ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ Է ԱՇԽԱՐՀԸ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ Է ԱՇԽԱՐՀԸ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ
20.10.2009 | 00:00

Բագրատ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

(սկիզբը` նախորդ համարում)
Ասում են` ծովում խեղդվողը, փրկության հույսով, ձեռքն օձին էլ կգցի։ Թուրքական բռնակալության ճիրաններում գտնվող հայի վիճակն ավելի լավ չէր, քան ծովում խեղդվողինը։ Դրա համար էլ այսօր հասկանալի պիտի լինի, թե հայ ժողովրդի փրկության առաքելությամբ ծնված կուսակցություններն ինչո՛ւ ձեռք մեկնեցին սուլթան Համիդի դժոխքի մակերեսին սողացող «նոր օսմաններին» և սրանց հետքերով հայտնված երիտթուրքերին։ Երկրորդներին` հատկապես, մանավանդ եթե նկատի առնենք նաև աջակցությունը, նրանց վերելքի ապահովման գործակցությունը` հաճախ անվերապահ ու բոլորանվեր, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք համարյա ամենուրեք մատնել էին իրենց ուխտադրժությունը և երևան հանել հակահայկական քաղաքականության կոտոշները։
Ջոն Կիրակոսյանը ցույց է տալիս, և դա պատմական ճշմարտություն է, որ երիտթուրքերն իրենց խանձարուրում դեմոկրատիզմի, սահմանադրության հաստատման, ժողովրդի ազատագրության և նույնիսկ տարբեր ազգերի եղբայրության ու համերաշխության կարգախոսներ ունեին իրենց, իբր թե, փայփայած ծրագրերում։ Նրանք այդ առթիվ մի առանձին գեղգեղանքով էին երգում հայազգի այն գործիչների ու մեծահարուստների ականջների տակ, որոնցից սպասում էին նյութական ու բարոյական մեծ աջակցություն։ Զգաստ հոգի և սուր լսողություն ունենալու դեպքում, իհարկե, անհնար չէր լինի որոշել, որ այդ գեղգեղանքը կեղծ է և չի հարմարվում երիտասարդ թուրքերի ո՛չ ընդհանուր ծրագրին, ո՛չ էլ ձայնական տվյալներին։ Քի՞չ կային սթափ ու հեռատես հայ մարդիկ, որոնք ոչ միայն տեսնում էին վաղվա օրը, այլև ազգակից գործիչներին զգուշացնում էին վերահաս աղետից։ 1895-ին, երբ երիտթուրքերն իրենց քաղաքականության մեջ դեռ չորեքթաթ էին տալիս, և թվում էր, թե ոչ ոք չէր կարող գուշակել նրանց հետագա քայլերն ու ընթացքը, ամերիկահայ մտավորական Ս. Ս. Գաբրիելյանը տեսնում էր, որ «այդ երիտասարդ թուրքերը... մեր ազգին այնքան թշնամի են, որքան սոֆթայք։ Չենք կրնար լավ բան ակնկալել ադոնցմե...»։ Իսկ 1900-ին Արփ. Արփիարյանի համար արդեն պարզ էր, որ «հայը չքացնելու համար ո՛չ հին թուրք կա, ո՛չ երիտասարդ թուրք, ո՛չ ծեր թուրք, այլ թո՜ւրք միայն...»։ Արշակ Չոպանյանը, երիտթուրքերի գործունեության վաղագույն փուլում անգամ, կանխատեսում էր այն չարագործությունը, որ նրանք նախապատրաստում էին իր ազատությանն ու ինքնուրույնությանը ձգտող հայ ազգի դեմ։ Նա 1908-ին, հեղաշրջումի անմիջական նախօրեին, համոզված էր, որ երբ «թուրքական արդի ռեժիմը տապալվի, և սահմանադրություն մը հաստատվի, ժեռն թուրքերը ոչ մեկ ազգի գոյություն պիտի ընդունին Տաճկաստանի մեջ, բացի օսմանյան ազգեն, և նույնիսկ հայ արյունով հաստատված այդ սահմանադրությունը պիտի իբր զենք գործածեն «հայկական դատը» վերջնականապես սպանելու համար»։ Իսկ Անդրանիկ զորավարը, որ կտրականապես մերժել էր երիտթուրքերի հետ գդալփոխ անող հայ գործիչների աջակցության առաջարկը, իր կամավորների գլուխն անցած, բուլղարական զորաբանակների շարքերում կռվում էր թուրքաց դեմ, որովհետև համոզված էր, որ «թուրք կառավարությունը (ինչպիսին էլ այն լինի- Բ. ՈՒ.) երբեք հայ ժողովրդին բարեկամ չէ և չպիտի ալ ըլլա», որ «հայը թուրքին աչքին այսօր անարգ գյավուր է, երեկ ալ էր և վաղն ալ պիտի ըլլա»։ Եվ հենց այս համոզմունքն էր, որ նրան դեռևս 1908-ին հուշեց իր ազգակից դյուրահավատներին անելու հետևյալ ահեղ զգուշացումը. «Եթե այս հեղափոխական կարծված թուրքերը օր մը ձեզ չկախեն, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ դառնան սուլթան Համիդի պես գազան մը և բոլորիդ ալ պիտի հոշոտեն»։
Ջ. Կիրակոսյանի գրքում բազմաթիվ վկայություններով ու փաստարկներով ապացուցվում է, որ երիտթրքության բուն էությունը երբեք էլ գաղտնիք չի եղել նաև եվրոպական առաջադիմական ուժերի ու գործիչների համար։ Ֆրանսիական «Յումանիտե» թերթի հիմնադիրներից մեկը` Ֆրանսիս դը Պրեսանսեն, գրել է. «Նրանց ինչ լինելը ես շատ լավ գիտեմ. համոզված եմ, որ նրանցից ամեն մեկը մի սուլթան Համիդ է... Նրանք բոլորը եվրոպատյաց, քաղաքակրթության թշնամի, արնախում մարդիկ են։ Ոչ նրանց ծերին պիտի հավատալ, ոչ երիտասարդներին»։ Մի անգլիացի, որ ազնվություն ուներ սևը սև և ճերմակը ճերմակ անվանելու, գրել էր, թե ճանաչում է շատ ազատամիտ թուրքերի, որոնք ազատությունն ու հավասարությունը բերնից չձգելով` հպարտությամբ են հիշում 1895-96 թվականների հայկական ջարդերը։ Եվ Թուրքիայի քրիստոնյաները նրանց համար ավելին չարժեն, «քան հին և մոլեռանդ թուրքերի համար»։ 1912 թ. բոլշևիկյան «Պրավդան» գրել էր, թե երիտթուրքական «իշխանությունը հիմնված է բացառապես ֆիզիկական բիրտ ուժի վրա» և «նոր ռեժիմի գազանությունները, կաշառումներն ու կաշառակերությունը գրեթե ոչնչով չեն տարբերվում կարմիր սուլթանի ժամանակից»։
Բայց գուցե իսկապես հայ կարճատես գործիչների մոլորությունը պայմանավորված է եղել երիտթուրքերի քաղաքականության հույժ գաղտնի ու քողարկված հակահայկականությամբ։ Գուցե ժամանակին իսկապես անհնար պիտի լիներ գառան մորթով ներկայացածների մեջ տեսնել «գորշ գայլերին», որոնք հոշոտելու էին իրենց ողորմածությանը հանձնված հայությանը` պետական պաշտոնյաներից մինչև շարքային արհեստավորը, Թուրքիայի առաջադիմության համար իրենց եռանդն ու տաղանդն անտրիտուր ծախսած մտավորականներից մինչև հեռավոր ծայրագավառների հողագործ զանգվածները։ Ո՛չ, երիտթուրքերը, ծեր թուրք Աբդուլ Համիդի ու նրա նախորդների նման, երբեք էլ ջանք չէին թափում իրենց հակահայկական նկրտումները թաքցնելու կամ գոնե սուտ առաքինության ծածկոցով ներկայացնելու համար։ Հայ գործիչների հետ հավատարմության երդում-հավատ անելու օրերին անգամ չէին ամաչում հանուր հայությանը ցույց տալ իրենց ժանիքները։ 1905 թ. երիտասարդ թուրքերի կենտրոնական կոմիտեն հայությանն է դիմել հատուկ մի կոչով, որի մեջ գրված էր. «Իմացեք, որ ծիծաղելի կլիներ, եթե 400 միլիոն մուսուլմանները վախենային մի բուռ հայերից, որոնք ցրված են ամբողջ երկրագնդի վրա... Մենք չենք ճանաչում ձեզ, հայ հեղափոխականներ։ Այդ պատճառով էլ այսուհետ մենք հեղափոխական ենք համարելու արական սեռի ամեն մի հայի` սկսած 15 տարեկանից մինչև 70 տարեկանը, և ամեն անգամ, երբ դուք մեր նկատմամբ թշնամական քայլ կատարեք, անխնա կոտորելու ենք ամբողջ երկրագնդի երեսին, ուր էլ որ հայը հանդիպի մուսուլմաններին` արևելքում թե արևմուտքում, հյուսիսում թե հարավում...»։
Այս կոչը գրվել ու տարածվել է ռուսերեն, և դա էլ` հատուկ նպատակով, որպեսզի դառնա ռուսահայության ու ռուսական շահագրգռված շրջանների սեփականությունը։ Չէ՞ որ երիտթուրքերն ու նրանց նախորդները միշտ էլ մտածում էին, թե հայերը ռուսների թելադրանքով են ընդվզում իրենց դեմ և ռուսական ծավալապաշտության գործիքն ու օժանդակներն են ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում։ ՈՒրեմն, թող կոչի սպառնալիքն ականջի օղ դարձնեն հայերը` ուր որ կան, «ամբողջ երկրագնդի երեսին» և նրանց հովանավոր ռուսներն իրենց Ռուսաստանում... Կկոտորենք 15-70 տարեկան բոլոր հայերին, հենց մեր դեմ որևէ թշնամական քայլ կատարեք։ Բայց ի՞նչ է թշնամական քայլը թուրքի պատկերացմամբ։ Արյունոտ սուլթան Համիդի ժամանակ դա այն էր, որ հայը հանկարծ գլուխ էր բարձրացնում, ասում էր` ես հայ եմ, և պահանջում էր նկատի առնել իր ազգային ու մարդկային իրավունքները։ Անմիջապես կտրում էին այդպիսի հայի բարձրացրած գլուխը։ Այդպես էր նաև երիտթուրքերի օրոք. հայերը դեռ չէին խոսել իրենց իրավունքներից, երբ սկսվեց ահռելի ցեղասպանությունը։ Թուրքիան հետագայում ուրիշ պետական կարգի էր որդեգրվել, բարեվայելուչ անուն ուներ` հանրապետություն։ Բայց ի՞նչ փոխվեց այդ երկրի այլացեղ ժողովուրդների համար։ Ոչինչ,- ցույց է տալիս Ջ. Կիրակոսյանը` վկայակոչելով ամենաթարմ մի փաստ. «Վերջերս Թուրքիայի հասարակական աշխատանքների նախկին մինիստր Շերաֆեդդին Ելչինը երկու տարի երեք ամսվա բանտարկության դատապարտվեց միայն նրա համար, որ ասել էր` «Ես քուրդ եմ, Թուրքիայում քրդեր կան»։ Նրան մեղադրեցին «քրդական և պառակտողական պրոպագանդի մեջ»։
Այո՛, ծովում խեղդվողը ձեռքն օձին էլ կարող է գցել։ Սակայն օձի բնությունն իմացող մարդիկ երբեք ու ոչ մի տեղ չպետք է մոռանան, որ նա, մնալով իր ավանդական վարք ու բարքին, տարին մեկ շապիկ է փոխում։ Ի՜նչ փույթ, թե շապիկը փոխելիս փաթաթվում է պատահած առարկային և գալար-գալար է անում... Ո՛չ շապկափոխությունն է տալիս նոր որակ, ո՛չ էլ փաթաթվել, գալար-գալար անելն է բարեկամության ու հավատարմության առհավատչյա։
Ջոն Կիրակոսյանի ուսումնասիրության առաջին գիրքն ընթերցողին հասցնում է 1914 թվականը, երիտթուրքերի ծրագրած, նախապատրաստած ու իրագործած հայկական Մեծ եղեռնի նախօրեին։ Հուսանք, որ երկրորդ գիրքն էլ պիտի առաջինի պես լինի փաստալից ու բազմակողմանիորեն հարուստ, որպեսզի մեկ անգամ ևս ընթերցող հասարակայնությունը տեսնի ու ճանաչի աշխարհի առաջին ցեղասպանության հեղինակներին։ Տեսնի, ճանաչի ու դատի։ Այսպես է ստեղծվում պատմության դատաստանը։

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ