, նա իմ ընկերն էր: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ այս իրավիճակում բոլորս պետք է մի կողմ թողնենք զանազան սուբյեկտիվ, զուտ անձնական մոտեցումները, զերծ մնանք շահարկումներից և հասկանանք, որ այսպիսի դժբախտ դեպքերի ժամանակ պետք է միմյանց սատարենք, քանզի կապ չունի` ով է սպանվել, քաղաքական որ դաշտից, նման դավադիր կրակոցի զոհ, առհասարակ, կարող է լինել յուրաքանչյուրը, և յուրաքանչյուրիս ջանքն է պետք` հետայսու բացառելու նման երևույթները:
-Դառնանք մյուս խնդիրներին։ Պարոն Դանիելյան, ԵԽԽՎ նստաշրջանի նախօրյակին Դավիթ Հարությունյանը հարցազրույց էր տվել «Իրավունքը de facto»-ին, և այն հարցին, թե ինչպես է լուծվելու «յոթի» դատավարության «պատային» իրավիճակը, ասել էր` կառավարությունը ելքեր է որոնում, և չի բացառվում, որ խնդրո առնչությամբ տեղի ունենան օրենսդրական փոփոխություններ։ Սակայն Դուք օրերս ասացիք, թե խորհրդարան ներկայացրած դատաիրավական փաթեթը կապ չունի «յոթի» գործի հետ:
-Որևէ տարընթերցում չկա, չնայած Դուք իմ պատասխանը փոքր-ինչ խմբագրում եք: Ես ոչ թե ասել եմ` կապ չունի, այլ ասել եմ, որ «յոթի» գործը նկատի ունենալով չէ, որ օրենսդրական փաթեթ է ներկայացվել խորհրդարան: Մեր որոշումն ամենևին էլ իրավիճակային չէր: Այդ լուծումն ընդհանրապես վերաբերում է նման իրավիճակներում հայտնված և հետագայում հայտնվելիք քրեական գործերին, ինչը չի նշանակում, թե որոշումը չի կարող վերաբերել նաև հիշյալ դատավարությանը, և եթե հիշյալ գործը նույնպես հայտնվի իրավահարաբերությունների կարգավորման այդ տիրույթում, ապա դրա վրա ևս կտարածվի:
Բացի այդ, արդեն իսկ մասամբ վերաբերելու է, քանի որ մինչ այս դատական նիստից ամբաստանյալներին հեռացնելու ժամկետը հաշվարկվելու է ազատազրկման ժամկետի մեջ:
-Պարոն Դանիելյան, ոլորտի մի շարք լուրջ մասնագետներ պնդում են, թե մարդու իրավունքների շատ լուրջ խախտում է «նախադեպը»` առանց ամբաստանյալի, ապա` առանց պաշտպանի և, այսպես ասած` «պետական» պաշտպանի ներկայության որևէ գործ քննելը: Ի դեպ, դա դեմ է նաև միջազգային-եվրոպական նորմերին: Իսկ հնարավո՞ր է` մինչև ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջան «յոթի» դատավարությունը «հորով-մորով» անել, դատավճիռը հրապարակել, ապա` արագ ընթացակարգով 225, 300 հոդվածները «կյանքի» կոչել, և կրկին, ինչպես եղավ հանրահավաքների օրենքի դեպքում, այս օրենքը ևս բերել իր նախկին «տեսքին»:
-Ցավոք, ոլորտին առնչվող միայն այն մասնագետներն են այդպիսի կարծիք հայտնում, ովքեր ակնհայտ կաշկանդված են քաղաքական պատվերով, ովքեր միջազգային փաստաթղթերի դրույթների` միայն սեփական մեկնաբանություններին են ծանոթ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. նախկին օրենսդրությանը վերադառնալու խնդիր չենք դրել, քանի որ դա կլինի նահանջ արդարադատության շահերի միջազգային չափանիշներից: Հարկ է գիտակցել, որ առաջադրված նորամուծությունները բնավ նորույթ չեն իրավունքի միջազգային չափանիշների տեսանկյունից, որ դրանք ևս բխում են ամբաստանյալների շահերից:
Այսօր դատաքննության ձախողումները որոշ քաղաքական ուժերի դեռևս հնարավորություն են տալիս «մինի-դատավարություններ» նախաձեռնել խորհրդարանում, մամուլի էջերում, մեղադրանքներ հնչեցնել դատական համակարգի հասցեին: Հենց սրան էլ ձգտում են այդ ուժերը, քանզի բնականոն դատավարությունը բացառելու է մեր օրերի համար, ցավոք, այսքան սովորական դարձած սուտն ու կեղծիքը:
-Պարոն Դանիելյան, իսկ Դուք այս կամ այն կերպ առնչվելո՞ւ եք 225, 300 հոդվածների փոփոխության գործընթացին:
-Որպես արդարադատության նախարարության, որպես բոլոր իրավական ակտերին փորձագիտական եզրակացություն տվող մարմնի ղեկավար, բնականաբար, առնչվելու եմ: Նախագիծը սահմանված կարգով կուղարկվի կառավարություն, վերջինս էլ իր հերթին կներկայացնի եզրակացություն: Բնականաբար, կլինի ԱԺ-ի հետ համագործակցված աշխատանք:
-Տեսեք, պարոն Դանիելյան, այստեղ էլ հետևյալ տարընթերցումը կա. հայաստանյան ընտրանին, ի դեմս ԱԺ նախագահի, նամակ է գրել ԵԽԽՎ-ին և հավաստիացրել, որ այդ հոդվածների փոփոխությունը հնարավորություն կտա «քաղբանտարկյալներին» (սա իմ ձևակերպումն է, խնդրում եմ, մի առարկեք) ազատ արձակել, իսկ ահա Դավիթ Հարությունյանը մի գլուխ հայտարարում է, որ այդ փոփոխությունը չի առնչվում, այսպես ասած` քաղկալանավորների «համաներմանը»:
-Այստեղ ևս հակասություն չեմ տեսնում: Եթե մենք ասում ենք, թե պետք է ինչ-որ հստակեցումներ կատարել օրենսդրական ակտերում, դա չի նշանակում, որ դրան անխուսափելիորեն պետք է հաջորդի համաներումը, ինչը կարելի է, բավարար հիմքերի առկայության դեպքում, առանց օրենք փոփոխելու էլ իրականացնել: Այդ առումով, կասկածից դուրս է, որ օրենսդրական փոփոխությունները չեն առնչվում համաներմանը: Ինչ վերաբերում է օրենսդրական այդ փոփոխությունների արդյունքում դատապարտյալների սպասվելիք ազատմանը, ապա, այո, հնարավոր է և նրանք չազատվեն, դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն փոփոխությունները, չի բացառվում, որ այդ փոփոխությունների արդյունքում լինեն պարզապես պատասխանատվության մեղմացումներ:
-Այդ դեպքում ո՞ւր մնացին ԵԽԽՎ-ի առջև ստանձնած մեր խոստումներն ու պարտավորությունները:
-ԵԽԽՎ-ի պարտավորություններն են հենց արձանագրում, որ օրենսդրությունը պետք է լինի հստակ, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա: Եվ եթե հստակ ձևակերպումների պարագայում այդ անձանց արարքները դարձյալ որակվեն տվյալ հոդվածներով, ապա պարտավորությունների խախտման խնդիր չի առաջանա:
-Ընդդիմությունը, կոնկրետ դեպքում Լևոն Զուրաբյանը, որն օրերս է վերադարձել ԵԽԽՎ-ից, ասաց, որ իշխանությունները չեն կատարի իրենց խոստումները. ասել է` կա մտավախություն, որ կրկին իմիտացիոն, կոսմետիկ փոփոխություններ տեղի կունենան, և բուն խնդիրը չի լուծվի: Շատ կոնկրետ հարց. «յոթի» գործի վրա այդ փոփոխությունները կտարածվե՞ն, թե՞ ոչ:
-Դա ծանոթ, միաժամանակ պարզունակ տակտիկա է: Կատարված աշխատանքները գնահատելու համար արդեն իսկ գործում են իրավասու միջազգային կառույցներ, և բոլորիս խնդիրն է զերծ մնալ գոնե այդ կառույցների վրա ճնշումներ գործադրելու գայթակղությունից. գործնականում ընդդիմությունը չի խորշում նաև այդ կառույցներն իր ազդեցության ոլորտում պահելուց: Յուրաքանչյուր կողմ թող իր գործողությունների ու դրա հետևանքների մասին մտածի: Այսօր բոլորս բարդ իրավիճակում ենք, և դրա ողջ պատասխանատվությունը բարդել իշխանությունների վրա, մեղմ ասած, շատ կոպիտ սխալ է: Եվ հետո, մեր քայլերը պայմանավորված չեն միայն ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորություններով: Ապաև` մեզ ոչ թե ստիպել են, այլ ինքներս, գնահատելով իրավիճակը, քաղաքակրթության և ժողովրդավարության պահանջները, գնացել ենք դրան, անելով այն, ինչ ներկա ընդդիմությունը չարեց և չփորձեց անել իր ժամանակին: Լավ կլիներ, որ ընդդիմությունը հիմա կատարեր իր նվազագույն քաղաքակրթական պարտավորությունները, քանզի դա հասարակության յուրաքանչյուր անդամի խնդիրն է:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Գիտե՞ք` դրանք շատ չեն, բայց և սպառիչ շարադրելն էլ տեղին չէ: Ի դեպ, իշխանությունները քաղաքական փոխհարաբերությունների առումով իրենց շատ ավելի լոյալ և կոռեկտ են պահում: Կարծում եմ, բոլորին է պարզ, որ բոլոր այդ խժդժությունները, ակնհայտ, բայց հետևողականորեն տարածվող սուտ լուրերը, թերահավատության սերմանումը տարածվում են մեկ կետից, մեկ քաղաքական կենտրոնից և նպատակն այն է, որ հանրապետությունում անվերապահորեն տիրի անհանդուրժողականության և անվստահության մթնոլորտ: Նույնը «դրսևորվում» է նաև դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում: Հոգ չէ, որ դա վնասում է երկրի վարկին, խոցելի է դարձնում ներկա մարտահրավերների նկատմամբ, նպաստում է տնտեսության, ցավոք, նաև բարոյականության քայքայմանը, կարևորը «պղտոր ջրում ձուկ որսալն է»:
-Պարոն Դանիելյան, իսկ եթե մեկ էլ, ու «յոթը» որոշեն, որ ոտքի են կանգնում, և դատավարությունն ընթանում է, ի՞նչ կլինի այդ ժամանակ:
-Ի՞նչ պիտի լինի, կընթանա բնականոն դատավարություն: Ո՞վ է խոչընդոտում, որ բնականոն դատավարություն տեղի ունենա: Իհարկե, որոշ ընդդիմադիրներ չեն գերադասում բնականոն դատավարությունը, որովհետև չեն ցանկանում, որ հրապարակայնորեն քննության առարկա դառնան պաշտոնական մեղադրանքները: Այդպես շատ հարմար է իրենց ցանկացած, իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարություններ անելու համար, ինչին խոչընդոտելու է բնականոն դատավարությունը, որն ունի իր կանոնները: Դատավարությունում կարող են քննարկման առարկա դառնալ և գնահատվել բացառապես կոնկրետ փաստերը, ինչը ձեռնտու չէ վերը նշված ուժերին: Թերևս, ձգտում կա մեկ գնդակով երկու նապաստակ խփելու. ուզում են վարկաբեկել իշխանություններին (և ոչ միայն իշխանություններին, երանի թե միայն իշխանությունները լինեին նրանց թիրախն ու նպատակը), ժողովրդին, ողջ պետությանը, մյուս կողմից էլ` ուզում են ապացուցել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի դատաքննությունն արագ չընթանա, քողարկելով, որ դատավարությունն արագ չի ընթանում իրենց իսկ ստեղծած «որոգայթների» պատճառով:
-Պարոն Դանիելյան, բայց նաև տեսակետ կա, որ եթե դատավարությունն ընթանա, գործը դատարանում «կպայթի»:
-Չեմ կարող ինձ վերապահել մեղադրանքի հիմնավորվածությունը գնահատելու իրավունք, ինքս եմ դա դատապարտում, իսկ եթե իսկապես լիներ մեղադրանքի ակնհայտ անհիմն լինելու համոզմունք, ապա չէին դիմի դատաքննությունը ձախողելու անմիտ քայլին:
-Եվ վերջապես, պարոն Դանիելյան, ախր, տղաների մի մասը վատառողջ է. մեկը շաքարախտով է տառապում, մյուսը հիպերտոնիա ունի, սրտի վիրահատության «մնացորդային» երևույթներ, դե իսկ, Սասունը, բոլորս գիտենք, մարմնում բեկորների հսկա ցանկ ունի: Մի՞թե հնարավոր չէ նրանց ստացիոնար բուժման ուղարկել:
-Գիտե՞ք, ամեն ինչ այդչափ միանշանակ չէ: Խնդրեմ` վերցրեք զուտ ժամանակագրական և վիճակագրական տվյալները, թե այդ անձանցից որևէ մեկը երբևիցե այնքան բուժօգնության դիմե՞լ է, որքան դիմել է կալանքի տակ եղած ողջ ժամանակահատվածում: Այդ անձինք այսօր ստանում են ամենաբարձր, ամենամասնագիտական բուժօգնությունը. ցանկացած խնդրի, պահանջի, գանգատի դեպքում դրսից հրավիրվում են բժիշկներ` համապատասխան բուժօգնության համար: Ի դեպ, դատապարտյալներն այնքան պարկեշտ են, որ այդ առնչությամբ դժգոհություններ չեն ներկայացնում, այդ թվում` ազատվելուց հետո: Խնդիրն այն է, որ իրենց փոխարեն ի հայտ են գալիս դժգոհողներ, որոնց պարզապես դա խիստ անհրաժեշտ է` վերը նշված նկատառումներով հանդերձ:
-Բայց, պարոն Դանիելյան, տղաներն այսօր գտնվում են էքստրեմալ պայմաններում. փակ տարածք, բոլորովին այլ ռեժիմ... անազատություն. և բոլոր դեպքերում ականատեսները պնդում են, որ տղաներն իսկապես վատ են, պարոն Դանիելյան:
-Ես չեմ ասում` իրենք լավ կամ վատ են, միայն ասում եմ, որ իրենց ցանկացած խնդրին մենք շատ արագ արձագանքում ենք: Ասեմ ավելին` մենք նրանցով ավելի մտահոգ ենք, քան նրանց շատ յուրայիններ, որոնց, թերևս, այդ վիճակը խիստ ձեռնտու է: Պատահական չէ, որ հացադուլի կազմակերպիչները չեն էլ մտածում, թե ինչ անդառնալի վնաս են պատճառում այն անձանց առողջությանը, որոնց այս պահին իրենց ընկեր են անվանում: Ի դեպ, երբ ժամանակին հանդիպում ունեցա հացադուլ հայտարարած անձանց հետ և խնդրեցի դադարեցնել, ինչը և արվեց, լիդերներից մեկը րոպեներ անց «Ազատություն» ռադիոկայանով ակնհայտ ուշացած կոչ հնչեցրեց հացադուլը դադարեցնելու մասին:
-Բոլոր դեպքերում` ինչո՞ւ տղաներին չեք ուղարկում ստացիոնար բուժման:
-Գիտե՞ք, եթե իրենք ստացիոնար բուժման կարիք ունենում են, դա էլ է արվում: Բայց եթե տարբեր կազմակերպություններից հանձնաժողովային կազմով հրավիրված բժիշկները միանշանակ եզրակացություն են տալիս, որ դրա կարիքը բացարձակապես չկա, ի՞նչ է, պետք է նրանց ասվի` հարգելիներս, գիտե՞ք, դուք պրոֆեսիոնալ չեք, և ձեր փոխարեն ինքս եմ որոշում կայացնելու, կլինի՞ այդպես:
-Կլինի՜, իհարկե, կլինի, պարոն Դանիելյան, արե՜ք:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4419

Մեկնաբանություններ