ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ` ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՄԵԶ «ՈՒՏԵԼ». ՍՈՈՒՍՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՍՈՈՒՍԻ»

«ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ` ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՄԵԶ «ՈՒՏԵԼ». ՍՈՈՒՍՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՍՈՈՒՍԻ»
06.11.2009 | 00:00

«Կասկած չկա, որ սահմանի բացումը կվնասի մեր երկրին,- ասում է արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (ԿՈՄԱՆԴՈՍ) և ցավով հավելում,- մենք այդպես էլ դաս չքաղեցինք մեր անցյալից, այդպես էլ չկարողացանք ընդունել այն փաստը, որ թուրքը մեր թշնամին է, որ նա սովոր է թալանելու և զավթելու, և կասկած չկա, որ հարմար առիթի դեպքում կանի նույնը»:
-Տասնութ տարի առաջ մեծ զոհերի գնով կարողացանք ազատագրել Շուշին: Ի՞նչ զգացողություններ ունեք այժմ, երբ հայ ժողովրդի կրած տառապանքի արդյունքում Արցախն ազատագրելուց հետո այսօր դրված է երկրի և ժողովրդի անվտանգության հարցը:
-Գիտե՞ք, սիրտս ցավում է ստեղծված իրավիճակից: Այո՛, մենք դժվարին ճանապարհ ենք անցել մինչև այսօր: Սարսափով եմ հիշում այն օրերը, երբ լսում էի, թե Շուշին զավթելուց հետո ինչ դաժանություններ է իրականացնում այդ անիծված թուրքը, ինչպես են հրետակոծվում Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը:
Ես միշտ կարծել եմ, որ թուրքերից ոչ մի լավ բան հնարավոր չէ սպասել: Հայաստան ոտք դնելով, նրանք փորձելու են հասկանալ` ինչպե՞ս կարելի է մեզ «ուտել». սոուսո՞վ, թե՞ առանց սոուսի: Ակնհայտ է, որ նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է…
-Հայաստանի անկախացումից հետո ինչպե՞ս եք գնահատում երկրի ներկա վիճակը: Անկախությունը կարևո՞ր ձեռքբերում էր երկրի համար և մեզ ի՞նչ տվեց:
-Մեր անկախացումը մեզանից կախված չի եղել։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մենք էլ դարձանք անկախ պետություն: Դուրս գալով ԽՍՀՄ-ի կազմից` մենք տեսանք, որ շրջապատված ենք թշնամիներով. սահմանի մի կողմում Թուրքիան էր, մյուսում` Ադրբեջանը: Հարկ է նշել մի կարևոր հանգամանք: Երբ մենք ստացանք անկախություն, առաջին խնդիրը եղավ դիմակայել ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Վերջինս իր պլանների մեջ էր մտցրել Հայաստանի լիարժեք բնաջնջումը: Հայաստանը, որն այդ ժամանակ գտնվում էր ծանր պայմաններում, ստիպված էր դիմել ինքնապաշտպանության: Անգամ վիճարկվեց Զանգեզուրի և Սևանի հարցը: Թուրք-ազերիները երազում էին լողանալ Սևանա լճում։ Նրանք փորձեցին իրագործել իրենց պլանները։ Մենք էլ, նոր անկախացած լինելով, չենք ունեցել ղեկավարներ։ Մեր երկրի ղեկավարները դեռ պատրաստ չէին լուծելու այն հարցերը, որոնք կապված էին մեծ քաղաքականության հետ: Նրանց պետք է եղել ժամանակ, պետք է եղել սովորել: Նրանք միայն զբաղված էին իրենց գովաբանելով, դա այդպես էլ պետք է լինի: Մենք հիմա նրանց ո՛չ լավը կարող ենք ասել, ո՛չ վատը։ Միակ բանը, որ կարող ենք փաստել, այն է, որ այդ ղեկավարների ձեռքով ենք այսօր այս վիճակում հայտնվել: Նրանք հասան այն բանին, որ տարանջատվեցինք, հեռացանք միմյանցից, իսկ նախկինում այլ էր, կար միասնություն, փոխըմբռնում… Միակ մեծագույն ձեռքբերումն այն է, որ այդ ծանրագույն օրերին մենք տարածքային կորուստներ չունեցանք:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ինչպե՞ս եք վերաբերվում: Ինչպիսի՞ կանխատեսումներ կարող եք անել:
-Գլխավորն այն է, որ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին այլևս չեն վերաբերվում այնպես, ինչպես նախկինում, որի հետ կարելի է անել ինչ ուզեն, ինչպես ուզեն, նրանք չեն կարող այլևս հեշտությամբ ոչնչացնել, ղեկավարել մեզ, նրանք հասկանում են, որ Հայաստանն այնպիսի պետություն է, որի հետ արդեն պետք է հաշվի նստել:
Թուրքիան միշտ հաջողություններ է ունեցել Հայաստանի հետ պայքարում: Դա է վկայում նրանց ողջ պատմությունը: Եվ մեր հարաբերությունները միշտ եղել են թշնամական: Մեր հետնորդները երբեք չեն կարող մոռանալ ցեղասպանությունը: Թերևս, տարիների ընթացքում մեր ժառանգները հասկանան, որ այսօրվա Թուրքիան այն չէ, ինչ եղել է սրանից 100 տարի առաջ, կհասկանան, որ այն դաժանությունն ու վայրի գործողությունները, որ կատարել են իրենց ազգի հանդեպ, ուրիշ սերնդի ձեռքի գործն են եղել… Թերևս այդ ժամանակ, հնարավոր է, նրանց միջից հեռանան ատելությունն ու վրեժի զգացումը:
-Սահմանի բացումն ի՞նչ կտա Հայաստանին: Թուրքիայի հետ, ըստ Ձեզ, կարելի՞ է սկսել տնտեսական հարաբերություններ, սակայն, ոչ ի հաշիվ ազգային շահերի և խնդիրների:
-Եթե բիզնեսի մասին է խոսքը, այո… Հիմա էլ կան մարդիկ , ովքեր աշխատում են թուրքական կողմի հետ: Կասկած չկա, որ բիզնեսը «կխեղդի» Հայաստանը, սակայն, իմ կարծիքով, այն վնաս կտա մեր երկրին: Այն, ինչը կապված է թուրքերի հետ, վտանգավոր է: Այդ մասին պետք է լրջորեն մտածեն մեր քաղաքագետները, մեր գործարարները: Մենք վերջապես պետք է հասկանանք, որ Թուրքիան դիմակով գայլ է, որն ունի ուժեղ բանակ, դիվանագիտական հարուստ փորձ, նա խաբելու և թալանելու մեծ վարպետ է:
-Սահմանը բացելու դեպքում անվտանգության ինչպիսի՞ երաշխիքներ եք տեսնում:
-Դուք շատ հետաքրքիր հարց եք տալիս: Գիտե՞ք, ցավն այն է, որ մենք այդպես էլ դաս չքաղեցինք մեր անցյալից, այդպես էլ չսովորեցինք, թե ինչ է կատարվել 1918-20 թվականներին: Մենք ունեցել ենք 30-40-հազարանոց բանակ, որքան թուրքերը, բայց նրանք միշտ հաղթանակել են: Պատերազմը նույնպես բիզնես է: Ես կարծում եմ, որ ներկայումս հարկավոր է պայմանագրեր կնքել, որքան շատ, այնքան լավ, լինել շրջահայաց, զննել, հասկանալ… Համենայն դեպս, մենք դեռ շատ բան ունենք նրանցից սովորելու: Նրանք կարող են այսօր մեզ ոսկե սարեր խոստանալ, համաձայնել մեր առաջարկած բոլոր պայմաններին, նույնիսկ լուծել Ղարաբաղի հարցը, սակայն մենք պետք է ընդունենք այն փաստը, որ նրանք թշնամի են մեզ, և վերջ: Դուք անվտանգության մասին եք հարցնում: Վտանգ ամեն րոպե կարելի է սպասել: Հայ ազգն այսօր ոչ մի պետության հետ այնպիսի հարաբերություններ չունի, որ հարկ եղած դեպքում հենվի նրա վրա, օգնություն խնդրի: Չկա այդպիսի աջակից պետություն: Մենք ոչ ոքի պետք չենք, ո՞վ կարող է մեզ օգնել, պաշտպանել… Հայաստանը պետք է միայն հայերին, ուրիշ ոչ ոքի: Առաջին հերթին դա է պետք հասկանալ։ ՈՒստի և հույսներս միայն մեզ վրա պիտի դնենք, մեր եղած ուժերի:
-Պարոն Թադևոսյան, ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում «ցեղասպանության ճանաչում»: Հայաստանն ունի՞ հստակ պատասխան «ի՞նչ է ուզում Թուրքիայից» հարցին:
-Մեր պետական գործիչներն ընդհանրապես այդ հարցով չեն զբաղվել: Մեր հանրապետության առաջին նախագահը բոլորովին չի զբաղվել ցեղասպանության ճանաչման խնդրով: Երկրորդ նախագահը սկսեց զբաղվել, իսկ երրորդը շարունակում է նրա սկսածը: Ես ինքս մի բան եմ ուզում ընդամենը, որ Կարսն ու Արարատը վերադարձնեն Հայաստանին առանց որևէ խոչընդոտի, սակայն, ցավոք, ոչ մի պաշտոնական որոշում չկա այդ մասին: Կարևորը` ժողովուրդը գիտակցում է, որ դրանք անարդար են վերցված, և իր պահանջը կպնդի։ Իսկ Կարսն ու Արարատը վերադարձնելը պետք է լինի նրանց պարտականությունը: Գլխավորը, որ նրանք ընդունեն ցեղասպանությունը, մնացածը, կարծում եմ, կամաց-կամաց կլուծվի։ Թուրքիան սովոր է զավթելու, թալանելու ուրիշինը և չի բացառվում, որ անզգուշության դեպքում նա կանի նույնը: Նրանց համար կարևոր չէ, որ իրենք շատ բան կարող են կորցնել այդ դեպքում: Նույնիսկ կորուստների գնով նա կփորձի իրագործել իր նենգ պլանները` աստիճանաբար և շատ հանգիստ: Չէ՞ որ պատմության ընթացքում դա շատ անգամ ենք տեսել: Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի` «շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր»: Ճիշտ ժամանակն է, որ մենք ևս առաջնորդվենք հենց այս սկզբունքով:
Հարցազրույցը՝ Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ