Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 19
Հանգիստ եղիր, իմացիր որ ամեն ինչ Իմ վստահելի ձեռքում է: Հանգիստը վստահություն է նշանակում, իսկ անդադար գործունեությունը` անվստահություն: Քանի դեռ չգիտես, որ Ես գործում եմ քեզ համար, դու հանգիստ չես ունենա. անգործությունը վհատության արդյունք է:
«Իմ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել»:
Հիշիր այս, կրկնիր և վստահիր այս խոսքին:
Սիրով ընդունիր այս իմացումը ու ցնծա դրանով:
Այսօրինակ ճշմարտությունը նման է փրկարար պարանի, որ նետվում է խեղդվողին: Այս խոսքի ամեն մի կրկնություն, մի առաջ քայլ է, որ մոտեցնում է մարդուն ապահովության ափին:
Այս մտապատկերը, թող սովորեցնի քեզ մի մեծ ճշմարտություն: Այս ճշմարտությունը քո ձեռքից այլևս բաց մի թող, իբրև աղոթք ասա այն, հաստատիր այն, իբրև պարան բռնիր այն:
Որքան անմիտ ու զուր են քեզ փրկելու քո անձնական ճիգերը, երբ մի ձեռքով պարանն ես բռնել, իսկ մյուս ձեռքդ ջանք է թափում դեպի ափ լողալ: Կարող է և այնպես պատահի, որ թողնես քեզ նետված պարանն ու այդպես արգելք հարուցես քեզ ազատողին, որ քեզ չկորցնելու համար, գործում է շատ մեծ զգուշությամբ:
Կյանքը չի կազմված միայն փոթորիկներից ու վայրիվերումներից: Թեպետ սաղմոսերգուն ասում է.
«Քո բոլոր ալիքներն ու կոհակներն անցան իմ վրայով»:
Բայց այնուհանդերձ գրում է նաև.
«Նա դուրս հանեց ինձ սոսկալի վիհից, տիղմից ու տառապանքից և իմ ոտքը դրեց ժայռի վրա և իմ ընթացքը հաստատեց»:
Մտածեք այս հրաշալի ճշմարտության երեք իմաստների վրա. ապահովություն, վստահություն, առաջնորդություն:
1. Հանեց ինձ ահավոր վիրապից` ապահովություն:
2. Ոտքս դրեց ժայռի վրա` վստահություն:
3. Հաստատեց ընթացքս` առաջնորդություն:
Այս երրորդը վերջնական հանգրվանն է, երբ փրկված հոգիները մինչև վերջ Ինձ վստահելով` այլևս չեն փնտրում իրենց ճանապարհը, այլ ապագան իր ծրագրերով հանդերձ թողնում են Ինձ` իրենց Ազատարարին: