ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԱՄՆ-Ի ԴԵՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԱՄՆ-Ի ԴԵՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԿՈՎԿԱՍՈՒՄ
03.11.2009 | 00:00

Մոտավորապես 2002-ի դեկտեմբերի կեսին Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում գործող ԱՄՆ-ի դեսպանատները ստացան համապատասխան հրահանգ Պետդեպարտամենտից և Կենտրոնական հետախուզական վարչությունից (ԿՀՎ) այն մասին, որ անհրաժեշտ է իրագործել համապատասխան միջոցառումներ այդ երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների, դիվանագիտական այլ ներկայացուցչությունների և կառույցների անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այդ հանձնարարականը պայմանավորված էր իսլամական կողմնորոշում ունեցող կազմակերպությունների կամ խմբավորումների հնարավոր ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններով։
Հիմնական թիրախներ կարող էին դառնալ ամերիկյան դիվանագիտական առաքելություններն ու ռազմական օբյեկտները, հատկապես Թուրքիայում։ «Հզբոլլահից» բացի, Անատոլիայում գործում են նաև այլ, ոչ պակաս արմատական և հեղափոխական բովանդակություն ունեցող կազմակերպություններ։ Ահաբեկիչների ու դիվերսանտների հնարավոր թիրախներն են նաև Հարավային Կովկասում գործող նավթամուղներն ու նավթային ենթակառուցվածքների մեջ մտնող օբյեկտները, ինչպես նաև ամերիկյան ու բրիտանական նավթային ընկերությունների ներկայացուցչություններն ու դրանց աշխատակիցները։ Այս վտանգները նկատի ունենալով` Թբիլիսիում ստեղծված է ԿՀՎ-ի հատուկ գրասենյակ, ուր ներգրավված են ծառայության մի քանի սպաներ։ Ամերիկյան հատուկ ծառայությունների սպայակազմի այդ խմբի նպատակը տեղեկությունների հավաքումն է և անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումների մշակումը։ Հարավային Կովկասում և Թուրքիայում գործող ԱՄՆ-ի դեսպանատները մշտական շփման մեջ են համապատասխան երկրի ազգային անվտանգության ծառայությունների հետ։ Ամերիկացիների կարծիքով, Հայաստանում վերոնշյալ ահաբեկչական գործողությունների իրականացման հնարավորությունը նվազագույն է, քանի որ այն Հարավային Կովկասում ամենակայուն երկիրն է։ Մինչդեռ Թբիլիսիում գործող ԿՀՎ-ի գրասենյակի զեկուցագրերից մեկում նշված է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ընդունակ չեն ապահովելու էներգետիկ կոմունիկացիաների անվտանգությունը։
Վերոնշյալ ահաբեկչական գործողությունները սպասելի էին կամ հավանական էին համարվում չորս տարբեր խմբավորումների մասնակցությամբ, որոնք բոլորն էլ որոշակի առնչություն ունեն չեչենական ազգային շարժման հետ։ Այդ խմբավորումներում մասնակցություն ունեն Հորդանանից, Սաուդյան Արաբիայից և Եգիպտոսից ժամանած պատրաստված մասնագետները, ովքեր կապված են «Ալ Քաիդայի» մասնաճյուղերի հետ, ինչպես նաև «Ալ Հարամեյնի» բարեգործական հիմնադրամի հետ։ Այդ ահաբեկիչներից ու դիվերսանտներից մի քանիսի մասին կա տեղեկություն, հայտնի են նույնիսկ այն ճանապարհները, որոնցով նրանք թափանցել են և տեղաշարժվել Հարավային Կովկասով։ Հայտնի է նաև, որ «Ադրբեջանական օպերացիոն ընկերություն» նավթային կոնցեռնի, ինչպես նաև բրիտանական «Բրիթիշ Պետրոլեումի» ղեկավարությունը, Ադրբեջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները պահանջել են ադրբեջանական և վրացական ղեկավարությունից լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Կասպից ծովում նավթահանքերի, Սանգաչալի նավթային տերմինալի և Բաքու-Սուփսա նավթամուղի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Հիշյալ վտանգները հաշվի առնելով` ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավարությունը դիմել է նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը` խնդրելով տրամադրել հնարավոր ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների մասին գոյություն ունեցող տեղեկություններ։ ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ իր կազմավորած հատուկ նշանակության ստորաբաժանումներն օգտագործվեն թեկուզ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանության համար։
Այս վտանգների ուսումնասիրման առաջին իսկ փուլից ամերիկացիները հետևողականորեն փորձում էին կապ հայտնաբերել հիշյալ ահաբեկչական խմբավորումների ու Իրանի միջև։ Նրանք ջանքեր ներդրեցին անգամ այդ ուղղությամբ ապացույցներ ձեռք բերելու առումով։ Սակայն վերջին ժամանակներս ԿՀՎ-ի մասնագետները հանգել են եզրակացության, որ Իրանն անմասն է այդ սպառնալիքներից։ Տարածվում էին լուրեր, որ Թուրքիան առաջարկել է Վրաստանին ու Ադրբեջանին` իր օգնությամբ ուժեղացնել սահմանների, օդանավակայանների, նավթային ենթակառուցվածքների մեջ մտնող օբյեկտների հսկողությունը։ Սակայն, վրացական քաղաքական ղեկավարության կարծիքով, Թուրքիայի այդ առաջարկությունն անընդունելի է և կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության մեծացման։ Թեպետ հեռանկարում և այլ քաղաքական պայմանների առաջացման դեպքում Վրաստանը կարող էր դրական արձագանքել Թուրքիայի այդ առաջարկությանը։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն ու անվտանգության ծառայությունը փորձեցին ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հնարավոր «առնչությանը» Հարավային Կովկասում հավանական ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններին։ Նրանք պնդում էին, որ ԼՂՀ-ն կապված է Իրանի հետ ահաբեկչական գործողության մասով։ Սակայն իրականում ԱՄՆ-ը չունի այս հարցի հետ կապված որևէ կասկած և որևէ պահանջ ԼՂՀ-ի ղեկավարությունից։
Միևնույն ժամանակ Թուրքիան է վերածվել իսլամական արմատական կազմակերպությունների ահաբեկչական գործողությունների իրականացման թատերաբեմի։ 2003-ի նոյեմբերի 17-ին ահաբեկչական գործողություն իրականացվեց Ստամբուլի սինագոգում` խլելով բազմաթիվ մարդկային կյանքեր։ Դրան հետևեց Ջորջ Բուշի հայտնի հայտարարությունը, ուր նա դատապարտեց տեղի ունեցածը։ Սակայն ընդամենը երեք օր անց` նոյեմբերի 20-ին, տեղի ունեցավ խոշոր ահաբեկչական գործողություն բրիտանական դիվանագիտական առաքելության նկատմամբ։ Այս անգամ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ Պետդեպարտամենտը, նշելով, որ զոհվել է ավելի քան 30 ու վիրավորվել 450 մարդ։ «Թուրքիան և Մեծ Բրիտանիան մեր ամենաամուր գործընկերներն են ահաբեկչության դեմ պատերազմում։ Մենք կշարունակենք աշխատել համատեղ, որպեսզի հաղթենք ահաբեկչությանը և թույլ չտանք խաղաղ քաղաքացիների մահը»,- նշված էր Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ ԱՄՆ-ի նախագահն իր հերթին ընդգծել էր. «Մեծ Բրիտանիան ունի հրաշալի հետախուզական ծառայություն, մեր հետախուզությունն էլ ավելի վատը չէ։ Մենք պատրաստ ենք այլ երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ համատեղ կանխարգելել մարդասպանների գործողություններն ու ավարտին հասցնել նրանց որոնումը»։ Այդ ժամանակ իրեն ուղղված հարցին, թե արդյոք Թուրքիան դառնո՞ւմ է ահաբեկչության պայքարի նոր ճակատներից մեկը, ԱՄՆ-ի նախկին նախագահը պատասխանեց. «Անկասկած, երկու այսպիսի խոշոր պայթյունը դա է վկայում։ Այդպիսի ճակատ է դարձել Իրաքը, այդպիսի ճակատ կդառնա Թուրքիան կամ ցանկացած այլ երկիր, որն ահաբեկիչները կընտրեն որպես հարվածի թիրախ»։
Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ գործողությունների իրականացումից մի քանի ամիս և նույնիսկ մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին այդպիսի զարգացումների հավանականության մասին։ Իսկ ինչպե՞ս դրանց արձագանքեցին աշխարհի լավագույն հետախուզական ծառայությունները։ ԱՄՆ-ը, օրինակ, համագործակցություն առաջարկեց Թուրքիային` այդ իրադարձությունների հետ կապված։ Նկատի ունենալով, որ Թուրքիան աստիճանաբար վերածվում է ահաբեկչական կազմակերպությունների ակտիվ գործունեության հրապարակի և դրանով արդեն հայտնվում է ԱՄՆ-ից մեծ կախվածության մեջ և ընդգրկվում ամերիկյան քաղաքականության ուղեծրում։ Միաժամանակ պարզ էր, որ խոցելի պետությունը չէր կարող դառնալ այլ երկրների անվտանգության ապահովման հետ կապված առաջարկությունների նախաձեռնող, և դա ամենից առաջ վերաբերում է Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի ու Բալկանյան տարածաշրջաններին։
Ամերիկյան ու բրիտանական փորձագետները, ինչպես նաև «Control-risk» կազմակերպության նրանց գործընկերները համարում են, որ իրենք միանգամայն ճիշտ են հաշվարկել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և, առհասարակ, էներգետիկ կոմունիկացիաների հետ կապված ռիսկերի մակարդակը` քրդական քաղաքական ու ռազմական կազմակերպությունների հնարավոր գործողությունների համատեքստում։ Նրանց կարծիքով, այդպիսի ոչ բարձր ռիսկեր գոյություն ունեն, սակայն չարժե դրանք դիտարկել իբրև լուրջ սահմանափակող գործոն։ Բայց քրդական գործոնն այսօր այնքան բազմակողմանի է ու անկանխատեսելի, որ ռիսկերի մասով որևէ կանխատեսում անելը բացարձակապես անիմաստ է։ Քրդական կազմակերպությունները Եվրոպայի ու ԱՄՆ-ի 64 ոչ կառավարական կազմակերպությունների հետ ժամանակին հանդես եկան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման դեմ։ Քրդերի իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Քերիմ Իլդիզը, որն այդ հասարակական նախաձեռնության մասնակիցներից մեկն էր, այս կապակցությամբ կարծում է. «Այդ նավթամուղը միլիտարիզացիայի է ենթարկում այն տարածքը, որտեղով անցնելու է։ Այսինքն` Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, և սպառնալու է այն փխրուն հրադադարին, որ գոյություն ունի Քրդստանում»։ Ընդհանուր առմամբ քրդական գործոնը համարվում է ամենալուրջ խոչընդոտը Թուրքիայի` իբրև քաղաքական գործընկերոջ հուսալիության առումով։ Եվ պատահական չէ, որ հենց այն դարձավ Իրաքում հիմնական պրոբլեմներից մեկը Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև։ Քրդական կազմակերպությունները, բացառությամբ աննշան խմբավորումների, թեկուզ և ինտեգրված չեն համաշխարհային ահաբեկչական իսլամական ցանցում, բայց ունեն համապատասխան շփումներ։ Եվ զանգվածային բնույթի նոր ահաբեկչական գործողությունների պարագայում քրդերն ակնհայտորեն կարող են ներգրավվել այդ գործողություններում։
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները` ամերիկյան ԿՀՎ-ի աջակցությամբ, մեծ աշխատանք են կատարել ահաբեկչության վտանգը հաղթահարելու համար։ Անշուշտ, այդ աշխատանքի առյուծի բաժինը Թուրքիայինն էր, ուր ահաբեկչության օջախները շրջափակված են, բայց ամբողջությամբ չեզոքացված չեն։ Վերջին տարիներին միջազգային ահաբեկչական ցանցը և արմատական բնույթ ունեցող լոկալ կազմակերպությունները զգալիորեն ապակազմակերպված են, քանի որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են աջակցությունից և հարկադրված են սերտ համագործակցել ԱՄՆ-ի հետ արմատական ահաբեկչական ցանցը չեզոքացնելու ուղղությամբ։ Սակայն Թուրքիայից ահաբեկչական ցանցի ուշադրությունը շեղելու գլխավոր պատճառ դարձավ այն հանգամանքը, որ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համոզեց այդ ցանցի բազմաթիվ առաջնորդների, թե Թուրքիան մտադիր է իրականացնել իսլամական աշխարհի շահերից բխող քաղաքականություն և երկրի ներսում հաստատել շարիաթի սկզբունքներ։ Թուրքիայի կառավարող կուսակցության առաջնորդներն ամեն կերպ ի ցույց էին դնում իսլամական երկրների ու ժողովուրդների շահերին իրենց հավատարմությունը և ջանքեր գործադրում Պաղեստինի շահերի պաշտպանության ուղղությամբ։ Թուրքիան չմասնակցեց ամերիկյան ռազմական գործողություններին Իրաքում, փորձում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Իրանի ու իսլամական աշխարհի այլ երկրների հետ։ Կա վարկած, որ ահաբեկչական ցանցի ուշադրությունը Թուրքիայից շեղվեց Իրաքում և Աֆղանստանում զարգացող իրադարձությունների պատճառով, ինչը միանգամայն հնարավոր է։ Սակայն նաև «Արդարություն ու զարգացում» կուսակցության քաղաքականությունը կարևոր դեր խաղաց իսլամական արմատականների կողմից հանդուրժողականություն ապահովելու առումով։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին Մերձավոր Արևելքի գծով մի շարք փորձագետներ հակված են համարելու, որ զանգվածային ահաբեկչական հարձակումը Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի վրա միանգամայն իրատեսական է, ուստի հարկ է ճշտել, թե ինչով է դա բացատրվում։
Խնդիրն այն է, որ Թուրքիայի ներկայիս առաջնորդները տարաբնույթ իսլամիստների հետ շատ անազնիվ խաղ խաղացին։ Իսլամական արմատականները սպասում և պահանջում էին ոչ ավելի, ոչ պակաս այն, որ Թուրքիան կխզի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և ավելի ուժեղ աջակցություն կցուցաբերի պաղեստինցիներին։ Սակայն Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ սերտ համագործակցության քաղաքականությունը, գործնականում մի կողմ է դրել աշխարհաքաղաքական վերակողմնորոշման բոլոր ծրագրերը։ Հյուսիսային Իրաքի քրդերի նկատմամբ պատժիչ բնույթ ունեցող ռազմական գործողությունները, որոնք նախաձեռնեց Թուրքիան, թեկուզ և ոչ բոլոր, բայց բազմաթիվ իսլամական խմբավորումներ ընկալեցին իբրև իսլամ դավանող ժողովուրդներից մեկի իրավունքների ոտնահարում։ Չնայած այն իրողությանը, որ արաբական աշխարհում քուրդ ժողովրդի պայքարը համապատասխան ըմբռնման չի արժանացել, այնուհանդերձ, հակաթուրքական տրամադրությունների համար նոր փաստարկներ առաջացան։ Թուրքիան արաբական աշխարհում դիտարկվում է իբրև Իսրայելի ռազմավարական գործընկեր, և առայժմ նախադրյալներ չկան այդ կարծիքի փոփոխության համար, և դա չի կարող իր արտահայտությունը չունենալ արաբական երկրներում իսլամական արմատական կազմակերպությունների մտադրություններում։
Թուրքիան, չնայած միջնորդական ջանքերին, այդպես էլ չկարողացավ վստահելի հարաբերություններ ստեղծել իսլամական աշխարհի առաջատար պետության` Իրանի հետ։ Միևնույն ժամանակ վերջին տարիներին իրանցիները բազմիցս մեղադրել են Թուրքիային իրենց ներքին գործերին միջամտելու համար` հատկապես երկրի հյուսիսարևմտյան նահանգներում։ Սակայն Իրանն էլ միևնույն ժամանակ իր վերահսկողության տակ է վերցրել շիաիսլամական ուղղվածության բազմաթիվ արմատական ու քաղաքական կազմակերպությունների, որոնք գործում են Թուրքիայում, այդ թվում` անվտանգության առումով առավել խոցելի թուրքական տարածաշրջաններում, հատկապես երկրի արևելքում։ Թուրքիայի միջնորդական դերակատարությունն ԱՄՆ-Իրան երկխոսություն հաստատելու ուղղությամբ խիստ գրգռում է իրանական ղեկավարությանը, թեպետ Իրանն ակնհայտորեն նվազեցրեց շիամահմեդական կազմակերպությունների ու խմբավորումների ակտիվությունը Թուրքիայում, որովհետև Թեհրանում Թուրքիայի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության որոշակի հույսեր ունեին։
Թուրքիայում ահաբեկչական ցանցի ակտիվացման մեկ այլ գործոն են սոցիալ-տնտեսական և այլ հիմնախնդիրները լուծելու թուրքական ներկա կառավարության անընդունակությունը և դրանից առաջացած հուսախաբությունը։ Կառավարող կուսակցությանը շարունակաբար հիշեցվում է, որ նրա առաջնորդները խոստացել են լուծել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները` իսլամից բխող մեթոդներով, աջակցելով բազմաշերտ տնտեսության ստեղծմանը և չհաջողված լիբերալ բարեփոխումների հաղթահարմանը, պայքարելով աղքատության ու վարչական ամենաթողության դեմ։ Թուրքիան ոչ միայն չի կարողացել լուծել այդ պրոբլեմները, այլև շարունակում է իրականացնել ժողովրդի վրա խիստ ծանր նստող լիբերալ բարեփոխումներ։ Ներկայումս ոչ միայն արմատական իսլամական կազմակերպությունները, այլև բնակչության բազմաթիվ շերտեր մեղադրում են կառավարությանը օպորտունիզմի, իսլամի սկզբունքներից հրաժարվելու, երկիրը կրկին ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին ծառայեցնելու համար։ Եվրամիության և ԱՄՆ-ի դրամաշնորհների և ծրագրերի շրջանակներում աշխատող արաբական փորձագետները պնդում են, որ վերջին շրջանում ահաբեկչական ցանցում ընդգրկված տարբեր ուժեր տեղափոխվում են Թուրքիա, նրա տարածքում հիմնելով ահաբեկիչների ու դիվերսանտների բազմաթիվ խմբեր։ Ընդ որում, ակտիվացում է նկատվում տարբեր բնույթի ու ծագման արմատական կազմակերպությունների շրջանում, սակայն որպես հիմնական հարվածային ուժ հանդես են գալիս հենց թուրք արմատականները։ Այս իմաստով հարկ է նկատի ունենալ, որ Թուրքիայում ուժ և ազդեցություն են ձեռք բերում ահաբեկչական նոր բնույթ ունեցող կազմակերպությունները, որոնց համապատասխան կապերն ու մտադրությունները մինչև վերջ պարզված չեն։
Ավելի արևմտամետ կողմնորոշում ունեցող փորձագետները, սակայն, պնդում են, որ միանգամայն հավանական է, թե այս կամ այն իսլամական արմատական խմբավորումների տեսքով Թուրքիայում զարգանում է բոլորովին էլ ոչ իսլամական բնույթ ունեցող ահաբեկչական ցանց, որը կապված է տարբեր էթնիկ-տարածաշրջանային խմբերի հետ։ Կան և այլ վարկածներ, ըստ որոնց, Թուրքիայում գործող արմատական խմբավորումները կապված են ԱՄՆ-ի ու առաջատար եվրոպական երկրների հետախուզությունների հետ։ Ի հակակշիռ բրիտանական հետախուզության, Թուրքիայում թափ են հավաքում գերմանական ու ֆրանսիական հետախուզությունները, որոնք ձգտում են այդ երկրում ստեղծել ոչ միայն արմատական խմբավորումներ, այլև քաղաքական դաշտում գործող և այդտեղ հաստատվելու հույսեր ներշնչող խմբեր։ Մոտ հեռանկարում այդ «նոր ահաբեկչական» խմբավորումների առջև խնդիր է դրված վարկաբեկելու ոչ միայն կառավարող կուսակցությանը և, առհասարակ, չափավոր իսլամիստներին, այլև Թուրքիայի հավակնությունները Եվրամիություն ընդգրկվելու առումով։ Դրան զուգահեռ սպասելի է ԱՄՆ-ի հետ կապեր ունեցող արմատական խմբավորումների ակտիվացում։ Այդպիսով, Թուրքիան դառնում է մի երկիր, ուր կենտրոնացած է մի շարք պետությունների ու տրանսազգային ահաբեկչական ցանցի «բևեռների» ուշադրությունը, և այն կարող է դառնալ տարբեր ուժային կենտրոնների պայքարի թատերաբեմ` գլոբալ և տարածաշրջանային բացարձակ տարբեր խնդիրներ լուծելու։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ